Էդգար ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ԱՂԲԱՆՈՑԻ ՇՆԵՐԸ

Ասում էր` իբր մեն-մենակ մի ամբողջ գյուղ է ազատագրել: Սա ասում էր, նրանք էլ հավատում էին: Հավատում ու մեդալներ էին տալիս սրան, հավատում ու թոշակ էին տալիս, հավատում ու թևեր էին տալիս: Երևի չէին էլ հավատում, ուղղակի ժամանակներն էնպիսին էին, որ իրենց հերոսներ էին պետք` թեկուզ սարքովի ու հնարովի, ախր, սրանք էդ տարիներին մեր պատմությունն էին գրում գրքերից խնամքով դուրս բերած սիրուն, բարձր բառերով, իսկ էդ տեսակի պատմական ժամանակներում, մանավանդ, երբ դու ես կերտում էդ ժամանակը, անձնական կարիքներիդ ծառայող մի քանի հերոսը հեչ չեն խանգարի: Էդ տարիներին մենք դպրոցական ցածր տարիքի էրեխեք էինք, ու մեզ դուր էին գալիս կռվի մասին սրա պատմությունները, իսկ հետո, երբ մի քանի տարի մեծացանք, ու մեզ հետ միասին մեծացան նաև սրա փորն ու ախորժակը, սկսեցինք հասկանալ, որ իր ասած էդ կռվի հետ իրեն կապող միակ օղակը մինչև ծնկները հասնող մորուքն էր ու մի նկարած վկայական: Մի օր էլ գլխավոր հերոս հնարողի մեծարման երեկոներից հերթականի ժամանակ իրեն հատուկ վարպետությամբ մեր թաղում մի մեծ տարածք «կպցրեց», անունն էլ դրեց, թե հերոս հնարողն էդ տարածքն իբրև շնորհակալություն է նվիրել` հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եվ էդ տարածքն, ուրեմն, հաշված ամիսներ հետո արդեն շինություն դարձավ, շինությունն էլ` մեքենաների նորոգման կետ: Մեր թաղի Խորեն պապին, որը կռվի տարիներին ոչ մի գյուղ ինքնուրույն չէր ազատագրել ու թրաշ չէր պահում, դարձավ էդ արհեստանոցի միակ վարպետն ու հիսուն-հիսուն պայմանով սկսեց աշխատել սրա հետ: Մի օր էլ Խորենի տղան կազինոյում կրվեց հայրական տունն ու գնաց «ռուսաստաններ» իբր թե նոր տուն առնելու համար փող աշխատելու, ու էդ օրվանից Խորեն պապին արհեստանոցում էր քնում: Ցերեկները մենք էինք նրա ընկերները, գիշերները` արհեստանոցի կողքի աղբանոցում քնող շները: Էս շներին նա ամեն օր կերակրում էր, ու սրանք էլ սովորել էին Խորենին, գիշերները գալիս էին արհեստանոցի մոտ ու ոռնում, էնքան, մինչև ծերուկը բացեր դուռն ու ուտելիք տար: Հնարած հերոսն ամեն առավոտ նախատում էր Խորենին էդ շների համար, ու մի օր էլ էս երկուսի մեջ շների հաշվով թունդ վեճ ծագեց:
– Լավ էլի, Խորո, ասինք՝ կռված տղա ես, գործ տանք, աշխատես, հետո ասինք՝ քուչեն չմնաս, թողինք ստե քնես, տարածքս շնանոց ես սարքել, արա՜:
– Ես կռված տղա չեմ,- ցածրաձայն ասաց ծերուկը,- էդ խոսքն էլ մոտս չասես, օրգանիզմս չի ընդունում էդ խոսքը, սիրտս խառնում ա:
Քեզ վերջին անգամ եմ զգուշացնում, էլ էդ շներին էս թաղում չտենամ, թե չէ գնալու ես իրանց հետ ապրես,- նետեց հերոսն ու հեռացավ:
