Պարուհին / Կլարա ԹԵՐԶՅԱՆ

Տարվա բոլոր եղանակներին, Աստծու տված բոլոր օրերին մի տարեց կին է քայլում Երևանի փողոցներով: Շտապելու տեղ չունի` ոչ ոք նրան չի սպասում, անգամ չի նկատում: Տարիների հետ կռացել է, քայլքը՝ դանդաղել, բայց չի հանձնվում` իրեն ստիպում է քայլել, վախենալով՝ եթե տանից դուրս չգա, ոտքերը կանշարժանան: Իսկ կար ժամանակ, որ նա օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի էր` նրա պարը արտահայտիչ էր, համակ պլաստիկա, երաժշտություն, ասես բալետն հետն էր ի ծնե: Եվ ինչ դերեր որ մարմնավորել է` Կիտրի` «Դոն Կիխոտում», Չմշկիկ իշխանուհի՝ «Խանդութում», Նունե` «Գայանեում», միշտ վայելել է հանդիսատեսի հիացմունքն ու գործընկերուհիների նախանձը: Նա ուրիշ մարդ էր տանը և մի այլ մարդ՝ բեմում: Բեմում ուժեղ էր, իր «ես»-ն ընդգծող անձնավորություն, իսկ ընտանիքում` հեզ և ինչ-որ տեղ` անպաշտպան:
Թվում էր՝ առանց հոր ու մոր, իսկ հետագայում առանց ամուսնու` կմոլորվի: Հայրն անվանի փիլիսոփա էր, եղբայրը՝ համաշխարհային համբավ վայելող քիմիկոս: Մի օր ընկերուհին հարցրեց.
– Աստղի՛կ, ինչո՞ւ ես խախտել ձեր ընտանիքի ավանդույթը, չես գնացել գիտության գծով` դարձել ես պարուհի:
– Մայրս էր բալետի սիրահար. նա որոշեց մասնագիտությունս՝ առանց հարցնելու իմ կարծիքը:
– Բայց նա տեսավ քո ընդունակությունները, հավատաց, որ ստեղծված ես բալետի համար: Ու ջանք չխնայեց, որ դառնաս առաջատար պարուհի:
– Բայց եթե գնայի գիտության գծով, գուցե պակաս հաջողության չէի հասնի: Եղբայրս ինչքան էր խնդրում, որ ընտրեմ իր` քիմիկոսի մասնագիտությունը: Ու հերիք չէ, որ մայրս որոշեց իմ ապագան` աղջկաս էլ ինքը տարավ Պարարվեստի ուսումնարան: Աղջիկս էլ նրա կամքով դարձավ պարուհի:
– Ու աղջիկդ գերազանցեց քեզ` որքան ռոմանտիկ, որքան եթերային են նրա կատարումները:
– Իհարկե, աղջիկս բանաստեղծուհի է, որ կարդաս գրածները` կապշես: Նրա յուրաքանչյուր դեր, հատկապես «Ժիզելը»` Ադանի համանուն բալետում, հյուսված է հոգու ամենանուրբ լարերից` բանաստեղծությամբ:
Աստղիկի աղջիկը, որ ներկա էր զրույցին, ասաց.
– Մա՛մ, ես միշտ ասել եմ, որ քեզանից ավելի լավ պարուսույց չկա: Հիշո՞ւմ ես, որքան էիր ինձ հետ պարապում, երբ պատրաստում էի Ժիզելի դերը: Ինչի որ հասել եմ` քո շնորհիվ է, քեզ նման ուսուցիչ չկա:
– Չէ՛, դա քո շնորհքն էր,- ասաց Աստղիկը:- Երբեք չեմ մոռանա, թե որքան վարպետորեն էիր մամնավորել Ժիզելի կերպարը. ներկայացումից հետո մենապարուհիներից մեկն ինձ ասաց.
– Աղջկադ յուրաքանչյուր մատից սեր ու արցունք էր կաթում:
– Մա՛մ, այս պահին գիտե՞ս ինչ հիշեցի` քո կերտած Չմշկիկ իշխանուհուն. «Խանդութում» այն տեսարանը, երբ դու բեմ ես ելնում սևազգեստ, երկար փեշաքաշով, ու բոլորը քեզնից երես են դարձնում, ես օթյակում նստած այնպես ազդվեցի, որ վազելով հասա կուլիսներ ու քեզ գրկելով՝ լաց եղա, ասելով` «Մամ ջան, ես քեզ հետ եմ, երեսս քեզանից չեմ թեքել»:
– Այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր,- հարցրեց մոր ընկերուհին:
– Հեչ, դպրոցի ցածր դասարանի աշակերտ:
Մայրը, որ մինչ այդ ժպտում էր, մռայլվեց.
