ՆՇՎԵՑ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ

Հոկտեմբերի 25-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ հիշարժան երեկո` նվիրված անվանի գրող Նորայր Ադալյանի ծննդյան 80-ամյակին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հետաքրքիր ու ինքնատիպ բեմադրությամբ ներկայացվեց գրողի «Հանճար» գերիրապաշտական պիեսը` հանդիսատեսին հուզելով արդիական սուր հարցադրումներով. ակնհայտ նորություն արդի հայ գրական-թատերական կյանքում: Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը արժևորեցին Ադալյանի բազմաժանր ստեղծագործությունը, նրա դերն ու նշանակությունը հայ գրականության մեջ: Հոբելյարին հասցեագրված ՀԳՄ նախագահության ուղերձում մասնավորապես ասված էր. «Մեծարգո պարոն Ադալյան, որ ասպարեզում էլ, որ Դուք գործել եք, դրսևորել եք նոր և ինքնատիպ հայացք, հասարակական ակտիվ կեցվածք, բարոյական խիզախումներ»:
Իր ամփոփիչ խոսքում հոբելյարը նշեց, որ 80-ամյակը մենակության շրջան է, և շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ այդ պահին իր կողքին լինելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.