ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ… ԳՐՈՂՆԵՐԸ

Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնին առընթեր գործում է «Հանդիպում» ակումբը, որ պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում գրողների հետ՝ նպատակ ունենալով նաև այդ ձևով նպաստել ուսանողների գեղարվեստական-գեղագիտական դաստիարակությանը, ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել նրանց արտաուսումնական առօրյան: Այդ հանդիպումները, ըստ էության, վերածվում են գրական յուրօրինակ դասերի, որոնք վարում են իրենք՝ գրողները: Այսպես՝ բանասիրական, ռոմանագերմանական, մանկավարժության մեթոդիկայի ֆակուլտետների ուսանողների համար հայ դասական և ժամանակակից մանկական գրականությանը նվիրված դաս է ավանդել բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը:
Օրերս համալսարանի հեռակա բաժինների ուսանողների հյուրն էր բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր և նույնանուն հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը: Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Պետրոսյանն իր բացման խոսքում կարևորեց նման դասհանդիպումների դերը ուսանող երիտասարդության հետ տարվող կրթադաստիարակչական գործընթացների համակարգում: Այնուհետև հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը հակիրճ անդրադարձավ Անուշ Վարդանյանի «մեծական» և մանուկներին հասցեագրված ստեղծագործությունների յուրահատկություններին, ընդգծելով, որ նրա բանաստեղծական ժողովածուները իրենց խոհափիլիսոփայական տարերքով առանձնանում են ժամանակակից հայ պոեզիայի «թեմատիկ տարածքում», իսկ հեքիաթների ու պատմվածքների գրքերը միշտ էլ ջերմությամբ են ընդունվում փոքրիկ ընթերցողների կողմից:
Ինքը՝ բանաստեղծուհին, ուսանողների հետ հետաքրքիր երկխոսություն վարեց ազգային ինքնության պահպանման գործում, ընդհանրապես մեր կյանքում գրականության և արվեստի մեծագույն դերակատարման, գիրք-ընթերցող խաթարված կապի վերականգնման անհրաժեշտության իր ստեղծագործական ծրագրերի մասին: Վերջում նա պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, ունկնդրեց նրանց կողմից իր ստեղծագործությունների ընթերցումը, և ինքն էլ ներկայացրեց «Սիրո պողոտա» գրքից մի քանի բանաստեղծություն:

Լ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.