Անհանգիստ մտավորականը (Լևոն Անանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ) / Հայկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ամուր արմատներից սնվող, քամիների հետ ներդաշնակ զրուցող սաղարթներ: Այսպիսին է ցանկացել զգալ ծննդավայր Կողբն ու իր հայրենի երկիրը Լևոն Անանյանը, նրա ճամփաներին ձեռքն առնելով լրագրողական գրիչը, հավատարիմ մնալով իր ուսումնառությանը` Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: Այս ցանկության գուրգուրանքը կա նրա «Արմատ և սաղարթ» (1987 թ.) ժողովածուի առաջին էջից մինչև վերջինը, ուր վավերացված են իր անցած բոլոր ճամփաների անցյալ ու ներկա ժամանակները: Սկզբի համար հենց դա էլ հնչում է իբրև խոստովանություն. «Մտքովս չէր անցնի, թե երբևէ ճանապարհն ինձ համար կարող էր այսքան վավերական իմաստ ձեռք բերել…»: Իսկ վավերումները սոսկ պատմության արձանագրումներ չեն, այլ անկաշառ ու գեղեցիկ ապրումներ, զգացումներ, գեղագիտական հայտնագործությունների բացվող դռներ` պատրաստ նորովի բազմապատկելու սերդ առ ծննդավայր ու հայրենիք:
«1920 թվականի Հայաստանն ինձ պղտոր-խառնակ ջրերի խոլ հորձանքին հանձնված լոտոս է թվում, որ մե՛րթ կուլ է գնում սև ալեբախումին, մե՛րթ սրթսրթում է լույսի պես թրթռուն լանջքով, մե՛րթ հանկարծահոս ցոլանում է իր անառագաստ ընթացքի տարուբերումից: Եվ ինչ որ զարմանալի է` հետզհետե փոքրացող, ասես մանրադիտակով նշմարվող ծաղիկը թեպետ կորցնում է ծավալը, բուրմունքը, գուցե և մի մասն իր հմայքից, թեպետ թերթաթափ ու պտղավեժ, բայց մնում է սպիտակ, անդիմադրելի գեղեցիկ… Մի բուռ, մի փշուր, մի փյունիկ թռչուն, սևը ներս արած, սպիտակը դուրս` իմ լոտոս ծաղիկը»:
Եվ սահում է լոտոսը` լեռների վրա բացված ճամփաներով, իջնում հովիտներ, անդնդախոր ձորեր, մտնում շեներ, ավաններ, քաղաքներ` իր ետևից թողնելով հայոց պատմության վավերագրումներ, վեր հանված հին պատումներ, ավանդություններ, հուշեր, հիշատակումներ: Ժամանակագրի գրիչն արձանագրում է անցյալ դարավերջի դիլիջանյան խոստումնալից շնչառությունը, շամշադինյան պատմությունները «ողկուզավոր հակինթ» են դառնում` հին ու նոր հատիկներով, կողք կողքի են դրվում Սևանի փրկության դեղատոմսերը… և կրկին` ճամփաներ…
Ապրելու, արարելու, երազելու, կարոտելու, նվիրվելու, հետագիծ թողնելու իրավունքով է Երկիր մոլորակի վրա իր մարդ տեսակով ապրել նաև ազնիվ մտավորական Լևոն Անանյանը: Հայոց սահմանին ամուր կանգնած Կողբ գյուղում առնելով գոյության իր իրավունքը, նա սկսեց քայլել մանկության միջով` իրենից առաջ պահած ունենալով երազանքների գունագեղ ցանցը:
Մտերիմները «խոհուն ու ներամփոփ ձորերն էին, հպարտ լեռները, աստղաշեղջ երկինքը», և նրանց մեջ ունեցած իր հարստությունը, աշխարհի նյութական ու հոգեղեն կան ու չկան իր մեջ ներառող հոր կերպար-էությունը, որ զարմանքի տեղիք է տալիս անգամ ծագող արևին.
