Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՆԱ ՎՇՏԱՑԱՎ, ԲԱՅՑ ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵՑԱՎ

Facebook-ում կարդացի մի «սևհումորային» կայքի՞, թե՞ կազմակերպության անվանում՝ «Հայաստանում ինադու մնացողներ»: Իսկույն մտածեցի, որ եթե այդպիսի մի լուրջ կազմակերպություն լինի, ապա ես արդեն դրա անդամն եմ: Ամեն օր վշտացողներից, բայց երբեք չհուսահատվողներից եմ, ինչպիսին էին Րաֆֆու՝ հայրենիքի համար իրենց անձն ուրացած բոլոր կերպարները: Սրանցից մեկի՝ աշխարհում երկար թափառումներից հետո Վանում հաստատված տեր Եղիշե քահանայի մի շարք անձնվեր գործերի ու տգետ հոգևորականներից հալածանքների մասին խոսելուց հետո ասում է. «Նա վշտացավ, բայց չհուսահատվեցավ»: Րաֆֆու հայրենասիրության, մարդասիրության, ազգի հանդեպ անսահման մեծ սիրո մասին խոսելիս երբեք հնարավոր չէ շրջանցել նրա մեծ հանդուրժողականությունը՝ տոլերանտությունը (toleranita, լատ.՝ համբերություն, տա ռապանքների ինքնակամ հանձնառում): Տոլերանտն ընկալում ու հարգում է ուրիշի հայացքները, սովորույթները, այլազգիների հավատը: Եվ սա նշան է այն բանի, որ ինքը վստահ է իր սեփական դիրքորոշումների ճշմարտացիությանն ու հուսալիությանը, վստահ է, որ կարող է բաց լինել աշխարհի համար, որ չի վախենում այլ տեսակետների հետ համեմատվելուց, չի խուսափում հոգևոր մրցությունից:
Բավական է հիշել, թե ինչպես է խոսում Րաֆֆին քարավանի ընթացքի ժամանակ երբեք աղոթելու պահը բաց չթողնող մահմեդականների մասին. «Ես միշտ ախորժանոք էի լսում, երբ մահմեդականը Ղուրանից աղոթքներ էր կարդում…»: Սա ասում է Սուրբ գիրքը ծայրից ծայր անգիր իմացող Րաֆֆին, որի ճշմարիտ, բարեպաշտ քրիստոնյա լինելու մասին բազում վկայություններ կան: «Ես նախանձով էի նայում այդ մահմեդականների վրա: Քարավանի մեջ կային նաև հայեր, բայց նրանք չէին աղոթում»:
Իմ մեջ կասկածի նշույլ իսկ չի հայտնվում, որ Րաֆֆին ծնրադիր աղոթում էր նաև իր հայրենիքի չքնաղ բնության մեջ՝ իր դեգերումների ժամանակ: Եվ, անշուշտ, մագնիսի պես իր շուրջն էր հավաքում անցած մեծերի ոգիները՝ նրանց հանդեպ իր սերն արտահայտելու, գուցեև նրանց կողմից պատվիրակ օծվելու, նրանցից ոգի առնելու, նրանց հետ նույնանալու համար: Կարծել է պետք, որ ճգնավորի կացարան ներկայացնող իր տարբեր բնակարանների պատերի մեջ էլ նա չէր դադարում աղոթել:
Ֆարհատի անունից («Կայծեր») Րաֆֆին անում է մի խոստովանություն, որ հատկապես քրդերի և հայերի ազգային անչափ հեռավորության փաստն արձանագրելուց հետո հանկարծակիի է բերում. «Ընթրիքից հետո բեկը կամեցավ մեզ զվարճացնել և կանչել տվեց մի երգիչ… Երգիչն ածում էր ջութակի վրա: Ինձ մինչև այնօր չէր պատահել լսել մի երգ, որ այնքան արտահայտող լիներ ժողովրդական ոգին, որպես քրդի երգը: Քրդի երգը լսելիս մարդ միշտ երևակայում է իրան՝ քրդին, նիզակը ձեռին, սեգ նժույգի վրա նստած, կայծակի պես սլանում է լեռների մեջ…»:
Այստեղ և Րաֆֆու հազարավոր այլ էջերում մենք բազում անգամներ կհանդիպենք հանդուրժողականության դրսևորումներին: Սակայն Րաֆֆին և մյուս մարդասեր հանճարները անցել են նաև հոգեբանական մի այլ երևույթի միջով, առանց որի չէին կարողանա ո՛չ ժամանակակիցների, ո՛չ նախնիների և ո՛չ էլ ապագայի մարդկանց կերպարներ, անգամ ամբողջ պատկերասրահներ կերտել: Դա նույնացումն է կամ նույնանալը: Հեղինակի և իր ստեղծած կերպարների նույնացման երևույթի մասին շատ է խոսվել, բայց չի խանգարի Րաֆֆու