դիտանկյուն / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գալիս ես Հայաստան, Երևանից հասնում զորամաս, հետդ բերած նվեր-օգնությունը հանձնում ես, թեկուզ՝ հրամանատարին կամ ճաշարան, ու եթե հանրությանը հայտնի մարդ ես՝ զրուցում, շփվում ես զինվորների հետ ու առանց աղմկապտույտի վերադառնում՝ որտեղից եկել ես: Սա այն դեպքն է, երբ մեզանից մեկնումեկը պատահական, կրկնեմ՝ պատահակա՛ն լսելով արարքիդ մասին, կմտածի՝ կեցցե՛ս, հայ:
Բայց երբ գալիս ես Հայաստան, Երևանից հասնում զորամաս շրջահայացորեն նախապատրաստած «նկարահանողով», հրամանատարի հետ… բառն էլ չեմ գտնում՝ պայմանավորվո՞ւմ ես, լեզո՞ւ ես գտնում (բանակ է, պատերազմական իրավիճակ, ամեն մեկը որ այդպես ազատ գա ու գնա, կլինի՞), ինչ որ է, ուրեմն, հրամանատարը զինվորներին շարք է կանգնեցնում, և այդ նույն զինվորները, որ թշնամու դեմ պատվար ու մահվան աչքերին նայող են՝ «հա՛վ-սա՛ր» շարքով մոտենում, վերցնում են ցելոֆանե տոպրակը՝ անգամ չարժանանալով քո հայացքին, քանզի դու, ո՜վ բարերար, զբաղված ես բաժանելով ու տեսախցիկը ուշադրությանդ կիզակետում պահելով, որ լավ ստացվի պատկերդ, չէ՞ որ «ակցիայիցդ» րոպեներ անց այն տեղադրվելու է յութուբում՝ ի տես արար աշխարհի… Ու սա այն դեպքն է, երբ ով իմացավ, մտածեց՝ «Սա կոչվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկ»…
Այսքանը՝ նրա մասին: Գամ գլխավորին. հանրությունը ու նաև ես՝ ՀՀ քաղաքացի Կարինե Խոդիկյանս, իրավունք ունենք իմանալու՝ ինչո՞ւ մեր զինվորների հրամանատարը կամ նա, ով տվել է այդ արարքի թույլտվությունը, նահանջել, պարտվել ու նսեմացել է: Չէ՛, ո՛չ թշնամուց, հավատացած եմ, այդ հայը թշնամու դեմ աներեր է, բայց ինչո՞ւ է ստիպել կասկածելի արվեստով մեկի առաջ շարաքայլել ԶԻՆՎՈՐԻՆ: Առանց այդ էլ «Քառօրյա» պատերազմից հետո ինչ տեսարան-ցուցանքի ասես, որ ականատես չեղանք՝ մե՛կ ԱԺ պատգամավորը սիգարետի տուփերն էր շպրտում տանկերի վրա, մե՛կ խրամատում դեմքի խորիմաստ արտահայտությամբ ու պեծին տվող կոշիկներով լուսանկարվում էր Սյունիքի մարզպետը, մե՛կ մենաշնորհների օլիգարխը առեղծվածային ժպիտով էր երևակվում՝ քանի որ բերած ու շեփորահարված օգնությունից օրեր անց ալյուրի գինը պիտի բարձրացներ… Ինչքա՞ն և ո՞ւր կարող է հասնել ցինիզմը: Եվ այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր զարմանում են՝ ինչո՞ւ եք վրդովվում, օգնում են, էս ի՞նչ չուզողություն է: Ընդամենը ասեմ. այն, որ զոհված հերոս տղաները ամենաանապահով ընտանիքներից էին, նաև ա՛յդ պատգամավորների, մարզպետների ու օլիգարխների մեղավորությունն է, նրանց դիզած ինչքը այդ տղաների ընտանիքներից թալանածն է նաև՝ չվճարված հարկերի, ատկատների, մենաշնորհների, օֆշորների և այլնի տեսքով:
Ինչ վերաբերում է ՀՀ վաստակավոր արտիստին, չգիտեմ, գուցե նա իր Ամերիկաներում ավելի՞ լավ է տեղեկացված, թե Սփյուռքից ուղարկվածը ինչ ճակատագրի է արժանանում «իշխանական խողովակներում», ու գուցե այդ պատճառո՞վ էր որոշել անձամբ հանձնել բերածը… Եթե անգամ այդպես՝ միևնույն է, նա չէ, որ պիտի կանգներ, իսկ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ գլխահակ ընդուներ յութուբյան ընծան:
Դեռ ինչքա՞ն կարող է մեր հասարակության, այսպես կոչված, էլիտան բացահայտել իր բոմժ էությունը, իսկ չունևոր խավը՝ վկայել ազգի ազնվազարմության մասին…

Մեկ մեկնաբանություն

  1. Ապրի՛ք, Կարինէ Խոդիկեան,
    Հայ զինուորի հոգիին անառիկ բարձրութեան գիտակիցներ ե՛ւ նկարահանողներ, այդպիսի անարգանքի պիտի չդիմէին։ Հեգնականը նաեւ այն է՝ որ զինուորի ընտանիքէն թալանուա՛ծէն չնչին տոկոս մը կը վերադարձուի անոր՝ ցուցամոլի դիմակով։
    Ամենայն յարգա՜նք հայոց աշխարհի բանակին։
    Վեհանոյշ Թեքեան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.