«Երգը որպես հանդիպման վայր» / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆՎարդան Հակոբյանի ստեղծագործական աշխարհին ծանոթանալուց, մասնավորապես նրա «Երգը որպես հանդիպման վայր» ժողովածուն թերթ առ թերթ, մաս առ մաս ըմբոշխնելուց հետո, իմ մտքերը հաճախ են վերադառնում դեպի նրա բանաստեղծությունները:
Իսկապես, հետաքրքիր բան է մարդու հիշողությունը: Երբեք չես կարող իմանալ, թե ինչը կպահվի նրա մեջ քո անցած օրերի, ապրումների, տեսածի ու լսածի մասին, և ինչը կմարի ու կանհետանա, ասես երբեք էլ չի եղել: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչով է պարարտ եղել, ինչով է դեպի իրեն ձգել հիշողության այն հողը, որի վրա իր արմատներն է ձգում անմոռանալին: Ահա այս մտքերն ինձ զբաղեցրին, երբ Վարդան Հակոբյանի ժողովածուն կարդալուց հետո իմ ներսում տնավորվեցին, արմատներ ձգեցին ներաշխարհային ալեկոծումների, թռիչքների մղող նրա շատ խոհեր, ապրումներ, պատկերներ:
Բոլորն ուզում են տուն հասնել,//Բայց ոչ ոք ճանապարհը չգիտե: («Քարի շնչառությունը»)
Ինչո՞ւ չեմ կարողանում մոռանալ, դուրս գալ այն զգացողությունից, որ ինձ պարտադրում են այս տողերը: Գուցե թե նույն այդ զգացողությունը վաղուց եղել է նաև իմ ներաշխարհային խորքերում, և հիմա, ընդամենը, կայացել է հանդիպումը նմանը նմանի, հարազատը հարազատի հետ:
Իսկապես, յուրաքանչյուրիս կյանքի ժամանակը ճանապարհներից է բաղկացած, և այդ ճանապարհները լաբիրինթոսի են նման, որ պետք է հաղթահարել: Վարդան Հակոբյանի ստեղծագործությունն անհաղթահարելին հաղթահարելու մասին զրույց է, որ անցել է իմ միջով, ճիշտ այնպես, ինչպես նա ինքն է զգացել և խոստովանել հետևյալը. «Մեղուները ծաղկի մոտ թռչելիս անցնում են իմ միջով…» («Դիմադրական հեռուն»): Իմ միջով են անցել Վարդան Հակոբյանի բանաստեղծական տողերը, որոնցից շատերն արմատ են ձգել հենց այնտեղ ու դարձել ինձ զբաղեցնող շատ մտքերի պատճառ, որոնց մասին գրելը հաճույք է այնքանով, որքանով հաճելի է քո տուն մտած թարմ օդն ու քեզ այցի եկած, երազային սիրով բեռնավորված քո մտերիմն ու հարազատը:
Իր ազնվագույն ներաշխարհը գեղարվեստական նորաոճ մտածողության թևերին մեզ մատուցող Վարդան Հակոբյանը բանաստեղծության համար չէ, որ գրում է բանաստեղծություն: Նրա ձեռքերը մաքուր են այդ առումով: Նա ընդամենը խոսում է քարի հետ, հոսում է ջրի հետ, բացվում ծաղկի հետ և շարունակում այդ կենսակերպը` ներկայացնելով այդ ամենն անելու իրեն ընձեռված հրաշքի գաղտնիքը.
