ԱՐԴՅՈՔ ՀԻՇՈ՞ՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Վրաստանն ու, հատկապես, Թբի-լիսին ամեն հայի համար ունեն ոչ սովորական խորհուրդ: Դարավոր բարեկամ քրիստոնյա երկիր, մինչև VII դարը նույն առաքելական եկեղեցու զավակներ, հաճախ միասին պայքար արտաքին նվաճողների դեմ և, վերջապես, մի քանի դար հայ մշակույթի գործիչների ստեղծագործական բնօրրան: Այս բոլորը գիտեն ոչ միայն հայերն ու վրացիները, այլև այն մտավորական այլազգիները, որոնք զբաղվել են հայագիտությամբ ու վրացագիտությամբ` իրենց հետազոտությունների հիմքում ունենալով գիտական փաստը միայն և ոչ թե քաղաքական պատվերը: Կոնկրետ ինձ համար Թբիլիսին հարազատ քաղաք է, ու երբ աղջիկս ինձ ու զարմուհուս` Ռուզանին, առաջարկեց մայիսի 5-ից 8-ը միասին մեկնել Թբիլիսի` այդ քաղաքի այսօրվա մշակույթին ծանոթանալու, մենք սիրով միացանք նրան:
Երևանցի տաքսու վարորդը` հաճելի մի երիտասարդ, չգիտեր, թե ինչպես մտնել Թբիլիսի, ու մենք արդեն քաղաքին բավականին մոտիկ խճուղում տեսնում ենք վրացական տաքսի, փորձում հարցնել ճանապարհը: Վրացի տաքսիստը արագ մեզ տեղափոխում է իր մեքենան ու սիրով առաջնորդում դեպի քաղաքի մեր հյուրանոցը: Աղջիկս հանում է մի թուղթ, որի վրա նշված են այն վայրերը, որոնք պետք է տեսնենք: Վրացի Զազա Խոսիաշվիլին հուզվում է այդ ցուցակից ու ասում, թե այդ օրերին ինքը պատրաստ է իր մեքենայով ուղեկցել մեզ: Զազան հիանալի հայերեն ու ռուսերեն է խոսում. նա ավարտել է Լենինգրադի ներքին գործերի բարձրագույն դպրոցը, ու երբ ավարտելուց հետո նշանակվել է Ախալքալաք` աշխատելու, տեղի հայ ղեկավարը պայման է դրել, որ նա պետք է սովորի հայերեն, որովհետև տեղի բնակիչների 90 տոկոսը հայեր են: Զազան մեկ տարում սովորել է հայերեն ու երկար աշխատել հայերի հետ: Նա մեզ բացատրում է, թե ինքն անսահման սիրում է Վրաստանը, հպարտ է, որ վրացի է և հիանալի գիտի իր ազգի հին ու նոր պատմությունը: Նա Սաակաշվիլու համակիրներից է, որովհետև վերջինս Վրաս- տանում վերացրել է կաշառակերությունը և ամրապնդել վրացական ոգին:
Բնականաբար, մեր ցուցակում առանձին տեղ են զբաղեցնում հայկական եկեղեցիներն ու հայ գրողների պանթեոնը: Նախապես որոշել էինք վարդեր դնել Սայաթ-Նովայի գերեզմանին ու մեր մեծերի շիրիմներին:
Երբ գնում ենք Մցխեթա` վրացիների հոգևոր կենտրոնը, Զազան առաջարկում է նախ մտնել VI դարի մի վանք, որը կոչվում է «Ջվարի» («Խաչ») և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո: Նա բացատրում է, թե դա այն վանքն է, որից ներքև իրար են խառնվում Արագվի ու Քուռ գետերի ջրերը, և հենց այդ վանքի մասին է գրել Մ. Լերմոնտովը «Մծիրի» պոեմում.
