ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵՍԸ Կամ` Իմ տեսածը քո տեսածին վնաս չէ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Երկրաշարժը խփել ու քարուքանդ էր արել Հայոց աշխարհը: Մենք Գյումրի հասանք ու առաջին պատահած փլատակի կողքին կանգնեցինք այն պահին, երբ տղամարդիկ փլատակի խորքերից երեխա էին հանում: Խարտյաշ, սիրուն տղա էր, դեռ ուշքի չեկած` երեխայավարի հրահանգեց-խնդրեց. «Մամայիս հանեք,- ասաց,- մամաս հոն մենակ մնաց, մամայիս հանեք: Շուտ էրեք, մամաս կխեղդվի, դե շուտ էրեք»: Ու խոսքերի արանքում լաց էր լինում: Ու երեխայի հետ լաց էին լինում բոլորը: Խնամքով, սիրով, գուրգուրանքով, թշերը պաչելով ձեռքից ձեռք փոխանցեցին, հասցրին բժիշկներին: Հետո հանեցին նաև երեխայի մորը: Պատգարակին դրած իջեցնում էին: «Երեխաս ինչը՞ղ է,- շշնջաց կինը,- վնասված տեղեր հո չունի՞ր»: Ծանր մի քար կարծես ետ գնաց բարակած սրտերի վրայից: «Երեխադ լավ է,- միասին ու շնչակտուր վրա տվին հավաքվածները,- երեխայիդ հեչ մե բանըմ էլ չի եղել, դու քեզի պինդ պահե, քուր ջան»: «Ես պինդ եմ»,- ասաց, պատգարակի վրա ծանր լարումով շտկվեց մի քիչ, փեշերն իջեցրեց բաց ծնկների վրա և … ուշաթափվեց:
Հուզմունքը ելել էր ալիքի կատարին: Զսպված, ինքն իր խորքում կուլ գնացող լացի մեջ ժողովուրդը ձեռքից գնում էր: Բժիշկները հենց պատգարակի վրա կնոջը սրսկեցին, ուշքի բերեցին, և շտապ օգնության մեքենան նրան երեխայի հետ տարավ: Ժողովուրդը մի տեսակ խաղաղված շունչ քաշեց: Գզգզված մազերով մի մարդ հավաքվածներին եռանդուն համոզում էր, որ քիչ առաջ սալի տակից աղավնի է թռել: «Աչքովս տեսա,- ասաց,- երեխա հո չեմ, օր խաբեմ»: Հավաքվածներից մեկը ցուցամատը քունքին դրեց, իբր` գլուխ մի՛ դրեք, գիժ է, ծալապակաս… Գիժը… Հետո իմացանք, որ նրանք երեքն էին` երեք եղբայր, ու ժողովրդի բնորոշմամբ` երեքն էլ գիժ: Ծնողները վաղուց էին մահացել, ու նրանք մեծացել էին բախտի բարեհաճ քմահաճույքին ապավինած: Չնայած բախտի մասին էլ պատկերացում չունեին. եթե օրվա հաց ճարում էին` ուրեմն բախտավոր էին: Նրանցից մեկը ամուսնացել էր իր նման մեկի հետ, և չորսով ապրում էին տուն հորջորջվող ինչ-որ կիսաքանդ կառույցում: Կողքինների ծիծաղն ու անչար բամբասանքը նրանց հասցեին ամեն պահի էր առկա, բայց նրանց համախոհ դասն ապրում էր արտաքին ձայների հանդեպ խուլ ու առանց բարդույթների և թքած ուներ ամեն մի կարգի հոդաբաշխ զազրախոսության վրա: Նրանք գոյության ուրիշ տրամաբանության և ուրիշ չափման մեջ էին: Եվ ահա այս քառյակը, երկրաշարժից ուղիղ երկու օր առաջ, որտեղից որտեղ մի մեքենա խոտ էր բերել-դիզել կիսաքանդ տան բակում ու տեղափոխվել, բնավորվել էր խոտի դեզի մեջ:
