Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Դիտանկյուն

Այս անգամ էլ առավոտյան արթնացանք հակասական զգացումներով՝ գարնան առաջին օրն է. երկինքը, օդը, արևը՝ կենսահաստատ ու ուրախություն բերող… Գարնան առաջին օրն է, և արդեն ութերորդ անգամ, պաշտոնապես հայտարարված, առնվազն տասը զոհված ՀՀ քաղաքացիների տներում երկինքը, օդը, արևը… կենսահաստա՞տ է, ուրախություն բերո՞ղ:
Իհարկե, գարնան առաջին օրը արթնացող մեր բոլոր քաղաքացիները չեն տարուբերվում այս իրարամերժ զգացումների միջև, կան որ՝ ոչ թե մոռացել են, այլ նույնիսկ հասցրել են չգիտենալ: Ասվածի մեջ կշտամբանք չփնտրեք՝ մեզանից ամեն մեկն ընտրում է իր ապրելու գաղտնագիրը: Մյուս կողմից էլ չդատես-չդատվես աստվածաշնչյան բանաձևն է իրեն հիշեցնում: Դրա համար էլ մարտիմեկյան զոհերի հիշատակին խոնարհվելու գնացող երթի միջից նայելով կողքով սուրացող մեքենաներին, մայթերին կանգնած-նայող կամ անհաղորդ իրենց ճամփին հետևող մարդկանց՝ մտքովս էլ չի անցնում ինձուինձ հարցնել՝ ինչո՞ւ են անտարբեր (նոր եմ այս փիլիսոփայական հանգստությունը ձեռք բերել, մի երկու տարի առաջ, թեկուզ ինձուինձ, հարց չէր՝ պահանջ էր):
Միլիոնանոց քաղաքում հազարավոր մարդկանց երթը հպարտորեն շա՞տ է, թե՞ ամոթալի քիչ: Ընդամենը ութ տարի առաջ այս նույն փողոցներում ՀՀ սպանված քաղաքացիների հիշատակին հազարավոր ծաղիկ դնողների կողքին հարյուր հազարավորների անմասնակից ներկայությունը ի՞նչ է նշագրում մեր բոլորի Վաղվա օրվա մեջ: Հարցեր են, որ արդեն փիլիսոփայական հանգստությամբ ու ոչ նախորդ տարիների զգացմունքայնությամբ տալիս եմ՝ ոչ ինձուինձ: Ութ տարի առաջ համաժողովրդական հանցանք կատարած ու դեռ պատժի չարժանացածները առնվազն ևս մեկ տարվա ինդուլգենցիա ստացան… Մեր նորագույն պատմության այս ողբերգական էջի քստմնելի մեղավորները հաշվիչի վրա մեկ տարի էլ կավելացնեն՝ առավել համոզվածությամբ, որ ժամանակը ամեն ինչ մոռացնում ու հարթեցնում է: Իսկ նրանցից որոշները գուցե կարդացե՞լ են Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» ու հատկապես այն դրվագն են փայփայում, երբ անսահման երկար ու անաղմուկ գնացքով գնդակահարվածներին տանում էին քաղաքից դուրս, իսկ քաղաքի ներսում արդեն մոռացել էին կատարվածը և Խոսե Արկադիո Երկրորդի հարցին պատասխանում էին. «Մեռածներ չեն եղել»…
Մարտի 1 տեսած, միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի գլխավոր պողոտայով քայլում են ՀՀ քաղաքացիները: Կարևոր չէ՝ քանի հազար, առավել անկարևոր է՝ այն միլիոնի քանի տոկոսը: Նրանց երթը կեղծված ընտրությունների հետևանքով ընդվզած ՀՀ քաղաքացիներից տասը սպանվածների հիշատակի խնկարկումն է: Բայց՝ ոչ միայն: Նրանցից յուրաքանչյուրն իր մեջ պահում է գարնան առաջին օրվա սահմռկելի հուշը, ու քանի դեռ Երթը կլինի, մեր քաղաքից հեռու կմնա Մակոնդո քաղաքի այն օրերի ուրվականը, երբ նրա բնակիչները իրենց հիշողությունից ջնջեցին քաղաքից անաղմուկ հեռացող, անսահման երկար գնացքը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.