– Այդ դերն ինձ համար ի՜նչ ճակա-տագրական եղավ` փաստորեն դու էլ շրջվեցիր, գնացիր Իսպանիա, ու ես մնացի մենակ, բոլորի կողմից լքված:
– Ներիր, բայց իմ ընտանիքն ուրիշ ելք չուներ. ամուսնուս պաշտոնանկ էին արել, ոչ մի տեղ աշխատանքի չէին ընդունում: Ստիպված երեխաներին վերցրինք ու գնացինք Իսպանիա:
– Ես քեզ չեմ մեղադրում` էլի փառք, որ կարողանում ես տարին երկու անգամ գալ: Բայց, գիտե՞ս, երբ վերադառնում ես, բաժանումն ինչքա՜ն ծանր է:
– Ինձ համար էլ ծանր է,- ասաց աղջիկը,- ամբողջ ժամանակ աչքիս առաջն ես, մտածում եմ` ի՞նչ կերար, արդյոք հիվանդ չե՞ս, ապրում եմ երկփեղկված` մի կեսս այնտեղ, մյուսը` այստեղ:
– Հայի ճակատագիր,- ասաց Աստղիկի ընկերուհին,- ձեզ նման ինչքան ընտանիքներ կան: Գոնե կարողանում ես գալ, մայրիկիդ նյութապես ապահովել:
– Բայց մի՞թե սա ապրել է նշանակում. մենակությունից ավելի սարսափելի բան չկա, մանավանդ ծեր հասակում:
Ընկերուհին, խղճալով Աստղիկի աղջկան, փորձեց փոխել զրույցի բնույթը.
– Որքան էլ կարճ է պարուհու բեմական կյանքը, այնուամենայնիվ, բալետից դեռ ոչ ոք հոժարակամ չի հրաժարվել: Բալետը կախարդ է` պարողը հոգով միշտ երիտասարդ է մնում:
– Իսկ ես հիմա բալետն ատում եմ,- ասաց Աստղիկը,- երբ հիշում եմ, թե գործընկերներս ինձ ո՜նց էին նախանձում, բամբասանքներին վերջ չկար:
– Իսկ ինչո՞ւ չես հիշում, թե հանդիսատեսը քեզ ո՜նց էր մեծարում:
– Ճիշտ ես, հանդիսատեսը ինձ սիրում էր, գնահատում, անգամ փողոցում շրջապատում էին, իրենց հիացմունքը հայտնում:
Աստղիկի դեմքին երանության ժպիտ է հայտնվում, բայց դա մի պահ է` գանգատվում է, որ իր կյանքը եղել է անհետաքրքիր ու ծանր: Ընկերուհին նախընտրում է լռել, հասկանալով, որ Աստղիկի գլխում հիմա գերակշռում է ստվերը: Բայց նրա համար պայծառ կետերից մեկը Բաթումն է, որտեղ անցել է մանկությունը: Բաթումը մնացել է երազային:
Անցյալ ամռանն ընկերուհին եղել էր Բաթումում, և Աստղիկը շարունակ խնդրում էր, որ իրեն պատմի՝ ի՞նչ է տեսել, այնտեղ կյանքը ո՞նց է: Ընկերուհին չէր զլանում, պատմում էր, բայց հենց ասում էր, որ քաղաքը շատ է փոխվել, անճանաչելի դարձել, անմիջապես ընդհատում էր.
– Էլ մի՛ պատմիր, չեմ ուզում լսել: Թող Բաթումը մնա իմ հուշերում այնպես հին, միհարկանի տներով, ինչպես եղել է մանկությանս տարիներին:
Բայց դա չէր խանգարում, որ հաջորդ հանդիպմանը նորից խնդրի պատմել Բաթումի մասին ու կեսից ընդհատի: Աղջիկը գիտեր մոր երազանքը և խոստացել էր մի ամառ նրան Բաթում տանել: Բայց վախենում էր, տեսնելով նորակառույցները, որ աղավաղել են իր մանկության քաղաքի դեմքը, անմիջապես կասի.
– Վերադառնանք, չեմ ուզում մնալ, սա իմ Բաթումը չէ:
Բաթումից Աստղիկին մնացել էր ծովի պաշտամունքը. ասես երկկենցաղ մարդ լիներ` առանց ջրի կյանք չուներ: Երևանում, Հրազդան գետի ափին մի տեղ կար, որ մարդիկ Չռիկ էին անվանում. գետնի տակից շատրվանող ջրի շիթն առել էին խողովակի մեջ ու հարմարեցրել լողանալու համար: Չռիկը տղամարդկանց մենաշնորհն էր, կանանցից երևի միայն Աստղիկն էր, որ տարիներ շարունակ, գարնանից մինչև խոր աշուն, օգտվում էր այդ բարիքից: Բայց դադարեց այնտեղ գնալ, երբ աղջիկն ասաց.