Խորենն էդ դեպքից հետո սկսեց քիչ «շփվել» շների հետ, միայն ցերեկներն էր կերակրում, ու մի քանի օրում կարողացավ «բացատրել» էդ սոված չորքոտանիներին, որ գիշերները չգան ու չոռնան արհեստանոցի մոտ: Մի սովորական մայիսյան կեսօր էլ, երբ մեր հնարած հերոսը մայիսի իննին ընդառաջ «յուղը վրեն» «06» էր նվեր ստացել հերոս հնարողից ու ամբողջ թաղին բեսեդկայում խորոված ու պլան էր պատիվ տալիս (էդ օրն ակամայից համընկավ նաև էն պատմական պահի հետ, երբ մենք առաջին անգամ ուռել էինք, ու մեր բակի Գևը շախմատի քարերով ինքն իր հետ նարդի էր խաղում), Խորենը մոտեցավ, կանգնեց մեր գլխա- վերևում, ուշադիր նայեց բոլորիս, վերցրեց սեղանին դրված օղու շիշն ու ամբողջ ուժով ջարդեց հերոսի գլխին: Հերոսն ուշագնաց ու արյունլվա փռվեց սեղանին:
– Էս ի՞նչ արիր, այ մարդ,- տեղից վեր թռավ թաղի բիձեքից մեկը:
Խորենը բաց նյարդի պես թպրտում էր:
– Պոռնիկի տղեն շներիս խփել ա,- ասաց:
Պարզվեց, ուրեմն, որ գիշերն աղբանոցի շները սովից կամ ուրիշ մի բանից սկսել են կատաղի ոռնալ, էս մեր հերոսի կինը քնած տեղից վախեցած վեր է թռել ու սկսել լաց լինել, էս մեր վրիժառուն էլ չի հանդուրժել լեդիի գունավոր երազների կիսատ մնալը, դարակից հանել է «Մակարովն» ու իջել բակ:
Ամբողջ թաղն իրար խառնվեց, հերոսին տարան հիվանդանոց, Խորոյին էլ փակեցին երեք ամսով: Հետո, երբ էդ դեպքից հերոսի գլխին մենակ մազերի տակից թեթև երևացող սպի էր մնացել, Խորենին էլ վաղուց բաց էին թողել, լուր ունեցանք, որ Խորոն Մանկավարժականի մոտ հարբած ընկել է մեքենայի տակ: Փորձեցինք որդու հետ կապվել, բայց չկարողացանք: Թաղի մեծերը փող հավաքեցին ու թաղեցին նրան: Մեր շենքի լիազորն ամեն բան արեց, որ Խորենին Եռաբլուր տանեն, բայց վերևներից թույլ չտվին: Երկու-երեք տարի հետո էլ մեր հերոսը մեռավ. հերոս հնարողից ստացած «06»-ով Ղարաբաղ գնալիս է լինում` «իր նվաճած հողերը» տեսնելու, ետ գալու ճանապարհին` շրջադարձ կատարելու ժամանակ, մեքենան չի ենթարկվում, ու հերոսը շրջվում է ձորը: Մեծ շուքով ճամփու դրին սրան, ոսկորներն էլ ամփոփեցին Եռաբլուրում: Հիմա երևի Խորենը երջանիկ է, որ էնտեղ չի, երջանիկ է, որ նույն հողի տակ չի փտում նրա հետ, ում հավատացին ու թևեր տվեցին…
Մեր աղբանոցի շներին հիմա ուրիշ շներ են փոխարինում, նրանք էլ են ոռնում գիշերները, ոռնում են, որովհետև քաղցած են, ոռնում են, որովհետև ցուրտ է, ոռնում են, որովհետև շուն են…

ԶԱՏԻԿԻ ԳԻՇԵՐԸ

