Լևոն Խեչոյան – 60

ԳՐՈՂԸ ՆԵՐԿԱ Է ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ

Մեծ ու փոքր իրադարձություններով հագեցած արագահոս ժամանակը մի տարով ևս մեզ հեռացրեց Լևոն Խեչոյանի ֆիզիկական ներկայությունից, բայց գրական հանրության և ընթերցողների համար գրողի ներկայությունը շարունակվում է հոգևոր իրականության մեջ: Դրա խոսուն վկայությունը Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպի հարուցած բուռն հետաքրքրությունն ու նրա տարաբնույթ մեկնություններն են:
Լևոն Խեչոյանը անկախության շրջանի արձակի ակունքների մոտ կանգնած այն գրողներից է, որոնք ձևավորեցին նոր մտածողության ու նոր ոճի գրականություն: Խեչոյանի դերը եղավ առանձնահատուկ այն իմաստով, որ նա ժառանգորդաբար յուրացրեց 60–ականների սերնդի, մասնավորապես մաթևոսյանական ավանդները հատկապես թեմատիկ նախասիրությունների և ոճական ինչ-ինչ առանձնահատկությունների առումով, բայց գնաց ինքնուրույն ճանապարհով՝ գտնելով գրողական սեփական անշփոթելի ձեռագիրը: Իր ստեղծագործությամբ այս կերպ նա միավորեց հայ արձակի զարգացման որակապես տարբեր փուլերը:
Խեչոյանի գրականության մեջ անձի, տոհմի ու ազգի արմատների փնտրտուքը զուգակցվում է գոյի փիլիսոփայական շերտերի, ինչպես նաև առասպելաբանության, միստիկայի, առեղծվածի ընկալումների հետ, որը նրա խոսքը հաճախ դարձնում է կոդավորված և դժվար ընկալելի: Դժվարությունը կապված է նաև գրողի ոճի, սյուժեի փոքրության, գործողությունների ոչ այնքան տարածական, որքան խորքային ծավալման, մտածողության հատվածական արտահայտության, իսկ հաճախ նաև ստեղծագործության երկպլան կառուցվածքի հետ: Բայց հենց այս՝ փիլիսոփայական խորքով հարուստ, պարզունակությունից վեր բարձրացող արձակի որակն է մատնանշում հայ գրականության ճանապարհը, որտեղ էլ կարելի է հանդիպել Խեչոյանի հետնորդներին:

Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

ԿՅԱՆՔԻ ՏՐՈՓՈՂ ՄԻ ՊԱՏԱՌ…

Կան նման արարումներ, ինքնարարիչ խոսքի բխումներ, որ տրվում են ճշմարիտ ասացողներին, և թվում է, թե նրանցից առաջ, և առավել նրանցից հետո, այդ արարման ընթացքը չի դադարում, և այդ ասքերը, ներքուստ պայծառանալով տրվում են խաղաղ, մշտնջենավոր հոսքերին: Եվ կարծես խոսքը ժամանակի ընթացքում պատենավորվում է, թաղանթավորվում է: Տեղի է ունենում ներքին խմորում, շերտավորում, ինչպես մայր հողում են շերտավորվում կենսական տարերքները, նյութերը, հետո դառնում են ապարներ, բնակտորներ՝ շողալով նոր գույներով, և մենք գյուտ արածի պես հմայվում ենք այդ շողերով, ասես անթեղված հոգիներով:
Սակայն կան բացառիկ դեպքեր, երբ խոսքը չի տրվում այդ տարերքին, այդ խաղաղ հոսքերին, այն ինքնազեղուն ու խռովահույզ է, ասես կյանքի արարչագործության պահերին, երբ նրան տանջում են գոյության սարսափները, ահեղ հարցումները՝ կռացած հոգու անդունդներին, իսկ խոսքը կոչված է խնամակալելու, սնուցելու և ջերմացնելու այս մի պատառ կյանքը, որ տրված է մեզ:
Ավելին՝ այն կոչված է կյանք արարելու հոգևոր ամայության մեջ, թվում է ոչնչից, և խոսքի այդ հենքի վրա է բարձրանում ժամանակների տուրևառությունը՝ արյան շրջանառության նման:
Այդպիսին է Լևոն Խեչոյանի բառը՝ խենթ ու ինքնազեղուն: Նրա խոսքը չի բյուրեղանում, այն տրոփում է իբրև կյանքի մի պատառ: Այն նման է տագնապախռով զարկերակի, որ խփում է մեր մեջ: Եվ եթե կան խոսքի սահմաններ, ապա նա սահմանախախտ է: Նա տեսնում է հարթմնի տեսիլքներ, որ մեզ տրված չէ տեսնել: Նա երկխոսում է բնության հետ միայն իրենց հասկանալի լեզվով, և մեզ երբեմն փշրանքներ են հասնում այդ զրույցներից՝ իբրև մարդու և բնության շողարձակումներ բառերի մեջ…