– Մա՛մ, Չռիկի ջուրը վտանգավոր է, մեջը լիքը քիմիական թափոններ կան:
Տխրեց, բայց ելքը գտավ. օրական մի քանի անգամ տանը սառը ցնցուղ է ընդունում և մրսել բառը չգիտի ինչ է: Տարեց կնոջ կյանքում տոնական օրեր էլ կան` դրանցից մեկը աղջկա, թոռների ու փեսայի հետ սկայպով խոսելն է: Որքան է օրհնում համակարգիչ հորինողներին: Նախօրոք գնում է վարսավիրանոց, մազերը հարդարում, շպարվում, համապատասխան հագնվում ու այդպես նստում էկրանի առջև, որ հարազատներն իրեն տեսնեն գեղեցիկ, երիտասարդացած: Նման ձևով էլ արտաքինին հետևում է, երբ դուրս է գալիս փողոց. գտնում է, որ արվեստի մարդը միշտ պետք է ներկայանալի տեսք ունենա: Ի տարբերություն շատ հասակակիցների, Աստղիկը հացի, հագուստի, բնակարանի կարիք չունի` աղջիկն ամեն ինչով ապահովել է, սակայն նա կարոտ է մարդկանց հետ շփվելու, խոսելու: Շատ անգամ, երբ զբոսայգում, փողոցում տեսնում է հավաքված մարդկանց, մոտենում է, միանում նրանց զրույցին: Ուզում է մի բարի խորհուրդ տալ, կատակում է, բայց նրանք` հատկապես երիտասարդները, չեն ընդունում անկոչ զրուցակցին, չեն հասկանում, որ ծեր կինը խոսելու կարոտ է: Եթե մի քիչ լսեն` կզգան, թե որքան բարի է, շրջապատին լավը կամեցող:
Աստղիկի համար մշտապես բաց դուռը եկեղեցին է` օր կա, որ «Զորավորից» գնում է «Սուրբ Սարգիս», հետո՝ «Գրիգոր Լուսավորիչ»: Աղոթում է, մոմ վառում, հոգևոր երաժշտության հետ վերանում աշխարհից: Երբ եկեղեցին մարդաշատ է լինում, և երիտասարդներից մեկը առաջարկում է իր տեղը` կտրականապես մերժում է, չի ուզում որևէ մեկին անհանգստացնել: Ոտքի վրա լսում է ամբողջ պատարագը, թեև խոսքերն այնքան էլ չի հասկանում` հայերեն լավ չգիտի: Ի տարբերություն բալետի, այսօր էլ երաժշտությունը նրա պաշտամունքն է:
Մոտենում էր Նոր տարին: Աղջիկը միշտ գալիս էր՝ մոր հետ անցկացնելու տարեմուտի գիշերը: Այս անգամ նախօրոք ասել էր, որ չի կարողանալու գալ և ապրումների մեջ էր, թե խեղճն ի՞նչ է անելու` հարազատներ չունի, մտերիմ-ծանոթների մոտ չի ուզում գնալ, որ գիշերն իրեն տուն ճանապարհելու նեղություն չտա: Մենակ պետք է դիմավորի Ամանորը: Եվ ուրախացավ, երբ մայրը հեռախոսով ասաց, որ իսկական եղևնի, տոնածառի խաղալիքներ ու մոմեր է գնել:
– Եղևնին,- ասաց,- ամբողջ տունը լցրել է անտառի բույրով, տոնական տրամադրություն հաղորդել: Գիշերը մենք միասին բաժակ կբարձրացնենք ու կասենք` «Գալդ բարի, Նոր տարի»:
Աղջիկը թեթևացած շունչ քաշեց.
– Մա՛մ, դու աշխարհի ամենալավ, ամենաուժեղ մաման ես: Շնորհակալություն քո մեծ սիրո, անձնազոհության համար:
Նախկին մենապարուհին կռացել է, ոտքերը ցավում են, բայց չի հանձնվում` ամեն օր դուրս է գալիս տանից ու ժամերով քայլում, միշտ հիշելով իմաստուն խոսքը` «Աշխատող խոփը չի ժանգոտում»: Դիմանում է` հուսալով, որ մի օր ինքը կգնա Իսպանիա` ապրելու աղջկա ու նրա ընտանիքի հետ, կամ նրանք կվերադառնան ու նորից կբնակվեն Հայաստանում: Ասում է` «Հույսը վերջինն է մեռնում», հետո խոսքը փոխում` «Հույսը երբեք չի մեռնում»: Ասում է, որ մահից չի վախենում, բայց երբ պատկերացնում է, թե աղջիկն ինչքան լաց կլինի, ինչ ողբերգություն կապրի` ջանում է ամեն ինչ անել, որ երկար ապրի: Ու հանուն աղջկա, հաղթահարելով ցավերը, քայլում է, քայլում Երևանի փողոցներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.