ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵԿԸ, ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Քանի՞ տարի է անցել Հայոց ցեղասպանությունից:
Հարյո՞ւր:
Դարավերջի մեր ազատամարտին Ֆրանսիայից մի երիտասարդ էր եկել մասնակցելու, որ Արցախի տեղը վատ գիտեր, հայերեն ընդհանրապես չգիտեր: Ջինսի նորաոճ վերնաշապիկով, նույն կտորից անդրավարտիքով դիցուք՝ Ժանին, հարցնում եմ, թե ի՞նչ պիտի անի Արցախում, ասում է՝ պապիս վրեժը պիտի լուծեմ:
– Ի՞նչ վրեժ,- զարմանում եմ:
– Պատմելու բան չի, որ պատմեմ. մինչև հիմա հիշելիս փշաքաղվում եմ:
– Անողն անելիս չի ամաչել, դու պատմելու համա՞ր ես ամաչում:
Խոսք խոսքի պարզվում է, որ նրանց մեծանուն, մեծահարուստ գերդաստանին Խարբերդի Վարդաթիլ գյուղից Ծովք լիճն են բռնահանել, հրոսապետը պապի հորը կեռ դանակով կառափնատել, իսկ չորս տարեկան պապի լեզուն կտրել է, որ ամբողջ կյանքում մղկտա, բայց տեսածը պատմել չկարողանա:
Քանի՞ տարի է անցել Հայոց ցեղասպանությունից:
Հարյո՞ւր:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները այս հունիսի վերջին օրը գլխատել են Սիրիայի Քոբանի քաղաքի վերջին հային՝ 45-ամյա Հովսեփ Թովմասյանին:
– Տղա՛ս, փախիր,- վերջին պահին 12-ամյա որդուն՝ Արամին հասցրել է գոռալ հայրը:
Տղան փախել է: Միայն թե նրա անունն այլևս Արամ չէ, Վրեժ է:
Տուն վերադառնալիս ֆրանսահայ ազատամարտիկի ջինսի նորաոճ վերնաշապիկը ծվատվել, նույն կտորից անդրավարտիքը քրքրվել էր:
– Հիմա գոնե ասա իսկական անունդ,- թախանձեցի:
– Ուրեմն չիմացա՞ր,- ժպտաց,- Վրեժ էր: Եկա, վրեժս լուծեցի, գնում եմ:
Դրա՛ համար եմ ասում, որ քոբանցի Արամի անունը հոր նահատակվելու պահից Վրեժ է:
Լսո՞ւմ եք՝ իսլամ ահաբեկիչներ, ձեր զինյալներն ուր ուզում է պահվտեն, Արամը մեծանալու, նրանց գտնելու, հոր վրեժը լուծելու է: Ցեղասպանությունը ազգություն չէ, կրոն չէ, անժամկետանց հրեշագործություն է:
Ու լավ է, որ Հայոց ցեղասպանությունից արդեն հարյուր տարի է անցել:
Մենք մեր հույսն այլևս Աստծու ողորմածության վրա չենք դնում:
Մեր վրեժը մենք ենք լուծում:
Զենքո՛վ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.