Դեպի անսահմանության լույսը / Հռիփսիմէ

207964_102931189792124_2695186_n 208034_103216706430239_1060568_n

Հոկտեմբերյան այս գույների հրավառության ներսում, երբ անձրևների մեջ դեռ ծիածաններ կան, և այդ գույները երկնքի ներկապնակից են նայում, ես ո՞ւր տեղավորեմ ափսոսանքի այս ցավը, անբացակա ներկայությունդ` Նարեկ Առուշանյան: Քո ցուցահանդեսն է, և դու ամենուր ես: Պատերը կարծես մերթ նեղանում են, մերթ ետ-ետ են գնում` կորցնելով իրենց սահմանագիծը: Քո կտավները սկսում են շնչավորվել, լքել իրենց սառը շրջանակների կաղապարները, որ ապրեն ազատության մեջ ներսի էներգիայի ուժով, երկրորդ կյանքի հրամայականով, նարեկավարի: Այցելուների անսովոր բազմությունը վկայում է մի ուրիշ սիրո մասին… Գույնի շարժումը, քո ներկայությունը, գնահատականի հրամայականը տարածքը դարձնում էին անթթվածին:
Դու նավեր էիր նկարում և իրենց նեղ ափերը լքող ջրերը քարացումից դուրս էին գալիս, ընթացքը դառնում էր հավերժական: Դու, որ ձվաձև երկրագունդ էիր պատկերում կապույտ-կապույտ հոսքի վրա դեպի անսահմանությունը կամ միաթև խաչ` շուրջը խմբված արքայաշուք հանդերձներով կանայք աղոթահայացք, մի թևի վրա բազմած սև ագռավով, գիտեի՞ր, Նարե՛կ, որ նոր դուռ ես բացում արվեստի առաջ: Եվ քո հոգու սրահները, որոնք գույների ներդաշնակությամբ ողողված պիտի երևակայությունն ու իրականությունը դարձնեին հաստատումի կնիք, որ սա էլ կա, քոնն է, որպես մնայուն արժեք: Դու բերում ես քո արարման խորհուրդը, նորը և չես հերքում հինը, ավանդականը: Մի հարցական մնում է օդում – ո՞րն է հմայքիդ գաղտնիքը, Նարե՛կ: Քո յուրաքանչյուր կտավը և՛ խոհական է, և՛ նվաճող, և՛ ընդվզելի, գնում է իր բաժին երկնքին տեր լինելու: Այն ներփակ սուզում է դեպի էության ընդերքները և դուրս է մղվում որպես գույնի կախարդանք ու մշտարթուն հիացում, որի մասին դեռ պիտի խոսվի: Դու քեզնով, քո շքեղությամբ էիր ծածկել արարումներիդ աշխարհը պահապան, արթուն զինվորի պես: Իսկ հիմա դուռը բաց է… Ե՛վ խնկաբույր կա այնտեղ, և՛ հիացումի դող…
Մեր զրույցներից մեկի ժամանակ ասացիր. «Ամեն մի նկարիչ ունենում է իր գունային փուլերը, ըստ որոնց ձևավորվում է վարքագիծ ու բնավորություն: Երանգը իր պարտադրանքը չունի, օրինակ` ցուլերին ոչ թե գույնն է բարկացնում, այլ` շարժումն ու վիրավորանքը: Ես հավատում եմ հրաշքին, հոգու գոյությանը, տիեզերական ուժերին և գիտեմ, որ մենակ չենք, մի հայացք անընդհատ հետևում է մեզ»:
Այո՛, Նարե՛կ, այդ ամենատես աչքը ունի լուսավոր հոգիների իր վերերկրային հանգրվանը, որ այնտեղ տեղավորի և՛ գույն, և՛ գեղեցկություն, և՛ արվեստ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.