Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Վաղը մարտի 19-ն է: Սա առաջին մարտի 19-ն է առանց Վարդուհի Վարդերեսյանի: Առաջին անգամ նրա երկրպագուները չեն հավաքի նրա հեռախոսահամարն ու չեն լսի նրա ձայնը, իսկ մտերիմները օրվա մի ժամը, ինչպես միշտ է եղել, չեն պահի՝ նրան այցելելու համար: Ախր, նրա ծննդյան օրը մի ուրիշ խորհուրդ ուներ, գնացողներս ամեն անգամ, նրանով հիանալուց բացի, մեկ անգամ ու նորից պիտի բացահայտեինք բեմի մեծ տիկնոջ ու պարզապես տանտիկնոջ անկրկնելիության ևս մի պոռթկում: Նրա համար հերթական տարեդարձ էր, մեզ համար՝ տոն: Չորս տարի առաջ Նելլի Շահնազարյանի ու դստեր՝ Ագնեսայի հետ գնացինք, ծաղիկները հանձնեցինք ու տվեցինք նվերը՝ բլուզ, որը երկար փնտրտուքից ու քննարկումներից հետո վերջապես ընտրել էինք՝ որպես մեր տեսածներից լավագույնը: Տիկին Վարդուհին հագավ, իրեն տնտղեց ու՝ «Սա ինձ համար չէ՛, չէ՜, լա՜վն է, բա՛յց…», ու մինչ մենք կմարսեինք ասվածը՝ հրահանգեց. «Սա տարեք, հետ տվեք ու մի մեծ ծաղկաման բերեք, այնքան ծաղիկներ եմ ստանում, դա ինձ ավելի պետք է»: Ես ու Ագնեսան բլուզն առանք ու տնից դուրս թռանք՝ Նելլիին թողնելով «պատանդ»… Բլուզը հետ վերցրին՝ իմանալով, որ տիկին Վարդուհին է «խոտանել», բայց մինչև մեծ, ճաշակով ծաղկաման գտանք՝ երկու ժամից ավելի պետք եղավ: Վերջապես ծաղկամանը գրկած ներս մտանք ու շունչներս պահած քարացանք… Նայեց, ժպտաց. «Ա՞յ, սա՝ ուրիշ բան…»: Իսկ տիկին Վարդուհու անմիջականությանն ու անկեղծությանը սովորներս հերթական անգամ հիացանք ու զարմացանք… Համոզված եմ, Նելլին ու Ագնեսան էլ իրենց հարց տված կլինեին՝ կարո՞ղ եմ երբևէ այսպես ազատ լինել ոչ միայն իմ մտքում…
Ցավ է, երբ մտածում ես, որ էլ չես լսելու նրա՝ հոգի թափանցող ձայնը, չես հիանալու վարպետ խաղով, իսկ հետո երկար ու ինքնամոռաց չես գոռալու՝ «բրավո», ինքդ քեզ նախանձելով, որ այս մի բեմական հրաշքին էլ ականատես ու մասնակից եղար: Ու ցավին դիմակայելու համար նորից օգնության ես կանչում Հիշողությանը: «Ախացելի» առաջնախաղին դեռ կես ժամ կար, միջանցքով գնում եմ, բացվում է Վարդուհի Վարդերեսյանի սենյակի դուռը, ու դուրս է գալիս տարօրինակ հագուստով անծանոթ մի կին: Մեր հայացքները հանդիպում են, անծանոթուհու դեմքին ժպիտ է հայտնվում իմ զարմանքին զուգահեռ: Ու նույնիսկ ձայնը լսելուց հետո ինձ չեմ կարող հավատացնել, որ իմ դիմաց Վարդուհին է: Այդպես կերպափոխվե՞լ… Ով դիտել է ներկայացումը, կհաստատի ասածս, որ նրա առաջին մուտքից րոպեներ անց միայն բացահայտել է «մի բուռ» դարձած, աշխարհին ու մարդկանց միայն իր հերոսուհուն հատուկ հայացքով նայող Արտիստուհուն, բայց այդ թատերական հրաշքը ես տեսել եմ բեմից դուրս, ներկայացումը դեռ չսկսված, տեսել եմ Շնորհիկ դարձած Վարդուհուն…
Ու չգիտեմ, երբևէ կգտնե՞մ այն բառերը, որոնք գոնե հեռավոր կերպով կարտահայտեն զգացումներս, երբ ի՛ր պատվերով ու ի՛ր համար գրված իմ «Արամն այստեղ է ապրում» պիեսն էի ընթերցում նրա տանը, հետո, արդեն «Մենակ չես, մայրիկ» վերնագրված ներկայացմանը, դահլիճում նստած, շունչս պահած կլանում էի նրա ամեն բառն ու շարժումը և նախանձում էի ինքս ինձ…
Մարտի 19-ին առաջին անգամ նրա ծննդյան օրը կնշվի առանց նրա…

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Վարդուհի Վարդերեսյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.