ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՐԴԱՊԵՏԸ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Նարեկացի

Մինչև Նարեկացին և Նարեկացուց հետո ո՛չ համաշխարհային գրականության մեջ և ո՛չ էլ հայ գրականության պատմության բազմադարյա շերտերում մարդու աստվածանալու նարեկացիական մտքի երևակայական ճախրանքները, ամեն բանում աստծո շունչը որպես սեփական գոյության ինքնախոստովանություն ընդունելու, ամենօրյա ուղեկցի խնկարկումը որպես քո ներքին սրբալույս ես-ի, մարդկության բոլոր մեղքերի բեռնաթափման՝ կամավոր զոհի և աստվածանմանի այսպիսի հոգևոր շռայլություն՝ հոգևոր անհորիզոն ողբերգության մեջ, կարծում եմ, չի եղել:
«Մատյան ողբերգության» պոեմի սկզբից մինչև ավարտը Նարեկացին Աստծո սպասված հյուրն է որպես աստվածաշնորհ անհատականություն՝ նա խոսում է ԱՍՏԾՈ հետ, իբրև վեհագույն զրուցակցի ու խորապատկեր մտահոգի: Համարձակորեն անտեսելով ժամանակի կղերական պարտադրանքները, Նարեկացին մարդու մեջ՝ ամեն ինչից վեր է գնահատում բանականության ուժը, նրան վստահելով մտքի երիվարի սանձը: Նա դուրս եկավ համամարդկային ստեղծագործական բոլոր չափանիշներից և Աստծո կողքին կարևորեց մարդկային հոգու անկատարելությունը որպես սքողված բողոք՝ հենց իր, կատարյալ Աստծո ստեղծածի դեմ: Տասը դար առաջ այդ մասին մեկնել է Նարեկացին, տասը դար հետո նույն կարծիքին ենք մենք, այսինքն՝ հզոր իմաստասերն ու հոգու քերթողահայրը հավերժի եկվորն ու վկան է, Աստծո ճշմարիտ բանախոսը: Թեև դարերի քննադատներից ոմանց կարծիքով, Նարեկացին իբրև թե չարաշահել է մարդու մեղքերի նկարագրությունը՝ նրան վեհացնելու փոխարեն, դարեր անց, տեղափոխվելով մեր իրականություն, կարծում եմ, եթե Նարեկացին ողջ լիներ՝ մարդկային անսովոր արատների և քաղաքական նոր կանիբալիզմների մասին նրա կարծիքն ու նկարագրությունները առավել կոշտ էին լինելու…
Առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը չէր կարող հոգևոր ազգ չլինել: Հայը գիրք ու գիր սրբացնող և արարչաստեղծ ազգ է, որի ազգային առանձնահատկության հատկանշական կողմը, որպես աստծո ժողովրդի, անարդարության դեմ ընդվզելն է: Հանձին Նարեկացու՝ Թոնդրակյան շարժումներից մինչև մեր խառնածին օրերը, մենք տեսնում ենք արդարության համար պայքարող հային, որի համար շատ ավելի կարևոր է տիեզերական համամարդկային սկզբունքը՝ համակարգի պահպանությունը, քան անհատի սոցիալական պահանջները: Եվ սա է պատճառը, որ սերնդեսերունդ արդարամիտ ու պատվասեր հայը միշտ խուսափել է սոցիալական բողոքներից:
Իմ մանկությունն անցել է «Նարեկի» խորհրդավոր շշուկների տակ: Մինչև 1937 թ. ռեպրեսիաները պապս Մաստարայի 5-րդ դարի կառույց սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայրն է եղել: Թոնրատան պատի ներսում, կապույտ բեհեզի մեջ փաթաթած մի գիրք կար, որ պապիս մահից հետո էլ տնեցիները սրբորեն էին պահում, համբուրում, ճակատներին հպում, իսկ եթե գյուղում ծանր հիվանդ էր լինում, գալիս խնդրում էին «Նարեկը» մեկ օրով հիվանդի մոտ տանել որպես ամենահաս ու բժշկող երևույթի: Նարեկը մեր տան 150 տարեկան սուրբն է, այսօր էլ նա խորհրդավոր հողաբույր է ու հացահոտ… Սա կարծրատիպ չէ և ոչ էլ միֆական սարսուռ, այլ հոգուց բխած իրական աղերսների մեր խոստովանությունն է Նարեկացու զորեղ գրչի, նրա պոեմի ու տաղերի և, որ ամենակարևորն է, ԳՐԻ նկատմամբ, որից այն կողմ՝ բարձրագույն Ես-ն է՝ Աստված:
Մատյան ողբերգություն պոեմը տիտանական ժայթքում է: Եթե վերածնության նախահայր Դանտեն իր «Դժոխքում» բացահայտեց մարդու մարմնական տառապանքները, ապա Նարեկացին իր չափազանց հարուստ բառամթերքի բարդ ու խրթին խաչմերուկներում վերամարմնավորում է մարդկային հոգու բյուրեղը, այն դարձնելով տիեզերական խոսքի անփոխարինելի ուղենիշ… Խոնարհվել պետք է այն թարգմանիչների առջև, ովքեր գրաբարի իմացության ու նաև նարեկացիական բառամթերքի օվկիանոսի խորքերից կարողացել են թարգմանել և ընթերցողին ներկայացնել նրա անհատնում հոգևոր գանձերը որպես բոլոր ժամանակների մարդկային հոգու նկարագիր: Առանձին հոգածությամբ պետք է արժևորել Մկրտիչ Խերանյանի և Վազգեն Գևորգյանի թարգմանությունները, նրանք անխաթար ու բնագրի հարազատությամբ մարդկությանը հասանելի դարձրին ընդհանրական Աղոթագիրքը: Նոր, ֆիզիկայի օրենքների բարձրագույն իմացությամբ Նարեկացու բացահայտումը արժևորվեց որպես գիտական նոր հայտնագործություն ակադեմիկոս Հովհաննես Դավթյանի կողմից: Նա «Նարեկացու ֆունդամենտալ դաշտի տեսությունը» գրքում ոչ միայն հայ, այլև աշխարհի մարդկությանը ներկայացրեց միջնադարյան հոգևոր գլուխգործոցը որպես «Գեոնային լուսապսակ» տիեզերահանճար երևույթ, ինչպես անվանել է ակադեմիկոսը, իսկ Նարեկացուն՝ որպես այդ հզոր ինֆորմացիոն թագի կրողն ու կապավորը: Դավթյանը նոր լույս սփռեց հանճարի հրաբխային ժայթքումներին, որը մշտապես ճառագելով մարդկային բանականության կենսունակ բացառիկության ու ժողովրդի բնազդներում՝ միշտ կենդանի է որպես տիեզերական հրաշքի ներբողման աղբյուր: Եվ փառք Աստծո, որ այսօր, շնորհիվ Հովհաննես Դավթյանի թոռնուհու՝ Անահիտ Դավթյանի համառ ջանադրության, Նարեկացու Ողբը, որպես կենդանի խոսք, պահպանվել է մեր մեծատաղանդ դերասան Սոս Սարգսյանի՝ անկրկնելի ու խորհրդաշունչ ձայնով:
Հռոմի պապի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետի ընծայած կոչումը Նարեկացուն նրա համամարդկային մեծ վաստակն էր, թեև ուշացած՝ սակայն անհրաժեշտ, որպես գալիք սերնդի ինքնակերտման ու ինքնամաքրման, Պարույր Սևակի խոսքերով ասած՝ անլռելի զանգակատուն:
Նարեկացին իր մահկանացուն կնքեց 1003 թ., նրա աճյունն ամփոփված է Նարեկ վանքի բակում, Արևմտյան Հայաստանում…
Որքանով եմ մոտենում ճշմարտությանը, չգիտեմ, սակայն փորձ եմ արել բացահայտել Նարեկացի անվան առեղծվածը՝ Նարեկացի- նա է Արարչի կողմից եկածը… Գուցե ճշմարիտ է, ո՞վ իմանա, չէ՞ որ գիտությունն անսահմանափակ է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.