Վահ, էս պարթև հնձվորը // Քուն-դադար չունի՞:
Գրականության մեջ խորացողները, ինչպես իր «Հուշանվեր» (2006 թ.) ժողովածուի առաջաբանում գրում է ինքը` Անանյանը, ապրում են այն վախը, թե «դասականները վաղուց արդեն կողոպտել են ասելիքը»: Սակայն, դասականները դեռ չէին հասել երկնքում աճած կանաչ խոտին, որն իր արտացոլանքն ունենար Կողբի դաշտերում, որն էլ ասելիքի դաշտ էր դառնում դեռ մանուկ տղայի համար: Դասականներին կարդացող մեր՝ բոլորիս սրտում սառը փաթիլների հալոցք է առաջացնում ոչ թե մայրուղուն, այլ գերանդին ուսած հոր ճամփին նայող պատանու խոսքը.
Փաթիլ-փաթիլ հնձվելով// մեռնում է օրը, // Խոտը դեզին է մնում, // բուրմունքը` հորս:
Այս զգայուն հոգին հետո, «Երբ ժամանակը հուշում է ապրել տարօրինակ մի կյանք», ետ է դառնալու՝ նույն հանդերում ու լեռներում փնտրելու հայրերի դժվար անցյալը: Գերանդին այլևս հրաշք արարող, լուսնի տակ ոսկեզօծված կախարդական իր չէ, ոչ էլ` երկինքն է` լի մանանայով: Ատոմային տենդ, սառցե սարկոֆագ, ընկած անցորդին անտարբեր հսկող շենքեր, տարածքներ` տուժած թռչնագրիպից,
…Իսկ մարդը լքված է, ինչպես միշտ, //և խոցոտված է անկար // ատելության ժահրի բացիլներից…
Ետ` դեպի մանկություն: Սակայն հուշերն անճար են, «փշի կալվածքներ են» ճամփան պատել, և վերջին ծառուտն էլ արդեն կացնահար է եղել: Ի՞նչ տագնապներով է թպրտացել գրագետի, մտավորականի, հոգևորի տարածքներում ապաստան փնտրող Անանյանի սիրտը, երբ`
Պոեզիան է մեռնում // վերջին լորենու հետ:
Տագնապներից ծնված պոետիկ ապրումները մեր կյանքի տխուր իրողություններն են: Սևանի ջուրը ցնդել է, և ցամաքի ճերմակ լեզվակը կապույտ լճի կողքին`
Յոթգլխանի վիշապի ժանիք է // մեր անհոգության թիրախին…
Լևոն Անանյանի գրիչը լողում է իբրև տարեգիր, հրապարակագիր ու ժամանակագիր` պոետական ծովում: Եվ որովհետև ետևում մանկության մաքուր կախարդանքն է թողել, հայացքը միշտ դեպի ետ է, այնտեղ, ուր երազելու ժամանակի մեքենան միշտ պատճառ է գտնում կոտրելու անիվը և թողնելու մարդուն մեն-մենակ ու դեմ առ դեմ իր ապրելու իրավունքի հետ, բայց շրջապատված ծաղիկ խժռող տենդով, որ «մգլոտած ժանգն է կողպեքների», գերանդու բերանն ընկած խոտի խշշոցի տեղ «պորտապարի թնդյունը մոլագար», «մոլախոտը դրսեկ և խժռվող տոհմիկ ծաղիկը մեր ոգու»:
Ապրելու, երազելու, նվիրվելու իր իրավունքի հետ վաստակած տառապանքը Լևոն Անանյանի համար իր ապրած տարիների ծիրին վերապահում է նաև կարոտի վկայագիր:
Լավ է ապրել այսպես անկապ հուլության մեջ, //լինել դատարկ խեցի ամառային գյուղի // կիզիչ արևի տակ:
Հոգնության փարատումն սկզբի մեջ փնտրող բանաստեղծին, սակայն, ծանոթ է այն իրողությունը, որ խեցիները դատապարտված են իրենց ներսում պահելու այն ծովի խշշոցը, որում եղել են:
Եվ Լևոն Անանյանն զգում է, որ ինքն իր ծննդավայրի խեցին է: Երբ մայրաքաղաքի փողոցներում «քարե ջրվեժներ են թափվում, քարե կարկուտն է պատում աշխարհը», մի անհագուրդ զգացում տենդի պես հալածում, գալիս է ետևից: Եվ դա ծննդավայրի կարոտն է:
Ծննդավայրի կարոտը մոր պես իր առաջն է գցում մոլոր որդուն ու տանում է, տանում ճերմակ երիցուկների և դեղին խատուտիկների բացատը… Պառկիր խոտերին, թող ամպերի կաթնագույն քուլաները զրուցեն քեզ հետ քո իսկ հորինած հերոսների լեզվով: «Եվ առասպելները ճախրում են թափանցիկ-ծակոտկեն օդում, մի մասը խունացած ժամանակի գոլ մշուշներից, մի մասը թարմ…»: Գալիս ու անցնում են առասպելները, «գյուղի խոր երկինքն աննկատ, պռնկեպռունկ լցվում է աստղերով, ասես մարգարտով լի պնակ լինի` կապույտ արծնապակով ընդելուզված»: Քոնն է երազելու իրավունքը: Բայց և հողը հրում է. «Վեր կաց,- ասում է,- քոնն է ապրելու իրավունքը»:
«Եվ երբ բաժանվեցի քեզանից ու կրկին հայտնվեցի քաղաքի փողոցներում, ինչպես միշտ, ինձ թվաց, թե քարե ջրվեժներ են թափվում վրաս, քարե կարկուտն է պատել աշխարհը»:
«Գուցե բնավ հարկ չկա ահազանգ հնչեցնելու»,- փորձում է համոզել ինքն իրեն, բայց և չի ուզում հանձնվել ուղեղն անհանգիստ ցեցի պես կրծող տագնապներին: Գուցե, իսկապես, պետք է անվրդով նիրհել հարմարավետ գահավորակներին… Բայց ինչպե՞ս, որտե՞ղ, երբ Նեսոյի հոր ձայնն է զավթել իր գահավորակը. «Կա ոչ, կա ոչ…»: Նեսոյի ողբը միայն մանկության հուշերի միջով չէ, որ ճանապարհ ընկած գալիս է դեպի իրեն: Հիմա այն գալիս է ամեն կողմից, բաց դռնից, լուսամուտից, հարևանի տանից… Տագնապը կարկուտի պես իջնում է, ծանր քարեր են տեղաշարժվում իր սրտում: Ծանր քարերին չի նայում նեղ օրերից փախած մեկը. Պատրիկյանն է, գալիս է` կծկված հնամաշ անձրևանոցի տակ, մտավորականի իր ողբալի տեսքով ուզում է կտրել առաջն ու կրկնել. «Տպարանատերը սպառնացել է, որ եթե այսօր…»: Կարկուտն ահագնանում է, «պատմության անիվը ետ է շարժվում անդառնալի ու անողորմ: Առաջ… Դեպի դարասկիզբ»:
Մտավորականի տագնապը: Սա օրվա խնդիր չէ: Օրվա հացի խնդիր չէ, այլ անողորմ կերպով ետ պտտվող անիվ, որի տակ ջախջախվելուց պետք է փրկել բախտակից հարազատին, մտավորականին:
