Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Երևանի հին կենտրոնի անհետացման դավադրության մեկնակետի հետ շրջանառության մեջ դրվեցին «կռիսանոց», «ճարտարապետական արժեք չներկայացնող», «հին» որակումները, և՝ այնպիսի ժրաջան աղմուկով, որը կլանեց բանականության խոսքն ու անգամ ճիչը: Ասենք, երկնառաք աղաղակներն էլ դատապարտված էին անտեսվելու, քանի որ «նոր քաղաքի» տեսլականն իրենց ամբիցիոզ ձգտումներից իրականություն դարձնելու՝ ամեն ինչի պատրաստ, ավերակողներին ձայնակցողներ էլ հայտնվեցին, նաև՝ մտավորականության միջից, նաև՝ բնիկ երևանցիներ: «Հին տները» հանկարծ դարձրին խարան այն նույն քաղաքի համար, որտեղ այդ «հինը» ոչ միայն տների, նեղլիկ փողոցների ու ժամանակավրեպ ջրմուղի կույտ էր, այլև այն տեղանքի մշակույթը, որտեղ մարդիկ էին ապրում: Ու եթե չկա, սպանում ես այդ մշակույթը, անգամ ամենաէլիտար տներում մարդիկ արմատ չեն գցի: Վկան՝ գիշերները մութ պատուհաններով Հյուսիսային պողոտային նայող էլիտարները… Քաղաքի մշակույթի նկատմամբ անփույթ վերաբերմունքը, այն է՝ հին տների ոչնչացումը, փակուղի-թուղթուգիր է. բիզնեսը, սպասարկման ոլորտն ու մնացյալն էլ կմնան (ու մնացին) առանց մշակույթի: Քանի որ այդ ամենը այն նույն մշակույթն է, որը կա՛մ կա, կա՛մ չկա:
Այո՛, հին կենտրոնը անբարետես էր, առնետներ կային (կարծես մյուս թաղամասերում չկային ու չկան), հին ու կիսաքանդ տների պակաս էլ չկար, և դա շատ վատ էր: Բայց դա չէր նշանակում, որ միակ ելքը քանդելն էր: Այդ հինն ու կիսաքանդը պետք էր վերականգնել, մաքրել ու դարձնել մեր քաղաքի ՍԻՐՏԸ: Չհավատացնել, որ մեկ այլ տեղում դրանք կվերականգնվեն: Հավատացող չեղավ, շենքերն էլ չվերականգնվեցին, բացի մեկից, որ այդպես էլ իր նոր տեղում իրեն չի գտնում… Քաղաքից ջնջեցին նրա հիշողության մի մասը, ջնջեցին՝ վայրկյան իսկ չվարանելով, որ այն իրո՛ք գրավիչ կարող էր լինել տուրիստների համար, որ այն իրո՛ք պատմական հուշարձան էր, որ նրանով կարո՛ղ էինք հպարտանալ: Ջնջողները իրենց նեղություն չտվեցին գոնե հարցնել իրենք իրենց՝ ինչո՞ւ են գնում եվրոպաները (կազինոների ու նմանօրինակ հաստատությունների սիրահարների մասին չէ խոսքը), եթե հարցնեին, կարող է և պատասխանը գտնեին. որ գնում են տեսնելու հին ամրոցներն ու շենքերը, կղմինդրածածկ տանիքները, հարյուրամյա մամռածածկ պատերը, որ Պրահայում Հին Պրահա են այցելում, իսկ նորակառույց շրջաններին հպանցիկ հայացք իսկ չեն գցում: Որ հեռավոր աֆրիկաներում ագահ հայացքներով զննում են ճյուղերով կառուցված հյուղակները: Եվ այդ ամենի համար վճարում են ու քիչ չեն վճարում: (Այս կռվանը վկայաբերում եմ, քանի որ ոմանց համար միայն փողի գործոնն է գործուն ու գործում…): Մեծամասնության համար իր տան շեմից այն կողմ՝ տարածքը, իր պատուհանից՝ երևացող տեսարանը, սովորական են, անգամ՝ ուշադրության անարժան: Բայց նրանք, ովքեր հանձն էին առել որոշել քաղաքի ճակատագիրը, պիտի տեսնեին և՛ այդ տարածքը, և՛ տեսարանը ու գնահատեին Ժամանակի մեջ: Չուզեցին: Չկարողացան: Նրանք մեր սիրտ ու հոգի ունեցող քաղաքի հին, տաք կենտրոնը վերածեցին հյուսիսային սառնության քարակույտի՝ թաքուն հուսալով, որ այդպես իրենց անմահությունն են գրանցում Ժամանակի մեջ: Ու գուցե մեկնումեկը նրանց ականջին հասցնի, որ իրենց կառուցած ու քառակուսի մետրերի- թանկ գների վերածածը ի սկզբանե սնանկ է և՛ քաղաքի բնակիչների, և՛ քաղաքն այցելողների համար: Որովհետև Քաղաքի Հիշողությունը վրեժխնդիր լինելու իրավունք ունի:
ՀԳ. Կասեք՝ ինչո՞ւ եմ հին օրերը հիշել… Քաղաքում Հիշողություն ունեցող մի երկու շենք է մնացել, չեմ ուզում մի քանի տարի հետո էլ նրանց մասին հետահայաց մահախոսական կարդալ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.