ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

2015 թվականին Ստեփանակերտում լույս է տեսել մեր ավագագույն գրողներից մեկի` Սոկրատ Խանյանի «Արցախի սիրտը» ընտրանի ժողովածուն, որտեղ ներկայացված են նրա շուրջ կեսդարյա գրական ճանապարհի երկերը` բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, լեգենդներ, որոնց բովանդակությունն ու գեղարվեստական արժանիքները հեղինակի անունը վաղուց սիրելի են դարձրել շատերիս: Խանյանը դեմք է իր գրական տեսակի շրջանակում` մշտապես հարազատ դասական պոեզիայի սահմանադրության որոշ դրույթներին, հատկապես բանատողի կանոնակարգությանը, որից նորաոճ բանաստեղծությունը հետաքրքիր շեղումներ է կատարել ու հասել էական արդյունքի: Սակայն կարծում եմ` չկա նոր ու հին պոեզիա, բանաստեղծությունը գրվածքի խորքում է, որն ի հայտ է գալիս այս ու այն ձևակառուցվածքներով, թեև, ինչ ասել կուզե, ձևը երկրորդական չէ, այլ, մի զգալի չափով, բովանդակության կրողն է ու արտահայտիչը:
Սոկրատ Խանյանը բնիկ արցախցի է, այս հիասքանչ երկիրը միայն ծննդավայր չէ նրա համար, այլ շատ ավելի բարձր ու վսեմ` հայրենիք, մի ամբողջ աշխարհ մեծ աշխարհի տիրույթում: Այսպես է նա վերաբերվում Արցախին, զրուցում նրա հետ արյան հարազատի ձայնով, նրանում հայրենի երկիրն է, նա` երկրի մեջ: Այս փոխկապվածությունը «Արցախի սիրտը» գրքի թե՛ գրական և թե՛ բարոյական ու ազգային արժանիքն է: «Սիրտը» շատ լավ է, բայց կա թերևս ավելի խորագնա ու համապարփակ երևույթ` ոչ նյութական հոգին: Գրքում լսելի է և հոգու ձայնը:
Խանյանի ընտրանին ունի թեմատիկ ծալքեր` «Հայրենական», «Ղարաբաղյան նվագներ», «Սպասում ենք դեռ», «Հարազատների աշխարհում», «Խոհերիս հետ», «Քաղցր տառապանք», «Սիրտս ձեզ հետ է», որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում առանձնահատուկ բովանդակությամբ, սակայն բոլորին միավորողը մի քանի գերագույն զգացմունքներն են և հայացքի ընդհանուր ուղղությունը, այն է` մարդու և բանաստեղծի տագնապներ, սեր հայրենիքի, բնության ու մարդու նկատմամբ, քաղաքացիական դիրքորոշումը կյանքի ու պատմության երևույթներին, ստեղծագործողի պատասխանատվություն գրականության ու մայրենի լեզվի հանդեպ:
Այս գրքում ներկա է ոչ միայն Սոկրատ Խանյանը, այլև, մի որոշ չափով, անցած տասնամյակների հայոց պոեզիայի դիմագիծը, որ ժողովածուն դարձնում է առավել ընդհանրական ու հետաքրքիր: Հրատարակվել է բանաստեղծի, գրականագիտության դոկտորի, երկարամյա ուսուցիչ-դասախոսի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Հիանալի նվեր և նրան, և բոլորիս: Խմբագիրը բանաստեղծ Ռոբերտ Եսայանն է, որը գրքում ներառել է նաև վաստակաշատ հոբելյարի կյանքի ու ստեղծագործության հիմնական տարեթվերի տեղեկատուն և նրա մասին անցյալում տպագրված բնութագրիչ հոդվածները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.