Ազնիվ մտավորականի սիրտը թրատող ապրումներին ենք հանդիպում, թերթելով գրողի «Տագնապներ»-ը (2004 թ.): Այստեղ, 90-ական թվականների սկզբներից արձանագրված հայոց կյանքի 10-12 տարվա պատմությունն է, հայոց սրտի հետ միախառնված Լևոն Անանյանի սրտի թրթռոցը, անհանգիստ տրոփյունը: Մշակույթի, գիր ու գրականության, հնի ու նորի, Սփյուռքի բեկորների մասին են տագնապները, ուր մեր ցավերի անուններով ցուցանակներ է տեղադրել Լևոն Անանյանը: Մենք չենք էլ կասկածում, որ դրանք գրվել են նույն այդ տագնապների ցավերը փարատելու համար և սրտի ցավով:
Մեր ներքին ցավից առաջացած տագնապներից զատ, հրապարակախոսի անհանգստությունն այլ երես էլ ունի: Դա Լևոն Անանյանին մշտապես հուզող համաշխարհայնացման խնդիրն է: Չենք կարող փակել աչքերը: Հոգևոր ներուժի համախմբումով, միասնության ու համերաշխության կամքի որդեգրումով բաց աչքերով նայել աշխարհն ալեկոծող համաշխարհայնացման ցնցումներին: Ահա ևս մի կարևորագույն մոտեցում ազգասեր մտավորականի կողմից՝ կապված տագնապների անհանգիստ թակոցների հետ:
Թակոցը սրտո՞ւմ է, թե՞ քունքերում, սրտո՞ւմ է, թե՞ քունքերում… Ցավն ազգային է, ելքը` հրատապ: Ուրիշ ո՞ւր կարող է նայել ազգային դասական մտածողությամբ, ավանդական բարոյականությամբ դաս առած հեղինակը, եթե ոչ` դեպի դասական մեծերը:
«Եվ եթե օրենքով կարգ սահմանվի, որ ամեն առավոտ քաղաքական գործիչը, երեսփոխանական ճամարտակը, ազգի կարծեցյալ փրկիչը, մտավորական առաջնորդը, սեփական գրպանով արդարադատությունը նժարող դատավորը, աղքատն ու հարուստը աղոթքի պես հաղորդվեն Թումանյանի ստեղծագործության իմացական լույսով, օրը մեզ համար չի բացվի հերթական աղետի ուրվականով, մեր հասարակությունը կլինի մի քիչ բարի ու բարեկեցիկ, կհանդարտվի մարդկությանը տենդի պես բռնած հևասպառ իրարանցումը, և գուցե թե մարդ-գազանի վերհուշը մնա լոկ Թումանյանի հայտնի քառյակում»:
Տագնապները հախուռն մտավորականին ծնկի չեն բերել: Տագնապները փարատելու համար Լևոն Անանյանը հայացքն ուղղում է դեպի ազգային հսկա շտեմարաններ: Դրանք հայոց հավերժության յուրահատուկ հիմներ են, որոնց մատնացույցը Լևոն Անանյանի կողմից դեպի «Ցեղին ցավի և ցեղին ուժի բանաստեղծի»` Սիամանթոյի երգերն են, «սփյուռքահայ գրականության իշխան» Վահան Թեքեյանի պատասխանատվության զգացումն իր ժողովրդի գալիք ճանապարհի առաջ, Մեծ տառապյալի` Մահարու թողած ժառանգությունը, Կապուտիկյանի «Մայրուղի հանող կածանը», սիրո ու մերժումի, հերքումի ու հաստատումի տրուբադուր Վարդգես Պետրոսյանը, «հիշատակող գիրը» թողած Հրանտ Մաթևոսյանը, երեք առեղծվածային կորուստները` Սևակը, Մինասը, Մուշեղ Գալշոյանը: Նրանք բոլորն էլ հայրենիքի համար երջանկության ծաղիկը որոնելու ելած հայորդիներ են, հոգևոր լիցքերի հզոր աղբյուրներ:
«Կգտնես, թե ոչ` երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է»,- «Բովտուն»-ից արված այս մեջբերումով Լևոն Անանյանը հավաստում է, որ իրականության պարտադրած արհավիրքների ու տագնապների միջով դեպի ելք ճանապարհ կա անպայմանորեն:
Ելքի ճանապարհը, իհարկե, հարթ լինել չի կարող: Սեփական կենսագրության հետ շաղախելով ծննդավայրի ու հայրենի երկրի կենսագրությունը, գրողները դիմակայել են տասնյակ դժվարությունների: Նրանց բոլորի մեջ թրթռացել է հույսի մշտարթուն շողը, որ ժամանակին բյուրեղացել էր հայրենասեր հոգի, անվանի բժիշկ Գրիգոր Սաղյանի շուրթերին. «Ի՞նչ անակնկալ է բերելու վաղվա օրը: Նա հավատում էր, որ տևական չէ անգամ աղետալի որևէ փոթորիկ, և որ վերստին կհաստատվի ներդաշնակությունը»: Լևոն Անանյանը միանգամայն արժանին է մատուցել իր ազգին՝ թղթին հանձնելով պատմության փոթորիկներով անցած այս և նման անձնավորությունների կենսագրությունները: Այդ նրանք են, իսկապես, պահել հույսի մշտարթուն շողը: Հույսի այդ շողն էլ իր ներսն առած, գրող-հրապարակագիր Լևոն Անանյանը խոսում է դիմակայության մասին («Դիմակայություն», 2006 թ.):
Մենք դատապարտված ենք ազգային վերելքի, ուրիշ ճանապարհ չունենք: Այսպիսին է գրող, մտավորական, հրապարակագիր, թարգմանիչ Լևոն Անանյանի քաղաքացիական կեցվածքն ու դիրքորոշումը: Ազգային վերելքը, սակայն, շաղկապված է հոգևոր Հայաստանի հետ:
Եվ որքան քննում է հազար հարցադրումներով տրոփող սեփական սիրտը, այնուամենայնիվ, հույսը չի լքում Լևոն Անանյանին, այլ` ընդհակառակը: Ծավալվում է նրա հավատը, ընդարձակվում, հաստատուն տառեր են շարվում նրա գրչի ծայրից, և բառերն օղակվում են հայոց լինելության շուրջը: Խոսում է անհանգիստ մտավորականի գրիչը, խոսում է սիրտն ու հոգին, իսկ երբ ետ են քաշվում ճակատն ակոսող խոհերը, հայացքից հոսում է ցավակուռ սերն առ հայրենիք: Կծիկ առ կծիկ բացվում է Լևոն Անանյանի միտքն ու իրենով անում «Դիմակայություն» գրքի ընթերցողին: Այնտեղ հայոց համար դժվարին վերելքի` 2000-ականների սկզբի մասին Լևոն Անանյանի հրապարակային ելույթներն են, հոդվածները, մտորումները: Կարդում ես, ու ասես վերադառնում են հոգևոր Հայաստանը լքած թևավորները, ճռվողում նրա պաշտելի քիվերի տակ, շյուղը շյուղին դնում:
2004 թվականին, տերյանական լուսարձակի ահազանգով հավատ փնտրողի անհանգստությամբ, ահա թե ինչ արձանագրեց Լևոն Անանյանը` կրթական համահայկական խորհրդաժողովում.
