ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

ԹումանյանՀովհաննես Թումանյանը նոր ժամանակների հայոց սրբացված անհատն է, որի հանճարի ուժը երկրի և ժողովրդի ճակատագրին նվիրվածության, տիեզերական ընդգրկման, բնության և բանականության աստվածացման, անանձնականության, ստեղծագործական ժառանգության հավերժության, վիթխարիության, եզակիության մեջ է: Թումանյանի դավանանքը հավերժական արժեքներն ու ճշմարտություններն են: Ավելին՝ նա համազգային, համամարդկային երևույթ է. նրա հանճարի լույսն ու ահագնությունը, հայ գրականության և իրականության մեջ նրա շքեղ փայլատակումը, թողած խոր և անեղծանելի հետքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության աստվածային շնորհն են, արարչագործության և բարձր սխրանքների տանող ճանապարհների առհավատչյան: Գրողի ազգանպաստ գործունեությունն իր ողջ ներուժով դրսևորվեց XX դ. սկզբին, երբ իրադրության տերը ջարդի ու կոտորածի իրողություններն էին, երբ վտանգված էր հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Նշանակալից է մեծ հումանիստի դերը անդրկովկասյան ժողովուրդների միջև համերաշխություն և փոխըմբռնում սերմանելու ուղղությամբ: Նա պատրաստ էր իր բոլոր սրբությունները և հենց իրեն զոհաբերելու հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի: Համընդհանուր ճանաչում ունեցող Թումանյանի ժառանգությունն է ամենից խոր և հարազատորեն խտացնում հայ ժողովրդի հավաքական կերտվածքը, արարման ոգին ու նրա խռովքը: Ինչքան բարդ՝ բերկրանքով ու վայելքով, նաև անասելի դժվարություններով ու արհավիրքներով ճանապարհ անցավ բանաստեղծը, ճանապարհ, որով, երևի թե, չէր անցել դեռ ոչ մի մտավորական: Նա քանիցս «գտնվեց Սկիլլայի և Քարիբդիսի միջև»` անցնելով դժոխային խորխորատներով, կրելով քրիստոսյան տառապանքները: Բայց և ինչ պայմաններում, ինչ իրողության մեջ էլ գտնվեց, մշտապես եղավ վեհ ու հանճարեղ՝ չկորցնելով հավատն ու լավատեսությունը: Մեծ, շատ մեծ կյանքով ապրեց Հովհաննես Թումանյանը. տիեզերական համայնապարփակության ու մարդկային կյանքի վեհության միահյուսմամբ` անպարագիծ ու անսահման:
2019 թ. լրանում է Մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակը, ինչը, բնական է, պետք է նշանավորվի ամենաբարձր չափանիշներով: Մեծերի հետ կապված կարևոր իրողությունների նշանավորումը ոչ միայն հարգանքի տուրք է, այլև նրանց կյանքն ու գործն է՛լ ավելի խորությամբ ուսումնասիրելու, արժևորելու, առավել ճանաչելի դարձնելու, դասեր առնելու պարտավորություն: Հատկապես, եթե դա վերաբերում է ազգային հնչողություն ունեցող անհատներին: Իսկ եթե անհատը «Հայոց մեծերից ամենամեծն է», «Ամենայն հայոց բանաստեղծը», «Հայոց չորս բարձր գագաթներից ամենաբարձրը», ապա հնչողությունը լինում է այնքան ուժգին, այնքան շռնդալից, որքան եղավ 1969 թ. «Թումանյանական հրաշապատումը»՝ կապված բանաստեղծի ծննդյան 100-ամյակի հետ:
Եկող 150-ամյակին, բացի զուտ հոբելյանական միջոցառումներից, կարևոր կլինեն նաև ծննդավայր Դսեղին և բանաստեղծի կյանքի ու գործունեության հետ կապված խնդիրներին վերաբերող բազմաբնույթ այլ աշխատանքներ (կառուցումներ, նորացումներ, բարենորոգումներ, հիմնադրումներ և այլն), որոնց զգալի մասն իրագործելու համար կպահանջվեն տևական ժամանակ, ջանքեր և ներդրումներ, ուստի դրանք պետք է ձեռնարկվեն վաղօրոք: Ի դեպ, դրան է նպատակաուղղվում նաև 1969-ին բանաստեղծի 100-ամյակի նշանավորման փորձը, երբ իրագործվեցին շատ մեծ և կարևոր գործեր, սակայն ամեն ինչում զգացվում էր հապճեպություն, ժամանակի սղություն, աշխատանքային օրը 24 ժամ էր, Դսեղը ամիսներով դարձել էր հոբելյանական հանձնաժողովի (նախագահ՝ ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Ա. Քոչինյան) նստավայրը:
Անցյալի դասերը հաշվի առնելով՝ անտարակույս է, որ հենց այժմվանից պետք է մշակել ու իրագործել բանաստեղծի ծննդյան 150 տարին նշանավորող, նրա անվանը և գործունեությանը արժանավայել ու անհրաժեշտությունից բխող միջոցառումներ: Այդ մտասևեռումով էլ ուշադրության ենք ներկայացնում մի շարք խնդիրներ ու նկատառումներ.
