Սամվել ԿՈՍՅԱՆ / 200 ՄԻԼԻՈՆԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴԻՆ ՎՆԱՍ ՉԷ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեբերը Սենատի համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ զինված ուժերի հարցերով հանձնաժողովում ներկայացված ամենամյա զեկույցում հայտարարել է, որ «Բաքվի կողմից կայուն ռազմական ուժի կուտակումը` Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ, 2016 թ. մեծացնում է հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը»: Բաքուն, իսկապես, սպառազինության նպատակով միլիարդներ է ծախսում, ինչի օրինակը վերջերս Ռուսաստանից մեկ միլիարդ դոլարի ամենատարբեր նշանակության սպառազինության ձեռքբերումն էր: Եվ ահա այն իրողությունը, որ Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոնի չափով պետական վարկ է հատկացրել՝ ռուսական զենք գնելու համար, ազերիներին այն աստիճանի է զայրացրել, որ երկրի ԱԳՆ-ն` Հայաստանին սպառազինություն վաճառելու փաստով, բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Նոտայում ընդգծվում է, որ Հայաստանին զենք մատակարարելը չի նպաստում հակամարտության կարգավորմանն ու սրում է լարվածությունը տարածաշրջանում: Այս պարագայում Ջիվանին կասեր՝ մեր 200 միլիոնը ձեր մեկ միլիարդին վնաս չէ, սակայն երբ խոսքը Հայաստանին է վերաբերում, ազերիների տրամաբանությունը չմարող հիստերիայի է փոխակերպվում, երբ հայն ու հայկականն ավելին չեն, քան ցավ ու պատիժ: Ըստ ռազմագետ Կարեն Վրթանեսյանի՝ Ադրբեջանում հայատյացությունն այն աստիճանի է, որ «…նացիստական Գերմանիայում անգամ հրեաների նկատմամբ նմանատիպ մարդատյաց քարոզչություն չի եղել»: Մյուս կողմից էլ հայատյացությունը այն անհրաժեշտ ու միակ գործոնն է, որով Ադրբեջանի իշխանավորներին հաջողվում է սեփական հանրության տեսադաշտից քողարկել ներքին անհաջողությունները: Ալիևը ստիպված է խոստովանել, որ նավթի գների քառակի անկման հետևանքով իր ղեկավարած երկրի եկամուտները զգալիորեն ընկել են, ինչի հետևանքով Ադրբեջանը բախվել է տնտեսական և սոցիալական խնդիրների: Իսպանական «El Confidencial» պարբերականի հեղինակ Դանիել Իրիարտեն գտնում է, որ «եթե նավթի գինը չբարձրանա, ապա 2016 թվականին կավելանա Ալիևի ռեժիմի անվստահությունն իր ուժերի նկատմամբ, և հնարավոր է, որ առավել անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերվի ցանկացած տեսակի ընդդիմության կամ ներքին քննադատության նկատմամբ»: Հոդվածագրի համոզմամբ` տնտեսական դեֆիցիտը կարող է ազդեցություն ունենալ նաև «խավիարային դիվանագիտության» վրա: Սա արդեն լուրջ ողբերգություն է, եթե հաշվի առնվի, որ հանրային հարաբերություններում նավթադոլարների ահռելի ներդրումներ են արվել Ալիևի իշխանության իմիջը «մաքրելու» համար, ինչն աշխարհում ամենակոռումպացվածներից և ռեպրեսիվներից է: Գուցե սրանով պիտի պայմանավորել Բաքվի հիվանդագին զայրույթը Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելու առնչությամբ, այն փաստով, որ ազերիներն այլևս ի վիճակի չեն պաշտպանությանը միլիարդներ հատկացնել: Ազերիների կարգախոսը՝ «ինչքան շատ, այնքան լավ, ինչքան ավելի շատ, այնքան ավելի լավ», այս դեպքում կարծես կորցնում է իր նշանակությունը, ինչը ազերիների համար ճակատագրական պիտի լինի, երբ վարժվել են յուրաքանչյուր պարագայում մեկի դեմ հարյուրը պարզել: Եթե այս իրավիճակը շարունակվի, ինչն ավելի հավանական է, ապա, միանշանակ, Ադրբեջանում ոչ միայն շարունակվելու, այլև ավելանալու են բռնաճնշումները, և ավելի շատ «խղճի բանտարկյալներ» են հայտնվելու ճաղերի հետևում: Տնտեսական և քաղաքական ճգնաժամը մեղմելու միակ միջոցը շարունակելու է մնալ հայ-ադրբեջանական հակամարտությունը, թելադրելով ազերիներին ավելի ու ավելի սրել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով: Ինչպես ասում են, ազերիները փորձում են կործանումով փրկել իրենց կործանումը: Այլ դեպքում հազիվ թե համաձայնեին բողոքի նոտա հղել Ռուսաստանին, գիտակցելով, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտության լուծման բանալին, ի վերջո, Ռուսաստանի ձեռքում է: Դժվար է հավատալ, որ ազերիները այդ աստիճանի կորցրել են ինքնատիրապետումը, եթե այդպես էլ է, ավագ եղբայրը` Թուրքիան, թույլ չէր տա ու կմիջամտեր, թեև հնարավոր է, որ ազերիների քայլը` պայմանավորված ռուս-թուրքական լարված հարաբերությունով, հենց Թուրքիայի միջամտության արդյունքն է: Ազերիները ծանր ընտրության առջև են: Թուրքիայից հրաժարվելը ինքնահրաժարվել է, Ռուսաստանից երես թեքելը՝ ճակատագրական հետևանքներով հղի: Առայժմ ազերիները փորձում են ելքը երկակի խաղի մեջ փնտրել: Ռուսների դեմ նոտան հավանաբար ավելի ավագ եղբորը սիրաշահելու քայլ է, ռուսներին ընդդիմանալու իմիտացիա, հաշվարկելով, որ ռուսները հազիվ թե իրենց այդ քայլը լուրջ ընդունեն: Ու հայտնի չէ՝ ազերիների խաղը ինչքան կշարունակվի, կամ Թուրքիան ու Ռուսաստանը դեռ ինչքան կհամբերեն ու կթողնեն, որ շարունակվի: Մի բան պարզ է, որ ԱՄՆ-ի հետախուզության տվյալները` հակամարտության պոտենցիալ սրման հավանականության մասին, հեռու չեն իրականությունից, թեև սահմանային լարվածությունն այնքան է խորացել, որ դժվար է գուշակություններ անելը: Իսկ ազերիների նոտային ի պատասխան, ՌԴ արտգործնախարարությունն ընդամենը հիշեցրել է, որ Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը՝ հորդորելով Բաքվին դրան ըմբռնումով մոտենալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.