Քարի հետ խոսելիս//փորձում եմ հասկանալ քնքշությունը անափ,//ջրի հետ հոսելիս//ապրում եմ հմայանքը արմատի,//ծաղկի հետ բացվելիս//կշռում եմ լույսը ափիս մեջ,//արևի հետ ծագելիս//սիրտս դնում եմ սերմի մեջ ակոսի://Մինչդեռ կողքից նայողին այնպես է թվում,//թե իբրև ես գրում եմ բանաստեղծություններ: («Մաքուր ձեռքեր»)
Բանաստեղծը միևնույն ժամանակ իր հայրենի երկրի պարզճակատ մարդն է, ճշմարիտ արցախցու կերպը: «Դիրքեր» բառը նրա համար սոսկ բառ չէ, որով կարելի է նկարագրել մոտակա սահմանագծի նշանակությունը: Դա նույն բառի առավելագույն իմաստն անցած, կատարսիսի հասնող զգացողություն է, որ բանաստեղծի ներսում հավասարվել է «օր» բառին, դարձել նրա հոմանիշը: Օր, որն էլ իր հերթին «սպասումից ցամաքած առու է»: Իսկ ցամաքած առուն տխուր զգացողություն է, և «Տխրության տերը պոետն է միայն»: Այնուամենայնիվ, օր նշանակող զգացողությունը դեռևս ձգտում է հասնել իր ճշմարիտ կերպին, ծնվել, վերածնվել, հասնել մինչև այնտեղ, որտեղից այն կողմ այլևս մնում է վերադարձը դեպի ինքնություն: «Դիրքեր» բառը գլխավերևի երկինքը պահող հսկա սյան ճակատին գրված գիր է, որի տակ ավելացված է շատ պարզ ու հստակ դիրքորոշումը.
…Իր հողի վրա տուն//ունենալն արցախցու կերպ է://Ուրիշ հողում չմեռնելը` նույնպես: («Դիրքեր»)
Վարդան Հակոբյանի գեղարվեստական մտածողության մեջ կա ոչ միայն անսահմանի, անվերջի իմաստը պրպտելու, ճանապարհը որպես բանաստեղծական կերպար օգտագործելու ճիշտ ու գեղեցիկ հնարի տիրապետում, այլև գեղագիտական անդրադարձ փիլիսոփայական այնպիսի գաղափարների, որոնք վերաբերում են հակադրությունների միասնությանը: Ահա թե ինչու է նրան այդքան հարազատ կատալոնացու արևաշող հոգին իր կյանքի դժվարին ու խորդուբորդ ճամփեքին վառ պահած գեղանկարիչ Խուան Միրոյի արվեստը: Վերջինիս «Կանայք ու թռչունները արևածագին» գծանկարը Վարդան Հակոբյանի գրքի շապիկին, ասես, բացվող մի լուսամուտ է դեպի բանաստեղծական այն աշխարհ, ուր իրար հակադիր գծերի, գույների, պատկերների, իրողությունների նկարագրությունների մեջ նա փնտրում է կյանքի հեքիաթը, չի ուզում կորցնել այն և ուզում է հասնել նրան այն ուղևորի պես, որի «հաճույքը հասնելը չէ՝ այլ քայլելը»: Ճանապարհին լինելու ընթացքը ոգեշնչման աղբյուր է արվեստագետների համար: Վարդան Հակոբյանի համար բանաստեղծորեն արտահայտվելը, բանաստեղծ լինելը թիթեռի թռիչքին նմանվող ճանապարհ է.
