ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԻՉ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Իր անժամանակ մահից մի քանի օր առաջ Լևոն Մութաֆյանը «Վան Արյան» հրատարակչությանն է հանձնել «Նորայր Ադալյանի գրականությունը և իրականությունը» ծավալուն մենագրությունը (415 էջ), որն օրերս լույս տեսավ: Գիրքը հրաշալի նվեր է գրողի ծննդյան 80- ամյակին: Գրքի վերջաբանը այսպես է եզրափակվում. «Սույն ուսումնասիրությունը մի նոր ճանապարհ է դեպի Նորայր Ադալյանը, դեպի նրա գրականությունը, որին անդրադառնալիս մենք զուսպ մնացինք գնահատում արտահայտող զրնգուն մակդիրներից: Տեսական քննարկումները մակդիրներից հեռու են, իսկ մակդիրներին թող դիմեն բոլոր նրանք, ովքեր, մեզ հետ միասին, կհաստատեն, որ Նորայր Ադալյանի գրականությունը եզակի իրողություն է մեր գրականության պատմության մեջ: Մնայուն իրողություն»: Այս եզրահանգման դրույթները օրինակներով, բացատրություններով, մեկնաբանություններով բաշխված են գրքի վեց գլուխներում, «Առաջաբան» և «Վերջաբանի փոխարեն» հատվածներում: Որոշակի է մի իրողություն. Լևոն Մութաֆյանը ոչ միայն մանրակրկիտ կարդացել է Նորայր Ադալյանի ամեն մի գրվածքը՝ պատմվածք, վեպ, վիպակ, էսսե, հրապարակախոսություն, հարցազրույց, թարգմանություն, դրամատիկական երկ, կինոյի սցենար, ինքնաբնութագրեր, այլև, որն ամենաաշխատատարն ու երբեմն անհավատալին է, գրողի մասին գրված ամեն մի անդրադարձ: Այս ամենը դրված են գիտական շրջանառության մեջ:
Լևոն Մութաֆյանը հիմնավորում է իր շատ պատասխանատու բնութագրականը, որ տվել է Ադալյանի գրականությանը՝ Նորայր Ադալյան գրողը մեծ նորարար է: Գրքում վերջինիս ստեղծագործությունը քննվում է ժամանակակից համաշխարհային գրականության մեջ համընդհանուր ճանաչում գտած նշանավոր գրողների գրվածքների համատեքստում: Լ. Մութաֆյանի մենագրությունը շարադրված է մոդեռնիստական գրականագիտության պահանջների համեմատ: Այս հանգամանքը հեղինակին ընձեռել է մեծ ազատություն, որի շնորհիվ նա անկաշկանդ ու համարձակ խոսում է ավանգարդիզմի, մոդեռնիզմի, էքզիստենցիալիզմի, գերիրապաշտության, սիմվոլիզմի և գրական այլ մեթոդների մասին: Նա երբեմն նաև բացատրում է այդ մեթոդների էությունը և օրինակներով հիմնավորում իր ասելիքը:
Միֆի ու առասպելի, իրականի ու ենթագիտակցականի, գրոտեսկի և աբսուրդի երևույթների հնությունը ու դրանց նորօրյա դրսևորումները գրականագետ- թատերագետը դնում է կողք կողքի ու դրանք դիտել տալիս Նորայր Ադալյանի գրվածքներում՝ զուգահեռելով համաշխարհային այնպիսի գրական մեծերի երկերի հետ, ինչպիսիք են Ֆրանց Կաֆկան, Ուիլյամ Ֆոլկները, Ալբեր Քամյուն, Ժան Փոլ- Սարտրը, Վիլյամ Սարոյանը և ուրիշներ: Համեմատությունների ու բաղդատումների տարածքում են նաև այսօրվա հայ արձակի առաջատարները, որոնց մեջ հատկապես աղերսներն ավելի են Պերճ Զեյթունցյան, Ռուբեն Հովսեփյան