Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

Նախաշեմ
Մեն- մի դուռ էր,
Մեն- մի ճամփա՝ վերին,
Ցավը վաղուց ծառ էր դարձել
Ու ծաղկել էր վեմին,
Միջօրեի մեգում տալ- առնելիք չկար,
Ծա՞ռ էր, մա՞րդ, թռչուն,
Թռիչք էր ունայն, անհատնում…
Մեն- մի Աջ էր, մեն- մի պատկեր երկնային,
Տեսի՞լք էր, թե՞ հոգու հայելին,
Ես շեմ էի, շեմը՝ երկնքի շուրթին,
Բաց էր դուռը, ու ահասարս
անհունն էր կանչում…
Խորհրդավոր բանալիներ
Անդառնալի մսխող ժամանակն ու
դաժան բնությունը տրվելով նախախնամությանը,
Շռայլորեն ու անգիտակցաբար առաջ էին մղվում կրկին ու կրկին ծնվելով
Եվ անհաշիվ կյանք-մահերի զուգորդումից անմահությունն էր հառնում ոչնչից,
Իսկ այնտեղ, մտքի լեռներում, կուսական ձյունն էր կաթ-կաթ հոսում ներքև,
Դեպի ստինքները հողի, դեպի հավերժության կանչող կոնքեր,
Որտեղ կենաց ծառի արմատներն էին երակներս
լցնում արարման ավիշով կանաչ…
Եվ Մանկությունը սարերում դեգերող արձագանքի պես
Թույլ ու աննշմարելի հուշերից ինձ էր հասնում
Գրգռելով գագաթները հոգու,
Ու ես հեռավոր անցյալից գալով ամբողջություն էի դառնում
Թույլ տալով երևակայությանն անցնել սահմանը գիտակցականի
Շարունակելով ճամփես դեպի անհայտ նշակետ,
Դեպի իրողությունը Ոչնչի, դեպի տարածություն,
Որտեղ երազանքները չեն մեր ճանապարհները,
Ճանապարհներն են մեր երազանքները չբացահայտված,
Որտեղ ես եմ հանդիսատեսը վերջին հոգեհացի
Ու վերջին լացողն եմ երկրային ուրախության,
Որտեղ երկնային արքայության շքեղազարդ վաճառականներն են
Հին ու մոլորյալ աշխարհի վշտերով հղփացել
աճուրդի հանելով մասունքները Տիրոջ,
Որտեղ հայրերի անեծքը որդիների օրհնությամբ չի ավարտվում
Եվ կյանքը կարելի է ծաղրել
Կրելով դիմակը ճշմարտության, ի ցույց դնելով սեփական եսը,
Որպես զվարճանքի առարկա կամ խաղալիք,
Որից հետո ամեն ինչի և գոյության ինքնասպառումը
Գիտակցության գետի կանգառով է վերջանում
Ցավի ու տառապանքի հովտից այն կողմ, անսահման խաղաղության մեջ…
Բայց ցանկացած ժայթքման մեջ կա անմահության մասնիկ,
Մի դրվագ, որ ընդվզումը շարժման հարատևման սկիզբն է,
Երևակայության զառանցանքը, ոգեպաշտությունը հառնող անցյալի,
Որտեղ Երկնքի ու մտքիս անհուն կապույտում
Մարդու և ոչնչի միջև չկա անջրպետ,
Որտեղ երկրային կյանքը գերեզմանն է ունայն,
Իսկ երկնաբնակները կա՛մ լռում, կա՛մ կայծակների լեզվով են խոսում
Աստծուն հասկանալի, ու երեք խնձորների հեքիաթից զատված վախերով է,
Որ այստեղ ավարտվում է ջահելության կարկաչուն գետը
Փոխվելով լայնահուն ծանծաղուտի, որում երկնքի անդրադարձից
Ավելի մեծ է թվում պարփակված, ճահճացող ցավը
Ինքնածին, հրեշանման գորտերի խրախճանքում անբռնազբոս,
Որին հակընդդեմ միաբջիջ գոյը պայքար է մղում ճեղքելով քարը,
Ծծում է թաքնված խոնավությունն ու լույսը կենարար,
Կռիվ է տալիս հաղթելու մահվան բնազդին,
Որ մնա, ոտնատակ չդառնա անցյալի հուշերում անհատակ,
Ո՛չ մարդու, ո՛չ էլ բնության ինքնակա գիտակցված չարչարանքներով
Հասնի մոռացության անիմանալի վերջաբանին
