Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

* * *
Աստված ինքնաբուն
Սարը տեսնում է,
Ձյունը դնում:

Ինձ չտեսավ ինձ.
Ձմեռ ու գարուն
Ձյուն դրեց սրտիս:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Մինչ ընդունայն վիշտ ու կական,
Մինչ ուշաթափ անեզրություն,
Շատ կատարյալ դերեր տարա.
Ողբ կերտեցի ու մենություն:

Իսկ երբ բեմելն էր ծիծաղիս`
Հավերժն էր իմ դեմքից ծորում.
Ամենախոր ցավն էր նորից
Անհագ կրքով ծափահարում:

ԳԻՏԵ՞Ք…
Արցունքի աչքը հանեցի`
Տարա չոլում չոր թաղեցի:

Երեսիս դժոխքը տեսան`
Մահվան հրաշքից ուշացան:

Ջրերը` պաղ ու հորդահոս,
Ես` յոթ աչքի յոթ զարկի զոհ:

Վարժանք ու ջանքը` ավազին
Ծովս մնաց հույսի մազին…

Գիտե՞ք փառքի արժանացա`
Կյանքս չափող մահից անցա:

Էլ սրան ի՜նչ ավելացնես.
Եկեք հալալ կեսը տամ ձեզ:

ՀՈՂՄՆ ՈՒ ԱՎԱՐԸ
Աչքերիս տեղն էլ
Թե մի օր փոխես`
Բանաստեղծությամբ
Սիրտս կգտնես:

Մի բառավճռով
Կյանք կառնի հոգիս,
Թեկուզ մեկ շնչով
Հանգցնեք նորից:

Թող թռցնի, տանի
Քամին աշխարհը.
Նույն ձուլվածքից են
Հողմն ու ավարը:

ՃԵՐՄԱԿ ՍԱՐԵՐ
Ճերմակ սարին ձյուն է իջնում`
Ցրտատերև ու ցրտատև,
Լքված գահերն ո՞ւր են չվում,
Ո՞ւր են գաղթում` սրտները սև:

Սար է իջնում սարի վրա,
Ցավի վրա ցավ է ծաղկում.
Ո՞ւր է դիզվում մշուշն այնքան`
Անէից մինչ անէացում:

Ցավերը սար են բարձրանում,
Ձյունեղ օրերին վերջ չկա.
Այսքան տարի չեմ հասկանում`
Ես սարն իջա՞, թե՞ բարձրացա:

ԳԵՏԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Հողածնունդ սկիզբն առնում,
Ձև է ընտրում, առաջ մղվում.
Հևք է մեկնում այս մի ափով
Ծիրն` ընդառաջ իրեն վազող,
Որ զույգ ափերով պինդ փարվի`
Սուրբն իր պահած հողն հայրենի,
Որ անկորուստ, որ անմորմոք
Համբուրելով` ծով լցնի ծով`
Գետի զուլալ, ծով ջրերով…

* * *
Ծովի անեզերք
Անեզրության մեջ,
Ուր մահ չի հասնում.
Սերն իմ ծով սգում,
Վախճանականն է
Իր ալեբախում:

* * *
Ինչպես հողն հողի վրա,
Ջուրը ջրի վրա վարժ,
Անշարժորեն ագուցված
Ապրում էինք` ես ու նա:

Երկու անմարմին հոգի`
Իրարից շուտ հոգնեցինք.
Չհանդուրժեց նա հոգիս,
Ես միտքը իր մերժեցի:

Թե կա հողմ ու փոթորիկ`
Հող չի մնա հողի տակ,
Թե կա տոնիկյան հանգիստ`
Կանցնի ծովը ծովի տակ:

ԱՂԵՐՍ
Թեկուզ աշխարհը
Խեղի անգութը`
Ում ինչ` կընկնի՞, թե՞
Չի ընկնի մութը:

Պաղատում եմ ձեզ,
Բարեհոգիներ,
Մի՛ հանգցրեք երբեք
Հոգելույսը ձեր:

ԴԵՊԻ ՄԱՅՐԱՄՈՒՏ
Մայրամուտ եմ սահում նորից.
Սև հավքերը ետ են քաշվում,
Իմ մեջ բացվող երեկվանից
Ոչնչությունն է երևում:

Սգահունձք է իմ սրտում հեգ,
Չլինելու ցավք ու ցրում.
Փակեք արևն աչքերիս մեջ,
Որ լույս թվա մութն իր տեղում:

Որ տիրակալ ոտքս դնեմ
Մայրամուտի հավերժագահ…
Թե մութ մութով բոցավառեն`
Էլ տեսության սուտը չկա:

* * *
Ես ամեն օր մարդ… չեմ լինում`
Մութը ընկավ` թաղված եմ ողջ.
Ավաղ, չապրածն էլ է անցնում`
Լուռ հեղելով արցունքն ամբողջ:

Օ, խաբկանքն այս ինձ չներեց
Ինձ հետ մի տեղ չապրած մի կին.
Կրծքիս ծանր քարը ժայթքեց,
Որ խեղճ սրտիս ձայն չհասնի:
Էլ ի՜նչ լեզվով ինձ հետ խոսեմ,
Որ չհամրանամ ինձնից հետո…
Կյանքի ծանծաղն էլ համբուրեմ`
Հոգուս անդունդն է մեղավոր:

* * *
Օ, արև մայր իմ,
Հիմա որ աննշան,
Ամենացածում եմ…
Բարձունքից լեռան
Ինձ ո՜նց է ջերմացնում
Ժպիտդ շարմաղ:

ՄՈՐ ՀԱՄԲՈՒՅՐԸ
Արևածագն անմայրամուտ
Արև մայրս իմ դեմ փռեց,
Ծարավ կաթի բորբ կարոտով,
Պապակ շուրթերով համբուրեց:

Կորած, չնչին ու չարաշուք,
Անքուն, անկանգ ու անակունք
Տքնաջանքն է հավերժ մնում
Մայրակաթի համբերությամբ:

Բախտի համբույրն` իր շնչումին,
Դատարկ զնգոցը` սիրածին,
Իմ մոր հավերժ ներկայության
Համբույրը դրսի գերվածին…

Ծովի, հովի զուլալությամբ,
Մոխրի, քամու անցյալի տակ
Մոր համբույրն է մնում միայն
Անմայրամուտ արևածագ:

ԵՐԳԻՍ ՄԵՂԵԴԻՆ
Քո շուք-շքերթից
Մի գանձ ինձ մնաց.
Մահվան անտառից
Վտարված մի ծառ:

Երգիս մեղեդին
Շիրմիս բողբոջում,
Հարալեզվից է
Արևն իմ ծագում:

ԻՆՁԱՆԻՑ ԱՌԱՋ
Ես մի մատ մանուկ`
Կաթից կտրեցին:

Ոսկեփոշու մեջ
Զատեցին սիրուց:

Դեռ մեղքի չհասած`
Ինձ ոտից գլուխ
Թանաք հագցրին:

Հետո արյունից,
Արցունքից սերված
Գրից կտրեցին…

Իմը մի կյանք էր`
Յոթ մահուբերան
Կերան, ժայթքեցին:

Անտերներն եկան`
Գիշերը անտեր
Մեռել թաղեցին:

* * *
Լարխնդեց նորից
Իմ գրկի հոգին,
Թե ո՜նց ինձանից
Փրկի իր հոգին:

Հոգի՜ս, ասացի,
Դափնետոնն անցավ,
Այս մեկն էլ կանցնի
Թեթև ու անցավ:

Մնացածն ի՜նչ է`
Անհոգի, անմայր.
Ինչ որ անծին է`
Չի ապրի երկար:

ԴՐԱԽՏԻ ՃԱՄՓԱ
Միակ համբույրդ
Էլ ու՞մ համբուրեց,
Էն ո՞ր սև շունը
Դարձավ բանաստեղծ:

Անմրմունջ գետով
Նա դրախտ գնաց`
Աշխարհը թողած
Նոր դատարկությամբ:

Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ
Ինձ շոշափիր չեղյալ ժամին,
Սփոփանքներ հեղիր անկայմ.
Տղերքն անցան ու ցանուցիր
Ուր գնացին` դեռ անդ չկան:

Անցան ու անշարժ մնացին
Հանց փուչ վարքի դատարկ երես.
Ճախրող հոգով ցնորվածի
Պիտի անսուտ ցավն այդ ցրես:

Ինձ սփոփիր, ինձ ճամփու դիր`
Մեկ այլ ցանուցիր անդաստան.
Գուցե գտնեմ անդ տղերքին,
Որ գնացին ու հար չկան:

ԲԱՌԵ ՀՈԳԻ
Բառն է հատակն իմ
Անհատակ հոգու,
Երկունքն աչքերիս
Ցավն է բեկբեկուն:

Անգին ժպիտն իր`
Հավերժաշյուղին…
Նա ինձ լավ գիտի`
Գլխիս խոր ձյունից:

Պաղ արմատներիս
Բուռն ծաղկունքով
Թող վերընձյուղվի
Գիրս հար գրով:

* * *
Լեռը չի կարող
Ամպն այն պահել,
Որ իմ բիբերից
Կախվել է ահեղ:

Շուտ տանող-բերող
Սև ճամփով եկա.
Թուղթն ինձ մրոտող
Ձեռքիս է ահա:

Հեռու ափին եմ
Միշտ մերժվածների,
Որ շունչ-շիրմածեղ
Գրպանում չունի:

Քանի կախված է
Ամպը սգաճեմ`
Պիտի ես իմ մեջ
Հավերժ հեղեղեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.