Գիտական նստաշրջան՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀԳՄ ջանքերով 2016 թ. հունիսի 16-ին տեղի ունեցավ գիտական նստաշրջան՝ նվիրված Խաչատուր Էրզրումեցու ծննդյան 350-ամյակին:
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը, ով կարևորեց գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող, բայց հասարակության համար մոռացվող անունների վերհանումը և նրանց գրական և գիտական ժառանգության ուսումնասիրումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա շեշտեց, որ գիտաժողովի ծրագրում արտացոլված են Խ. Էրզրումեցու ժառանգության գրեթե բոլոր ուղղությունները: Իսկ Էրզրումեցին անդրադարձել է ոչ միայն գրականության խնդիրներին, այլև տվել է բազմաթիվ բնական երևույթների գիտական բացատրությունը, քննել է գոյաբանական, աստվածաբանական հարցեր, հետաքրքրվել երկրագիտության, մաթեմատիկայի, տրամաբանության, հռետորության, լեզվաբանության հարցերով և թողել նախանձելի գիտա-գրական ժառանգություն հետագա սերունդների համար:
Ակադեմիայի թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը նշեց, որ Խ. Էրզրումեցու «Համառոտական իմաստասիրութիւն»-ը մշտապես եղել է իր գրադարանի զարդերից մեկը, և Էրզրումեցու լեզվաբանական ըմբռնումները, գրական սկզբունքները իր համար ուղենիշ են եղել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը ստեղծելիս:
ՀԳՄ վարչության քարտուղար, բ. գ. թ. Պետրոս Դեմիրճյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ Խաչատուր Էրզրումեցու 350-ամյակի նշումն ունի ոչ միայն պատմագիտական, այլև արդիական նշանակություն: Էրզրումեցին իր ժամանակի բացառիկ զարգացած, հանրագիտակ անհատականություններից է, նպաստել է եվրոպական գիտական-իմաստասիրական գաղափարների ներթափանցմանը Հայաստան, կրելով 17-րդ դարի ֆրանսիական կլասիցիզմի տեսաբանների, մասնավորապես Բուալոյի գեղագիտական ըմբռնումների ազդեցությունը` մեծ դեր է խաղացել հայկական կլասիցիզմի սկզբնավորման գործում, ընդգծել է արվեստի հիմքում ընկած հասարակական օգտակարության պահանջը, կարևորել արվեստի դերը հասարակության, ազգի առաջընթացին, բարոյական դաստիարակությանը նպաստելու գործում:
Զեկուցումներով հանդես եկան բ գ. դ. Հենրիկ Բախչինյանը` «Հայ Բուալոն», բ. գ. թ. Մարատ Թադևոսյանը` «Խաչատուր Էրզրումեցին հայկական կլասիցիզմի տեսաբան», Լևոն Լաճիկյանը՝ «Լեզվի և խոսքի գեղագիտության հարցերը Խաչատուր Էրզրումեցու աշխատություններում», բ. գ. թ. Լուսինե Վարդանյանը՝ «Խաչատուր Էրզրումեցու «Համառօտական իմաստասիրութիւն» երկը», ԵՊՄՀ ասպիրանտ Ներսես Քոչարյանը՝ «Ընտանիքի գաղափարը Խաչատուր Էրզրումեցու «Համառօտական իմաստասիրութիւն» աշխատությունում», Գրականության ինստիտուտի հայցորդ Անի Մուշեղյանը՝ «Խաչատուր Էրզրումեցին եվրոպական երաժշտական նոտագրական և տեսական մտքի առաջին ներմուծողը հայ իրականության մեջ» թեմաներով:
Նստաշրջանի եզրափակիչ զեկուցումը Վ. Դևրիկյանինն էր` «Խաչատուր Էրզրումեցին և հայ գրքարվեստը» վերնագրով:
Գիտաժողովի վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Աշխույժ, անկաշկանդ մթնոլորտը պայմանավորված էր նաև Լ. Լաճիկյանի գծանկարներից արտափայլող անմիջականությամբ, խորունկ պարզությամբ և ջերմությամբ:

Հերիքնազ ՈՐՍԿԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.