դեպքում այս հանգամանքի վրա կանգ առնելը: Ցավոք, իրավունք չունեմ խորանալու այս գիտելիքի մեջ: Դա հոգեվերլուծողների, հոգեբանների դաշտն է, որ, համոզված եմ, լեփ-լեցուն է Րաֆֆու վիթխարի էությունը քննելու և անգնահատելի եզրահանգումների գալու չպեղված գանձերով: Բայց որքան էլ մոտավոր լինի իմ պատկերացումը նույնացում երևույթի մասին, կհամարձակվեմ ասել, որ Րաֆֆու բացառիկ աշխատունակության, կամքի, իր գաղափարներին մինչև վերջին բջիջը նվիրված լինելու համար նրան ի վերուստ տրվել էր մեծագույն այս պարգևը՝ իր հերոսների հետ նույնանալով դարերի խորքը, իր ժամանակի գաղտնարանները, ապագայի մեջ թափանցելու հզոր կարողությունը:
«Ցեմենտը, որ գեղարվեստական գործը կապում է մի ամբողջության մեջ ու դրանով էլ կյանքի արտացոլման պատրանք է ստեղծում, ոչ թե դեմքերի ու հանգամանքների ամբողջությունը, այլ հեղինակի յուրօրինակ բարոյական վերաբերմունքի նույնացումն է առարկայի հետ,-գրել է Լ. Տոլստոյը£…Ինչ էլ որ նկարագրի արվեստագետը՝ սրբերի, ավազակների, արքաների թե լակեյների, մենք միշտ փնտրում ենք և տեսնում ենք միայն իր՝ արվեստագետի հոգին»:
Րաֆֆու մասին խոսող որոշ անհամոզիչ ձայներ ասել են, որ նա չէր կարողանում իր կերպարներին հոգեբանորեն խորը ներկայացնել: Գր. Արծրունին ասել է. «…նրա ստեղծագործած լավ տիպերը հոգեբանական խիստ, անողորմ, անաչառ քննադատության չեն դիմանում, որովհետև արվեստական են…», բայց նա չի ժխտում նաև, որ «այդ կերպարներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել հասարակության վրա՝ կրթիչ, դաստիարակիչ ներգործություն»: Ըստ Շիրվանզադեի. «Րաֆֆին գրում էր ամբոխի համար, նրան հարկավոր էր թմրած մտքեր զարթնեցնել և որոշ զգացումներ գրգռել, ինչ փույթ, որ հոգեբանությունը և գեղարվեստը տանջվում էին այդ ձգտումից»: Բայց առանց ամբոխի հոգեբանությունը իմանալու, նրա հետ նույնանալու, առանց գեղարվեստի Րաֆֆուն երբեք չէր հաջողվի ազդել նրա վրա£
Այսպես, նախ խոսում էինք Րաֆֆու տոլերանտության մասին, որ նրան ստիպում էր մտնել անգամ բացասական կերպարների աշխարհը (պատկերացնենք՝ որքան մեծ էր նրա սերը մարդ արարածի հանդեպ, որ ինքն իրեն վտանգավոր փորձի առարկա դարձնելով, արգահատանքով ու զզվանքով մտնում էր ասենք՝ մելիք Ֆրանգյուլի, Մերուժան Արծրունու, Թոմաս էֆենդու մաշկի մեջ) և ուզում էր գտնել, քչփորել-հասկանալ նրանց ստորությունների, քստմնելիությունների դրդապատճառները: Եթե թշնամու մեջ չարի պատճառը հայտնաբերելը համեմատաբար րոպեական, հեշտ ու հանգիստ գործ է, ապա ազգակցի՝ նույն դավանանքին պատկանող հայի դավաճանության ակունքը գտնելը նրա համար հավասարարժեք պիտի լիներ դեպի դժոխք գնալ-ետ գալուն:
Րաֆֆին ծանոթ չէր Ֆրոյդի հայտնագործած հոգեվերլուծական մեթոդներին, որոնք արվեստագետին վերագրում էին արգելված, փակ տարածքներ մուտք գործող, գաղտնի ապրումներն արվեստի ձևի մեջ դնելով մակերես հանելու առաքելությունը: Իսկ հասարակությունն ապաշխարում է, երբ այս իմաստով ընդունում է գեղարվեստի գործը, հեղինակին, ինչպես և իրեն ազատում է մեղքի կապանքներից: Հեղինակին շնորհակալ լինելով՝ վարձատրում է նրան այն դաժան ապրումների, այն տառապանքների համար, որ նա կրել է իր փոխարեն: Սրա շնորհիվ հասարակությունը կարողանում է վեր կանգնել իր մեջ եղած «էդիպյան», «Էլեկտրայի», «ներքինացման» (կաստրացիայի) և չգիտեմ էլ ինչ բարդույթներից՝ առանց դրանց մասին պատկերացում ունենալու:
Նույնացման 3 աստիճաններից մեկը, ըստ Յոգայի ուսմունքի, հայեցումն է, երբ դիտարկվում է նախապես ընտրված օբյեկտը: Հայեցման հետ գիտակցությունը ձուլվում է օբյեկտին՝ մինչև ուշադրության լրիվ կենտրոնացումը դրա վրա և դրա հետ նույնացումը: Այդ պահին տեղի է ունենում մնացյալ ամեն ինչից անջատումը՝ զգացմունքներից, մտքերից… Մարդը դադարում է իրեն մարդ զգալուց և դառնում է կեցություն, որի մեջ հանդիպում են իրականության տարրեր: Երբ նա դուրս է գալիս ձևերի աշխարհի սահմաններից, հայտնվում է մյուս օբյեկտներից ապանույնացման վիճակում, հայտնվում է տրանսի մեջ: Սրան բուդդայական վանականները հասնում են տարիների հոգևոր աշխատանքով, իսկ Րաֆֆին միայն թեյի ու ծխախոտի օգնությամբ կարողանում էր իրենից պոկել, դեն նետել ժամանակի ու տարածության կապանքները: Այս ամենից բխող շատ կարևոր եզրահանգումն այն է, որ Րաֆֆին կարողացավ իր հանճարի ուժով մի կողմից նույնանալ իր հերոսների (բացասական թե դրական), մյուս կողմից՝ ընթերցողի հետ, երբ իր «ընթերցողների» մեծ մասը կարդալ էլ չգիտեր: Գրագետ մեկի շուրջը հավաքվում էին մարդիկ ու լսում էին Րաֆֆու գործերից մեկի ընթերցումը: Երբ ժողովուրդը դեռ չգիտեր, որ պետք է մղվի դեպի Րաֆֆին, նա ինքն էր գնում իր ազգակիցների դուռը: Մոռացած իր ազնվական ծագումը՝ նա իր հանճարեղ գլուխը խոնարհում էր այս կամ այն մեկենասի առաջ, բազմաթիվ անգամ վշտանում էր, բայց երբեք չէր հուսահատվում:
Եվ այսու, ասելիքս այն է, որ հիմա էլ մեր ժողովրդի սրտում, որտեղ էլ նա լինի՝ իր Հայրենիքում, խոպանում թե Ստամբուլում, իր անկյունն ունի ազգի սերը: Այն միայն գտնել է պետք: Եթե այն կա խաչագողի մեջ անգամ, եթե սա օրերից մի օր ընդունակ էր բռնկվելու այդ սիրով, ուրեմն չի կարող չլինել օլիգարխի, իշխանավորի մեջ, չի կարող չլինել ներկա անընթերցասեր սերնդի մեջ, որ Րաֆֆի չի կարդացել և մոտ ժամանակներս դժվար թե ժամանակ գտնի որևէ բան կարդալու: Վստահ եմ, որ եթե քառօրյա պատերազմի հերոս կապիտան Ուրֆանյանը, նրա հայրն ու պապը մի օր կարդացել էին «Կայծերը», նույնացել էին նրա հերոսների հետ, զգացել էին իրենց մեջ կատարվող խլրտյունը, ապա շարքային Սլոյանի (ազգությամբ եզդի) համար նույնացման մի այլ ճանապարհ է եղել: Եվ այս մեր անսովոր պատերազմում (աշխարհում էլի կա՞, եղե՞լ է 4-օրյա պատերազմ) զոհված զինվորներից, զինվորականներից շատերի մեջ, եթե ոչ անմիջականորեն, ապա գոնե միջնորդավորված շրջանառվել է Րաֆֆու և նրա կերտած հայրենասերների արյունը: (Մեր զոհված հերոսներից ամենաավագը 66 տարեկան էր, իսկ ամենակրտսերներից վեցը՝ 19 տարեկան):
Եթե հայ գրողի և ընթերցողի կապը խզելու համար Րաֆֆու կամ սովետների ժամանակներում գործի էր դրվում գրաքննության մեքենան, ապա հիմա որևէ առաջադեմ գաղափար զանգվածներին հասցնելու, առաջընթացի ճանապարհին չխեղդվելու ուղիներ մատնանշող գրողի հետ ընթանալու ճանապարհները փակող շատ ավելի զորեղ միջոցներ կան: Բայց ընթերցողի և գրողի նույնացման ակտը չափազանց կա-րևոր է, ինչպես առաջինի, այնպես էլ երկրորդի համար: Երբ Րաֆֆու երկրպագուները հազարավոր նամակներով խնդրում էին չուշացնել շարունակաբար տպագրվող իր այս կամ այն գործը, Րաֆֆին դրանից արծվի լայն թևեր էր առնում: Որքան ավելի էին վշտացնում, վշտանում, բայց չէր հուսահատվում:
Մենք էլ, քանի որ մեկընդմիշտ Րաֆֆու սերունդն ենք ճակատագրով, քայլելու ենք նրա հետ և միասին ճանապարհ ունենք անցնելու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.