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

…ԵՎ ԵՐԿՐԻ ՎՐԱ ՊԱԿԱՍԵՑ ԼՈՒՅՍՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Խեչոյենց տոհմը արևաշխարհի վրա հաստատել է իրենց նախատատ Շուշանը` սպիտակ հրեղեն ձիու վրա նստած, Խեչոյի բարուրը կրծքին սեղմած: Ու հաստատել է պինդ, ջղուտ տղամարդու նման զինավառված, հզոր, համարձակ` իրենով անելով էդ տարածքի ամենակարգին հողակտորը: Երբ Խեչոն այնքան է մեծացել, որ ձեռքը բերանին է հասել, Շուշան նախատատը հրեղեն ձիով պատռել է գիշերվա մութն ու վարգել դեպի անդարձություն: Խեչոյենց տոհմը բնակեցրել է այդ հողակտորը, բերրի ու պտղաբեր է դարձրել, խնկի ծառեր է տնկել այդ հողում, ջրաղաց ու եկեղեցի է կառուցել` կարևորելով և՛ հացիվը, և՛ բանիվը: Խեչոն իր գերդաստանի համար տներ է կառուցել կաղնուց ու քարից ու մեծ տան ճակատին բարձր, խոշոր ու տեսանելի, չջնջվող, կարծր շաղախով գրել է. «ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ»:
Խեչո պապի ծոռնեծոռ Լևոն Խեչոյանը ապրեց իր ապուպապի նշանաբանին հավատարիմ. երբեք սուտ չխոսեց, ոչ էլ որևէ մեկին վատաբանեց չարակամորեն. ո՛չ հյուրին, ո՛չ ընկերոջը, ո՛չ էլ անծանոթին չխարդախեց: Նա էլ Խեչո պապի նման իր տունը` Իր Գրական Տունը, կարծր ու ամուր շաղախից սարքեց. մի մեծ տարածք իրենով արեց գրական անտառից, մաքրեց փուշ ու տատասկից և խնկի ծառեր տնկեց իր տարածքում, որոնց զգլխիչ բույրը տարածվեց երկրով և երկնքով մեկ ու երկրից էլ շատ հեռու և բացել տվեց իր գրական տան դռները` գրականասեր ու գրականագետ ընթերցողների առաջ` պատճառելով գեղագիտական աննախադեպ հաճույք:
Իր պապերին հատուկ մշակի ազնիվ տքնությամբ արարեց իրենը ու ստեղծեց մաքուր, արդար, շիտակ ու ճշմարիտ գրականություն, որոնց մեջ միշտ թագավորում էր բարդագույն ժամանակների մարդը` իր վայրիվերվող ներաշխարհով, իր տվածով ու ապրածով, իր լավ ու վատ կողմերով: Լևոն Խեչոյանը նկատեց աննկատը, տեսավ անտեսանելին, փորձեց վերափոխել աշխարհը` արմատախիլ անել չարիքն ու սերմանել բարին: Գրում էր պարզ ու շիտակ, նկարագրում լուսանկարելու նման ճշգրիտ ու հավաստի, նույնքան պարզ ու շիտակ էլ ապրում էր` միշտ ժամանակին հասնելով այնտեղ, որտեղ զգացվում էր Մարդու կարիքը: Ապրում էր աննախադեպ լավատեսությամբ` ամենածանր պահերին անգամ չչարանալով, չտրտնջալով ու չբողոքելով: Ապրում էր ու իր շուրջը սփռում հույս, հավատ ու սեր` թե՛ իր ստեղծածով, թե՛ մարդկային նկարագրով:
Եվ հեռացավ այս աշխարհից ճիշտ և ճիշտ այն նույն օրը, որ աշխարհ էր եկել` ծննդից մինչև ետդարձի օրը թողնելով անջնջելի լուսավոր հետագիծ:
Հեռացավ հրեղեն ձիու տարում. իր նախատատի նման սպիտակ հրեղեն ձիով ճեղքեց գիշերվա մութը և վարգեց դեպի… դեպի անմահություն, և երկրի վրա պակասեց լույսն ու բարությունը:

Նելլի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.