Փուշը թիթեռի թևի միջով//ծակել-անցել է, բայց նա//շարունակում է թռչել. թիթեռի թևերը//ներկայացնում են ծաղկած դաշտերի//պատկերը, որտեղ նրանք//ծնվում են://Նկարիր//մի ծաղիկ, որ գոյություն չունի, ահա//թե ինչ է նշանակում բանաստեղծություն գրել, կամ`//լինել թիթեռ, որի թևը մշտապես ծակում է մի փուշ:
/«Թիթեռնամե»/
Ահա մի ճանապարհ, բանաստեղծի ճանապարհը, որն արևելյան գունագեղության մեջ տիրող հոգևոր թռիչքների հետ մշտապես զուգահեռվող թախծի ու ողբերգության մասին է: Թիթեռն ստիպված է հաղթահարել լաբիրինթոս ճանապարհները, որ նույնն է, թե գնալ այն ծաղկի հետևից, որի կան ու չկան արբեցումի հասնող գլխապտույտ է: Իսկ փո՞ւշը… Փուշն այն ողբերգությունն է, որն ստիպում է արթուն հաղթահարել լաբիրինթոսանման ճանապարհները: «Թիթեռնամե»-ն թախծոտ պատմություն է կյանքի գաղտնախորհուրդ ճանապարհների փնտրտուքների մեջ իրենց չկորցնել փորձող բանաստեղծների մասին, ովքեր վիրավոր թևով, բայց և բերում, մեր հետևից մեզ են հասցնում ոչ միայն ծաղկած դաշտերի պատկերը, որտեղ մենք ծնվել ենք, այլև ծաղիկների բույրը:
Վարդան Հակոբյանի բանաստեղծական տողերը, որոնք երբեմն իրենց կարճառոտության մեջ հասնում են գաղափարական լիարժեքության և անցնում հաջորդ գաղափարին, պարուրված են նույն այդ բույրով: Դրանք խորհրդանիշ ներկայացնող տողեր են` իրենց շատ հարուստ ասելիքներով: Վարդան Հակոբյանը հասել է բանաստեղծական բառով ճիշտ նշանակետին խփելու արվեստին: Բանաստեղծության այդ առավելությունն է, որ նկատել է եվրոպական մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, արվեստի մեջ իր յուրահատուկ ուղին հարթած իսպանացի նկարիչը` Խուան Միրոն, ով խոստովանել է. «Բանաստեղծությունն ինձ տալիս է նոր հնարավորություններ` բարձրացնելով գեղանկարչության օրենքներից վեր»: Գեղարվեստական խոսքի անափ հնարավորությունները գերել են նրան` դառնալով նրա նկարչության շարունակությունը կազմող բանաստեղծություններ: Գեղարվեստական պայմանականություններով, սիմվոլիկայով աշխատող գեղանկարիչն իր կյանքի տագնապալից օրերին, ասես, զգում է բանաստեղծության տված թթվածնի զորությունը: Իր գործերը նա սկսում է անվանել բանաստեղծական տողերով` ընդգծելով դրանց բանաստեղծական գաղափարայնությունը: Ինչպես` «Թռչունը, որ սուզվում է լիճը, ուր արտացոլվում են աստղերը», «Թռչնի թևից ընկնող ցողի կաթիլն արթնացնում է սարդոստայնի ստվերում ննջող Ռոզալիին» և այլն: Նման վերնագրերի տակ եղող նկարներում հաճախ գունային կամ գծային հակադրություններով խորհրդանիշ գծապատկերներ են, շրջանակներ, որոնցով էլ ամբողջանում է ասելիքը:
Մի՞թե նույնը չէ Վարդան Հակոբյանի բանաստեղծական աշխարհում. …Երաժշտություն//բացարձակապես//գոյություն չունի,//որովհետև ամեն ինչ երաժշտություն է: Եվ ես միշտ//դիմացից եմ գալիս: («Մինչև հաջորդ առավոտ»)
Բանաստեղծ Վարդան Հակոբյանը հստակորեն լսում է «Ընդդիմադիր գծերի հայր Խուան Միրոյի տիեզերական քմծիծաղը», որ «Կախվել է երկնքի քիվերից` որպես կրակի ստվեր»: Ապա նա ընդառաջ է գնում տիեզերական կանչին և տեր կանգնում բանաստեղծական իր դիրքորոշմանն ու պահվածքին` ազդարարելով այդ մասին իր հետևյալ խորախորհուրդ խոսքով`
…Եվ//զանգն//ինձ հնչեցնում է:
Հնչեցվող զանգի հետ միասին բանաստեղծը նկատում է, որ` «Մութը ձորերում խիտ է, սարի վրա` լույսից մի թեթև վախեցած»: («Ծանրացող իրիկուն»)
«…Ինձ համար ծառը ոչ թե ծառ է, բուսականության կարգին պատկանող ինչ-որ բան, այլ՝ մարդկային մի բան, ապրող մեկը: Ծառը պերսոնաժ է… խոսող սաղարթավոր պերսոնաժ է»,-ասում է նկարիչ Խուան Միրոն և արդարացնում ծառի վրա իր կողմից նկարված մարդկային աչքերի իրողությունը: Իսկ թե ինչ կարգավիճակի մեջ է տեսնում խնձորենին Վարդան Հակոբյանը և ինչ սեր ու գորով դնում նրա մեջ, նկատում ենք այս տողերում.
