ԳՅՈւՄՐԵՑԻ ՍԱՐՈՆ / Վահան ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վահան ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Գրականագետ, Լոս Անջելես

Սարո Գյոդակյանին ճանաչում եմ վաղուց: Մենք հանդիպել ենք անցած դարի 70-ականների վերջին, երեք տասնամյակ, օրվա չափ կարճ ու դարի չափ՝ անանց…
Սարո Գյոդակյանին տասնամյակներ առաջ հայ մեծ քնարերգուն՝ անկրկնելի Շիրազը, անվանակոչեց Գյումրեցի, նա տեսել էր ու անմիջապես արժևորել Սարոյի կարողությունը: Սարոն սիրով ու սրտանց տեր կանգնեց իր թանկ ու նվիրական անունին: Հիմա նրա բնավորության շաղախն ու համը միայն Գյումրվանը չէ, Անիինն ու Ղարսինն է, Մուշինն ու Տիգրանակերտինն է: Երևանից զատ, երևանցուց առաջ մեր ունեցած ու մեր օրերին չհասած հայկական բոլոր քաղաքներում ապրող, արարող, աշխարհին ինչ-որ բանով հարստացնող հայերից է Սարոն ժառանգել ծլարձակող լավատեսության սերմը: Ժառանգածը ավանդապաշտ ու բերքառատ Շիրակի գավառում՝ ուստաների աչալուրջ հայացքի տակ, ի տարբերություն մեզնից շատերի, կարողացել են ձևավորել այսօրվա «ղայդին» գյումրեցուն: Ուրիշ կերպ ու ձև չկա Սարոյի հմայքն ու շնորհքը մեկնելու, որովհետև հայրենիքից այսքան հեռու՝ Գլենդելի անգամ տաք, անձյուն, անցուրտ սրտի մեջ, միայն ու միայն Սարոն կարողացավ իր քաղցրալուր սրինգով ի մի բերել «Համայնապատկերն» ՀԱՅԻ:
Մեր մի հատիկ Սարոն 17 տարի սիրով ու լավատեսությամբ իր «Համայնապատկերով» (վերջերս լույս տեսավ թիվ 70-ը…) հայ մշակույթի մեծերին է ներկայացնում, ու այդ մեծերի շուքի տակ, հայացքի ներքո տեղավորում է օրվա ունեցած, մեր օրվա Հոգու Հացը:
Բանաստեղծ Սարոն տասնամյակներ շարունակ մնում է հավատարիմ իր կոչումին, գրում է ակնարկներ, գովերգում ցեղի նշանավոր զավակների նշանավոր գործերը, լրագրողի ունեցած ձիրքը ծառայեցնում իր ժողովրդին: Եվ իր խառնվածքի՝ շիտակության ու համեստության շնորհիվ, գնահատվել է մեր մշակույթի մեծերից, արժանացել նրանց փոխադարձ հարգանքին: Շիրազի, Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և շատ-շատերի հետ է նստել զրույցի: Մարդկային արժանիքների շնորհիվ նրան նկատել ու գնահատել են ոչ միայն մտավորականներն ու արվեստագետները, անգամ ժամանակին երկրի բարձրաստիճան ղեկավարներից մինչև աշխարհին հայտնի առասպելական կարողությունների տեր հայ հարուստները: Այս ամենը հիշելիս չեմ կարող չասել, որ Սարոն իր ազնվության չափ նույնքան էլ հպարտ հայ է: Փաստը՝ թեկուզ իր երկու գիրքը (ի դեպ, միայն վերջերս ժամանակ գտավ ու հրատարակեց անթիվ, անհամար տաք ու գողտրիկ բանաստեղծությունների ընդամենը երկրորդ ժողովածուն): Պարզ ու թախծախառն շնչով արարված այս ժողովածուները լեցուն են կարոտով, հարազատ քաղաքի անմար հուշերով, գտած սերերը սրտում անթեղած, գիտակից՝ ունեցածով ու ունեցածին մինչև վերջ հավատարիմ մնալու համառ տենչով: Իրոք, համառն է, թեկուզ հոգով փխրուն ու լիրիկական շնչով բանաստեղծը ապրում է հեռավոր Գլենդելում, բայց սրտով իր տանն է, իր հռչակավոր Գյումրիում: Նա ամեն օր առավոտ ծեգին գնում է Գյումրի. «Արփաչայի ափին բացում սուփրան հացի».
Հրաշք լիներ մի օր,//Լիներ ֆայտոն մի հին,//Ճամփաներով մոլոր//Ինձ հասցներ Գյումրի://… Ու դարդոտած խմեի//Գյումրի՛, քո կենացը,//Գավաթիս մեջ խեղդեի//Տղամարդու լացը…
Գյումրի՛, քո կենացը, քո տղերքի, նոր ու հին տղերքի կենացը, քանզի մենք էլ ենք հպարտ քո շենշող սրտով, զավակներիդ հիշելու մայրական քո մեծ սրտով, իրոք էլ, միայն մորն ու մոր կաթ կերած տղերքին է տիպական այն, ինչ որ հասցնում եք անել ու տոկալ դուք ձեր անհամար հոգսերի մեջ:
Սարոն իր «Համայնապատկերը» դարձրեց արծիվների բույն ու առյուծասիրտ հայորդիների պատկերներն ու գործերը ծրարած հասցեագրեց աշխարհասփյուռ հայությանը: Սարոն, ինչպես մեկ դար առաջ Փարիզում հանգրվանած Արշակ Չոպանյանն իր «Անահիտ»-ներով, նախ գիտակցորեն մնաց հայության պատնեշի վրա, հետո, երբ ժամանակ գտավ, հիշեց իր գրածները, գրեց իր կարոտներից, արտահայտեց իր խոհերը:
Արշակ Չոպանյանի բարոյական նկարագիրը առասպել դարձած դարից ավելի արդեն ուժ ու եռանդ է հաղորդում հայության տարագիր զավակներին: Նա հայրենիքից դուրս ապրեց Նանսենյան անձնագրով, միշտ էլ պատրաստ տուն դառնալու, Փարիզում սպասելով տունդարձի հրավերին, իր տաղանդաշատ գրչով աշխարհին պատած ցուրտ քաղաքականությունը, հայության հանդեպ եղած անտարբերության դաշտը հերկեց Անահիտ Աստծո անունով ու շունչ կրող հանդեսով: Այսօր նույնը կատարվում է այս հեռավոր հայաշատ Գլենդելում: Սարո Գյումրեցին, Արշակ Չոպանյանի՝ հանուն հայության վառած մշակույթի ջահն է անմար ու նորոգ պարզում աշխարհասփյուռ հայորդիներին, հավատում, որ «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի ընթերցողների թիվը յոթնապատկվելու է:
Հավատն ապրեցնում է: Սարոյի կենաց Հավատն անպարտ է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.