ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Հայաստանի ընդերքը թալանում և երկիրն անապատացնում, հումք մատակարարող աֆրիկյան պետություն են դարձնում թուրքերը: Հայաստանում կոռուպցիայով են զբաղվում, կաշառքով անգրագետներին, մտավոր հետամնացներին պաշտոններ են բաժանում թուրքերը:
Հայաստանում ազգի հերոսներին, հայրենիքի համար զոհվածների ընտանիքներին թշվառության մեջ են պահում թուրքերը: Վերջիններս նույնիսկ բանտարկում և հալածում են ազգի հերոսներին:
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակում կաշառքով ոչ տառաճանաչ մարդկանց են ընդգրկում և պատգամավոր դարձնում թուրքերը:
Հայաստանում կարմիր դիպլոմով հեղինակավոր բուհեր ավարտած, նույնիսկ գիտական կոչում ունեցող մարդկանց ստիպում են շուկայում վարունգ ու լոլիկ վաճառելով գոյությունը քարշ տալ թուրքերը:
Հայաստանում մտավորականներին, բարձր արժեքներ ստեղծող գրողներին, արվեստագետներին թշվառության մեջ են պահում թուրքերը:
Հայաստանում մենաշնորհային-օլիգարխիկ համակարգ են ստեղծում, մարդկանց գործարարությամբ զբաղվելու հնարավորությունից զրկում են թուրքերը:
Հայաստանում ապրելու համար անտանելի պայմաններ են ստեղծում, ստիպում բնակչությանը՝ հեռանալ, ավելի ճիշտ՝ վախչել երկրից թուրքերը:
Հայաստանում… կարելի է այսպես շարունակել և լրացնել էջերը՝ մինչև տեքստը դառնա մի ստվար գիրք:
Քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած, Մատենադարան, Գառնի ու Գեղարդ և այլ պատմամշակութային արժեքներ ունեցող տաղանդավոր ու հանճարեղ ազգն ի վիճակի չէ անել այն, ինչ նշված է վերևում:
Ովքեր հակառակն են պնդում, ջուր են լցնում մեր դարավոր թշնամու ջրաղացին, ապակայունացնում են իրավիճակը Հայաստանում, սպառնում են երկրի անվտանգությանը, մի խոսքով՝ հայ ժողովրդի թշնամին են:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.