Սրանք էստեղ ներկած ձվեր ու մոմ են ծախում: Կառնես` կօրհնեն, չէ` կսատկես անեծքներից: Դու վաղուց կարողանում ես տարբերել հավատն ու ճշմարտությունը ներկած ձվերից, դրա համար էլ սրանց անեծքներից քեզ ոչինչ չի լինի: Որոտի ձայն լսվեց, ու քաղաքի լույսերը հանգան: Անձրևը հեղեղի պես է թափվում, բայց դա ո՛չ քեզ է խանգարում բաց երկնքի տակ քայլել, ո՛չ նրանց` էդ նույն երկնքի տակ ներկած ձվեր վաճառել: Էդ ձվերը չառնելու համար քեզ տարիներ, գուցե լրիվ կյանք էր պետք, բայց դու հասար էստեղ… մի վայր, ուր մարդը կարող է քմծիծաղ տալ ճակատագրին:
Գիտեմ, որ անցյալ գիշեր գեղեցիկ աչքերով մեկը թողել է քեզ: Մի՛ նեղսրտիր, սիրտդ մեծ է, էնտեղ բոլորի համար տեղ կճարվի` քեզ թողածների ու դավաճանածների, քեզ սիրողների ու չներածների, թքած, թե վաղը դատարկ տեղ չի լինի, ու ապագայի եկողները կսառչեն դրսում:
Նայի՜ր, փողոցի ամենավերջում լուսացույց է երևում, կնշանակի` էնտեղ լույսերը չեն տարել: Քայլիր այդ կողմ, ճանապարհին ում ասես կարող ես հանդիպել: Էս կարճ շրջազգեստով աղջկան նայիր, անձրևը նրա համար նշանակություն չունի, ուրախ է աղջիկը: Բա ետևից քայլող տղերքը: Քսան րոպե է` քայլում են ետևից, որ հասկանան շրջազգեստի տակից տռուսիկ ունի, թե չէ: Էլի վերև քայլիր: Գուցե նրան տեսնես` գեղեցիկ աչքերովին, ով անցյալ գիշեր թողել է քեզ, ով բոլոր անցյալ գիշերներին թողնում է քեզ: Ժպտա՜ նրան, մոռացիր, որ հերթական ես եղել` մեկից մի քիչ երկար, մեկից մի քիչ կարճ տևած, գուցե ամենաանպետքը բոլորից: Ընդունի՜ր նրա համոզմունքը, որ ինքը չափից ավելի շատ էր քեզ համար, թեկուզ հենց էնպես, բայց ընդունիր, իմացիր հակառակը, բայց համաձայնիր: Դու մտածելու ոչինչ չունես, դու ամեն տեղ մինչև վերջ ես գնացել, դու վաղվա աչքերին չնայելու քաջություն ես ունեցել, ապրել ես, խելագարվել, անգամ ստորու- թյունդ ես մինչև վերջ արել:
Փողոցի ծայրին եկեղեցի է երևում, բոլոր հավատացողներն ու անհավատներն էս գիշեր ձվերով կռիվ են անում էնտեղ: Գնա՜, ներս մտիր, տես ոնց են երկու անծանոթներ իրար ատող հայացքներով մոմ վառում: Նայիր ու մի՛ մտածիր սրանց մասին, անցյալ գիշերվա մասին էլ… Գոհացիր նրանով, որ ինչ-որ ժամանակ խաղաղ
ես եղել նրա կողքին: Նա քեզ երբեք հերթապահ խոսքեր չի ասել, բայց գուցե ինչ-որ ժամանակ ինքն էլ քեզ է սիրել` ամենաիսկական ձևով: Հա, հա, հավատա, հազար տարին մեկ էսպիսի բաներ լինում են էս ներկած ձվերի աշխարհում, էս ներկած-նկարած մոլորակում: Ուրախ եղիր, որ նրան հիշելիս էլի ժպտում ես, կարող էր, չէ՞, ժամանակը նրան սովորական դարձնել: Ուշքդ մի՛ դիր ոչ մեկին, թեկուզ մենակ էս գիշեր քո ուզածով ապրիր, հակառակ գնա հոսանքին, մեկ է, էս գիշեր քեզ ոչ ոք չի նկատում, էս գիշեր բոլորը ներկած ձվերով են զբաղված: Էսօր քո օրն է, ախպերս: Հիշիր, դեռ երեկ եղունգներով ասֆալտն էիր ճանկռում, իսկ հիմա դեմքիդ ժպիտ կա: Տես, փողոցի էս մասն արդեն լուսավոր է, թրջված մարդիկ խանութ են մտել` տաքանալու: Դու էլ մտիր: Մի բան առ: Կեր: Գուցե գեղեցիկ աչքերովի պանրե կարկանդակների համը չունենա, բայց հո սովից չես մեռնի: Խա- ղաղվի՜ր: Քեզ շատ քիչ բան է հարկավոր խաղաղության համար: Էսօր առավոտյան տանդ հյուրասենյակի ու ննջասենյակի գորգերը տեղերով փոխեցիր, ու էդ չնչին տեղափոխությունից տրամադրու-թյունդ բարձրացավ: Վաղն էլ հեռուստացույցի տեղը փոխիր, մյուս օրը` մեկ ուրիշ բանի, ու էդպես անընդհատ: Մինչև հասցնես ամեն բան փոխել, գորգերը հետ փոխելու ժամանակը կգա: Էն երեխային նայիր, կշեռքը դրել է մայթին ու ձվերի պատերազմի հերոսներին փողով կշռում է: Հազիվ տասը տարեկան լինի: Մուրացկան չի: Աշխատում է: Ուզում է` հեծանիվ առնի: Մեկ էլ տեսար հիմա մեկը` ձվերի կռվից եկող մի դատարկագլուխ, որոշի Տիրոջը դուր գալ ու սրա համար հեծանիվ առնի: Մենք սովոր ենք մեր կողքին ապրող մարդկանց ոչնչացնելու: Գիտե՞ս, մեր թաղում մի տղա կար` ճիշտ սրա տարիքին: Մեքենաներ էր լվանում, որ համակարգիչ ունենա: Մի օր մի բնապահպան քած նկատում է սրան ու դրամահավաք է անում: Էդ փողն էլ, երևակայիր, շատ արագ հավաքվում է, ու սա` բնապահպանը, մի քանի բնության սխալներ կողքից գցած, համակարգիչը ձեռքին մտնում է մեր բակ: Գիտե՞ս` ինչ արեց տղան: Նվերը հետևը մտցրեց: Չթողեց, որ «բարեպաշտները» ջարդեն իր հեքիաթը: Չփչացավ տղան: Դու էլ մի փչանա, ախպերս, դու էլ հեքիաթ ունեցիր: Քո հեքիաթն էլ թող նա լինի, ով անցյալ գիշեր թողեց քեզ, նրա պանրե կարկանդակները կամ նրա խալաթը, որի վրա միշտ ծիծաղել ես: Ընդամենը հավատա, որ էդ ամենն իրականում եղել է, հավատա ու վերջ: Հեքիաթը կլինի: Էնտեղ նայիր, միտինգավորները, թրջված պաստառները ձեռք- ներին, եկեղեցու կողմ են քայլում: Բա սրանց առաջնորդը… երևի սեփական ձվերն է ներկել եղածից ավելի ծիծաղելի երևալու համար: Ահագին էլ մարդ է հավաքել: Կա-չկա, մոմի առևտրով է տուն պահում: Տես ու ծիծաղիր, ախպերս, տես` ինչ թատերաբեմ են սարքել քաղաքը: Քաղաքն ու ժամանակներն էնպիսին են, որ գետնից կես սանտիմետր բարձր ցանկացած տախտակ բեմ է կոչվում: Դրա համար էլ վերջին հարկում ապրողին միշտ թվում է, թե ավելի մոտ է Աստծուն: Երևի քո ու երեկ գիշեր քեզ թողած գեղեցիկ աչքերովի կյանքն էլ էդպիսի տախտակե ներկայացում է եղել: Թող ամենը, քեզ ներկած ձվեր ու մոմեր հարկավոր չեն: Գնա էդ ներկայացմանը: Չուշանաս: Չմոռանաս` քո տեղը դահլիճում է: Բեմում միայն նա է լինելու: Գուցե հանդիսատեսի ամբոխում չնկատի քեզ: Մի՛ սրտնեղիր: Ներիր նրա չնկատելը: Ներիր նրան բոլոր չնկատած անգամների համար: Արդարացում գտիր նրա փոխարեն: Բեմից դահլիճը վատ է երևում: Լույսերը խանգարում են…

Մեկ մեկնաբանություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.