Անսեռ, անանուն Աստծո քմայքով շղարշված սպասի Բանի տեսիլքին…
Որը մի պահ է, թվացյալ վայրկյան՝ ավելի արագ
Կամ դանդաղ, տիտանական կամքով բեկված,
Երբ բանաստեղծները կրկին կգովերգեն հաղթանակը իրերի
Եվ ժամանակը կգերազանցի ինքն իրեն
Ի ցույց դնելով սնանկությունը մտքի ու զավեշտը գուշակությունների,
Եվ արդեն հասկանալի է այն, որ սովորական մարդուն իր վախերը հերիք են լրիվ,
Էլ ինչին են այդքան ծանրակշիռ փաստարկները հավերժության հերքումի,
Երբ հնազանդության վարձքը երկնքում
Անմահության հույսով պիտի պատռի դժբախտ դիմակը մահվան,
Երբ խենթությունը հիվանդություն չէ, հոգեվիճակ է, ինչպես կրակապաշտությունը,
Երբ մենության ճանաչողությունն ու գիտելիքի անբավությունը
Կայացման գրավականն է միայն,
Երբ չարի ծնունդն ու բարու հաղթանակի անկարծելի վերջաբանով տոգորված
Այս ժամանակը ավելի լավը չէ, քան նախկինները մոռացված,
Ինչ-որ տեղ երկինքներում թափառող տիեզերական քամուն հանձնված
Երկնաքարի ասուպային անհունի մելանե ցնորքներում,
Քանզի սերն՝ ուրախությամբ, թախիծը՝ տառապանքով կանցնեն, կգնան,
Ո՛չ սիրո մաճառը կմնա սափորում, ո՛չ գինին ցավի,
Միայն հուշի մոխրագույն գետը ինչ-որ տեղ կպտղավորվի,
Որտեղ կապտաճերմակ բիբերով երկիրն է աստղափոշով սփռվել,
Որտեղ երջանկությունը Սիրո անսահմանության մեջ է Կատարելություն,
Որտեղ ֆիզիկականի հոլովույթը կարծես կանգ է առել հոգևորի հրավառությունից,
Որտեղ նյութը գաղտնագիր հիշողությամբ նոր հատկանիշներ է հագել,
Ինչպես լեռները կրակածիր ու ծովերը հրդեհված, որ արոտավայրն են
Երանության բոցե ալիքներով վարգող հրաբաշ նժույգների,
Իսկ բնության լեզուն շատ է հասարակ ու անհասկանալի,
Նա ինձ հաշտության է կոչում ինձանից դուրս,
Այնտեղ, ուր համանվագն է ներդաշնակության,
Ուր հորիզոն չկա անեզրության ծիրում,
Կա սևը կապույտ շղարշի ընկալման խաբկանք
Ու Արևից ճառագող խոստովանության
մաքրամաքուր ճաճանչները ինքնամաքրման,
Որովհետև սիրտս մոլորակների պես մեկից ձգվում ու վանվում է մյուսից,
Ով դեռ ժայռերի կնճիռների սեպագրերի ճշմարտությունը չի վերծանել
Ու քաղաքների մեքենայացված առօրյա հաճույքներն է վաճառում փութով,
Չհասկանալով սարերում թափառող հովվի փիլիսոփայությունը,
Ով Աստծո գառներն է պահում մատաղի համար այն ապագայի,
Այն անմահության գոյության, որը խայծն է կրոնների
Ու թմրեցնող սքանչանքն է հազարամյակների,
Որը սակայն իր մեջ է թաքնված, իր անբեկ Հավատի տաճարում,
Ուր քարերի անձեռակերտ դռներում Աստծո գործերն են
Փարատում կասկածները հրաբուխներ պարփակող Ուժի…
Վարագույր
Հիմա այստեղ եմ, այս անհող երկրում,
Հիմա ես, ես եմ բացահայտ եռագիծ ճակատով կանգնած
Մինչև անսահմանություն՝ դատարկության վախի դեմ դիմաց
Ու թափանցիկ էությամբ դողում եմ անորոշությունից կամարի,
Բաց է դուռը, ու քամին է սուրում իմ միջով
Հյուլե առ հյուլե լուծելով ինձ մռայլ անհունին,
Էլ չկա վերադարձ Ոչնչից անդին տարածված լույսին,
Եվ իջնում է վարագույրը Երկիր բեմին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.