Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմը հերոսաբար զոհված մեր զինվորներն էին: Քառօրյա պատերազմը մեր զինվորների արյամբ ցողված ու կորցրած 800 հեկտար հողն էր, որը, շատ չանցած, պարզվեց, որ ընդամենը ամայի տարածք էր… Քառօրյա պատերազմը մեր հավաքական վստահության երկրաշարժն էր, երբ ինքներս մեզ համոզելով ստիպեցինք նայել դաժան իրականությանը, որ մեր զինվորները կռվել են 80-ականների զենքերով, իսկ որպես մղձավանջ մեզ դեռ երկար կհետապնդեն պահածոյի տուփերը՝ որպես սահմանը պահող նորագույն զինամիջոց… Մարտի 28-ին մեկնեցի Նյուրնբերգ մի Հայաստանից, ապրիլի 4-ին վերադարձա մեկ այլ Հայաստան: Իմ երկրում ընթացող պատերազմին հեռվից հետևողի տասնապատկված տագնապս, ինձ դիմավորող հարազատներիս ու անծանոթների՝ երկրում գտնվողների տասնապատկված տագնապը ելան դեմ հանդիման, ու դեռ քանի օր էր պետք` հասկանալու համար, որ ազգովի հոգեկան տապալման մեջ ենք ու դեռ երկար ուշքի չենք գալու: Որովհետև թշնամու հարվածին կարող ես դիմանալ, քեզ կտապալի թիկունքիդ հասցրած հարվածը: Իսկ ամենամեծ ցնցումը այն դաժան փաստի գիտակցումն էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանրությունը, հասարակությունը, ժողովուրդը… մենք հասկացանք՝ երկիրը փոխվել է, իսկ իշխանությունը ոչ միայն չուզեց, նույնիսկ փորձ չարեց գնալ թեկուզ նվազագույն, բայց փոփոխության: Ասվածի վկան՝ պատերազմից մի քանի օր անց Հրազդանում անցկացված «ընտրությունները»: Ու շատերի նման ես էլ ինձ հարց եմ տալիս. իսկ կլինե՞ր հուլիսի 17-ը, եթե չլիներ քառօրյա պատերազմի պարտության դառնությունը, չլիներ այն իրողությունը, թե 25 տարիների մեր անկախությունը ինչպես մսխվեց, ինչպե՛ս փոքրացվեց մեկը մեկին հաջորդող ամեն-տեսակ-ընտրություններում, որոնցից հետո ՀՀ քաղաքացիների մի մասը պիտի ինքնամեկուսանար, մյուսը՝ ճամպրուկն առած փախչեր առանց հետ նայելու, երրորդները պիտի համակերպվեին, որ 25 տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանում ապրող 2,8 միլիոն մարդկանցից 1 միլիոնը, նույնպես պաշտոնական տվյալներով, չքավոր է (ոչ պաշտոնական լեզվով՝ օրվա հացի կարոտ)… Ու թվում էր, այդպես էլ պիտի շարունակվի՝ ամրագրված սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերյան հանրաքվեով (պատահակա՞ն էր, որ ոմանք «մարգարեանում» էին, թե ՀՀԿ-ն մի հիսուն տարի դեռ իշխանության կմնա): Բայց ես, համենայնդեպս, հիշեցնեմ ՀՀ Սահմանադրության 1-ին գլխի 1-ին հոդվածը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է…»:
Ու եղավ հուլիսի 17-ը: Ինչպիսին էլ լինի հանգուցալուծումը՝ Հայաստանն այլևս նախկինը չի լինի: Ու եթե սա չհասկանանք բոլորս՝ վերևից ներքև, ո՞վ կարող է ասել, թե ինչպիսին կլինի մեր հետագան:
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրաված 31 հայորդիների մասին դեռ շատ կխոսվի, կգրվի, կուսումնասիրվի՝ անկախ այսօր անլուծելի թվացող (գոնե ինձ համար), բայց մի օր անպայման հանգուցալուծվող վերջաբանից: Հիմա, երբ գրում եմ այս տողերը, հուլիսի 25-ն է, երբ ուրբաթ օրը թերթը լույս տեսնի, Աստված գիտե՝ ինչպիսին է լինելու լուսաբացն ու օրը այդ գնդի տարածքում իրե՛նց տարածքը նվաճած 31 հայորդիների համար: Նրանցից միայն մեկին՝ Պավլիկ Մանուկյանին գիտեմ անձամբ, 1989 թվականից, երբ «Գարունի» խմբագրություն էր բերում իր բանաստեղծությունները: Հետո իմ երկիրը նրան դարձրեց հերոս-ազատամարտիկ: Այսօր իմ երկիրը նրան դարձրել է ահաբեկիչ (ոմանց կարծիքով), հերոս (շատերի կարծիքով), իսկ նա որդու՝ Արամի հետ իր կռիվն է տանում՝ շարունակելով Արցախյան ազատամարտն ու ապրիլյան քառօրյա պատերազմը: Մեզ հիշեցնելով սթափեցման կոչ է անում, որ պատերազմը չի ավարտվել: Իհարկե, «ԳԹ-ի» ընթերցողներից ամեն մեկը յուրովի կարձագանքի այս վերջին նախադասությանը, բայց ես հիմա, երբ դեռ չգիտեմ, թե ինչ կբերեն եկող օրերը, պարտավոր եմ ասել, որ ինձ համար պատի՛վ է Պավլիկ Մանուկյանին ճանաչելը:

Հետգրություն առանց մեկնաբանության.
«Սասնա ծռեր» զինված խմբի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է հրապարակել 27-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայտարարությունում նշված է.
«Սասնա ծռերի» հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված, հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.