ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Թուրքիայում գյուլենական պիտակով բռնությունների ալիքը գնալով նոր թափ է հավաքում: «Հիզմեթ» (Ծառայություն) կրոնական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի ուրվականը շարունակում է ցնցել երկրի ներքաղաքական կյանքը՝ ստիպելով իշխանություններին դիմելու աբսուրդի հասնող հատուկ գործողությունների: Ձերբակալություններն ու բռնությունները շարունակվում են, անգամ տարրական դասարանների 15.000 ուսուցիչ է ազատվել աշխատանքից: Ինչպես նշում է լրագրող Թաշգեթիրենը. «Պատկերացրեք 4-րդ դասարանի երեխա: Իր պապիկի տարիքի ուսուցիչն ի՞նչ հեղաշրջման քարոզ պիտի կարդար այս երեխաների համար»: Սակայն գյուլենականության դեմ միջոցառումների պարագիծն անկանխատեսելի է, և տպավորություն կա, որ հոգեբուժական թեստերն էլ ի վիճակի չեն բացահայտելու իրականության շեղումները: The Gardian-ը գրում է, որ հուլիսի 15-ից ի վեր երկրում 45 թերթ է փակվել, 16 հեռուստաալիք, 3 լրատվական գործակալություն, 23 ռադիոկայան, 15 ամսագիր, ինչպես նաև 29 տպագրատուն: Ձերբակալվել է 48, աշխատանքից զրկվել է ԶԼՄ-ների 2.308 աշխատակից: Երկրի էկոլոգիայի և քաղաքաշինության նախարար Մեհմեթ Օզխասեկի հայտարարությամբ. «Թուրքիայի գանձարանին է փոխանցվել «Ֆեթուլականների ահաբեկչության կազմակերպության» անշարժ գույքի 2514 օբյեկտ: Հիմնադրամների գլխավոր վարչությանն է փոխանցվել 2083 օբյեկտ: Այդ կարողության արժեքը հսկայական է: Գանձարանին է փոխանցվել 2.7 մլրդ դոլարի, հիմնադրամներին` 900,000 դոլարի գույք»: Նախարարը նշել է, որ կան ևս 1.500 օբյեկտներ, որոնք նույնպես կփոխանցվեն պետությանը: Այդ կարողության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 4 մլրդ դոլար: Հնարավոր չէ զուգահեռ չտանել 1915 թ. Հայոց ցեղասպանության իրողությանը, երբ նույն ագահությամբ թալանվում էր հայերի ունեցվածքը: Թուրքիայի համար վաղուց սովորական ռազմավարություն է քաղաքական բռնությունների զուգորդումը անօրինական հափշտակումների հետ: Իզուր չէ կասկածը, որ թուրքական իշխանությունները տեղյակ են եղել հեղաշրջմանը՝ կանխավ նախապատրաստվելով դրա չեզոքացմանը: Իր սուլթանական նկրտումներն իրականացնելու առավել մեծ նվեր Էրդողանը չէր էլ կարող երազել, ինչպես և նրա ազերի կրտսեր եղբայրը: Թուրքիա մեկնած Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները համատեղ ուժերով պայքարելու են գյուլենականներին բացահայտելու և վնասազերծելու համար: «Գյուլենի խմբավորման դեմ քայլերն Ադրբեջանում շարունակվելու են: Հեղաշրջման փորձը հանցագործություն էր նաև Ադրբեջանի դեմ»: Թեև «Ազադլըք» թերթն իր բողոքի ձայնն է բարձրացրել Ադրբեջանում սկսված ձերբակալությունների նոր ալիքի առնչությամբ, հայտարարելով, որ Ալիևի նպատակը ոչ թե Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող Գյուլենի կողմնակիցներին բացահայտելն է, այլ դրա միջոցով մամուլի ու բազմաթիվ անմեղ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելը, այդուհանդերձ, եզակի այսօրինակ ընդվզումներն ընդամենը արդարության կաթիլ են բռնությունների ծովի մեջ, երբ Ադրբեջանում չգիտեն անգամ գյուլենականներին ինչպես տարբերակել, ձերբակալվածների գյուլենական լինելն ու չլինելը թողնելով Թուրքիայի հայեցողությանը: «Չենք էլ ուզում պատկերացնել՝ ինչ կկատարվեր թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, եթե հուլիսի 15-ի հեղաշրջումը հաջողվեր»,- ասել է Ալիևի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ներկայացուցիչ Բեհրուզ Հասանովը, ավելացնելով, որ «Ադրբեջանը հնարավոր ամեն բան անում է երկրում Գյուլենի կողմնակիցների գործունեությունը կասեցնելու համար»: Ի պատասխան ադրբեջանական գործողությունների, Գյուլենն ավելի քան կտրուկ է. «Թող այնպես չանեն, որ ես իրենց Կասպից ծովը նետեմ»: Սակայն այս պահին կրոնական առաջնորդի ձեռքերը չափազանց կարճ են՝ իրադարձությունների հունը փոխելու համար: Կասկածից վեր է, որ Ալիևն իր ավագ եղբոր օրինակով հակագյուլենական պայքարն օգտագործելու է սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «թշնամիներին» ոչնչացնելու նպատակով: Եթե հին սահմանադրությամբ նախագահի թեկնածու կարող էին առաջադրվել 35 տարեկանից, ապա առաջարկվող փոփոխությամբ կարող են ընտրության իրավունք ունեցող բոլորը, ինչն էապես հեշտացնում է հորից որդի իշխանության փոխանցումը: Նոր սահմանադրությամբ՝ բռնապետի 20-ամյա որդուն այլևս ոչինչ չի կարող խոչընդոտել: Այնպես որ, Էրդողանն ու Ալիևը, թեկուզ ենթագիտակցորեն, պիտի երախտապարտ լինեն Գյուլենին, ում անուղղակի միջնորդությամբ հնարավորություն է ընձեռվել, առանց իրավական գլխացավանքների, իրենց շրջապատը հիմնովին մաքրել ընդդիմադիրներից և կանաչ ճանապարհ բացել իրենց` «Ամեն ինչ կամ ոչինչ» մաքսիմալիստական նկրտումներին: Իսկ ամենակարևորը, նրան հասցեագրել ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումներն ու պարտությունները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.