Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ / Իրավատիրոջ մեղադրանք

Վահրամ-ԱԹԱՆԵՍՅԱՆԽորհրդային Բաքու քաղաքում Լևոն Ադյանը քնարական պատմվածքներ ու վիպակներ էր գրում: Եվ գյուղական անցյալը մեզ սիրելի էր դառնում: Կարողանում էր սիրելի դարձնել, քանզի մանկության և պատանեկության գյուղի իր հուշերից բարձրացնում էր անաղարտ պատկերներ ու տրորված ճակատագրերն այն մարդկանց, ում ինքը սիրում էր: Ի՞նչ հանգրվանի էր հասնելու այդ պատումաշարը, եթե իրականությունը, որի ապագայի համար դողում էր գրողական նրա ջիղը, միանգամից չփոխվեր, և կոսմոպոլիտի համարում ունեցող Բաքու քաղաքը Լևոն Ադյանի դիմաց չկանգներ ահռելիորեն վայրենի այն կերպարով, որ իրենցից մեկի՝ Զարդուշտ Ալիզադեի, բնութագրմամբ արտապատկերումն էր 1937 թվականի ֆաշիստական Բեռլինի, երբ հրապարակներում խարույկներ էին վառվում, հրկիզում գերմանացի մեծ մտածողների գրքերը, իսկ հրեաներին՝ խոշտանգում-քշում համակենտրոնացման ճամբարներ:
…«Մա՛հ հայերին»,- բազմահազարանոց հրապարակում գոչել է բանաստեղծ Խալիլ Ռզան: Եվ գրող Էլչին Էֆենդիևը, որի «Արծաթե ֆուրգոն» վիպակը Լևոն Ադյանն է հայացրել, և գրող Անարն ու մյուսները, որոնք իր հետ բազմիցս սեղան էին նստել, չեն հետաքրքրվել, թե ի՞նչ եղավ «Գրական Ադրբեջան» հանդեսի գլխավոր խմբագիր Վլադիմիր Աբրահամյանի, տեղակալ Լևոն Ադյանի, պատասխանատու քարտուղար Էդվարդ Բեգլարյանի, Բաքվի հայ մտավորականության մյուս ներկայացուցիչների հետ, փրկվեցի՞ն, թե՞ խողխողվեցին, գազանակուր՝ ծովը նետվեցին…
Ահավորն, ուրեմն, ամբոխի գազանությունը չէ, այլ՝ ժողովուրդ ամբոխացնողի պիղատոսությունը, երբ կարողանում է ձեռքերը լվալ, մի կողմ քաշվել և մեղքը բարդել իր ժողովրդի բնազդական գրգիռների, չլուսավորվածության կամ ինչ-որ մեկի ձեռքին կույր գործիք դառնալու «միամտության» վրա: Հուշերի «Կյանքի բովից»-ում Շիրվանզադեն հիշում է 1905-ի Բաքուն, իր հանդիպումը ոմն Աղաևի հետ, որ Կոստանդնուպոլսից նոր էր Կովկաս վերադարձել: Եվ սարսռազդու մի վկայություն է անում, թե ինչպես է Աղաևն ասել, որ եթե հայերն իրենց չօգնեն լուսավորվել, ապա հայերին դժոխք կտանեն՝ ինչպես իրենց ազգային ասացվածքն է պատվիրում. «Դժոխք գնացողը շատ ընկերներ է հետն ուզում տանել»: Ոչինչ չէր փոխվել: Նույն Բաքուն էր, նույն «մտավորականությունը»:
Բայց, ահա, Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպն ընթերցում, վերընթերցում ես և, զարմանալի է, չես գտնում թույնի, ատելության գեթ մի դրսևորում՝ հանդեպ Բաքու քաղաքի և նրա մարդկանց: Գրքի մեծագույն առավելությունը, կարծում եմ, դա է: Ինչո՞ւ: Որովհետև չատելով Բաքուն, Լևոն Ադյանը փառաբանում է ոչ թե այդ քաղաքն ընդհանրապես, այլ՝ այնտեղ ապրած իր հերոսի կյանքը: Լեոյի կյանքը… Լեոյի և ադրբեջանուհի Ռենայի սերը… Փառաբանում է Բաքվի հայ մտավորականության վերջին մոհիկաններին… Փառաբանում է Բաքվի հայությանը…
