Սամվել ԿՈՍՅԱՆ / ՍԻՐԱԽԱՂ  ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

Թուրքիայի նախագահը նամակ է հղել իր ռուս գործընկերոջը, շնորհավորելով Ռուսաստանի օրվա առթիվ և մաղթել, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի բարձրանան»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմն էլ իր հերթին ՌԴ վարչապետին հասցեագրված նամակում է հույս հայտնել, որ «առաջիկայում երկրների միջև համագործակցությունը կհասնի այն մակարդակին, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար»: Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը` քայլեր ձեռնարկել ՌԴ-ի հետ երկխոսության վերականգնման նպատակով, ընդգծել էր, որ մինչ այժմ թուրքական կողմն այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարել: «Անշուշտ, մենք կցանկանայինք և ցանկանում ենք մեր հարաբերությունների կարգավորում և կցանկանայինք վերադառնալ բարի, փոխշահավետ համագործակցության ժամանակաշրջանին,-ասել է նա,-միևնույն ժամանակ, նախագահ Պուտինը բավականաչափ հստակ հասկացրել է, որ Անկարայի կողմից առանց անհրաժեշտ գործողությունների, ռուսական կողմի համար հարաբերությունների որևէ կարգավորում հնարավոր չէ»: Էրդողանը թեև ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն, ըստ իր խոստովանության, դեռ չի կարողացել ճշտել, թե Մոսկվան իրենից ինչ առաջին քայլ է ակնկալում: Այն, որ այս «անտեղյակությունը» Էրդողանի հերթական բլեֆներից է, քննարկելի չէ, քանի որ ռուսական կողմը ամենատարբեր մակարդակներով հնչեցրել է իր պահանջը: Ռուսաստանը ներողություն է ակնկալում, տեղի ունեցածի պատճառների պարզաբանում, ինչպես նաև փոխհատուցում` խոցված Սու-24 ինքնաթիռի, նաև զոհված օդաչուի ընտանիքի համար: Ինքնամեծար, նարցիսիզմով տառապող բռնապետի պարագայում թերևս նվաստացուցիչը ներում հայցելն է, և Էրդողանն առայժմ փորձում է դրական արդյունքի հասնել բանակցային ճանապարհով, ապավինելով թուրքական` և՛ նալին, և՛ մեխին խփելու դիվանագիտությանը, ինչով էլ պիտի պայմանավորել նրա իրարամերժ ու հակասական հայտարարություններն ու գործողությունները` համեմված երբեմն շանտաժի, ավելի հաճախ շողոքորթության բաղադրիչներով: Թուրքերն ամեն ինչ անում են հակամարտության ընթացքում չկորցնելու իրենց արժանապատիվ կեցվածքը: «Ռուսաստանը մեր հարևանն է,-հայտարարում է փոխվարչապետ Շիմեքը:Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ ներկայիս խնդիրներին, ապա Թուրքիան, իհարկե, ճիշտ է, բայց մենք տրամադրված ենք այդ խնդիրների լուծմանը»: Ավելի հստակ է վարչապետը, երբ ասում է. «Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է պայմաններ թելադրել», ինչին հետևում է մեղմացուցիչ հանգամանքը. «Ռուսաստանն ու Թուրքիան միշտ հարևաններ են եղել: Այժմ ևս մենք տարածաշրջանի երկու կարևոր երկրներն ենք համարվում: Մենք միմյանց կարիքն ունենք»: Այն, որ այս երկրներն իսկապես միմյանց կարիքն ունեն, և միմյանց ընդառաջելու ցանկությունը երկուստեք է, արտահայտված է ռուսական կողմի մեկնաբանություններում: «Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել երկրների միջև կոնֆլիկտի կարգավորման նպատակով»,-Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Պուտինը, մի ուրիշ առիթով խոստովանելով, որ Ռուսաստանը, չնայած դժվարություններին, անգամ մի օրով չի դադարեցրել Թուրքիա գազամատակարարումը: Բարի կամեցողության և միաժամանակ արժանապատվության կորուստ չգրանցելու երկուստեք կողմնորոշումների դինամիկայից պետք է եզրակացնել, որ անմնացորդ սիրո խոստովանության ժամը մոտենում է: Այս երկրներն անհաջող վեճի պատճառով բաժանված սիրահարների պես ձգտում, սակայն ողջագուրվելու համար առայժմ չեն կարողանում իրենց մեծապետական բարդույթները հաղթահարել: Մինչդեռ հեռու չէ այն ժամանակը, երբ, ինչպես միշտ, «մեծ սիրո» առջև կնահանջեն բոլոր արգելքները, ինչից հետո խարխլված հարաբերությունների բոլոր պտուտակները կհայտնվեն իրենց տեղում, և ռուս-թուրքական «եղբայրության» մեխանիզմը նախկինի պես կաշխատի առանց խախտումների: Թերևս ճիշտը այս քողարկված սիրախաղը շրջանցելն էր, եթե պատմության հիշողությունը չհուշեր, որ նման բոլոր դեպքերում, Ռուսաստանն իր «սիրեցյալին» սիրաշահելիս, չգիտես ինչու, փորձում է Հայաստանի հաշվին ինչ¬որ բան նվիրել: Այսպես եղել է, և անհավանական է, թե որևէ բան կարող է փոխված լինել:

Հ.Գ. Թուրքիայի նախագահ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման առնչությամբ: Ռուսական կողմն առայժմ քննարկում է պատասխանը, սակայն անժխտելի է, որ երկխոսությունն սկսվել ու շարունակվելու է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.