ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Ժամանակը, որ մի ժամանակ թվում էր Հավերժի կողմից տրված հավերժություն, արդեն չի հերիքում: Ծուլանալու ժամանակ չկա, հոգնելու ժամանակ չկա, ամենակարևորը՝ սխալվելու իրավունք չունես, որովհետև սխալդ ուղղելու ժամանակդ արդեն սպառվել է, չկա: Երեկվա երեխեն չես: Երկինքը աստղոտ, արևոտ թե ամպոտ՝ ավելի է մոտեցել, զրուցընկեր է դարձել ու հայացքդ նրան՝ երկրի վրա անցածդ ճանապարհն ես քննում… Իմ սերունդն այնպիսի բաներ տեսավ, որ ոչ մի սերնդի վիճակված չէ տեսնել: Վերջին հին բոլշևիկը տեսանք, «պրիմուսը», պատեֆոնի վերջին ասեղները, վերջին թանաքամանն ու դրա թանաքոտ տոպրակը, ռայկոմի վերջին քարտուղարն ու «Գիտելիք» ընկերության վերջին նախագահը… Նստի-գրի, էլի՜, նոր սերնդին բացատրի, թե ի՞նչ ասել է հին բոլշևիկին պիոներիայի շարքերն ընդունելը: Առաջին մագնիտոֆոնը տեսանք, առաջին հեռուստացույցը, առաջին տիեզերագնացին, ինտերնետ, բջջային հեռախոս, համակարգիչ, սկայպ, ֆեյսբուք, սելֆի, լայք, Գագիկ Ծառուկյան… պատերազմ տեսանք ու սով, անկախություն ու անտերություն, խլված հայրենիքը ետ բերող հերոսներ ու նրանց հաղթանակի պտուղները կորիզով կուլ տվող վիշապներ… գրի, է՞, գրի՜… Իմ սերնդի գրողը տաղանդավոր չլինելու իրավունք չունի: Ի՞նչդ է պակաս. ցավն էլ է շատ, ուրախությունն էլ, սերն ու ատելությունն էլ, խեղճությունն ու ընդվզումն էլ, կորուստն ու գտածն էլ, կարոտն ու հույսն էլ, հպարտությունն ու հիասթափությունն էլ: Ուրիշ էլ ի՞նչ է պետք գրողին: Հնարելու հարկ էլ չկա, ամեն ինչ մաշկիդ վրա զգացել, հոգուդ մեջ քամել, զտել ես: Նստի ու գրի: Խորհրդային 70-ականներին «Լենֆիլմում» նկարահանված մի ֆիլմ Ֆինլանդիայի միջազգային կինոփառատոնում մրցանակ էր շահել՝ «մտքի աներևակայելի թռիչքի համար»: Ֆիլմի հերոսը բացում է ջրի ծորակը՝ ջուրը չի գալիս: Ժյուրին զվարճացել ու ապշել էր. ախր, ո՞նց կլինի, որ ջրի ծորակից ջուր չգա… Մրցանակակիր հեղինակներն ավելի էին ապշել նրանց կապիտալիստական միամտության վրա: Տարիներ են անցել, բայց կապիտալիստները նույն միամիտն են մնացել: Գրի՝ զարմացրու նրանց, որ 21-րդ դարում դեռ կա, ապրում է մի հնագույն ազգ՝ հայը, ով մեղք ու ամոթ է համարում, որ տղամարդն ամուսնանում է տղամարդու հետ, որի ընտանիքում կինը, առավել ևս՝ մայրը, բռնությունների չի ենթարկվում, այլ վայելում է ընտանիքի անդամների սերն ու հարգանքը, որ դարերով երազել է ազատություն ու անկախություն, հասել է իր նվիրական նպատակին ու մասսայաբար լքում է հայրենիքը, որ այդ ազգը արժանի է Գինեսի գրքում տեղ գտնելու իր հայրենատյաց օլիգարխների ու ղեկավարների ռեկորդային քանակով… Տո, գրի, է՞, ի՞նչ ես ականջներդ թափ տալով ինձ նայում: …Շուտով, պետական աջակցությամբ, «Հայաստան» հրատարակչությունը լույս կընծայի պիեսներիս «Փակուղուց այն կողմ» ժողովածուն, որում ամփոփել եմ իմ թատերգությունների ընտրանին՝ 11 պիես ու մի կինոսցենար: 65-ամյակիս որոշեցի ինքս ինձ էլ նվեր անել՝ մինչև տարեվերջ կտպագրվեն նաև բանաստեղծություններիս ժողովածուն և «Կատվի դատը» բալլադը, որն անմահ Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի մերօրյա շարունակությունն է: Կատակերգության երեք մտահղացում ունեմ, երեքի վրա էլ աշխատում եմ: Մեկից «հոգնում»՝ մյուսին եմ անցնում: Ողբերգական մթնոլորտում կատակերգությունը փրկություն է, և կարծում եմ՝ ոչ միայն ինձ համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.