Սովորաբար գրականությունն են իրականությունից ածանցված ճանաչում: Բայց գրականությունն էլ գեղարվեստական իրականություն է ստեղծում, ի վերջո: Այդպես, օրինակ, Վահրամ Փափազյանի հոյակերտ հուշագրությամբ Պոլիսը մեզ համար մշտապես հայ իրականության անբաժանելի մասն է: Թոթովենցի Խարբերդը չենք տեսել, բայց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» պատումով դա մեր՝ հայկական քաղաք է և մնալու է: Ահա այդ կերպ Լևոն Ադյանն է Բաքուն բերել հայ գեղարվեստական իրականություն: Դա այն Բաքուն է, որի մասին Չարենցն է ասել. «…Որքա՜ն հեքիաթներ կան այս գորշ քաղաքում»: Բայց դա արդեն ինտերնացիոնալ-պրոլետարական այն քաղաքը չէ, որ մեզ ծանոթ է, դիցուք, Գարեգին Սևունցի «Ծովախորշում» վեպից: Դա պոստստալինյան դարաշրջանի մեգապոլիս է, որտեղ կյանքը մի քանի շերտ ունի՝ պաշտոնեականությունից մինչև արվարձանների ետնախորշեր, որտեղ ամեն ինչ ծախվում ու գնվում է, որտեղ թուրք ազգայնականությունը ձևավորված է արդեն իբրև գալիք դարաշրջանի քաղաքական պլատֆորմ, որտեղ էթնիկ մյուս շահերը հունցվում-շաղախվում են կոմունիստական ինտերնացիոնալի կեղծ բարեպաշտությամբ կամ պարզապես ոչնչացվում՝ ըստ պատեհության:
«Հեռացող եզերքը» քաղաքական դրամա է: Դա Ադրբեջանում հայ էթնիկ ինքնության և թուրք ազգայնականության մրցապայքարի դրաման է, որն, ավաղ, ավարտվում է առաջինի պարտությամբ, կարելի է անվարան ասել՝ ցեղասպանությամբ: Եվ ակամայից,- սատանա՞ն է դրդում,- մտածում ես՝ իսկ գուցե 88-ի փետրվարին ոչ այնքան մենք, որքան ադրբեջանցինե՞րն էին սպասում… Մի առիթի, որպեսզի ավարտին հասցնեին այն, ինչ չէր հաջողվել 1918-ի սեպտեմբերի 15-20-ի՞ն, երբ Բաքու էր մտել թուրք էքսպեդիցիոն կորպուսը, որպեսզի նախկին ցարական-նահանգային – մուլտիկուլտուրական քաղաքը մաքրի ամե- նակազմակերպված էթնիկ ինքնությունից՝ հայությունից…
Լևոն Ադյանն անատոմիական բծախնդրությամբ բացում է իրադարձությունների փոխկապերը, հանգույցները: Ոճի քնարականությունը տվյալ դեպքում ոչ այնքան ձեռագրի նույնականություն, որքան բարձր վարպետության ցուցիչ է, երբ ահավոր բաների մասին խոսվում է կարծես հպանցիկ… Երբ ամենաէականը կարողանում է դիտել տալ երկրորդական-երրորդական թվացող միջարկումներով, որոնք, ի դեպ, վեպի ընդհանուր հյուսվածքում առանձին ճյուղ են կազմում՝ նրբորեն ներհյուսված «հուշագրական բնույթի» ռեմարկներով:
Ամբողջության մեջ «Հեռավոր եզերքը» մեղադրական է: Մեղադրական՝ Բաքուն այլակերպողների հասցեին: Դա իրավատիրոջ մեղադրանք է, որ հեղինակի գեղարվեստական հղացմամբ բարձրանում է էթնիկ պահանջատիրությունից և ընկալվում որպես մուլտիկուլտուրական Բաքվի տիրոջ բողոք ընդդեմ ազգայնական Բաքվի: Վեպի գլխավոր հերոսուհին՝ բժշկական ինստիտուտի ուսանողուհի Ռենա Մահմուդովան, որովհետև սիրում է հայ Լեոյին, դառնում է գազանացած ամբոխի զոհը: Դրանով գրողն իր դատավճիռն է կարդում վայրենացած Բաքվին:
«Հեռացող եզերքը» հայ գրականության հաղթանակն է 88-90-ից առ այսօր տևող ադրբեջանական վանդալիզմի դեմ: Այդ հաղթանակն է նաև ամրապնդելու քաղաքական մրցապայքարում հայ ժողովրդի արդարացիությունը, որովհետև ի հեճուկս պետական քարոզիչների՝ ադրբեջանցի գրողն էլ ստեղծել է «Քարակերտ երազները»: Իսկ երբ նույն երևույթն իր գրեթե հայելային նույնականությամբ և համարյա միաժամանակ դրսևորվում է երկու՝ հայ և ադրբեջանցի, գրողի նույն միջավայրը պատկերող երկում, ուրեմն այդ է հենց ճշմարտությունը…


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.