Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / «DռjՈ vu» կամ մահամերժության փիլիսոփայությունը

Ֆելիքս-ԲախչինյանՖելիքս Բախչինյանն իր երկարատև գրական-հրապարակագրական-մշակութային գործունեության մեջ իրեն դրսևորել է որպես բազմաժանր հեղինակ: Գրել է էսսեներ, դիմանկարներ, ակնարկներ, հուշագրական և խոհագրական երկեր, մենագրություններ, պատմվածքներ ու վիպակներ, կատարել է թարգմանություններ…
Եվ ահա, վերջերս հրապարակ է հանել այդ ամենի, մի տեսակ, ամփոփումը հանդիսացող «DռjՈ vu» վեպը: Այն ինչ-որ տեղ ինքնակենսագրական բնույթ ունի, բայց միտում է ընդգրկելու ժամանակային ու տարածական ավելի լայն ոլորտներ: Վեպի գլխավոր ասելիքը, ի վերջո, կապվում է Օսմանյան Թուրքիայի կողմից քսաներորդ դարասկզբին իրագործված Հայոց Մեծ Եղեռնի հետևանքների հոգեբանական քննությանն ու ընկալմանը: Դժվարին այդ խնդիրը Ֆ. Բախչինյանը նախ փորձում է լուծել ավստրալիացի «ցավամոքող բուժքույր» Բրոննի Ուերի ուսումնասիրությունների և դեղատոմսերի միջոցով: Սակայն պարզվում է, դա այնքան էլ հեշտ չէ, քանզի «հայերիցս շատերը մեր երջանկությունը չենք փնտրում ու չենք ընտրում: /…/ Երջանիկ լինելու մեր հնարավորությունը կանխորոշված է մեր ճակատագրով»: Այստեղից էլ՝ ազգային ու անհատական ճակատագիրը քննելու և հասկանալու ձգտումը՝ ինքնաճանաչման միջոցով: Հերոսը, որ գրող է, հենց այդպես էլ ձևակերպում է իր ներքին ստեղծագործական մղումները շարժող գերխնդիրը՝ «Պատմվածքներիս միջոցով փորձում եմ մի բան. ճանաչել ու հասկանալ ինքս ինձ»:
Հիմնարար առաջին զգացողությունը, որ փաստում է նա այս յուրօրինակ «ճամփորդության» սկզբում, իր հայ լինելն է: Բայց նրա համոզմամբ, դա դեռ բավարար չէ, անհրաժեշտ է նաև «հայ լինելու իրավունք ունենալ»: Ըստ էության, այս կետից է սկսվում հերոսի փնտրտուքը հայի ֆենոմենի, էության ու ճակատագրականության խրթին բավիղներում, որը նրան, ի վերջո, կանգնեցնում է մարդ-անհատի մեջ կորսվող աստվածայինի վերահայտնագործման անհրաժեշտության առջև: Եվ ահա, նա պարզում է, որ «Աստված էլ հայ է», քանի որ՝ «Մեծ եղեռնի նահատակների հոգիների հավերժ բնակության վայրը /…/ ծովից ծով Հայաստանի երկնային հսկա մանրակերտն է՝ երկնքից երկինք Հայաստանը»: Մի եզրահանգում, որը հանդես է գալիս որպես մահամերժության փիլիսոփայություն՝ անմեղի, արդարի հաղթանակը չարիքի դեմ, Հոգու հաղթանակը մահվան դեմ, քանի որ այդ հոգուն «դեռ երբեք չի հասել ոչ մի վայրենու արյունոտ ու բիրտ ձեռք»:
Ինքնաճանաչման իր որոնումների որոշակիացման-տիպականացման նպատակով, Ֆ. Բախչինյանն իր ներաշխարհային սուզումները խարսխում է նաև հայոց գրական-մշակութային շերտերին, մասնավորապես, Սիամանթոյի, Վարուժանի, Զոհրապի, Թեքեյանի, Տերյանի, Չարենցի… կերպարներին ու ստեղծագործությանը: Վկայակոչելով հոգիների վերամարմնավորման հայտնի տեսությունը, նրա հերոսը զգում (հավատում) է, որ Սիամանթոյի «Պարը» քերթվածի անմեղ հոգիները վերամարմնավորվել են իր և հալեպցի Ասմունքող Աղջկա մեջ: Ու թեև ընդհանրապես չի վախենում «ինքնաբացահայտումներից», բայց նաև խոստովանում է, որ «մեկ-մեկ» վախենում է «դրանց խորությունից ու վիթխարիությունից»: Նույնիսկ այն աստիճան, որ սկսում է անհանգստանալ՝ խելագարվո՞ւմ է, թե՞ իմաստնանում: Չի ուշանում նաև Պայծառացման պահը. հերոսը քայլ առ քայլ մոտենում է այն ճշմարտության ըմբռնմանը, որ խնդիրը սոսկ իրենց՝ անհատների, կենսագրությունը չէ, այլ վերամարմնավորված հոգին իր մեջ կրում է նաև ցեղի, մարդկության նախորդ ողջ պատմությունն ու ճակատագիրը. «Դա