…Իսկ ես//թեև ծնունդով//անձրևին եմ քաշել, բայց մայրս ասում է, որ պապիս//հետ մի խնձոր եմ`//միջից կիսած: Ահա թե ինչպես եմ ես հայտնաբերել//խնձորենին: («Շրջանցում»)
Մենք չէինք զարմանա, եթե բանաստեղծը վերցներ վրձինն ու նկարեր իր տոհմածառը` արմատին` մի հսկա խնձոր, ճյուղին` նույն խնձորի` դեռ հասունանալ ձգտող տեսակը: Կյանքում ընդունված, ամրագրված իրողությունների շրջանցումով է, որ Վարդան Հակոբյանը հասնում է ասելիքի առավելագույն աստիճանին.
Ինչպես էլ կոչենք, այնուամենայնիվ, անունները//ոչնչացնում են//երևույթներին, որոնք անհամեմատ ավելին են: Խոտերը, որ պիտի աճեին//դաշտամիջյան այս ճանապարհին, հանգիստ//չեն տալիս ոտքերիս: («Շրջանցում»)
Ճանապարհը որպես հոսող ժամանակի, կյանքի ընթացքի խորհրդանիշ: Այսպես է ընկալում Վարդան Հակոբյանը և հենց այդ պաստառի վրա համադրում անցյալը, ներկան ու ապագան` փորձելով մեկնել նաև անվերջի, անծայրի, անհունի գաղտնախորհուրդ դրսևորումները: Ինչպես նա ինքն է խոստովանում, «Ամեն ինչ ճամփորդի հայացքով» է ընկալում, իսկ հարցադրումները գնալով խորանում և լուծում են պահանջում.
Ճանապարհի վրա` անճանապարհ: Թվում է` գալիս ենք,//բայց գնում ենք: Իրար չսիրելը (չհանդուրժելը)//դավաճանություն է,//չգիտեմ` ում: («Վայրկյանները ծերանում են»)
Ե՞րբ և ո՞ւմ համար է վերջանում ճանապարհը: Այս հարցի պատասխանը Վարդան Հակոբյանը հանում է մարդկային կյանքի փորձի միջից և ազդարարում կարճ ու հստակ բանաստեղծական ձևակերպումով.
Ճամփան մեռնում է այն պահին,//երբ մարդիկ//սկսում են քայլել հոտերով: («Հոտից դուրս»)
Հասկանալի է, որ ստեղծագործող անհատի գրականության մեջ առկա են ոչ միայն հասարակական պայմաններն ու պայմանականությունները, այլև սեփական ժողովրդի ողջ հոգևոր-մշակութային, գրական ու լեզվամտածողական համակարգին պատկանելու ապացույցները: Նման ապացույցներով լի է Վարդան Հակոբյանի պոեզիան:
Ցանկացած քարի մոմ վառիր//Եվ քարը սկսում է Նարեկ արտասանել… («Անծանոթ վայրկյաններ»)
Մեծ գործերը հաճախ չեն ազդարարվում շեփորներով, և կամ նոր հայտնության նման միանգամից չեն փոխում մարդկանց կենսակերպն ու հոգեբանությունը: Դրանք նաև որպես նշխարք են սնում հոգին` փշուր առ փշուր ներծծվելով նրա մեջ:
Վարդան Հակոբյանը, որպես գեղարվեստական խոսքի հնարավորություններն օգտագործող անհատ, նույն այդ խոսքով մի շատ կարևոր ասելիք ունի, որն էլ փշուր առ փշուր, տող առ տող հայտնվում է նրա բանաստեղծությունների միջից ու ներծծվում հոգուդ մեջ` քեզ դարձնելով իր բիբլիականությունն արդարացնող ժողովրդի մի մասնիկը:
