ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Իմ ժամանակը թռչում է նետի պես, գնդակից արագ: Պատանության, երիտասարդության տարիներին շռայլորեն օգտագործեցի ժամանակը, այժմ դողում եմ յուրաքանչյուր րոպեի համար, ձգտում, որ այն չլինի անարդյունք, աննպատակ: «Մի բաղմանչին երկու բաղին ի՞նչ անե, մի նոքարը երկու աղին ի՞նչ անե»,- ասել է Սայաթ-Նովան: Երկու այգի եմ խնամում, մշակում, ծառան եմ հող ու ջրի, իմ գյուղի, իմ հայրենիքի: Առավոտներն աշխատում եմ գրիչով, ցերեկներն ու երեկոյան՝ բրիչով, բահով, երբեմն՝ գերանդիով: Իմ մեծ այգում, որ ի հիշատակ նախնիների կրում է «Բագրատունյաց փառքի հուշապուրակ» անունը, շուրջ հինգ հազար ծառ ու թուփ կա, դրանցից 200-ը մրգածառեր են: 25 տարի է, ինչ այստեղ իմ զավակների հետ ծառեր եմ տնկում, ջրում, խնամում:
Իմ ներշնչանքը, բանաստեղծական տողերը ծնվում են հիմնականում հայրենի հող ու ջրի ավիշներից, հայոց հին հիշատակներից, Արևմտյան Հայաստանի սրբազան եզերքների կորստյան ցավերից ու խռովքներից, պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի տագնապներից:
Ամեն օր արթնանալիս հայացքս դիպչում է հայոց 9-րդ մայրաքաղաք Երազգավորս-Շիրակավանի, Տիգնիս բերդի ավերակներին, Արևմտյան Հայաստանի անծայրածիր հորիզոններին: Փշալարերը բզկտում են հայացքս, հոգիս: Ամեն օր ապրում եմ նույն ցավը, նույն տառապանքը:
Առաջին ձյունը միշտ բերկրանք է պարգևում. ավարտվում են երկրագործի իմ տքնանքներն ու ջանքերը, սկսվում է գրչի բեղուն աշխատանքը: Եզրափակվում է տարին:
2015 թ. կարողացա 3 գիրք հրատարակել, իմ ծննդավայր Երազգավորսում կանգնեցնել Զորավար Անդրանիկի փառքի հուշակոթողը, շնորհալի ընկերներիս, համագյուղացիներիս աջակցությամբ գյուղում կառուցել բազիլիկե եկեղեցու հիմքը:
Դառն են ու դաժան մեր ժամանակները: Աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին է, շարունակվում է հայ-ադրբեջանական պատերազմը, արտագաղթը երկրի հիմքերն է քանդում: Բազմաթիվ ընթերցողներ խռովել են գրքից ու գրականությունից, այն անգույն, անբույր պոեզիայից, որ փորձում են մատուցել որպես բանաստեղծական նոր խոսք: Ցավոք, մեր գրականագետներից ոմանք չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել անտարբերության ստվերում կանգնած արժանավորներին, նրանց ստեղծած արժեքավորը, մինչդեռ ժողովուրդը տեսնում է ու գնահատում, իսկ ամենազոր ժամանակը առանձնացնում է հարդը կենսաբեր հունդից: Նման իրողությունում աշխատում եմ հավատարիմ լինել իմ քնարին, գրական հավատամքին, հետամուտ լինել այն գեղեցիկ ու ազնիվ, զուլալ ու խորունկ քնարերգությանը, որին հետամուտ եղան ու հասան Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.