«Այսօր համաշխարհայնացման հիդրան իր ժանիքն է սրում փոքրաթիվ ազգերի, ուրեմն և մեր ինքնության տեսակի վրա, աննկատ, առանց արյունահեղ մարտերի ձևախեղում է հայ մարդու ազգային ավանդական նկարագիրը, և եթե հոգեմտավոր ներուժի համախմբումով համընդհանուր դիմակայության պատնեշ չկանգնեցնենք, մի հիշարժան օր կտրվելու է ժառանգորդական կապը մեր տոհմիկ ավանդույթի, մեր հարուստ անցյալի հետ, ճիշտ այնպես, ինչպես ներկայիս արաբներն են օտարված եգիպտական քաղաքակրթությունից, կամ հույները` Հին Հունաստանի մշակույթից»: Այսպես, տերյանական լուսարձակի ներքո բռնած գրիչը շարունակում է թղթին հանձնել կորուստների ցավից զգուշավոր Անանյանի սրտի տրոփյունը:
Ազգային մշակույթ, հայեցի դաստիարակություն, Հայ Դատ, ազգային հավաքականության բաժանման ու հատման կետեր, հայ գիր ու գրչություն… ահա «Դիմակայության» եզրերը:
«Վտանգված են մեր ինքնության խորհրդանիշները»,- զգուշացնում է ազնիվ մտավորականը: «Այստեղ է,- գրում է նա,- որ պիտի լիաձայն հնչի գրողի` որպես հասարակության առաջամարտիկի ահազանգը: Այստեղ է, որ ցրիվ-ցրիվ, անջատական ճիգերը պետք է սևեռել ազգահավաքի ու ազգային երազանքի գաղափարի վրա»: Ինչպե՞ս հաղթահարել գրական մշակույթի առաջարկի և հասարակական պահանջարկի միջև եղած անջրպետը: «Գիրքը մերժվում է ժողովրդի կողմից»,- ահազանգում է Լևոն Անանյանը և կարևորում պետության աջակցության դերը, առաջարկում ընթերցասիրության զարթոնքի նկատմամբ ուշադրությունը հռչակել պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս: Ահա գրող-հրապարակախոսի անհանգստությունը: Ահա թե ինչպես են հոգևոր հայրենիք վերադարձող թևավորները հարցականներ դնում հայոց երկնակամարում. «…Ե՞րբ պիտի սթափվենք և տեր կանգնենք մեր ազգային ճշմարիտ արժեքներին»: Նման հարցականներով լի է «Դիմակայություն»-ը:
Դիմակայության բարիկադների վրա Լևոն Անանյանը շրջում է հոգևոր հայրենիքի լուսարձակը ձեռքին: Գնում և գալիս է անանյանական լուսարձակը «Դիմակայության» էջերով, վեր հանելով նյութական հայրենիքին կենդանություն տվող հոգևոր թրթիռները:
Հայ ժողովրդի դիմակայության բարիկադների ներսում ալիքվում է պատմության վիթխարի օվկիանոսը, որի մի կում ջուրը բավական է լինում, որպեսզի փարատվի Լևոն Անանյանի հոգնությունը, որպեսզի մի ձեռքով կարողանա պահել հոգևոր հայրենիքի դրոշը, իսկ մյուսով գրիչը` հրապարակ հանելու համար լույսի շողերով լվացված իր Հայաստանը:
Երբեք չի մարել Լևոն Անանյանի հավատը` հոգևոր Հայաստան ունենալու նկատմամբ:
Ահա և մի նոր «Դրախտ ցանկալի», կամ դեպի այն տանող կանաչ մի դուռ` «Գարուն» ամսագրի մատենագիտությունը` Լևոն Անանյանի աշխատասիրությամբ: Այն նրանց մասին է, ովքեր ներս են անցել 1967-ին բացված գարնան թարմաշունչ դռնից` որպես խոսքի, գույնի, մտքի, հնչյունների ու եզակի լավագույն դրսևորումների վարպետներ: Այլ խոսքով, այդ ձեռնարկը կնիք է` դրված մեր շահածի վրա, և կնքահայրը 1990-2001թթ. «Գարուն»-ի անմնացորդ նվիրյալ մարտիկ Լևոն Անանյանն է: Մի շատ ազնիվ մղում է ունեցել մտավորական հայը. Չլինի՞ թե հանկարծ անցյալն անցյալում մնա, հին ծանոթները անծանոթ դառնան, չլինի՞ հանկարծ անցնենք ու գնանք` ջնջելով մեր հետագիծը…
Հիշողությունն է հետագիծը պահողը: Առանց ետ վերադարձի և կրկին հանդիպման, հիշողությունն անպտուղ է: Դեպի Լևոնը ետ վերադառնալը լի է բարի ու խոհաբեր պտուղներով, որոնցից այսքանը միայն այս պահի համար առանձնացրի ես:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Մարտյան օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.