հեռաճանաչողություն, վերաճանաչողություն էր, այն, ինչ էզոթերիկները անվանում են նախորդ հոգու գաղտնի արթնացում», ռեինկարնացիա, որը, ուրեմն, միստիկա չէ, այլ՝ իրականություն: Այդպես, Էյնշտեյնի հարաբերականության տեսությամբ, իրար են խառնվում իրականությունն ու երազը, քունը և արթմնին: Երազը դիտարկվում է իբրև «ինքնության վերադարձ, Մեծ ժամանակի իրական տեսաշար»: Ահա և բուն արթնացման պահը. «Արթուն աչքերով ես տեսա Քեզ, ում սիրել էր իմ մեջ ապրող ուրիշը, նրա հոգին, որ նաև իմն էր»: Դարձյալ խաչաձևվում են սիրող սրտերի ճակատագրերը՝ մեկը գալիս է Էրզրումից, մյուսը՝ Ուրֆայից, բայց երկուսի տատերն էլ ծնունդով Էրզրումից են: Իսկ իրենք հանդիպում, սիրում ու բաժանվում են Հալեպում: Հատկանշական է, որ այդ ամբողջ ընթացքում հերոսին չի լքում «վերահաս վտանգի տագնապը», քանզի նա եկել էր «երջանկություն բերելու Դեր-Զորից», բայց հնարավո՞ր է, արդյոք, «դերզորյան երջանկություն»: Հերոսի համար ցավալի է, որ երջանկության իրենց որոնումն «անցնում է հայոց պատմության մեծագույն ոճիրի՝ Եղեռնի ոգեկոչման Գողգոթայի միջով»:
Ի վերջո, մեռած-հայտնված մոր խորհրդով նա չի խոստովանում իր սերը Ասմունքող Աղջկան, Հալեպից՝ «սիրո և մահվան հովտից» հեռանում է ներքին դառնությամբ ու ընդվզումով լցված, որովհետև այլևս իրականություն չի դառնա իր վաղեմի երազանքը՝ այնտեղ չեն ծնվի իր յոթ զավակները՝ զոհված գրողների անուններով, որովհետև այնտեղ կորցրել է իր սերը երկրորդ անգամ:
Պատմությունը կրկնվում է, քանզի «թուրքը էրգիր եկավ Հալեպի ճամփով. այն նույն ճամփով, որով դեպի Հալեպ պիտի փախչեին հայերի մազապուրծ բեկորները», իսկ մեր օրերում դարձյալ ռմբակոծվում է Հալեպը և դարձյալ թուրքի դրդմամբ կամ թուրքի ձեռքով՝ «DռjՈ vu-ն նորից սկսված է»: Նոր օրերի թոհուբոհի մեջ զոհվում է Հալեպցի Աղջիկը: Այդ լուրից երկրորդ անգամ կաթվածահար է լինում ու մեռնում հերոսը:
Այնուամենայնիվ, վեպը, թեև տագնապալի, բայց լուսավոր ավարտ ունի: Պարտություն կրելով երկրային կյանքում, հերոսը հասնում է իր նպատակին՝ Հոգու ոլորտում. «Ինչ ուզում էի ես կյանքից, որ դու ինձ հետ լինես: Դու ինձ հետ ես…»: Չնայած ամեն ինչին, նրա մեջ երբեք չի մեռնում հավատը, որ «թուրք օսմանն այդ սերնդին պարտք է նրա մանկությունն ու պատանեկությունը, որը մի օր ետ պիտի վերադարձնի, եթե անգամ աշխարհի վրա մնացած լինի եղեռն վերապրած գեթ մեկ հայ…»: Ահա և գլխավոր եզրահանգումը՝ «Չկարծեք հանկարծ, մարդի՛կ, թե ես ատում եմ կյանքը, ձեր աշխարհը, ո՛չ: Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ ձեզ, բայց ասում եմ՝ այս ի՞նչ եք անում աշխարհի ազնիվ հոգիների հետ, մարդիկ…»:
Ֆելիքս Բախչինյանը կարողանում է մեկ-երկու նրբագծով ստեղծել էպիզոդիկ, բայց կենդանի կերպարներ, ինչպես էրզրումցի զինագործ, քչախոս Թադևոս պապը, «ով պիտի աշխատեր, մի գործ աներ, որ խոսեր»: Կամ՝ հերոսի տատը, որ անցյալի մասին մշտապես խոսում էր որպես ներկա:
Կառուցվածքի առումով, վեպն ունի ներքին լարված առանցք՝ պայմանականի և իրականի փոխներթափանցումներով հագեցած սյուժե, սակայն տեղ-տեղ հրապարակագրական, նաև վերլուծական միջարկությունները, մասնավորապես անդրադարձը ներկայի սոցիալ-հասարակական խնդիրներին, թուլացնում են ազգային, պատմա­մշակութային հենք ունեցող ֆաբուլայի ներքին զսպանակը:
Ամբողջության մեջ, սակայն, վեպը պահպանում է վերը նշված իր արժեքային համակարգը և ճշմարտացի է արտացոլում այսօրվա հայի հոգեբանական անդրադարձների՝ ազդակների ու ապրումների էությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.