Շնորհվեց գրական մրցանակ

2016 թ. հունիսի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի դահլիճում հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված նշանավոր պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև նրա անվան գրական ամենամյա մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հուշ – ցերեկույթին ներկա էին Անդրանիկ Մարգարյանի այրին՝ Սուսաննա Մարգարյանն ընտանիքի անդամների հետ միասին, ԱԺ պատգամավորներ, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՊՏՀ- ի ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ ի դեմս ՀԳՄ գործադիր տնօրեն, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի, ՀԳՄ անդամներ Լիպարիտ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի, Լևոն Բլբուլյանի, Արտաշես Ղազարյանի, Տիգրան Նիկողոսյանի, ինչպես նաև մայրաքաղաքի հանրակրթական և մշակութային հաստատությունների տնօրեններ, Ա. Մարգարյանի կուսակցական ընկերներ, ծնողներ և բազմաթիվ այլ հյուրեր: Գրական երաժշտական գեղեցիկ կոմպոզիցիայով և հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան քոլեջի ուսանողները: Երջանկահիշատակ վարչապետի մասին սրտի ջերմ խոսք ասացին ԱԺ պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը և Սամվել Նիկոյանը: Ցուցադրվեցին Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին ֆիլմից հատվածներ: Միջոցառումը ևս մեկ առիթ էր խոսելու մեծ հայրենասերի, ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը, հայ մարդը: Արդեն բարի ավանդույթ է դարձել Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը ՀԳՄ և քոլեջի համատեղ ձևավորած հանձնախմբի որոշմամբ գրական մրցանակի հանձնում մեկ գրողի, ում հասարակական գործունեությունը և ստեղծագործությունները համահունչ են լուսահոգի վարչապետի դավանած գաղափարներին:
Միջոցառման ավարտին 2015 թ. մրցանակակիր, բանաստեղծ-արձակագիր, մրցանակաբաշխության այս տարվա հանձնախմբի նախագահ Ղուկաս Սիրունյանը տեղեկացրեց, որ նեկայացված թեկնածուներից Ա. Մարգարյանի անվան գրական ամենամյա մրցանակը 2016 թվականի համար հանձնախմբի որոշմամբ շնորհվում է «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանին: Մրցանակի հավաստագիրը հանձնեց քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.