ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ» ԱԼՅՈՒՐԸ / Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Գրական թերթի» հարցազրույցը Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիայի նախագահ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բաժնի վարիչ Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ

ԳԹ – Ֆոլաթթվով ու երկաթով հարստացված ալյուրի անհրաժեշտությունը որքանո՞վ է արդարացված, կա՞ դրա կարիքը:
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ – Միանշանակ՝ չկա, ոչնչով արդարացված չէ այդ ծրագրի ներդրումը Հայաստանում, և իմ կտրուկ մերժումն ունի շատ պարզ բացատրություն: Ֆոլիում նշանակում է տերև: Կանաչ տերևների, կանաչ սննդամթերքի մեջ ֆոլաթթվի հսկայական քանակություն կա, օրինակ՝ լոլիկի, խաղողի մեջ: Սեզոնին եթե մարդն ուտի 10 կգ խաղող, ֆոլաթթուն բավարար կլինի, առնվազն, 10-11 ամսվա համար:

ԳԹ – Այդ դեպքում, իրոք, զարմանալի է նման ծրագրի մասին ցանկացած խոսակցությունն անգամ… Սակայն վտանգն ավելի քան առարկայական է, ուստի խոսենք հարստացված ալյուրի վտանգների մասին:
Գ. Գ. – 2014 թ. Փարիզում մասնակցելով կենսաքիմիկոսների միջազգային ասոցիացիայի հոբելյանական նիստին, նաև գագաթաժողովին, ելույթ եմ ունեցել ու այդ խնդրի հետ կապված՝ հարց ուղղել ֆրանսիացի գործընկերներիս: Գիտե՞ք՝ ինչ պատասխան ստացա. պարզվում է, որ Ֆրանսիայում մինչև 15 տարեկան երեխաների ու պատանիների մոտ երկաթի պակաս են հայտնաբերել և սննդամթերքի, հիմնականում՝ ալյուրի մեջ սկսել են երկաթ ավելացնել: Մեկուկես տարի հետո հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ այդ ծրագրում ներառնվածների 50 տոկոսի մոտ արդյունքը դրական է եղել: Կենսաբանական և բժշկական գործընթացում արձանագրվող 50 տոկոսանոց արդյունքը հավաստի չի համարվում, եթե չասենք, որ շատ կասկածելի է: Բայց եթե Ֆրանսիայի նման երկրում այդպիսի փորձ են արել ու այդպիսի արդյունք են ստացել, ուրեմն մենք առանց նախնական հետազոտությունների ընդհանրապես իրավունք չունենք այդ հարցը քննարկել: Հատկապես հաշվի առնելով մեր իրականությունը և շատ հաճախ հանդիպող անլուրջ վերաբերմունքը, անգամ եթե դա մարդկային կյանքին է վերաբերում: Տեսեք. ալյուրի մեջ ավելացվելու է երկաթի սուլֆատ: Դա անթույլատրելի սխալ է, քանի որ օրգանիզմն ամենից լավ յուրացնում է ֆումարաթթվի կամ սադաթթվի երկաթի աղերը, ընդ որում, երկաթը երկվալենտ պիտի լինի: Բայց դա բավականին թանկ է, և ո՞վ կարող է երաշխավորել, որ չի ներկրվի ամենաէժանը: Ալյուրի հարստացման համար ոմանք կստանան հսկայական գումարներ, իսկ արդյո՞ք այդ գումարները, մինչև վերջին լուման, կօգտագործվի իր նշանակությամբ: Թույլ տվեք կասկածել: Անդրադառնանք ֆոլաթթվին. այն կազմված է 3 մասից՝ պտերիդին, գլուտամինաթթու, սրանց մեջտեղում գտնվում է պարաամինաբենզոաթթուն: Պարաամինաբենզոական թթուն մանրէների համար կառուցվածքային շինանյութ է, առանց որի մանրէները չեն կարող բազմանալ: Խոսքը պաթոգեն մանրէների մասին է: Հիմա տեսեք` ինչ է կատարվում: Ֆոլաթթուն լցված է ալյուրի մեջ, ստերիլ պայմանների մասին խոսք անգամ չի կարող լինել: Օդի մեջ կան հազարավոր թունավոր մանրէներ, որոնք կօգտագործեն ֆոլաթթուն և կսկսեն բազմանալ: Այսինքն՝ ալյուրն արդեն նախապես աղտոտված է:
Մեկ այլ պրոբլեմ՝ Հայաստանի դեղերի վերահսկիչ կառույցը երկու անգամ Անգլիայից պատվիրել է ֆոլաթթու դեղամիջոց՝ դեղատներում վաճառքի համար: Երկու անգամն էլ, ինձ հասած տվյալներով, Անգլիայից ուղարկած պրեպարատի սերտիֆիկատը չի համապատասխանել այստեղ ստացված սերտիֆիկատին: Այսինքն՝ փոխադրման ընթացքում փոփոխություն է կատարվել այդ դեղամիջոցի մեջ, այն արդեն իր մեջ վտանգ է պարունակում մարդկային կյանքի համար: Դրանից հետո մասնավոր ձեռնարկատերը ֆոլաթթուն ներկրում է Հունաստանից, քանի որ բնակլիմայական պայմաններով և ջերմային ռեժիմով Հունաստանից բերված ֆոլաթթուն էական փոփոխությունների չի ենթարկվում: Բերածս օրինակը մասնավոր դեպք է, բայց երբ գործը հասնի ալյուրի հարստացումը հարահոսի դնելուն՝ արդյոք ունե՞նք այն պատասխանատու օղակները, որոնք ամեն անգամ ու մանրազնին կստուգեն ստացված ֆոլաթթուն: Առավել ևս, որ ֆոլաթթուն շատ նուրբ միացություն է, արագ քայքայվում է, եթե, ասենք, անհրաժեշտ խոնավությունը կամ մի շարք այլ պարամետրեր չեն պահպանվում: Եվս մի «ստորջրյա խութ». ֆոլաթթվի մեջ կա մեծ քանակությամբ թթվածին և ազոտ, այդ թթվածինը նորից կվերածվի գերօքսիդների, և օրգանիզմը կողողվի գերօքսիդներով: Ուստի, այդ պրեպարատի հետ պետք է տալ նաև հակաօքսիդային պաշտպանություն, որի դեպքում պրեպարատի գինը շատ թանկ կարժենա, և դեռ հարց է` օգուտ կտա՞, թե՞ չէ: Գերօքսիդները օրգանիզմում սարսափելի հիվանդություններ են առաջացնում: Դրանց առաջին թիրախը օնկոլոգիական հիվանդություններն են: Եթե հարստացված ալյուրը տան մարդկանց և մեկ տարի հետո հետազոտեն, օնկոլոգիական հիվանդությունների քանակի աճ անպայման կգրանցեն: Այո՛, կա սակավարյունության պրոբլեմ բնակչության որոշակի մասի, առանձնապես հղիների մոտ: Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հղիները հանձնում են արյան անալիզ և հղիության ընթացքում բժշկական հսկողության տակ են գտնվում, ուրեմն այդ հարցը գտնում է իր լուծումը:

ԳԹ – Եթե անգամ խիստ անհրաժեշտություն լիներ ալյուրի հարստացումը (Ձեր բերած փաստարկները մի պահ «մոռանանք»), ի՞նչ պետք է արվեր այդ ծրագրի նախնական փուլում:
Գ.Գ. – Մեր հանրապետությունում կարելի էր գնալ ալյուրի հարստացմանը, եթե բնակչության մոտ անցկացվեին հետազոտություններ, որոնք կբացահայտեին այդ պրոբլեմի տարիքային, սեռային և այլ կախումները, և միայն դրանից հետո կարելի կլիներ խոսել հարստացման մասին: Էլ չեմ ասում, որ Հայաստանի տարբեր մարզերում երկաթի պարունակությունը շատ տարբեր է. կան շրջաններ, որտեղ հողում և ջրում այդ տարրը առկա է թույլատրելի մակարդակից շատ ավելի բարձր քանակով: Այսինքն՝ խոսքը յուրօրինակ «քարտեզի» մասին է, որը չկա, և դատելով այս հարցի շուրջ ծավալվող իրավիճակից, չի էլ լինի:

ԳԹ – Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կտրուկ մերժողական վերաբերմունքը:
Գ. Գ. – Մինչ այսօր ալյուրի հարստացման գործին լծված պատկան օղակների գործունեությամբ, որին տեղյակ եմ: Տեսեք, մեր երկրում գոյություն ունի բնակչության որոշակի խավերի սոցիալական փաթեթ, որի շրջանակներում մարդը պետք է պոլիկլինիկայում նախնական հետազոտություն անցնի փաթեթի տրամադրման համար: Առանց մեծ ծախսերի կարելի էր օգտվել այդ տվյալներից և որոշակի մոնիտորինգ անցկացնել ալյուրի հարստացման ծրագրի շրջանակներում: Իրականացվե՞լ է այդ մոնիտորինգը…