Թամաշայասեր օյինբազները նման դեպքերում վռազ աշխուժանում են, չէ՞. կողքից ծաղրաժպիտ հեգնանքով հետաքրքրվել, ասել էին. «էս էլի ի՞նչ եք իմացել, խելառ անտերներ, էս ընչի՞ եք թազա կվարտիրա տեղափոխվել օր… »: Անկենդան տխրությամբ ելել, չորսով տողան էին կազմել, մեր հիշատակած գիժը տողանից առաջ եկել, սգավորի դիմակը դեմքին առել, ասել էր. «Հեռուներից մեծ աղետ կուգա, անպատմելի զուլում, չե՞ք զգա` հողը ոտքի տակ վախից ինչըղ կդողա…»: Նրա այդ չարագուշակ մորմոքից ահասարսուռ դիվոտել, ասել էին. «Ձո ձենդ կտրե, բայղուշ հայվան, էդ զուլումը թող ձեր գլխուն գա, ձեզնեն պրծնինք: Էլ ավել-պակաս դուս չտաք ու էս ժողովրդի մեջ պանիկա չցկեք,- սպառնալով զգուշացրել էին: -Նոստրադամուս շան որդիք…»:
Գժային վարքի դրսևորման հերթակա՞ն պատկեր էր, թե՞ նախախնամության խորշերում ինչ-որ միտք էր ճառագել-հուշել նրանց` մնում էր գուշակել, բայց իրեն խելացի ու նրանց գիժ համարող այդ ո՞ր մի բացառիկը ժամանակ ուներ նրանց խոսքակեղևները բացելու, նրանց տարօրինակությունները վերլուծել-գնահատելու: Եվ հետո` մարդուն հավատալու համար նախ նրա հոգու վանքում պիտի մոմ վառես, բայց թե ո՞վ էր նրանց առհասարակ հոգևոր համարում, որ նրանց հոգու վանքի տեղն էլ իմանար, և դեռ մոմ էլ վառեր… Մանավանդ որ փաստն արդեն վավերացված-կնքված էր հանրային կարծիքով` հենց վարքի ու խոսքի խաթարման մեջ էր նրանց ճիշտը, որն իրական ճշտի հետ շատ հեռավոր աղերս ուներ: Բայց թե` իրականում այդ ո՞ր մի ընտրյալն է ճշտի խորհրդին երբևէ հասու եղել… «Օնիկ, խե՜ղճ Օնիկ, Օնիկի աղավնիները…- մենախոսության հանգով արտաբերեց գիժ կոչվածը:-Ողորմածիկը աղավնիներ կպահեր` ճերմա˜կ, փումփուլավո˜ր, խատուտի˜կ… Էդ ի˜նչըղ կխաղային, իսկը Աստծո տեսած երազ: Դուք հոգիներ տեսած կա՞ք,- հարցի հետ դեմքը մի տեսակ երկարեց-լրջացավ,- էդ աղավնիներն ըշտը հոգիներ են, կթռչին, օդին մեջը կխաղան ու կձուլվին Աստծո արարած լույսին: Կու˜շտըմ կխաղան ու խաղաղ հոգով նորից լույսից կզատվին` ետ կուգան: Օնիկը հեքիաթի մեջ կապրիր. աղավնիների հետ կելներ երկինք, Աստծո հետ կխորաթեր, Աստծո սեղանի հացը կուտեր, կիջներ: Սրբի պես մարդ էր, ինքն էլ մե աղավնիմ դարձավ ու խառնվեց իր աղավնիների երամին…»:
Մի քիչ հեռվում, շորի մեջ փաթաթած, մեռել էին տանում: Մարդիկ կողքից հետևում էին: Այդ ամենի մեջ ասես ողբ չկար այլևս, մի տեսակ մարած-մոխրացած պատկեր էր: Անդրաշխարհի սև լուսանկար, որ ո՛չ հիշողություն էր բերում իր հետ, ո՛չ էլ ներկան էր առանձնապես ընկալելի դարձնում: Ու այդ զգացումը սարսափի հավելյալ դող ու տառապանքի կնճիռ էր ապրողների սրտերում: «Աղավնիներն էս ի՞նչըղ շատացան,- գիժ կոչվածը կարծես թե շրջանցում էր զառանցանքի պատնեշը,- էսքան աղավնի միանգամից վո՞վ էր տեսել` մեկ-մեկ, երամ-երամ, գույն-գույն, Տեր Աստված…»: Այդ համատարած լարվածության մեջ, լինել-չլինելու այդ խուլ պայքարում, երբ գոյության առեղծվածը մազից կախված ճոճվում էր խելագարության բաց երախի վրա, նրա խոսքն իսկապես նյարդայնացնող էր, և մի ջահել տղա հունից ելավ. «Հոգիներս բերաններս բերիր, այ մարդ, ի՞նչ ես կպել, պոկ չես գալիս: Աղավնիները, հա, աղավնիները, էդ ի՞նչ աղավնիներ են, որ միայն քեզ են երևում»: Խաղաղ, անվրդով պատասխանեց, ասաց. «Ես ի՞նչ էնեմ, տղա ջան, ես մեղավո՞ր եմ, օր տեսնիմ կը, իսկ դուք կնայեք ու էսքան աղավնիներին չեք տեսնի»: «Գլուխ մի՛ դիր,- կողքից ջահելին խրատեց մեկը,- քեզ խնայիր, հիմա դրա ժամանակը չէ, գլուխ մի դի՛ր»:
