ԻՆՔՆ ԻՐ ԲԱՑԱԾ ԾԻՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ / Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Երկինքը դատարկ է..»

Իսպանական «Carena» հրատարակչությունը Բարսելոնա քաղաքում տպագրել է բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» (“El cielo sin pajaros”) եռալեզու` իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն գիրքը՝ «Ժամանակակից եվրոպական պոեզիա» ծրագրի շրջանակներում: Սա հեղինակի՝ նույն հրատարակչության կողմից լույս ընծայվող երկրորդ գիրքն է: Առաջին՝ «Ուշացած հեռագրեր» (“Telegramas tardios”) ժողովածուն լույս է տեսել 2011 թ.՝ լավագույն վարկանիշ ունենալով ոչ միայն Իսպանիայում, այլև լատինաամերիկյան իսպանալեզու երկրներում: Գրքի թարգմանիչներն են Նարինե Այվազյանը և «Ալֆա-մեգա» ընկերությունը, խմբագիրն է Խոսե Մեմբրիվեն, դիզայնը` Մարիա Ռոխասի: Գրքի ծանուցման մեջ կարդում ենք. «Սլավի-Ավիկ Հարությունյանը ժամանակակից եվրոպական պոեզիայի առաջատար բանաստեղծներից մեկն է: Նա մի ոտքով ամուր կանգնած է հայ բանաստեղծության հիմքերին, մյուսով՝ խարսխված արդի քաղաքակիրթ Եվրոպայի մշակույթին: Զարմանալիորեն նրան հաջողվում է իր բանաստեղծություններում սինթեզել կինոյի, թատրոնի դրամատուրգիան, վեպի կառույցը, 21-րդ դարի կարճ հաղորդագրությունների ոճն ու արագությունը, ինչն էլ նրա պոեզիան դարձնում է նորարարական… Չափատողերը մեկ լույսից են ծնվում, մեկ իրենք են լույս ճառագում: Պատկերները ինքնատիպ են, նոր, անսպասելի»:
Հիրավի, բանաստեղծությունը հեղինակի ինքնագիրն է, նրա ամեն մի խազը բանաստեղծի հոգու չնոտագրված մեղեդին է, որի ասելիքը իր պոետական ընդգրկումով եթե հետաքրքրում է ընթերցողին, ապա դառնում է տվյալ հեղինակի ստեղծագործությանը անդրադառնալու մղում: Ահա թե ինչ է գրում եռալեզու գրքի խմբագիր, իսպանացի հայտնի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն` ժողովածուի առաջաբանում, իր խոսքը սկսելով բանաստեղծի հետևյալ տողերով.
«ես – միայնակ թռչուն եմ
երկնքի խոռոչների
և ձորերի-վիհերի մեջ
կախված-
քամո՞ւն հանձնվեմ մի պահ-
թող ինձ քշի»:
«Անթռչուն երկնքի ձորերի և վիհերի մեջ կախված, բայց ամուր կանգուն երկրի վրա, միախառնվում են սերն ու պատերազմը, որտեղ Հայաստանն ու աշխարհը նայում են մեկմեկու: Սլավի-Ավիկ Հարությունյանի տողն առաջանում է դանդաղ՝ անցնելով դատարկ տների, դառնությամբ լցված սրտերի, անանուն և անհաշտ կերպարների մեջ: Խոսքն այն մասին է, որ հարկ է կրկին ու նորից վառել աստղերը, վերաբնակեցնել երկինքը, որպեսզի թռչունները կարողանան ազատ թռչել. // հիմա արդեն քանի տարի // hավքերը // չեն // չվում- // մնում են ձմռանը՝ // խառնված // ընտանի թռչուններին // երկինքը դատարկ է…// Անթռչուն երկինքը համընդհանուր հայացք է բնությանը, որ կտրում-անցնում է մարդկային գոյության բոլոր վիճակները՝ պատերազմ, ցուրտ, տապ, հավքերի թռիչք, քաղաքներ, երկրներ, գեղարվեստական տարբեր հայացքներ… Դրանք կերպարներ են, որ ստիպում են մարդուն տարածվել: Երկինքը դատարկ է, սակայն պոետը չի դադարեցնում իր երգը, որով աղաղակում է վերաբնակեցնել այն: Սլավի-Ավիկ Հարությունյանը պոեզիան կիրառում է իբրև գեղարվեստական տարբեր հայացքների համադրական-սինթետիկ լեզու. մեկ՝ որպես լրագրող, որ քննում է պատերազմի հանգամանքները, փիլիսոփա, որ մտորում է մարդու ճակատագրի խորհրդավորությունների շուրջ, պատմող, որ նկարագրում է համայնապատկերները որպես շարժանկար, բնագետ, որ պատկերում է հավքերի թռիչքը, քաղաքացի, որ զգում է տարբեր հայրենիքների կործանումը, որտեղ ցրված են սիրելի շիրիմները: Չափածո այս գործի բովանդակությունը կարող էր արտահայտվել մի պատկերազարդ գեղեցիկ ժողովածուի մեջ, հզոր մի ֆիլմում կամ խորը սիմֆոնիայում»:
Շարունակելով իսպանացի պոետի խոսքը` ասենք. այսօր էլ Սլավի-Ավիկ Հարությունյանը բանաստեղծությամբ սկսած երազանքի ճամփան շարունակելու այլ ելք չի տեսնում, իսկ հեռուն վերստին փափագելի է պոետիկ լիցքով, որը հրեղեն հավքի պես իրեն հասնելու դժվարին ճանապարհին ոսկեփետուրն է թողնում: Ավիկ Հարությունյանը ինքն իր բացած ծիրին հավատարիմ, վատ թաքցրած սիրով ու խանդով է վերաբերվում բանաստեղծությանը, որը, թեև, մերթ հուսահատ ու հոգնած է հնչում` սիրո ու ոչ սիրո միջև հստակ սահմանագծով, սակայն հաջորդ պահին կրկին խառնում է այդ սահմանները, քանզի կյանքին, ինչպես և իր բանաստեղծությանը ինքը կապված է ինքնափրկության շղարշն առած խոստովանությամբ: Թող որ հաճախ այդ ամենն իր տողերում երևա անթաքույց, հաճախ էլ փակվի բառի յոթնակողպեքով: Պահի, ապրումի ոչ միայն նկարագիրն է նրա բանաստեղծություններում, այլև հենց այդ պահի, ապրումի ներքին խիզախումի ոգին, որը նվիրական գաղտնիք բացելու պես է երևում, բանաստեղծական տողը միայն պոետի կյանքի պատմությունը չէ, ոչ էլ իր սերնդակիցների նկարագիրը, բանաստեղծության շեշտերը` դիպուկ, անխնա, որպես ինքնագնահատական, իր պաշտպանունակությունն է: Հենց այդ մեկտեղումն էլ հնարավորություն է տալիս հեղինակին բանաստեղծության շառավղից ավելի հեռուն նայել և ընթերցողին էլ դա տեսանելի դարձնել: Բանաստեղծությունից խոսք առնելը միմյանց ուղեկից լինելու հազար երդումի պես է հնչում, այլապես անհնար կլինի տասնամյակներ առաջ գտած բանաստեղծական ճամփան շարունակել: Իսկ հեռուն կրկին պոետական է, քանզի. «թեկուզ ես սիրեցի այս կյանքն ու նրա //թախիծը, // բայց այս հողի վրա իմ // բաժին երկինքը դեռ չգտա…» և «// ճանապարհները որ ընտրեցինք // ետ դառնալու համար չեն…

ք. Ստեփանակերտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.