Ժամանակին Ռաբինդրանաթ Թագորը Ճապոնիա կատարած այցի ժամանակ «Ճապոնիայի հոգին» թեմայով դասախոսություն է կարդում այնտեղ, որտեղ ասվում է. «Յուրաքանչյուր ազգի պարտքն է աշխարհի առաջ բացահայտել ու արդարացնել իր գոյությունը: Եթե ազգն աշխարհին ասելիք չունի, դա պետք է դիտարկել որպես ազգային հանցագործություն, ավելին, դա մահից էլ վատ է և երբեք չի ներվի մարդկության պատմության կողմից: Ազգը պարտավոր է մարդկության համընդհանուր արժանիքները հարստացնել այն ամենով, ինչ որ ունի ինքը: Ազնվագույն հոգին ազգային հարստության և այն մտավոր ոլորտներում օգտագործելով ու դուրս բերելով մասնավոր հետաքրքրությունների շրջանակներից` դրանով ազգը հրավիրում է աշխարհին ծանոթ լինելու իր հոգևոր մշակութային արժանիքներին»:
Առանց վարանելու ենք ասելու, որ արցախահայոց ազնվագույն հոգին, բույն դնելով Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների մեջ, թևածում է որպես իր ժողովրդի մաքրամաքուր զգացումների շարունակական գոյություն` միաժամանակ աշխարհի համար բացվելով որպես խաղաղության ծաղիկ: Ի՞նչ կա ավելի մաքուր, սիրտ ու հոգի վեհացնող, քան մարդկային հետևյալ զգացողությունը, որի մասին վկայում է բանաստեղծը.
Իմ ափերից ջուր են խմում//մի սպիտակ ձի ու հրեշտակները…
Վարդան Հակոբյանի բանաստեղծական աշխարհը, իսկապես, մի երգ է, որի շուրջը հավաքվելով որպես հանդիպման վայր` ուրիշ բանից չէ, որ խոսելու ենք, այլ լույսի, լուսավորի, երանավետ անդորրի մեջ մեր երգը գալիքին պարզելու մասին: Չէ՞ որ`
Հավքը բույն է հյուսել հորիզոնի վրա, ուր//բարձրացել է ոսկե//եղեգը` սրինգ դառնալուց առաջ: («Եղեգ»)
Այսպիսին է Վարդան Հակոբյանի պոեզիան: Առջևում սրինգ դառնալու պատրաստ եղեգնուտ է, մնում է պատրաստել սրնգահարների երթը, որն էլ անում է բանաստեղծը: Հետևում դեռ թարմ են պապերի շշուկները, և եթե շրջանցես ժամանակի հոսքը և բանաստեղծի հետ միասին դիմես միստիկ հնարանքին, կստացվի այն, ինչի մասին խոստովանում է բանաստեղծն ինքը.
Ես ինձնից հեռացել եմ//Եվ իմ հեռվից նայում եմ ինձ,//Բայց տեսնում եմ//Առուն շուրթին սրինգ արած//ծանոթ մի ժայռ`//Ինձ չեմ տեսնում,//Խորունկ մի ձոր,//Ուր պապերիս շշուկները//թարմ են մնում`//Խոտին իջած ցողը ինչպես://Ես տեսնում եմ անմահ քարեր,//Որ ուր որ է պիտի ելնեն,//Հսկեն տունը հայրենական… («Ես ինձնից հեռացել եմ»)
«Յուրաքանչյուր լեռ կանգնում է ինչ-որ կանչի ուղղությամբ»,- այսպես է մեկնաբանում Վարդան Հակոբյանի բանաստեղծական տողը կյանքի ընթացքը ճիշտ պահելու բանաձևը: Միևնույն ժամանակ, նրա աչքից չի վրիպում այն կանչ-նշանակետը, որի շուրջը հավաքվելու, հանդիպելու հրավեր է երգում մեզ համար` իր ստեղծագործական աշխարհը պարզելով մեզ: Հետևելով նրան և գնալով այդ կանչի ուղղությամբ` կհամոզվենք, որ նա ճիշտ է, երբ հավատացնում է, թե`
…արևն ամեն օր ծագում է քո հասցեով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.