Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, Հայրենիք շենացնելը՝ առաքինություն». կարդացի 28 համարի ավտոբուսում, սովորաբար հայտարարություն-գովազդներին հատկացրած տեղում, մեծ տառաչափով գրված երկու տողն ու դեռ չհասցրած զարմանալ վարորդի, թե չգիտեմ ում, նախաձեռնության վրա, կարդացի երրորդ տողը՝ Վազգեն Կաթողիկոս: Հայացքս, որ այլ դեպքում պիտի սահեր-անցներ, քարացավ-մնաց. ու միաժամանակ մի քանի միտք խուռներամ սկսեցին պտտվել՝ աստիճանաբար իրենց գալարապտույտի մեջ առնելով այդ պահի ուշադրությունս (հարկավոր կանգառը բաց չթողնեմ) և անցյալի հուշը… Անցյալ դարի 70-ականներն էին, ես՝ ուսանող, ու եթե ոչ ամեն կիրակի, գոնե մեկումեջ պիտի գնայի Էջմիածին, առավոտյան պատարագին: Շատ ջահել էի և շատ էի սիրում կիրակնօրյա երկար քնելը, բայց մյուս օրերից էլ շուտ էի արթնանում, որ հասնեմ, չուշանամ: Ասեմ՝ մոլեռանդ հավատացյալ էի՝ հիմա էլ չեմ (բայց հավատս ամուր է), գնում էի, որովհետև գիտեի՝ տաճարում, ինձնից ոչ հեռու, Կաթողիկոսն է, Վազգեն Կաթողիկոսը, ով ինձ (հավատացած եմ, այն օրերին` բոլորի՛) համար սուրբ էր իր մտքերով, արարքներով, իր հայացքով. ով մեկ անգամ բախտ է ունեցել արժանանալու այդ հայացքին, ընտրյալ է: Մտովի այն օրերի մեջ էի, երբ այս օրը եկավ ու խեթեց. «Վերջին անգամ ե՞րբ ես եղել եկեղեցում»: Առանց վարանելու պատասխանեցի. «Միայն հոգեհանգիստների ժամանակ»… Ու որ հոգիս չպղտորվի՝ նորից հայացքս գնաց-մեխվեց՝ «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, Հայրենիք շենացնելը՝ առաքինություն»: Հայրենիք ստեղծեցի՞նք: Ստեղծեցի՛նք: Պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի, մշտատև հույսի ու ժամանակավոր հուսալքման, զրահագնացքների վրա Ազատության հրապարակ տարվող փակ դագաղների ու նորածինների բարուրներում դրված տաքացրած ավազի բարձիկներով… Ուրե՞մն… հայացքս պոկվում-գնում է զննելու ավտոբուսում նստածներին: Հայացքիս մեջ հաստատ մեծ հարգանք կա, նրանցից ամեն մեկը այդ Ստեղծումին մասնակցել է, անգամ, ա՜յ, էն ջահելը, որ քսան տարեկան էլ չկա: Հետո նայում եմ վարորդի թիկունքին ու, չգիտեմ ինչու, բայց գիտեմ, որ ազատամարտիկ է եղել, կռվել է ու հիմա էլ կռիվ է անում, վկան՝ այս տողերը, և եթե սկզբում կասկածում էի, հիմա համոզված եմ, որ ի՛նքն է այս խոսքը տվել տան ջահելին, որ համակարգիչով հավաքի, հետո տպի, և ինքն է բերել, կպցրել այնտեղ, որտեղ սովորաբար հայտարարություն-գովազդ է: Պատկերը էլի խաթարեց այս օրը՝ խեթելով. «Եռաբլուր չգնացիր, որ տեսնեիր՝ ինչպես էին Հայրենիք ստեղծած-զոհվածների ծնողները ոտքով բարձրանում, իսկ նրանց կողքով, փայլին տալով ու փնչացնելով, սուրում էին թանկարժեք մեքենաները, ու մեկի մտքով չանցավ՝ կանգներ, գոնե մի ծնողի իր հետ վերև բարձրացներ»… Պատասխան չունեմ, ու չեմ էլ կարող նայել Կաթողիկոսի խոսքերին՝ ամաչում եմ, ինձ համար, որ Եռաբլուր չգնացի, այդ մեքենաներում նստածների համար, որ գոնե մի ծնողի իրենց հետ վերև չբարձրացրին… Ինքս ինձնից նեղացած, կառչում եմ իրենց գալարապտույտի մեջ առած մտքերից առաջինին, ի՞նչ է ուզում ինձ ասել… Որ ավելի հեշտ է հերոս լինել, քան առաքինի՞: Հայրենիք շենացնելու առաքինությունը կյանքի զոհաբերում չի պահանջում (երկրի ժողովրդավարական զարգացման, մրցունակ տնտեսություն ստեղծելու համար հրակնատը կրծքով ծածկելու պետք չկա): Հայրենիք շենացնելու առաքինությունը տաժանակիր կենցաղ-առօրյայով ապրել չի պահանջում (սոցիալական, գոնե նվազագույն, արդարության սանդղակ ապահովելու համար մութ ու ցրտի մեջ նստելու կարիք չկա): Ուրեմն՝ ի՞նչ… Կարելի է դիմանալ, մարդ մնալ պատերազմի, շրջափակման մեջ ու հաղթել,- և նահանջել, չմարդ դառնալ ու պարտվել խաղաղ օրերի՞ն…
Ինչ լավ է, որ իմ կանգառն է, ու պիտի իջնեմ, կախման կետերի մեջ թողնելով միտքս, որովհետև… Իհարկե, շարունակել կարող եմ, և այդ շարունակությունը մի նոր հոդված կլինի, «շրխկան-հրապարակախոսական», ինչպես ասում էինք 90-ականների «Գարունի» խմբագրությունում: Բայց չեմ ուզում շարունակել, որովհետև Հայրենիք ստեղծելուց հետո պարտությունդ խոստովանելը մահից ծանր է…
Կանգառից մինչև տուն էլի մտքեր եկան ու խառնեցին հոգիս, ու ես ինձ փորձում էի խաղաղեցնել, հույսի խարիսխ ընտրելով մեր նոր սերնդին, որը գուցե հերոս լինելու կարիք չունի, քանի որ լավ-վատ, Հայրենիք նրանց կփոխանցենք, իսկ, այ, առաքինի անպայմա՛ն կլինի, որովհետև մեր երկիրը շենանալու շատ մեծ կարիք ունի… Ու միայն տուն մտնելուց հետո մտքովս անցավ՝ իսկ այդ խոսքը իրո՞ք Վազգեն Կաթողիկոսինն էր: Բայց ես միայն ժպտացի այդ դավադիր մտքիկին՝ ասելիքը կարևորվում է ԱՍՈՂՈՎ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.