ա. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը հարկ է նշանավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ասել է թե՝ միջազգային մասշտաբով:
բ. Հրատարակել բանաստեղծի երկերի ժողովածուները, առանձին ստեղծագործությունները, գիտական կենսագրությունը, «Թումանյանական հանրագիտարանը», Ա. Ինճիկյանի «Հովհաննես Թումանյան, 1900-1923 թթ.» 2-րդ հատորը, բանաստեղծի դստեր՝ Նվարդ Թումանյանի թումանյանագիտական-գրականագիտական ուսումնասիրությունների լիակատար ժողովածուն, որդու՝ Արտավազդ Թումանյանի գրական-արվեստագիտական ստեղծագործությունների ընտրանին, ավարտել գրողի կյանքի և ստեղծագործության տարեգրությունը և այլն:
գ. Կազմակերպել թումանյանական թեմաներով ստեղծված կերպարվեստի, գրաֆիկայի, գրքարվեստի, քանդակի գործերի ցուցահանդեսներ, երաժշտական, կինո գործերի ունկնդրում-դիտումներ:
դ. Թումանյանն իր հայրենի Լոռում դեռևս արժանիորեն չի ներկայացված: Այդ առումով տեղին կլինի Լոռու մարզկենտրոնում՝ Վանաձորում, բանաստեղծին նվիրված հուշարձանի կառուցումը: Ամենամեծ անհատի հուշարձանը պետք է կառուցվի նպաստավոր տեղում՝ լինի լավ դիտելի, ժողովրդին մոտիկ ու մատչելի: Այդ առումով ամենահարմարը քաղաքի կենտրոնական հրապարակն է, որը մի ժամանակ կրում էր Ս. Կիրովի անունը: Հենց Կիրովի արձանի՝ ներկայումս թափուր տեղում էլ նպատակահարմար է տեղադրել Թումանյանին նվիրված հուշարձանը՝ հրապարակն էլ կոչելով նրա անվամբ: (Ի դեպ, Վանաձորի կենտրոնական հրապարակի՝ ներկայիս «Հայքի հրապարակ» անվանումը հաջող չէ. Հայքը նույնական է Հայաստանին, որով հարմար է կոչել համահայկական, ասենք, մայրաքաղաքի հրապարակներից մեկը: Բացի դրանից, հատկապես տառադարձումներում այն շփոթելի է Հայկ անձնանվան հետ): Ուշագրավ տարբերակ կարող է լինել գրողի կերպարի մարմնավորումն իր ստեղծագործությունների հերոսների միջավայրում, նրանց հետ շաղկապված:
ե. Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղուց դեպի Դսեղ տանող ճանապարհաբաժանում տարիներ առաջ կար Թումանյանի «Գիքորի» հերոսներին պատկերող մի նկար, որտեղ Գիքորը ձեռքը մեկնել էր Դսեղի ուղղությամբ, ասել է թե՝ Դսեղի ճանապարհանշանն էր: Նպատակահարմար է այդ ճանապարհաբաժանում տեղադրել համանման կամ մի այլ հորինվածքով մոնումենտալ քանդակ՝ որպես Դսեղի ուղեցույց-խորհրդանշան: Դա կարող է ունենալ նույն հնչողությունը Դսեղի համար, ինչ որ ունի «Մենք ենք, մեր սարերը» Ստեփանակերտի համար:
զ. Վերակառուցել, բարեփոխել Դսեղի՝ Թումանյանի տուն-թանգարանին հարակից բնակելի շինությունը (կառուցված XX դարասկզբին՝ Հովհ. Թումանյանի եղբոր՝ Վահան Թումանյանի կողմից)` այն օրգանապես ընդգրկելով տուն-թանգարանի համալիրում՝ ծառայեցնելով նրա կարիքներին (միջոցառումների, դասախոսությունների անցկացման վայր, ծառայողական, կենցաղային հարմարություններ և այլն):
է. Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանը կարևոր դեր է կատարում մեծ գրողի ժառանգության պահպանման և սերունդների սեփականությունը դարձնելու ուղղությամբ: Լիովին հասունացած է և իրագործման պայմանները կան, որպեսզի թանգարանը լինի ոչ միայն թումանյանական արժեքների պահպանման ու ժողովրդականացման վայր, այլ նաև այդ արժեքների հետազոտման, հայտնաբերման և արժեքավորման կենտրոն՝ թումանյանական կենտրոն` դարձնելով այն թանգարան-ինստիտուտ:
ը. Գործողության մեջ դնել Հայաստանի գրողների միության՝ դեռևս 1980 թ. սահմանված Թումանյանի անվան գրական մրցանակը, որը վերջին տասնամյակներում չի շնորհվում, թեպետ թումանյանագիտությունը մեծ առաջընթաց է ապրել, և, անշուշտ, կլինեն արժանի ստեղծագործություններ, որոնք կարող են հավակնել գրողի անունը կրող մրցանակին:
թ. Կարգավորել Դսեղի Ծովերի ջրավազանը, բարեկարգել տարածքը` հարմարեցնելով հանգստի և զբոսաշրջության կարիքներին:
ժ. Դսեղում կազմակերպել Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով քանդակի միջազգային սիմպոզիում` արդյունքներն օգտագործելով հիմնականում Ծովերի տարածքի ձևավորման համար:
ի. Թումանյանի կյանքի և գործունեության հետ սերտորեն շաղկապված՝ Դսեղի Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը ՀՀ տարածքի ամենատպավորիչ հուշահամալիրներից է, որի ներկայիս աղետալի վիճակը քանի գնում՝ ծանրանում է: Բարվոք վիճակում չէ նաև Դսեղի Քառասնից մանկանց վանքը: Երկուսն էլ բարձր արվեստի գործեր են և անհետաձգելիորեն կարիք ունեն նորոգման, ամրակայման, բարեկարգման: Ավելին՝ Դսեղի պատմամշակութային գոտին՝ նշված և մյուս հուշարձաններով, պետք է բերել այնպիսի վիճակի, որ մտնի ՀՀ զբոսաշրջային երթուղիների մեջ, ինչը, բացի հուշարձանների կարգավորումից, պահանջ է առաջադրում ճանապարհների, մոտեցումների (և՛ Դսեղի սարահարթից, և՛ Մարցի ձորից), ենթակառուցվածքների, սպասարկման հետ կապված այլ օբյեկտների ստեղծման:
լ. Թումանյանի ծննդավայր Դսեղին հարող թանկարժեք ծառատեսակներով հարուստ, սաղարթախիտ անտառային գոտին՝ գրողի կյանքի և գործի հետ կապված բազում մասունքներով, ճարտարապետական հուշարձաններով, կոթողներով, սրբություններով (Բարձաքաշով, Ծովերով, Առվյակով, Քառասնից մանկանց վանքով և այլ արժեքներով) հանրապետության հարստագույն և թանկ պարգևներից է: Ելնելով նրա խնամքի ու պահպանության շահերից, տնտեսական, պատմամշակութային կարևորությունից` նպատակահարմար է այն ամբողջությամբ կամ մասնակիորեն դարձնել Թումանյանական պետական արգելոց, ինչպես Վայմարն է՝ Գյոթեի, Ցարսկոյե Սելոն՝ Պուշկինի, Պյատիգորսկը՝ Լերմոնտովի, Յասնայա Պոլյանան Տոլստոյի համար:
Կարևոր է, որ թումանյանական միջոցառումների երթը՝ մայրաքաղաքի հետ միասին, ընթանա նաև մարզկենտրոններով, մյուս բնակավայրերով, ուսումնակրթական օջախներով… ողջ հանրապետությունով:
Թումանյանագիտությունը մեծ վերելք է ապրել: Հսկայական աշխատանք է կատարվել Հովհ. Թումանյանի կյանքի և գրական ժառանգության ուսումնասիրման, հրատարակման, համաժողովրդական ճանաչման արժանացնելու ուղղությամբ: Այդ խնդիրների լուծումն իրենց կյանքի գործը դարձրին հայ գրականագիտության և թումանյանագիտության տարբեր սերունդների շատ ներկայացուցիչներ՝ Ա. Ինճիկյանը, Ս. Աղաբաբյանը, Էդ. Ջրբաշյանը, Լ. Հախվերդյանը, Հր. Թամրազյանը, Լ. Կարապետյանը, Ա. Եղիազարյանը, Ի. Սաֆրազբեկյանը, Ս. Հովհաննիսյանը և ուրիշներ: Բայց անելիքներ դեռևս շատ կան, թումանյանագետների նոր սերունդը դեռ շատ գույներ պետք է հավելի թումանյանագիտության հոյակերտ ապարանքին: Եվ սպասելի է, որ 2016 – 2019 թվականները թումանյագիտության զարգացման համար լինեն մերօրյա «Բոլդինյան աշնան» տարիներ:
Համարվում է, որ «Հովհաննես Թումանյանն իսկական պատրիարքի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա», նրան անվանում են «Աստվածային պատգամախոս», «Հովհաննես առաքյալ», «Մարգարե», «Աստծո պատվիրակ» և այլ սրբագործող որակումներով: Ժողովուրդը սրբացնում է նրանց, ովքեր սրբորեն կատարում են Աստծու պատվիրանները, ովքեր նահատակվում են ազգային շահի համար, ովքեր համազգային կարևորության եզակի, ճակատագրական արարումների հեղինակ են, ինչպես Հովհաննես Թումանյանն է՝ հայոց մեծագործ, զորավոր Սուրբը, որ հավերժ պետք է ապրի ժողովրդի հետ, ժողովրդի սրտում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.