Սամվել ԿՈՍՅԱՆ / ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Բուլղարիայի «Հայրենասիրական ճակատ» կուսակցության պատգամավորները ևս համալրեցին Բաքվի տխրահռչակ «անցանկալի անձանց» ցուցակը: Հայատյացությունն այնքան է մթագնել ազերիների ուղեղը, որ շուտով քստմնելի «սև ցուցակում» կարող են հայտնվել նաև Հայաստան այցելողները: Որքան էլ զավեշտ հնչի, հնարավոր է այդ ցուցակում հայտնվի նաև հունիսին իր այցը Հայաստան ծրագրած Հռոմի պապը… Ազերիների պարագայում հայերին առնչվող ամեն ինչ գլխիվայր է, ամեն տրամաբանականը՝ անտրամաբանական, որի տխեղծ դրսևորումներն առավել նկատելի ու զգալի են ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ողջ ընթացքում: Վիեննայի հանդիպումից հետո թեև ոչ մեկը չէր կասկածում, որ ազերիները շարունակելու են խախտել հրադադարը, այդուհանդերձ, այս օրերին անսպասելի է թվում հրետակոծությունների ինտենսիվության որոշակի նվազումը: Ճանաչելով ազերիների ուխտադրուժ վարքը՝ պիտի ենթադրել, որ նրանց հարաբերական լռությունը նույնքան ագրեսիա ու նենգություն է պարունակում, որքան և նրանց ռազմատենչ հռետորաբանությունը: Շատերն են համակարծիք, որ ազերիների հարաբերական հանդարտությունը ինչ-որ իրադարձությամբ պայմանավորված ժամանակավոր ընդմիջում է, որից հետո, ինչպես սովորաբար է լինում, Ադրբեջանին դժվար կլինի զսպել: Globalriskinsights. Com կայքում քաղաքագետ Ելիսեյ Բոգուսլավսկին հարց է տալիս. «Ի՞նչը դրդեց Բաքվին լայնամասշտաբ հարձակում գործել Ղարաբաղի դիրքերի վրա»,- և ինքն էլ պատասխանում է. «Հաշվի առնելով Բաքվում տիրող իրավիճակը, այն ռիսկերը, որոնց բախվում է Իլհամ Ալիևը, ԼՂՀ-ի դեմ լայն հակամարտությունը գրավիչ տարբերակ է սեփական ռեժիմի գոյատևման համար»: Ռուսական տվյալներով, եթե մինչև նավթի գների անկումը Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում էր երկրի համախառն եկամտի 5,1 տոկոսը, ապա նավթի եկամուտների հոսքի նվազման հետ նվազել են նաև ռազմական ծախսերը: Անգամ ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունն է ստիպված արտասահմանյան երկրներում փակել իր գրասենյակները: Ընկերության պաշտոնյաների կարծիքով, եթե նավթի գները նվազեն 35 դոլարից էլ ցածր, ապա ստիպված են լինելու է՛լ ավելի ձգել գոտիները, ինչը հնարավորություն չի տա ընկերությանը նոր դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցել, միջազգային նոր ծախսատար միջոցառումներ հովանավորել: Սակայն խնդիրն այն է, որ նավթի բարձր գների ժամանակաշրջանում Բաքուն հասցրել է ռազմական արդյունաբերական մեծ համալիր ձեռք բերել, որն իրական քաղաքական ուժի վերածելու համար ստիպված է այդ պոտենցիալը մարտի դաշտում օգտագործել, ինչը նույնպես մեծացնում է լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը: Կան այլ ռիսկեր ևս, որոնք ստիպելու են Ալիևին ամեն գնով գործողությունների վերածել իր հռետորաբանությունը: Ըստ Քարնեգի հիմնադրամի քաղաքագետ Թոմաս դե Վաալի՝ Ադրբեջանի էլիտան տասնամյակներով կոռումպացված կառույց է ստեղծել` ուղիղ եկամուտ ստանալով նավթի վաճառքից, այդպիսով ավելի ու ավելի խորացնելով հարուստների ու աղքատների տարբերությունը: Ներկայիս բյուջեի կրճատումը հղի է վերածվելու սոցիալական ճգնաժամի, որի հետևանքները դժվար է կանխատեսել: Ռադիկալ բողոքի ալիքի բախվելու դեպքում նույնպես Ալիևը փորձելու է պատերազմը որպես ազգային միավորման հասնելու քայլ դիտարկել: «Վերջապես, նաև տարածաշրջանային և միջտարածա- շրջանային իրադրությունը կարող է Ադրբեջանին արկածախնդրության դրդել: Ուկրաինական ճգնաժամը նախադեպ է, որտեղ միջազգային համայնքը քարտ բլանշ է տվել Կիևին՝ պայքարելու անջատողականության դեմ: Այս նախադեպը Ադրբեջանի համար հիանալի առիթ է՝ ռազմական միջոցներով լուծելու խնդիրը»,- եզրակացնում է քաղաքագետը: Այն տպավորությունն է, որ եթե հայերը նույնիսկ «համաձայն են» ազերիների բոլոր պահանջները բավարարել, ազերիները, միևնույն է, պատերազմելու են, քանի որ այդ երկրում թելադրողն այլևս պատերազմի օրենքներն են, և իշխանություններն անկարող են դրանց ընդդիմանալ: Եվ այս պարագայում կասկածելի է Բաքվի ձգտումը շարունակելու բանակցությունները: Ինչ-որ մեկը կամ ուժ հավանաբար խորհուրդ է տվել գնալ այդ քայլին, քանի որ եթե մի քանի հենակետերի համար Բաքուն հարյուրավոր զոհեր ու ռազմատեխնիկայի կորուստ ունեցավ, ապա մադրիդյան տարբերակը շատ ավելի տարածքներ է առաջարկում, որից հետո ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողություններն ավելի կհեշտանան, մանավանդ Վիեննայի հանդիպումից հետո Ալիևը հիշեցրել է. «…ԼՂՀ կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա, որ հետագայում նույնպես ամրապնդելու են ռազմական հզորությունը»: Այնպես որ, ներկայիս պայմանական խաղաղությունը ավելին չէ, քան փոքր դադար մեծ զարգացումներից առաջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.