«ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՐՔԸ՝ ԱՐԱԲԵՐԵՆ

ԿՈՄԻՏԱՍՎերջերս արաբ ընթերցողի սեղանին դրվեց «Կոմիտասը և հայկական երաժշտությունը» խորագրով արժեքավոր մի գիրք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ և Կոմիտասի մահվան 80-րդ տարելիցների: Այս առիթով զրուցեցինք գրքի թարգմանիչ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի արաբերեն կայքէջի գլխավոր խմբագիր, Արաբ գրողների միության միակ հայ անդամուհի, Դամասկոսի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի պատասխանատու, մի շարք մենագրությունների և թարգմանական գրքերի հեղինակ, պատմաբան, դոկտ. Տիկին Նորա Արիսյանի հետ:

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ – Շնորհավորելով գրքի լույսընծայման կապակցությամբ՝ նախ կխնդրեի պատմեիք, թե ինչը պատճառ հանդիսացավ անդրադառնալու Կոմիտաս վարդապետին:
Նորա ԱՐԻՍՅԱՆ – Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Վաղուց նկատել էի, որ արաբական երաժշտական որոշ շրջանակներ նվագում են Կոմիտասի ստեղծագործությունները՝ ոչինչ չիմանալով նրա մասին: Միևնույն ժամանակ մեծ հետաքրքրություն նկատեցի արվեստի շրջանակից ներս, երբ արաբներն ինձ հաճախ հարցադրումներ էին ուղղում հայկական երաժշտության մասին: Ավելին, արաբերեն լեզվով ոչ մի գիրք գոյություն չուներ հայկական երաժշտության մասին: Այդ պատճառով անհրաժեշտ գտա, որ հայկական երաժշտության, հատկապես Կոմիտասի մասին մի գիրք թարգմանվի ու հրամցվի արաբ ընթերցողին:
Ս.Մ. – Մասնավորապես ի՞նչ նյութեր եք ներառել գրքում:
Ն. Ա. – Իրականության մեջ Կոմիտասի մասին արաբ ընթերցողին հագեցնող ոչ մի գիրք չգտա: Հետևաբար որոշեցի օգտվել զանազան գրքերից, փնտրել ուսումնասիրություններ և հոդվածներ՝ ընտրելով այնպիսի նյութեր, որոնք կհետաքրքրեն արաբ ընթերցողին, և թարգմանել դրանք: Առաջին անգամ է, որ արաբերեն լեզվով լույս է տեսնում Կոմիտասի մասին մի գիրք, որը պարունակում է շուրջ 11 ուսումնասիրությունների և հոդվածների թարգմանություն, ինչպես օրինակ՝ Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս Սքանչելագործ» գրքից՝ «Խազերի վերծանության խնդիրները», «Կոմիտասը և ռուսական երաժշտությունը» և «Կոմիտասը և քրդական երաժշտությունը» հոդվածները, Վարդան Վարդանյանի «Հավերժ Ճամփորդ» գրքից՝ «Կենդանի նահատակը», ինչպես նաև հատվածներ Հրանտ Գևորգյանի «Շնչել, ապրել Կոմիտասով» գրքից: Իր հերթին, ուշադրության են արժանի կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի «Կոմիտասական» ժողովածուից թարգմանված մի շարք ուսումնասիրություններ, ինչպես՝ «Կոմիտասի երաժշտական ժառանգությունը», Մաթևոս Մուրադյանի «Եկմալյանի պատարագը Կոմիտասի գնահատմամբ», Նիկողայոս Թահմիզյանի «Հայոց հոգևոր երգարվեստի ուսումնասիրության հարցեր» և այլն: Գիրքը, որը բաղկացած է 160 էջից և հրատարակվել է 2015 թ. Դամասկոսում, նախատեսված է հայկական մշակույթով և երաժշտությամբ հետաքրքրվողների, նվագողների և մասնագետների համար: Գրքի երաժշտական խմբագրությունը կատարել է Սիրիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, մաեստրո Միսաք Բաղբուդարյանը:
Ս.Մ. – Քանի որ կոմիտասյան թեման շատ նուրբ է հայերիս համար, արդյո՞ք թարգմանելիս դժվարությունների չհանդիպեցիք, նկատի ունեմ՝ զգացական առումով:
Ն. Ա. – Իսկապես, պետք է խոստովանեմ, որ թարգմանության ժամանակ տարբեր զգացումներ ապրեցի: Կոմիտասին, այսպես ասած, «արաբացնելուց» և իր հսկայական ժառանգությունը արաբներին հասանելի դարձնելուց բացի, որ չափազանց հուզիչ էր ինձ համար, գիտակցում էի նաև, որ այս գիրքը ծնվեց պատերազմի մեջ, քանի որ ես ապրում եմ պատերազմական Սիրիայում, և ուր աշխատելու պայմանները այդքան էլ դյուրին չեն… Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման շրջանառության մեջ պահելու նպատակով ցանկացա, որ գիրքը լույս տեսնի 2015 թվականին:
Ս.Մ. – Ինչպիսի՞ ընդունելություն գտավ այն:
Ն.Ա. – Շատ լավ: Պետք է ասել, որ արաբական մամուլը անմիջապես լուսարձակի տակ առավ գիրքն ու սկսեց գրախոսականներ հրապարակել: Եվ Կոմիտասը դարձավ ինձ հետ արված հարցազրույցների թեմա… Նշեմ նաև, որ Կոմիտասի մասին խոսելիս անդրադարձ է կատարվում նաև Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:
Ս.Մ. – Իսկ արաբ մտավորականների, երաժիշտների կամ գուցե հոգևոր հայրերի կողմից եղա՞ն արձագանքներ:
Ն.Ա. – Գիրքը Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Աֆրամ Բ-ին ներկայացնելու ժամանակ վերջինս մեծապես գնահատեց հայկական հոգևոր երաժշտությունը՝ շեշտելով, թե գիրքը առիթ պիտի ընծայի արաբ ընթերցողին, ինչպես նաև հոգևոր դասին ծանոթանալու Կոմիտասի մեծ արժեքին:
Ս.Մ. – Քանի որ նշեցիք նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի փաստը, թերևս դժվար կլինի շրջանցել Ձեր «100 տարի Հայոց ցեղասպանության. 100 արաբական վկայություններ» մեծարժեք աշխատությունը: Կխնդրեի մանրամասնեիք:
Ն.Ա. – Այն 2015-ին Բեյրութում լույս ընծայեց Հայկազյան համալսարանի հրատարակչատունը (136 էջ): Գիրքը արժևորվում է նրանով, որ այստեղ տեղ են գտել վերջին 100 տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արաբական աշխարհի, մասնավորապես՝ արաբ քաղաքական, կրոնական, մշակութային գործիչների դիրքորոշումները և գնահատականները: Գրքի համար հիմք են ծառայել արաբական աղբյուրները, ինչպես նաև ուսումնասիրություններ, հայտարարություններ և թերթեր: Ուսումնասիրել եմ 100-ից ավելի բազմաբնույթ արաբական վկայություններ՝ հանգելով այնպիսի եզրակացությունների, ուր զանազան արժևորումներ են տրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ս.Մ. – Իսկ ի՞նչ կարևորություն ունեն արաբական աղբյուրները Հայոց ցեղասպանության իրազեկման և ճանաչման գործում:
Ն.Ա. – Իմ կարծիքով, արաբական վկայություններն ու աղբյուրները կարող են նոր էջ բացել արաբական աշխարհից ներս Հայոց ցեղասպանության ճանաչման թղթածրարում՝ պատմական և իրավական տեսանկյունից հավելյալ նոր բովանդակություն տալով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հայ-արաբական հարաբերություններին: Արաբական վկայությունները անցել են զանազան հանգրվաններով, մեծ զարգացում ապրել՝ հասնելով մինչև ճանաչման խնդրի արծարծմանը և պահանջին, ինչպես նաև Թուրքիայի ժխտողականության խնդրին: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության և հայերի գաղթականության իրավիճակը հստակորեն արտացոլված է Դեր Զորի պատմությունն ուսումնասիրող սիրիական նորագույն պատմագրության մեջ: Արաբ պատմագիրներից հարկ է նշել Ֆայեզ ալ-Ղուսեյնին, Սալեհ Զահր ադ-Դինին, Օմար Սլեբիին, Մուհամմադ Քուրդ Ալիին, Մուհամմադ Ռիֆաաթ Իմամիին և ուրիշների: Մասնավորապես, ըստ հետազոտող պատմաբան Օ. Սելեբիի հաղորդած տվյալների՝ հայերի բռնագաղթը տեղի էր ունենում հերթականորեն և հետևողականորեն: Նա նաև նկարագրում է գաղթականների քարավանների հոսքը և ուղղությունները դեպի Սիրիա և Դեր Զորի անապատ և այլ մանրամասներ:
Ս.Մ. – Շնորհակալություն հայտնելով Ձեր ազգանվեր գործունեության համար՝ մեր զրույցն ավարտենք Կոմիտասով: Ըստ Ձեզ՝ որն է Կոմիտասի ուղերձն աշխարհին:
Ն.Ա. – Կցանկանայի պատասխանել արաբ ընթերցողի աչքով և տեսակետով, այնպես ինչպես Սիրիայի Լրատվության նախարարության կայքի հարցազրույցում ակնարկ եղավ, որտեղ թղթակցուհին հետևյալ վերնագիրը ընտրեց. «Կոմիտասը խորհրդանշում է ամբողջ մի ժողովրդի հարուստ մշակույթն ու տխուր ճակատագիրը»: Եվ, իրոք, ես ուրախ եմ, որ կարողացա կամուրջ հանդիսանալ՝ փոխանցելու Կոմիտասի արժեքը արաբներին: Կարող եմ նշել նաև մաեստրո Միսաք Բաղբուդարյանի՝ իր նախաբանում տեղ գտած խոսքերը, որտեղ արաբական աշխարհի երիտասարդ երաժիշտներին քաջալերում է քայլել վարպետ Կոմիտասի ուղիով և վավերացնել ժողովրդական երաժշտությունը:
Հարցազրույցը՝
Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.