Մի մարդ, անզորության սարդոստայնն ընկած, ձեռքից գնում էր. եղբոր կյանքը մազից էր կախված, ձայնը փլատակի խորքից լսվում էր, բայց կարծես թե նրան փրկելու հնար չկար: Մղձավանջ ասածն այլևս բառ չէր ու հրեշակերպ իրողություն էր, որ չանչավորվել ու ներսից քրքրում, ջլատում էր մարդկանց հոգիները: Անզորության սարդոստայնն ընկած մարդը ականջը դնում էր երկաթբետոնե սալին, եղբոր ձայնն առնում ու անճարությունից խելագարվում էր. «Ժողովուրդ ջան, մե փրկությունըմ մտածեք, մե ճարըմ էրեք, ախպորս հանեք էս դժոխքից…»: Գիժ կոչվածը նրան հանգստացրեց, ասաց. «Մի՛ մտածի, կփրկվի, ես քեզի հաստատ բան կըսեմ, կփրկվի, հեչ չմտածես»: Ու կարծես ինքն իր ասածի հետ կապ չուներ, անշարժ կանգնել, նայում էր անորոշ հեռուներին: Նրա ոտքերի առջև կոտրված մի կիթառ էր ընկած, կիթառի պոկված լարը քամու բերանն ընկած թրթռում, անհամ մեղեդին շուրթին երգում էր: «Հաստատ կփրկվի,- շարունակեց նա,- ես օր կըսեմ` ուրեմն մե բանըմ գիտեմ, որ կըսեմ, փրկվելու է, մի՛ վախենա: Դու Աստծուն հավատաս կը, չէ՞,- ասաց,- հավատա, Աստված մեծ է, Աստծուն անպայման հավատա»: Ու շուռ եկավ, գնաց:
Ես հայացքով հետևում էի նրան: Հավաքվածներին շրջանցեց, գնաց երկաթբետոնե սալի մոտ ծունկի իջավ ու ձեռքերը վեր պարզած սկսեց աղոթել: Ես հեռվում կանգնած` նրան էի նայում ու մտածում. ինչքա՞ն անըմբռնելի է մարդու էությունը: Մենք նրանից պահանջում էինք մի բան, որ մեզ համար ընդունելի լիներ, նա մեզանից ոչինչ չէր պահանջում, ընդամենը ցանկանում էր, որ ինքը մեզ համար հասկանալի լիներ: Եվ նրա վարքի մեջ համոզելու ջանք ու պարտադրանք չկար: Բայց մենք մտքի ու երևակայության տարբեր թանձրացումների մեջ էինք, ու մեր հայացքները տարբեր ճշմարտություններ էին որոնում: Մի տեղ կարդացել եմ. Աֆրիկայի ջունգլիներում վերջերս մի նոր ցեղ են հայտնաբերել: Նկատել են, որ ցեղախմբի ներսում բոլորը նույն կերպ են գործում ու ամենակարևորը` նույն կերպ մտածում: Ով նոր` ընդունված կարծիքներից դուրս կարծիք է հայտնում, նրան… ուտում են: Փառք Աստծու, առաջադեմ մարդկությունը վաղուց է հեռացել մարդակերությունից, բայց խոհը միշտ է առկա. մարդը դեռ բնազդի՞ որոնումների մեջ է, թե՞ մեծամասնությունը միշտ էլ ճիշտ է: Խելքով առաջնորդվե՞լն է ճիշտ, թե՞ բնազդի խելքով: Չգիտեմ, հարցրեք իմացողներին: Գիժ, հանճար, պայծառատես, խելագար թե իմաստուն` մեզ համար նույնն են, գրեթե նույնն են, որովհետև ոչ մեկին էլ առանձնապես չենք հասկանում: Կամ` չենք ուզում հասկանալ: Ես հենց այդ զգացումով նայում էի աղոթք մրմնջացող մարդուն ու ոչ մի կերպ չէի հասկանում` Աստծո Մեծ ճշմարտության հյուլեն նրան` գիժ կոչվածի՞ն էր ավելի տեսանելի, թե՞ մեզ` խելոքներիս, որ այդ պահին, կարծես թե, գիժ լինելու չափ էլ խելոք չէինք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.