Սըրանից առաջ մի քանի տարի,
Այնտեղ, ուր Արագվ ու Կուր գետերի
Ջըրերն աղմուկով խառնըվում են
իրար,
Գըրկվում են երկու քույրերի
նըման,
Կար մի մենաստան:
Կարող է այժմ էլ
Անցորդը սարի ուսերից տեսնել
Քանդված դռների կանգուն
սյուները,
Վանքի կամարն ու աշտարակները:
Իհարկե, վանքը հիմա վերանորոգված է ու բազմամարդ, նաև տարբեր ազգերի զբոսաշրջիկներով: Ի դեպ, ամենուր հանդիպում ենք զբոսաշրջիկների` Չինաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից, որ վկայությունն է վրացիների` օտարներին իրենց երկիրը ճանաչելի դարձնելու ճիշտ ջանքերի:
Մցխեթայի գլխավոր եկեղեցու, որտեղ հանգչում են Իրակլի Երկրորդի և վրաց այլ թագավորների շիրիմները, դրսի գավիթում կա վրացերեն արձանագրություն՝ վերջում հայերեն գլխատառերով նշված է կառույցի հիմնադրման թվականը: Նշանակում է՝ եկեղեցու շինարարների մեջ հայ է եղել:
Թբիլիսիի երեք հայկական եկեղեցիները գործում են, նրանցից մեկը վերանորոգման մեջ է: Ընդհանրապես հին Թբիլիսիում հայկական եկեղեցիները մեծաքանակ էին՝ պայմանավորված քաղաքի հոծ հայաբնակ լինելով: Դրանց մի մասը 1930-ականներին քանդվել են, մի մասն էլ հիմա դարձել են, ցավոք, վրացական: Հայկական եկեղեցիներից մեկի բակում հայտնվում են 12-13 տարեկան, եղնիկի նման գեղեցիկ երկու հայուհիներ, որոնց անթերի գեղեցկությունը շոյում է մեր ազգային փառասիրությունը: Հայկական եկեղեցիները խնամված են և ունեն հոգևոր ներգործուն ուժ: Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին քաղաքի կենտրոնում է և կառուցվել է 1251 թվականին: Ներսում պատերը զարդարված են բարձրարվեստ որմնանկարներով, որոնք ունեն պատմական մեծ արժեք:
Եղանք նաև բազմաթիվ վրացական եկեղեցիներում. դրանք շատ-շատ են: Դրանցից մեկը իրենց ազգային պանթեոնում է, որտեղ առանձին դամբարանում թաղված են Գրիբոյեդովն ու նրա նույնպես վաղամեռիկ ու դժբախտ վրացուհի կինը: Վրացական պանթեոնը բլրի բարձունքում է` բաժանված մի քանի մասերի. բարձրանում ես թեք ու երկար ճանապարհով: Պանթեոնը խիստ խնամված է:
Վրացական եկեղեցիներ կանայք իրա- վունք չունեն մտնել առանց գլխաշորի, զբոսաշրջիկներին, ովքեր պատշաճ հագնված են, պարտադրում են (այն էլ բավականին կոպիտ ձևով) գլխաշոր կապել: Այս երևույթը չկա եվրոպական և ոչ մի եկեղեցում, անգամ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում:
Թբիլիսիի պատմության թանգարանում կա հնագույն ոսկե զարդերի, թագավորական թագերի բաժին, որի ցուցա- նմուշները կապվում են արգոնավորդների ժամանակների հետ: Դրա կողքին վրացիներն ունեն նաև օկուպացիայի հսկայական մի բաժին, որը ներկայացնում է, թե ինչպես 1920 թվականի փե- տրվարից մինչև 1991-ի օգոստոսը Վրաստանն օկուպացվել է Խորհրդային Միության կողմից:
Հենց Հավլաբարում կանգնեցվել է նոր կաթողիկե գեղեցիկ եկեղեցի, որի լայնատարած շրջապատը կառուցապատված է շքեղ ու ազդեցիկ: Եկեղեցին դրսից ունի հիանալի հարթաքանդակներ, ներսից` ճոխ որմնանկարներ:
Մեր այցելությունը համընկել էր Վրաստանում Եվրոպայի արվեստի օրերին, և մեր բախտից Թբիլիսիի նոր վերանորոգված օպերային դահլիճում մայիսի 6-ին Իտալիայի հայտնի երգիչները ներկայացնում էին Վերդիի «Դոն Կարլոս» օպերան: Օպերայի նյութը իսպանական կյանքից է, դիրիժորը՝ իսպանացի, իսկ նվագախումբն ու երգչախումբը վրացական էին: Սա հարմար առիթ էր՝ լսելու օպերայի հիանալի կատարումը և տեսնելու շենքը նաև ներսից: Թբիլիսիի օպերայի շենքը կառուցված է Մարոկոյի արաբական ճարտարապետության ոճով. ներսից ավելի գեղեցիկ է, սակայն ամեն ինչով զիջում է Մեծն Թամանյանի նախագծած մեր հիասքանչ օպերայի շենքին: Քանի որ եղանք մի շարք թան- գարաններում, ապա նկատեմ, որ մեր մայրաքաղաքի թանգարանները լիովին համապատասխանում են աշխարհահռչակ թանգարանների չափանիշներին:
Վրացիները հիանալի պահպանում են իրենց քաղաքի հնությունները և հպարտանում դրանցով£ Ունեն ազգային ծրագիր, որի մեջ մտնում է պատմական ժառանգության պահպանումը: Սրբորեն պահում են անգամ ամենախարխուլ հնությունները` մի օր վերանորոգելու նպատակով: Այս առումով, այսօրվա Թբիլիսին խիստ առավելություն ունի Երևանից, որի հնությունները բզկտվել են: Վրացիները զբոսաշրջիկներին հպարտությամբ տանում են Նարիղալա բերդը, ֆունիկուլյոր: Վերջինս թեպետ ցարական ժամանակներից է, սակայն հրաշալի վերանորոգված է ու արդիականացված:
Վերջապես գնում ենք հայ գրողների ազգային պանթեոնը: Վրացի տաքսիստն օգնում է վարդեր գնել (Երևանում ամենուր ընտիր ծաղիկներ են վաճառում), սակայն չի կարողանում գտնել պանթեոնը, և մենք նստում ենք ուրիշ տաքսի, որի երիտասարդ ու համակրելի վարորդը, զգալով մեր փափագն ու տեսնելով վարդերի փունջը, երկար պտույտներով Հավլաբարի հայերից հարց ու փորձ է անում՝ պանթեոնի տեղն իմանալու, և տասնյակ հարցումներից հետո մոտենում ենք մեր վերջնական նպատակին. պանթեոնը վրացական կաթողիկե նոր եկեղեցու հետևում է: Հասնում ենք պանթեոն, վազում դեպի գերեզմանները, որոնց մեջ առանձնանում են Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի ու Գաբրիել Սունդուկյանի տապանաքարերը: Կանգնում ենք դրանց առջև և մեզանից անկախ արտասվում, որովհետև բոլոր շիրմաքարերը ծածկված են խոտով: Որոշ շիրմաքարեր ընդհանրապես թաքնված են խոտածածկույթի տակ, ու ձեռքով հեռացնում ենք խոտը՝ կարդալու համար, թե ով է թաղված` Նար-Դոս, Ծերենց, Ալեքսանդր Ծատուրյան, Ղազարոս Աղայան, Գեորգ Ախվերդյան, Գրիգոր Արծրունի…
Տեսարանը ցնցում է մինչև սրտի խորքը£ Մի՞թե մեր մեծերն արժանի են նման մոռացման ու անտարբերության, մի՞թե Հայաստանի դեսպանատունն իրեն պատասխանատու չի զգում այս անտարբերության համար, մի՞թե հայկական համայնքը մոռացել է մեր մեծերին:
Ամեն ազգ ինքն է պարտադրում ուրիշ ազգերի՝ հարգել իր ազգային արժեքները: Սա բացթողում է ու լուրջ թերացում:
Հուսով ենք, որ այս ահազանգը տեղ կհասնի, ու մեր դասական գրողները կզգան իրենց հայրենակիցների ջերմությունն ու հոգատարությունը, իսկ օտարը կհարգի մեր ազգային սրբություններին` Րաֆֆուն, Թումանյանին, Սունդուկյանին, որոնցով կրթվել ենք մանկությունից ու հպարտացել նրանցով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.