և Նորայր Ադալյան եռյակի միջև: Հարցախմբերի մի մեծ բաժին հատկացված է Հրանտ Մաթևոսյանի արձակին, որը բոլորովին նոր էջ էր XX դարի երկրորդ կեսի արձակում և կմնա որպես անկրկնելի էջ: Ահա մի բնութագրական մենագրությունից. «Նորայր Ադալյանի առաջին շրջանի ստեղծագործություններում ինչպես դասական ավանդույթներ կային, այնպես էլ՝ նորարարություն, իսկ 2000- ականներին ստեղծված նրա երկերում՝ «Դավայաթաղ» վիպակում և մեծաթիվ պատմվածքներում քաղաքային միֆոլոգիան էր դառնում ինքնատիպ միջավայր ու շարժիչ ուժ, գրողի կենսընկալումների և պատումների հենք ու հենարան: Երբ գրականագիտության մեջ օգտագործվում է «ահնիձորյան առասպել» արտահայտությունը՝ այսպես յուրովի մեկնաբանելով Հրանտ Մաթևոսյանի գրականությունը, ապա Նորայր Ադալյանի դեպքում էլ պիտի կիրառենք «դավայաթաղյան առասպել» արտահայտությունը՝ անպայմանորեն որոշակի կապեր տեսնելով ստեղծագործական այն հոգեհարազատության հետ, որը սկզբնավորվեց Ակուտագավայի պատմվածքից»: (էջ 56)
Լ. Մութաֆյանը գրքում պահպանել է գրողի գրական ընթացքի ժամանակագրությունը՝ հղելով գրականագետ Վազգեն Գաբրիելյանի այն վկայությանը, թե Ն. Ադալյանը պատմվածքներ է գրել դեռևս ուսանողական տարիներին:
Գրքում անդրադարձ կա Ադալյան գրողի ընտանիքին, որի հայրը՝ Մարտիրոս Ադալյանը, երազային Երզնկայից էր և իր գերդաստանի ցեղասպանությունից միակ փրկվածն ու վերապրածը, որ բեռնատար նավով հասել է Սիմֆերոպոլ և որոշ ժամանակ անց հաստատվել Երևանում ու իր ընտանիքով վերընձյուղել երբեմնի շեն Երզնկայի ստեղծագործ ոգին: Ակամայից հիշում ես XV դարավերջին Եվրոպայի սրբավայրերում շրջած ու հետո Կոլումբոսի հետքերով դեպի Ամերիկա գնացած Մարտիրոս Երզնկացուն, որն իր խիզախ ուխտագնացությամբ մնաց հայ ժողովրդի պատմության մեջ: Ադալյան հայրն էլ իր որդիներով հետք է թողել հայ մշակույթի մեջ:
Իրավացիորեն Նորայր Ադալյանի մեծ հայտը հայ արձակի դարպասներից ներս մտնելու համար Մութաֆյանը համարում է «Խաղաղ զորանոցներ» վեպը, որը ժամանակին խստորեն քննադատվել է: Վեպի ժանրում Ադալյանի ուսուցիչ է համարվում Եղիշե Չարենցը, որի նկատմամբ գրողն ունի պաշտամունք և նրա հանճարի ընկալման յուրօրինակ բացատրություններ, որոնք դրսևորվեցին բանաստեղծին նվիրված տարբեր հոդվածներում՝ ներկայացնելով, թե ինչու Նորայր Ադալյանը պետք է դառնար նաև բանասիրական գիտությունների դոկտոր իր հիմնարար «Վահան Թոթովենց» մենագրությամբ:
Ընդունված կարծիք է, որ բոլոր մեծ գրողները մարգարեներ են և, ապագան գուշակելով հանդերձ, նրանք ներգործում են ներկայի վրա: Այդ ներգործումն արտահայտվում է հաճախ որպես գրոտեսկ, աբսուրդ, այլաբանություն, խորհրդանիշ և պոետիկայի այլ դրսևորում: Ադալյանի ստեղծագործությունն իր մեջ ունի այսօրվա հայ իրականության, նաև համընդհանուր մարդկային կյանքի թերությունների այլաբանական խիստ քննադատություն, որը սովորական ընթերցողը կարող է նաև չընկալել: Դրա վառ դրսևորումն էր «Ապոկալիպսիս» վիպակը, որի մեկնաբանումը տրված է Մութաֆյանի գրքում՝ ներառելով նաև մոլեգնած նախանձի ոչ սովորական քննադատությունը, որին արժանացել է գրական այդ նորույթը: Ադալյանն օգտագործել էր հեգնանքի՝ ազգային արատները քննադատելու այն ձևը, որի դրսևորումները կային Չարենցի «Երկիր Նաիրի» «պոեմանման վեպում»:
Մենագրության մեջ բոլորովին նոր մեթոդաբանությամբ վերլուծված են Ն. Ադալյանի գրեթե բոլոր պատմվածքները, վիպակներն ու վեպերը, ինչպես նաև դրամատիկական գործերը:
Նորի զգացողությունը, անշուշտ, Նորայր Ադալյանն իր մեջ ներշնչել է ավագ եղբոր՝ հզոր տաղանդի, ավելին՝ հանճարի տեր Ռուբեն Ադալյանից, որի մասին գրել է խիստ ուշագրավ էսսե՝ «Իմ եղբայր Ռուբեն Ադալյանը»: Սա յուրօրինակ ձոն է այն արվեստագետին, որն իր կրտսեր եղբոր համար եղել է մշտական ուսուցիչ: Նման ստեղծագործական ջերմություն Գրիգոր Նարեկացին «Մատեան ողբերգութեան» հիշատակարանում արտահայտել է իր բազմագիտակ ու իրենից ավագ Հովհաննես եղբոր նկատմամբ, որի ներգործմամբ էլ ստեղծել է հանճարեղ գլուխգործոցը:
Լևոն Մութաֆյանն անդրադարձ ունի Նորայր Ադալյանի հասուն շրջանի գրական քերթվածներին, որոնցում մշտական են դառնում լիբիդոյի տեսարանները, որոնք երբեմն սովորական ընթերցողի համար էրոտիզմի դրսևորումներ են և չեն համապատասխանում հայ կյանքի նահապետական ամոթխածությունը պահպանող ավանդույթին: Գրականագետ- թատերագետը ստիպված է բացատրել էրոտիկ գրականության ժանրային առանձնահատկությունները: Մարմնի պաշտամունքը, մարմնի շահերի պաշտպանությունը, մարմնի գեղեցկության փառաբանումը արվեստի առանձին խնդիր էր ողջ անտիկ աշխարհում և ոչ միայն հին Հունաստանում ու Հռոմում, այլև հին Հնդկաստանի տաճարների հարթաքանդակներում: Ներկա Աթենքի նշանավոր թանգարաններից մեկը «Էրոսի թանգարանն» է, որում անտիկ աշխարհի պատկերացումներն են էրոսի մասին: Ադալյանի մոտ էրոտիկ համարվող տեսարանները, որոնք գումարվում են գրոտեսկին, գրողի ասելիքն ավելի ուժգնացնելու միտում ունեն: Ինչպես նկատել է Լ. Մութաֆյանը, Ադալյանի որոշ գործերում ենթագիտակցականը ընթերցողի մոտ առաջացնում է մտային այնպիսի տեսիլներ, որոնք կապվում են կարծես Հերոիմ Բոսխի նկարների հետ, որը դարեր առաջ ավետում էր, թե գերիրապաշտությունը արվեստի կարևոր դրսևորումներից է դառնալու: Արդյոք մեծ խորհուրդ չունի՞ ավստրիացի հայտնի գեղանկարիչ Գուստավ Կլիմտի «Կյանքը և մահը» մեծադիր կտավը կամ Արշիլ Գորկու որոշ կտավներ, որոնք ոչ մի կապ չունեն ռեալիզմի հետ, սակայն հասկացող դիտողի համար արվեստի գլուխգործոցներ են:
Նորայր Ադալյանը ՀՀ նախագահի մրցանակ է ստացել «Սև քառակուսի կարմիր անապատում» վեպի համար: Վերջինս խոսքի ու փաստերի հզոր զենքերով մերկացնում է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը, որը ցարդ համայն մարդկության ճնշմամբ չի ընդունվել Թուրքիայի կողմից: Եղեռնի թեման առկա է նրա նաև այլ գործերում: Դեռ երիտասարդ տարիներին «Ամստերդամ» քերթվածով Ադալյանը մերկացրեց հրեաների Հոլոքոստը: «Կապույտ Երզնկա» ժողովածուում է «Արտույտը» պատմվածքը, որը Մութաֆյանն անվանել է հոգեբանական ռեալիզմի եզակի դրսևորում: Մեր կարծիքով «Արտույտը» պատմվածքը հայ գրականության մեջ երբևէ ստեղծված ընտիր պատմվածքներից է, հավասար Դ. Դեմիրճյանի «Ավելորդին» ու Ակ. Բակունցի «Միրհավին»: Այն անհրաժեշտ է մտցնել դպրոցական դասագրքեր: «Արտույտը» պատմվածքի մասին Սերգեյ Սարինյանը գրել է. «…Ադալյանի գրողական զգացողությունը ճշմարտացիորեն է ընկալել թվացող պարադոքսների գեղարվեստական հավանականությունը՝ արտաբերելով այն ոչ միայն կրքերի զուտ անհատական բռնկումների, այլև ազգային լինելության ճակատագրական բախումների քաոսին» (էջ 174):
Լ. Մութաֆյանը նկատում է, թե ինչպես ավետարանական կերպարները, պատմական նշանավոր դեմքերը, Քաջ Նազարի կերպարը, Հիսուս Քրիստոսը գրողին հնարավորություն են տվել մարդկային կյանքում եղած առեղծվածները, մշտական թվացող հոռի կողմերը, հատկապես նաև մեր օրերում, ցավոք, թշվառության կողքին մեծ տեղ գտած ագահությունը բացահայտելու անհրաժեշտությունը: Դա արվել է գոյի խնդիրներում չարի մարմնավորման նոր ընկալումները բացահայտելու միտումով:
Ադալյանի 80-ամյակին նվիրված գրքի վերջին՝ վեցերորդ գլուխը խորագրված է «Նորայր Ադալյանի թատրոնն ու «դիմակի տեսությունը»: Գրողի թատերգությունը գնահատելիս Մութաֆյանը հանդես է գալիս որպես առաջնակարգ թատերագետ: Չնայած նա հեղինակի պիեսներին նվիրել է ոչ մեծ գլուխ, սակայն դրանց անդրադարձ կա գրքի ողջ շարադրանքի տարբեր մասերում: Ադալյանի պիեսներում որոշակի է գրողի քաղաքացիական և ազգային պատվախնդրությունը. խորհրդային տարիներին նա քննադատում էր այն հասարակարգի թերությունները, որոնք ոչ միայն չվերացան Հայաստանի անկախացումից հետո, այլև ստացան գրոտեսկային դրսևորումներ:
Թե՛ պիեսներում և թե՛ արձակում Ադալյանը քննում է անհատի մենակության խնդիրն ու ցավը, և նրա երկերում մենակությունը ներկայացվում է հայկական առօրյայի իրողություններում: Այսօրինակ դիտարկումներն իրոք նրա գրականությունը կապում են Ալբեր Քամյուի «Օտարականի» հերոսի որոշ չափով անորոշ ու անլուծելի տվայտանքների հետ: Լ. Մութաֆյանը «Համաճարակ», «Մրջնանոց», «Սև քառակուսի կարմիր անապատում» և «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպերը համարում է ազգային գրականության խոշորագույն երևույթներից:
«Նորայր Ադալյանի գրականությունը և իրականությունը» մենագրությունը հավաստում է, թե հայ գրողը XXI դարասկզբի պոստմոդեռնիզմի ամենավառ ներկայացուցիչն է, որի ասելիքն ունի ներգործուն գեղարվեստական հզոր ներուժ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.