ՀԵՐՈՍ ԱԶԳ ԿՈՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ղարաբաղաադրբեջանական հակամարտության սահմանի ողջ երկայնքով պատերազմական գործողությունների պայմանական դադարեցումից անմիջապես հետո Բաքվում ՌԴ-ի, Իրանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրենց հանձնառությունն առ այն, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Եվ սա այն դեպքում, երբ ազերիների ագրեսիան շարունակվում է, և ազերիներն իրենց հրանոթներն ուղղել են նաև հայկական բնակավայրերի ուղղությամբ: Տրամաբանական կլիներ, որ ներկա պարագայում Ռուսաստանն ու Իրանը դատապարտեին Բաքվի ուխտադրժությունը և ոչ թե համատեղ քննարկեին հարցեր, որոնց հետ Բաքվի կապը համարյա զրոյական է: Առանձին դեպքերում թեև դատապարտվում է ուժի կիրառումը, սակայն ընդամենը դիվանագիտական հայտարարությունների շրջանակում և, որ ամենավտանգավորն է, հավասարության նշան դնելով ագրեսորի և պաշտպանվողի միջև, ինչը նոր հնարավորություններ է ապագա սադրանքների համար: Երբեմն ազերիների վայրագությունների նկատմամբ միջազգային հանրության զգուշավորությունը թատերական էտյուդ է հիշեցնում, երբ վախենում են ինչ-որ բան կոտրել: Հավանաբար վախենում են իրենց իսկ ստեղծած երկակի ստանդարտ կոչվող խաղի կանոնների փոփոխություններից, ինչը վաղուց միջպետական հարաբերությունները կարգավորող ազդեցիկ գործոնի է վերածվել: Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը, քաղաքացիական բնակավայրերն ու կառույցները որպես ռազմական թիրախ օգտագործելը, որոնք հակասում են հակամարտության վարման հիմնարար կանոններին, միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանի գործողությունները դատապարտել և պատասխանատվության ենթարկել ահաբեկչության կազմակերպիչներին, ինչպես Սերբիայի պարագայում էր, սակայն երկակի ստանդարտ կոչվածն այս դեպքում էլ իր տարերքի մեջ է: Ինչը կարելի է մեկին, բացառված է մյուսի համար: Մինչդեռ ղարաբաղաադրբեջանական սահմանային գոտում մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների` էապես ազդելով նաև տարածաշրջանի առանց այդ էլ հեղհեղուկ կայունության և անվտանգության վրա: Այս թողտվության մթնոլորտն է թելադրում Ադրբեջանին շարունակել իր դիվերսիոն քաղաքականությունը, և ոչ մի երաշխիք` ապագա սադրանքներից խուսափելու: Նույն անհասցե վերաբերմունքն է ՀԱՊԿ-ի պարագայում: Ազերիները ռազմական գործողություններ են հրահրում hայկական սահմանների և բնակավայրերի ուղղությամբ, և ՀԱՊԿ-ն ոչ միայն գործողությունների չի դիմում, այլև խուսափում է անգամ դատապարտող հայտարարություն անել: Հաշվի առնելով այս կազմակերպության մեջ ընդգրկված պետությունների միջև առկա հարաբերությունները, ընդհանրապես անհասկանալի է նման միության կազմախոսությունը: Ռեբուսի է նման, թե Ղազախստանն ինչպես է Հայաստանի կողքին պայքարելու Ադրբեջանի դեմ, երբ այդ երկրի նախագահ Նազարբաևը Թուրքիայի, նույնն է թե՝ Ադրբեջանի հետ հարաբերություններն իրենց արտաքին քաղաքականության գերնպատակ է հռչակում: Նույնը Տաջիկստանի և Ղրղզստանի պարագայում: Առնվազն տարօրինակ է Բելառուսի վերաբերմունքը: Քաղաքագետ Կիրիլ Ավերյանով-Մինսկու կարծիքով՝ հիմքեր կան կարծելու, որ բելառուսական ղեկավարությունը ղարաբաղյան հակամարտության մեջ աջակցելու է Ադրբեջանին: «Լուկաշենկոն երախտապարտ է Ադրբեջանին, որ նա Ռուսաստանի հետ նավթային պատերազմի ժամանակ «ուսը դեմ է տվել» Բելառուսին: Ադրբեջանը նաև տնտեսական բնույթի այլ ծառայություններ է մատուցել, հիմնականում՝ նավթային ոլորտում: Դրա համար էլ ղարաբաղյան հակամարտության թեժացման դեպքում բելառուսական ղեկավարությունը Ադրբեջանի կողմը կբռնի, թեև Հայաստանը Եվրասիական Միության և ՀԱՊԿ-ի անդամ է: Եթե ղարաբաղյան կոնֆլիկտը սրվի, Ռուսաստանն ու Բելառուսը նորից տարբեր կողմերում կհայտնվեն»: Պատահական չէ, որ վերոնշյալ երկրները, հնարավոր է ի աջակցություն Ադրբեջանի, հրաժարվեցին Երևան գալ՝ մասնակցելու ԵԱՏՄ նիստին: Անկանխատեսելի է նաև Ռուսաստանի դերակատարությունը: Թեև միջազգային շատ փորձագետների կարծիքով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ակտիվացումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության հետևանք էր, նպատակ ունենալով Ռուսաստանին ներքաշել ևս մի հակամարտության մեջ, ինչը սադրանք է նաև Ռուսաստանի նկատմամբ, այդուհանդերձ, ՌԴ արտգործնախարարն իր գործընկերոջ հետ Բաքվում բանակցում է հակամարտությունների կանխարգելման թեմայով, փոխվարչապետը հայտարարում է, որ Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք մատակարարել` իր ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան, իսկ վարչապետը խոստովանում է, որ «Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները»: Սա է իրողությունը: Այս դեպքում ևս հավասարության նշանն է թելադրողը: Եվ ուրեմն՝ Հայաստանի միակ հովանավորն ու անվտանգության երաշխավորը մնում է Հայոց բանակն ու Հայոց հավաքական ուժը: Բուլղարացի հայտնի հրապարակախոս Պլամեն Պասկովը ԼՂՀ հակամարտության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ գրել է. «Հայաստանի հազարավոր տարիների պատմության ընթացքում զավթողները եկել ու գնացել են, բայց Արցախը միշտ էլ պահպանել է իր հայկական ոգին: Եվ այս անցած չորս օրերն ինձ ստիպեցին լրջորեն խորհել շատ բաների մասին: 2016 թ. հայ ժողովուրդը հանձնեց հերոս ազգ կոչվելու իրավունքը ստանալու քննությունը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.