Էդուարդ ԽԱՉԻԿՅԱՆ / ՄԵՐ ՔԱՌՈՐԴԴԱՐՅԱ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Ազգովի անցանք 20-րդ դարի, նոր հազարամյակի միջով, ճաշակեցինք ամենակործան երկրաշարժի պտուղները, արյուն տվեցինք-առանք ու… դիմացանք: Երևի Անկախություն կերտելու ճանապարհին արյունն անխուսափելի է, մանավանդ, երբ դրացին ցեղակից է գորշ գայլերին: Եվ Հայաստանի, նորանկախ Արցախի դաշտերն ու բլուրները ներկվեցին որդան կարմիրով, քանզի հնչել էր ազգապահպան պատերազմի կոչնակը: Չէ՛, մահից այլևս վախ չկար, Զարթոնքի շունչն ու Ոգու ուժն էր թևածում Հայոց երկնակամարում: Իսկ ծառերի բողբոջները պայթում էին հողում թաքնված ականների հետ: Նվիրյալների շարքում իրենց արժանի տեղը գրավեցին նաև տասնյակ տաղանդավոր գրողներ, որոնք ստեղծարար գրիչը «պատյան» դնելով՝ սուր վերցրին և զինվորագրվեցին Արեգնացայլ Վահագնի անպարտ բանակին: Դրանց թվում էին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, արձակագիրներ Լևոն Խեչոյանը, Հովիկ Վարդումյանը և բազում ուրիշներ: Ոմանք էլ՝ Էդվարդ Միլիտոնյանի, Վրեժ Իսրայելյանի, Ղուկաս Սիրունյանի նման լծվեցին բանակաշինության գործին՝ օր առաջ մոտեցնելով սպասված հաղթանակը:
Իսկ Նպատակը վեհ էր, անանձնական: 15 թվականի վերքը շարունակաբար մխում էր՝ վառ պահելով անթեղված մորմոքի հիշողությունը: Ու կամավորների բորբ արյունով ցողվեց արցախյան հողը՝ սնունդ տալով ալ կակաչներին: 21-րդ դարը դարձավ մեր որձության հավաստումը, և աշխարհին մեկ անգամ ևս հիշեցրինք, որ մեր դարավոր ազգը կաղնու պես երկարակյաց է, երբ նրա մազանոթներով ավշի փոխարեն հոսում է տիգրանյան արյունը: ՓԱ՜ՌՔ նահատակներին, որոնք կերտեցին մեր փայփայած հաղթանակը՝ հիմք դնելով մեր Ազատ ու Անկախ պետականությանը: Ճիշտ է՝ ավելին էինք երազում, բայց մութ ու խավար օրերին հաջորդեցին անորոշության տարիները, երբ պատեհապաշտների մի բանակ մորեխի պարսի պես գրավեց տերության կենսական տարածքները՝ սպիտակը սև ներկելով. միայն տառապանքից հետո ես հասկանում երջանկության արժեքը…
Գորշ ամպեր ծանրացան, կարկտահար սարքերն անգամ ի զորու չեղան ցրել խավարը: Ազգի երկրաշեն եռանդն էլ կարող է կորչել, երբ լցվում է համբերության գավաթը, երբ անտերունչության մատնված գինին քացախ է դառնում:
Առածն ասում է՝ հույսը հիվանդանում է, բայց չի մահանում:
Գիտեմ՝ տողերիս մեջ մելանի թախիծ կա, թեև ուզում եմ հավատալ, որ արհավիրքների միջով անցած ժողովուրդը դեռ տեսնելու է լուսավոր ապագան, երբ ոտքի տակից չի սորա գետինը հանց ավազ, երբ վարկերի խեղդօղակը չի սեղմի մեր երակոտ պարանոցը, երբ սփյուռքահայն արմատներ կգցի իր պապենական, հինավուրց հողում և ոչ թե՝ հակառակը:
Անկախության հասնելը մի պարագա է, այն պահել-պահպանելը՝ ուրիշ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.