ԳԹ – Մոտ 50 երկիր օգտագործում է հարստացված ալյուրը, բայց այդ ցանկում չկա ԵՄ-ի ոչ մի երկիր…
Գ. Գ. – Իմ կողմից ավելացնեմ՝ Իսրայելը մեզ տրամադրում է սարքավորումներ, տրամադրում է երկաթի աղեր, բայց ինքը չի օգտագործում դրանք: Չի օգտագործում նաև Ռուսաստանը: ԱՄՆ-ում խանութում դրված է հարստացված և ոչ հարստացված ալյուրից պատրաստված հացաբուլկեղեն: Ընտրությունը թողնում են գնորդին: Ասվածը գոնե մտորելու առիթ չի՞ տալիս նման որոշում ընդունողներին…

ԳԹ – Որոշակի, ամրագրված չափաքանակ պետք է ավելացվի ալյուրի մեջ: Համոզված լինե՞նք, որ մեզ հատուկ «աչքաչափը» այստեղ էլ չի կիրառվի: Ո՞վ պետք է ստուգի ու պատասխանատու լինի այդ գործընթացի համար:
Գ. Գ. – Մեզանում հացաթխման գործընթացը գտնվում է մասնավոր ձեռնարկատերերի իրավասության ներքո, և դեռ հարց է՝ այն հացը, որը պիտի զուրկ լինի այդ հավելումներից, իրականում այդպիսի՞ն է, թե՞ ոչ: Ի՞նչ դժվար է տարբեր պիտակները նույն հացին կպցնելը: Մեզ դրանով չեք զարմացնի, քանի որ աջ ու ձախ մեր սննդում առկա են պարունակության և պիտանելիության խախտումները: Օրինակը, որ պիտի բերեմ, գիտական չէ, բայց մեր իրականությունից է. ալյուրը դրված է, մորաքույր Վարսիկը մի գդալ կլցնի, կգնա իր գործին, երկրորդ մորաքույրը չգիտի՝ Վարսիկը լցրե՞լ է հավելումը, թե՞ ոչ, համենայնդեպս, իր կողմից մի գդալ էլ ինքը կլցնի: Ասվածը ծիծաղելի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ: Մենք չափի պահպանման կուլտուրա չունենք: Չունենք նաև ալյուրը ստերիլ պահելու անհրաժեշտ պայմաններ, ուստի և կառաջանան թունավորումներ: Փաստորեն, հացի հետ մենք կընդունենք սարսափելի քանակով տոքսիկ մանրէներ:
Եվս մի հարց. ֆոլաթթուն 205 աստիճան ջերմության տակ քայքայվում է, իսկ ալյուրը հաց է դառնում 230-240 աստիճանում: Այսինքն՝ հաց թխելու ժամանակ ֆոլաթթուն քայքայվում է: Փաստորեն, ֆոլաթթու հացում չի լինի: Ուրե՞մն…
Ո՞վ կարող է սահմանափակել հարստացված հացի քանակը մեր սննդակարգում, ո՞ւմ կարող ես ստիպել, որ չխախտի հարստացված ալյուրով թխված հացի անվտանգ չափաքանակը, մանավանդ որ հայերը հաց շատ են ուտում: Էլ չեմ ասում այն մասին, որ բնակչության ստվար մաս կազմող աղքատ զանգվածի հիմնական կերակրատեսակը հացն է: Այս դեպքում ո՞ւր մնաց ֆոլաթթվի և երկաթի օգտագործման նորմալ ու խելամիտ քանակը: Ու ես նորից եմ կրկնում՝ ալյուրը չի՛ կարելի հարստացնել ֆոլաթթվով և երկաթով՝ առանց լուրջ ու մանրակրկիտ գիտական հետազոտությունների: Վիտամինների ընդունումը հարցի մի կողմն է, մյուս կողմն էլ դրանց յուրացումն է: Վիտամիններն ամենից լավ յուրացվում են դրանցով հարուստ և լիարժեք սնունդ ընդունելուց հետո: Մեր կառավարությունը և Առողջապահության նախարարությունը իրենց ջանքերը պիտի ներդնեն այս ուղղությամբ, ոչ թե, նորից կրկնեմ, ազգի համար կործանարար ալյուրի հարստացմամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.