Ես գրել եմ այնպես, ինչպես իմ հայրենիքն է շշնջացել… / ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ – 150

Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր

Ավետիս Ահարոնյանը (1866-1948) հայ հասարակության մեջ լայնորեն հայտնի էր և՛ որպես քաղաքական գործիչ, և՛ որպես գրող-արձակագիր, և՛ որպես հրապարակախոս: Նա Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահն է եղել (1919 թ.), ստորագրել հանրահայտ Սևրի հաշտության պայմանագիրը (1920): Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում նրա պատմվածքները, վիպակները, դրամաները տպագրվել են ժամանակի հայ մամուլում և հանրածանոթ դարձրել նրան նաև արևմտահայ իրականության մեջ: Հատկապես բարձրարժեք են գրողի գեղարվեստական արձակ ստեղծագործությունները, որոնք աչքի են ընկնում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ իրականության մեջ տեղի ունեցած սոցիալական ու ազգային երևույթները ռեալիզմի և ռոմանտիզմի (նեոռոմանտիզմի) գեղագիտական որոշ սկզբունքների միահյուսմամբ պատկերելու շնորհիվ: Նա յուրացրել էր ազգային ու համաշխարհային գրական ավանդույթները և հասել ուրույն թեմատիկայի ընտրության ու գեղարվեստական ինքնատիպ մարմնավորման: Նրա երկերում զգացվում են ազդակներ և՛ հայրենի գրականությունից (Գ. Նարեկացի, Րաֆֆի, Ռ. Պատկանյան), և՛ օտար գրականություններից (անտիկ գրականություն, Ֆ. Շատոբրիան, Ֆ. Դոստոևսկի, Ֆ. Նիցշե): Իսկ ժամանակի բուն գրական կյանքի մեջ նրան մղեց իր ժողովրդի ցավն ու տառապանքը, օտար երկրների տիրապետությունից հայրենիքն ազատագրելու համար խիզախ հայորդիների պայքարի կամքն ու բաղձանքները:
Ահարոնյանի ստեղծագործական ճանապարհն սկսվեց հայ ժողովրդի շահերին նվիրվելու, նրան իր օժտվածության չափով օգտակար լինելու ճշմարիտ մտավորականին ու գրողին բնորոշ ինքնաբուխ մղումներով: Այդ բարդ, փշոտ, տառապագին, ինքնայրումով հագեցած ուղին ընթացավ գրական ուսումնառությամբ նախ՝ հայրենի Իգդիրում եվրոպական կրթություն ստացած մտավորական Դավիթ Քալանթարյանի խնամքոտ վերաբերմունքի ներքո, այնուհետև՝ ուսումնառությունը շարունակեց Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Նախապես նրան ընթերցողների շրջանում ճանաչում բերեցին վաղ շրջանի թիֆլիսահայ մամուլում («Արձագանք»), «Մշակ», «Տարազ», «Ազգագրական հանդես») տպագրված թղթակցությունները, պատմվածքները: Սուրմալուի գավառի ընտանեկան կյանքում ու կենցաղում կանանց ու աղջիկների կացության և երեխաների դաստիարակության մասին ազգագրական նյութերը ամփոփ կերպով տպագրվեցին «Հռո կինը» վերնագրով գրքում: Առաջին պատմվածքներում («Պուտ-ըմ կա՜թ», «Նորածինը», «Ֆալագ վուրղունի», «Փշուր-ըմ խա՜ց», «Աքաղաղը», «Հարևանները», «Բաշոն», «Խավարես, լուսի՛ն», «Մենավոր կաղնին» և այլն) գրողը պատկերում է 1894-96 թթ. Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կոտորածներից մի կերպ փրկված և Իգդիրում հանգրվանած հայ գաղթականների տառապանքներն ու ողբերգական վիճակը: Դրանք իրենց թեմատիկայով «պիտի ցնցեին մարդկանց» (Լեո)՝ հայ ընթերցող հանրությանը պատկերացում տալով թուրքական ոճրագործ իշխանությունների կազմակերպած ջարդերի ընդգրկումների մասին՝ միաժամանակ բացահայտելով ազատագրական պայքարի անհրաժեշտությունն ու բարդությունները:
Ահարոնյանի աշխարհայացքն ընդլայնվեց և հարստացավ հատկապես 1898 թ. Լոզանի (Շվեյցարիա) համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետում, իսկ այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում սովորելու տարիներին: Այս շրջանում նա մտերիմ հարաբերությունների մեջ էր ՀՅԴ կուսակցության հիմնադիրներից Ք. Միքայելյանի հետ և նրա խրախուսմամբ էլ ստեղծում է «Ազատության ճանապարհին», հիմնականում պատմվածքներից կազմված, շարքը, որը 1898 թ. տպագրվում է վերջինիս խմբագրությամբ Ժնևում լույս տեսնող դաշնակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում: Շարքի մեջ մտնող երկերից կազմված ժողովածուն 1906 թ. տպագրվում է Թիֆլիսում: Այս գրքում զետեղված պատմվածքներն, ըստ էության, նորույթ եղան մեր գրականության մեջ, որքանով որ դրանցում առաջին անգամ գեղարվեստորեն տարբեր կենսադրվագներով ու հերոսների բարոյահոգեբանական խնդիրների արծարծումներով պատկերվել էին 1890-1900- ական թթ. Արևմտյան Հայաստանի գավառներում տեղի ունեցած հայդուկային-ֆիդայական մարտերը, դրանց մասնակիցների կերպարները: Հայ մարդու պատվի, ազգային արժանապատվության նախանձախնդիր, մեր ժողովրդի այդ խիզախ սերնդի ներկայացուցիչները Ահարոնյանի պատմվածքներում պատկերված են իրենց թե՛ հոգեբանական բարդույթներով և թե՛ բացառիկ հայրենասիրությամբ, ազգակիցներին թուրք-քրդական անագորույն լծից ազատագրելու վճռականությամբ: Տղամարդկանց և նրանց կողքին իրենց ուժերի չափով աչքի ընկած կնոջ («Հազրեն») և պատանու («Վազրիկը»), առաջին անգամ ստեղծված Անդրանիկ զորավարի գեղարվեստական կերպարների պատկերումը, ուշագրավ լինելով հանդերձ, կարծում ենք, մեր գրականության մեջ ֆիդայական-պարտիզանական պայքարի գրականացման գործընթացում կարևոր մի փուլ հանդիսացավ: Ավելին. հայ գրականության մեջ պատմվածքի ժանրի տիրույթում առաջին անգամ Ա. Ահարոնյանն էր, որ հետևողականորեն պատկերեց Արևմտյան Հայաստանի գավառներում ընթացող ֆիդայական պայքարն իր ելևէջներով: Ժողովածուում ընդգրկված լավագույն պատմվածքները դասական արժեք ունեն, ուստի դրանք անհրաժեշտ է ուսումնասիրել և՛ միջնակարգ դպրոցում, և՛ բուհերի բանասիրական ֆակուլտետներում: Այդ երկերը այսօր էլ արդիական նշանակություն ունեն, որքանով որ յուրովի արձագանքում են արցախյան հերոսական ազատամարտին, նրա հայրենասեր մասնակիցների, տարբեր սերունդների ներկայացուցիչների հոգեբանությանն ու ոգուն:
Այստեղ արժե հիշատակել Ահարոնյանի՝ սփյուռքյան շրջանում ստեղծած «Իմ գիրքը» («Մանկություն» (1924), «Պատանեկություն» (1930) ինքնակենսագրական, հուշագրական, գեղարվեստական կենսապատումը: Այս երկում գրողը կորցրած հայրենի եզերքի՝ Իգդիրմավայի, Իգդիրի, ընդհանուր առմամբ Սուրմալուի գավառի գեղարվեստական դիմանկարն է ստեղծել՝ նոր տարածքներ բացելով Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Գ. Մահարու, Վ. Թոթովենցի, Զ. Եսայանի, Ստ. Զորյանի ինքնակենսագրական վիպակների գրական ավանդույթների, գեղանկարչական խոսքարվեստի համապատկերում: Ցավոք, այն ևս դուրս է մնացել անցյալի մեր գրականագիտական մտքի տեսադաշտից և ըստ արժանվույն չի գնահատվել:
Հարուստ է և բազմաժանր Ահարոնյանի գրական ժառանգությունը: Այն գրողի որդու՝ Վ. Ահարոնյանի կողմից համեմատաբար ամփոփ կերպով 1940-50-ական թթ. Բոստոնում (ԱՄՆ)/ հրատարակվեց 10 հատորով (նախատեսվել էր տպագրել ևս երեք հատոր, սակայն, որքան մեզ է հայտնի, չի իրականացել): Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, չեխերեն, վրացերեն, հունարեն: Միայն անկախության տարիներին հնարավոր եղավ մեզանում հանգամանորեն ուսումնասիրել նշանավոր հայ գրողի գեղարվեստական ստեղծագործությունները և հրապարակել դրանք առանձին գրքերով (տե՛ս Գ. Խաչիկյան, Ավետիս Ահարոնյանի գեղարվեստական արձակը, Գյումրի, 2013: Վ. Գրիգորյան, Ավետիս Ահարոնյան, հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը, Ե., 2014):
1930 թ. Սփյուռքի հայ մտավորականությունը տարբեր երկրների գաղթօջախներում նշում է Ահարոնյանի գրական գործունեության 40-ամյակը: Հոբելյանական տարելիցը առավել հանդիսավոր նշվում է Սորբոնի համալսարանում մայիսի 10-ին, այն հայ գրողին բացառիկ պատվի արժանացնելու առիթ էր և հնարավորություն: Միջոցառման ժամանակ նախագահում էր ճանաչված պատմաբան Ն. Ադոնցը: Ելույթ է ունենում նաև հոբելյարը: Հուզիչ էր ու տպավորիչ նրա խոսքը: Այն իմաստուն գրական նահապետի, հայ մտավորականի սրտաբուխ արտահայտություն է՝ հագեցած հայ ժողովրդի, սփյուռքահայության, հայոց լեզվի մաքրության ու կենդանության պահպանման, հայրենադարձության մասին մտահոգություններով, կորցրած հայրենիքի վերադարձի հանդեպ անսասան հավատի զգացումով: Ուզում եմ իմ խոսքն ավարտել՝ այն փոխանցելով Ահարոնյանին, մեջբերելով հատվածներ նրա վերոհիշյալ ելույթից.
«Իմ սիրելի հայրենակիցներ. Կյանքիս ամենեն դժվարին օրերից մեկն է: Ի՞նչ ասեմ բոլոր փառաբանություններին, ներբողներին, գովքի, համակրանքի, հարգանքի, սիրո բոլոր այս սրտաբուխ զեղումներին, որ իմ բարի, արդար ու վշտաբեկ ազգը շռայլեց ինձ աշխարհի բոլոր ծայրերից, ուր մեր դժխեմ, նզովված բախտը շպրտել է մեր վտարանդի հայրենաբաղձ բեկորները: Հուզված եմ, խորապես զգացված ու անհունորեն երախտապարտ: Ինչո՞ւ չասեմ սակայն, ինչպե՜ս չասեմ, որ այս բոլորը ինձ հիշեցնում է ծնողի քնքշությունը դեպի իր զավակը. չէ՞ որ յուրաքանչյուր մոր համար իր որդին և՛ ամենեն առաքինին է, ամենեն շնորհազարդվածը, և՛ ամենեն կատարյալն ու փառավորը: Եվ ահա ես ևս, ցեղիս մայրական քնքշության, գորովի, գուրգուրանքների առջև լռում եմ, ու գլուխս խոնարհում ակնածանքով: Այս հանդիսավոր ժամին, հավատացեք ինձ, որ այս օրը ես չեմ փնտրել, վասնզի մեծարանքի, գովքի սպասումն ու ակնկալությունը բիրտ ժխտումն է հանրային գործի ներքին արժեքի, և զոհաբերության բարձր իմաստին է բախվում: Ակնկալված փառքն իրական ու ճշմարիտ փառքին ոսոխն է: Գիտեմ, որ սպասում եք իմ խոսքին: Գիտեմ նաև, որ չպիտի կարողանամ գոհացնել ձեզ:
Ամիսներից ի վեր մեր բոլոր գաղութներից խանդավառ ցույցերի, մաղթանքների և օրհնանքի ձայներ եմ լսում: Ու մտովի խորհում եմ և տրտմությամբ ինքս ինձ հարցնում, թե ո՞ւր է այս բոլորի իմաստը: Եթե այդ ամենը ինձ համար է և իմ խեղճ անվան շուրջը, ապա դա շատ-շատ է և նույնիսկ ավելորդ: Ապա եթե հայի լեզվի, հայ գրի, հայ գրականության համար է, շատ քիչ է, վասնզի կապված է առիթի հետ:
…Հայոց լեզո՜ւ, հայոց լեզո՜ւ, քեզ հարգա՜նք… Հոգիս պայթում է այն մտածումից, թե ի սփյուռս աշխարհի վայրավատին տարտղնված ցեղիս զավակները` իմ զավակները, կարող են մի անիծակուռ օր իրենց աչքերը փակել մայրենի լեզվից ճառագայթող գեղեցկության առջև և ուրանալ իրենց մայրերի օրորները, որոնց վրա ազգի ճակատագիրն է դրոշմված Աստծու ձեռքով: Եվ իմ սերո՞ւնդը… Է՜հ, նա էլ իդեալի արբեցուցիչ ու կախարդական աղբյուրից խմեց և տառապանքն ու ազատությունը սիրեց որպես իր մոր ստինքները: …Ստրկության շղթաներից դեռ նոր-նոր իր հոգին ազատագրած այս ազգը գրի, խորհրդի, գեղեցիկի պաշտամունքի պետքն ունի: Սիրեցեք մեր գիրն ու գրականությունը, սիրեցեք մեր լեզուն մեր հին-հին հայրերի, մեր Սահակների ու Մեսրոպների պես, Նարեկացու, Աբովյանի պես:
Ազգային խոշոր փլուզումների, թշվառության օրերին, երբ կատաղության ու ավերածի մրրիկները քրքջալով անցնում են օրհասների վրայով, ամեն ինչ անցնում է… Ու մնում են կանգուն միայն գիրն ու լեզուն, որոնք իրենց խորհրդավոր ծոցում հարազատ մոր քնքշությամբ ծածկում ու պահպանում են անաղարտ այն ամենը, ինչ փլվել է ու խորտակվել, բոլորն, ինչ մի նկուն, ավերված ազգը կարող է ըղձալ, հուսալ ու երազել:
…Մեր վերածնության ռահվիրաները, դարբնողները, Պեշիկթաշլյան, Դուրյան, Ծերենց ու Ալիշան, Աբովյան ու Նալբանդյան, Րաֆֆի ու Գամառ Քաթիպա: Եվ հետո ամբողջ մեր պսակավոր Պլեադան նահատակ գրագետների, որոնց վսեմ ճակատները հողին տալուց առաջ անապատի բարկ արևը համբուրեց, և որոնց աչքերի հետին ցոլքերը երկնքի աստղերը խմեցին:
…Եվ ես չեմ, որ գրել եմ, այլ իմ հայրենիքի հոգին է բռնել իմ գրիչը քառասուն տարուց ի վեր: Ես գրել եմ այնպես, ինչպես իմ հայրենիքն է շշնջացել իր հողմերի սույլերով, իր մրրիկներով, իր երգերով ու պարերով, իր ցավերով ու խնդությամբ: …Այսպես եմ գրել ես: Իզուր իմ ստեղծագործության մեջ որևէ գրական դպրոց փնտրեցին: Իմ գրական դպրոցը Հայ Հայրենիքը և առհասարակ մարդկային ցավն ու տառապանքն է. ինձ համար մարդկային ամեն էակ գերագույն նպատակ է և ոչ միջոց և իր կյանքի ցավագին հեղհեղումները` բարձրագույն արժեք, որ կարող է գեղեցկացնել ամենադժվարահաճ արվեստը:
…Մեր իրավունքի և արդարության հաղթանակը ես տեսնում ու ապրում եմ էությանս բոլոր թելերով, անգամ մեր դժխեմ օրերի այս թանձր ու ցուրտ մթնոլորտի սարսուռների մեջ: Ես տեսնում եմ այդ գերագույն հաղթանակը ցեղիս զավակների բոց ու կրակ աչքերի մեջ, մեր մանուկների, մեր պատանիների, մեր վարդ կույսերի շողարձակ բիբերի մեջ, ուր եռում է ստեղծագործող, անհանգիստ իմաստությունը և հայրենիքի անմար կարոտը:
…Ես հավատում եմ, հայ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր Հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքուշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ` նայում, նայո՜ւմ է ճամփաներին: Եվ հեռու չէ այն օրը, երբ իր բազուկները տարածած, նա կընդունի հեռավոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զավակների կարոտակեզ բազմությունները. և բյուրավոր ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին.
Արմենիա, Արմենիա, ո՜վ իմ հոգու հավիտենական ապաստան, ո՜վ իմ պաշտելի հայրենիք»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.