ԿԵՆԴԱՆԻ ԷՊՈՍԻ ԵՐԿՐՈՒՄ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Էպոսները չեն մեռնում: Ժամանակի ընթացքում գրի են առնվում և գոյատևում են իբրև գրական հուշարձաններ: Բայց էպոսի դասական ձևը նրա բանավոր գոյությունն է, երբ այն հնչում է բոլորի համար՝ խրճիթներում թե պալատներում: Այսօր այդպիսի էպոսներ շատ քիչ են մնացել: Դրանցից մեկը Ռուսաստանի հյուսիս-արևելքում բնակվող յակուտների էպոսն է՝ «Օլոնխոն»: Տասը տարի առաջ այն մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական հուշարձանների ցանկը (այդ ցանկում է նաև «Սասունցի Դավիթը»): Յակուտները այդ փաստին շատ մեծ նշանակություն են տալիս:
Այս տարի արդեն երկրորդ անգամ Յակուտսկում կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված էպոսագիտության խնդիրներին: Ես մասնակցել էի նախորդ գիտաժողովին, և այս տարվա հրավերը ևս ընդունեցի հաճույքով: Այդ գիտաժողովները մասնագետներին բազմաթիվ նոր փաստեր և գաղափարներ են տալիս էպոսագիտական տարբեր խնդիրների շուրջ, գիտական քննարկումների լավ հնարավորություն են ստեղծում: Դրանց սովորաբար մասնակցում են գիտնականներ աշխարհի ամենատարբեր երկրներից: Գալիս են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, իհարկե, Ռուսաստանի ինքնավար հանրապետություններից և Մոսկվայից, նախկին խորհրդային հանրապետություններից՝ Կիրգիզիայից, Ղազախստանից: Այս տարի եկել էր նաև կոլումբիացի պրոֆեսոր Ռուբեն Ֆլորեսը՝ Լատինական Ամերիկայի բնիկների էպիկական բանահյուսությանը լավատեղյակ մասնագետ: Մասնակիցներից շատերը միջազգային համբավ ունեն: Օրինակ, Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի ազգային գրականությունների ինստիտուտի տնօրեն Չաո Ջեինը, ում հետ ծանոթ ենք արդեն վաղուց: Ինձ համար շատ հաճելի էր պրոֆեսոր Կառլ Ռայխլի (Գերմանիա) մասնակցությունը: Ռայխլը թյուրքական էպոսների այսօր, թերևս, լավագույն մասնագետն է ամբողջ աշխարհում: Մի քանի տարի առաջ նա «Սասունցի Դավթին» նվիրված երևանյան գիտաժողովում հանդես եկավ մեր էպոսը լուսաբանող շատ հետաքրքրական զեկուցումով:
Ընթերցողին ուզում եմ ներկայացնել մի հետաքրքրական իրողություն, որի մասին խոսեցի իմ զեկուցման մեջ: Դեռ դպրոցից գիտենք անտիկ էպոսի՝ «Իլիականի» և «Ոդիսականի» մասին՝ աշխարհի հնագույն էպոսներից մեկը, որը հսկայական ազդեցություն է գործել ամբողջ մարդկության հոգևոր զարգացման վրա: Միջնադարում ևս եվրոպական ժողովուրդները ստեղծեցին փառահեղ էպիկական հուշարձաններ՝ «Երգ Ռոլանդի մասին», «Երգ Սիդի մասին», «Նիբելունգների երգը», «Բեովուլֆ» և այլն: Բայց վերջին տասնամյակներում եվրոպացիները զարմանալիորեն անտարբեր են իրենց էպոսների նկատմամբ: Չեմ հիշում որևէ գիտաժողով Եվրոպայում, որ նվիրված լիներ եվրոպական էպոսներին: Այնինչ Արևելքում շատ մեծ հետաքրքրություն կա իրենց էպիկական ժառանգության հանդեպ: Վերջին տարիներին մասնակցել եմ վեց գիտաժողովի, որոնք կազմակերպվել են Կիրգիզիայում՝ նվիրված Մանասին, Չինաստանում՝ նվիրված տիբեթա-մոնղոլական Գեսերին և էպոսագիտության խնդիրներին և, ինչպես արդեն ասացի, Յակուտսկի երկու գիտաժողովին՝ նվիրված յակուտական էպոսին: Ես կատակով ասացի, որ համաշխարհային էպոսագիտության մայրաքաղաքները այսօր Պեկինն ու Յակուտսկն են: Չգիտեմ, ինչն է այսօր եվրոպացիներին այդքան անտարբեր դարձնում իրենց էպոսների հանդեպ՝ գրավոր մշակույթի հսկայական զանգվա՞ծը, պոստմոդեռնիստական մտածողությո՞ւնը, մշակութային անկո՞ւմը, թե՞ մի ուրիշ բան: Բայց իրողությունն այդ է:
Վերջին տասնամյակներում մենք ևս ունեցանք չորս գիտաժողով, բոլորը նվիրված էին մի թեմայի՝ Սասնա ծռերը և աշխարհի ժողովուրդների էպոսները: Ես ուրախությամբ լսեցի յակուտ գործընկերներիս խոսքը երևանյան գիտաժողովների մասին, որոնք արդեն պարբերական են դարձել, արձագանք են ստանում Հայաստանի սահմաններից շատ հեռու: Մեզանում, բարեբախտաբար, հետաքրքրությունը (ոչ միայն գիտական) «Սասունցի Դավթի» հանդեպ չի պակասում: Այս իրողությունը պետք է բարձր գնահատել: 1500-ամյա գրավոր հարուստ մշակույթը, թվում է, մեզ էլ պետք է հեռացներ էպոսից, անջրպետ դառնար էպոսի և նոր ժամանակների հայ մարդու միջև, բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ: Մեր էպոսի հայրենասիրական և բարոյական լիցքերն այնքան ուժեղ են, գեղարվեստականորեն այն այնքան կատարյալ է, որ չենք կարող նրան վերաբերվել իբրև սոսկ հերթական գրական տեքստի:
Յակուտներն առավել ևս չեն կարող «Օլոնխոն» դիտել իբրև իրենց խոսքարվեստի շարքային հուշարձան: Նրանց գրականությունն ընդամենը մի հարյուր տարվա պատմություն ունի, էպոսը նրանց համար ամեն ինչ է: Դրա համար նրանք այդքան ուշադիր են էպոսի հանդեպ: Երբ յակուտական էպոսը մտցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նութական հուշարձանների ցուցակը, ստեղծվեց կառավարական հանձնաժողով՝ իրենց Ազգային ժողովի (էլ-տումեն) նախագահ, էպոսագետ Ալեքսանդր Ժիրկովի գլխավորությամբ, ով այս տարիներին ամեն ինչ անում է էպոսը հրատարակելու, թարգմանելու, ամբողջ աշխարհում տարածելու համար (այս անգամ մեզ նվիրեցին «Օլոնխոյի» անգլերեն շքեղ հրատարակության օրինակները):
Առհասարակ, յակուտները զարմանալի ուշադիր են իրենց հոգևոր արժեքների և ավանդների հանդեպ: Նրանց Մշակույթի նախարարությունը կոչվում է Մշակույթի և հոգևոր զարգացման նախարարություն: Յակուտսկում հատուկ հաստատություն են ստեղծել՝ հոգևոր ավանդների տուն, որի կենտրոնում բարձրանում է իրենց բանահյուսության և շամանական կրոնի մեջ շատ կարևոր տեղ գրավող կախարդական ծառը: Այստեղ «Օլոնխո» են արտասանում, հինավուրց արարողություններ են կատարում: Մեզ Յակուտսկից բավական վատ ճանապարհներով տարան իրենց հեռավոր շրջաններից մեկը՝ Չուրապչի, որտեղ կազմակերպված էր «Օլոնխոյի» տոնը: Հսկայական դաշտ, որտեղ «ասեղ գցելու տեղ չկար»: Այս անգամ ևս այն տպավորությունն էր, որ աշխարհի բոլոր յակուտները հավաքվել են այդտեղ: Շամանը վառեց սրբազան կրակը՝ համապատասխան երգերով և աղոթքներով, տեղի ունեցան ձիամրցումներ, ազգային խաղեր: Մասնակիցների մեծ մասը ազգային հագուստով էր (ի դեպ, բավական ճաշակով կարված և գունագեղ): Ազգային հագուստով էին նաև հանրապետության ղեկավարները, որոնք մասնակցում էին այդ զարմանալի փառատոնին: Ի դեպ, ռուսները, 17-րդ դարում Յակուտիա հասնելով, յակուտներին կնքել են ուղղափառության օրենքներով: Յակուտները ո՛չ իրենց շամանությունից են հրաժարվել, ո՛չ էլ ուղղափառությունն են մերժել: Այսօրվա նրանց կենցաղը հենվում է այդ երկուսի միասնության վրա:
Յակուտիան, իսկապես, հետաքրքրական երկիր է: Անծայր տարածություն (Ֆրանսիայից մեծ), բայց բնակչությունը՝ մեկ միլիոնից պակաս (որից յակուտներ՝ ընդամենը երեք հարյուր հազար): Ադամանդի և ոսկու հսկայական պաշարներ ունեն, Լենան վեհորեն հոսում է նրանց տարածքով՝ ապահովելով ուտելի ձկան 150 տեսակներով, որից 15-ը՝ բարձրագույն որակի: Ամենուրեք ձիերի երամակներ են արածում, որոնք ոչ միայն փոխադրամիջոց են, այլև, և ամենից առաջ, մսատու և կաթնատու կենդանիներ:
Յակուտները հայերի հանդեպ մեծ հարգանք ունեն: Գիտաժողովում շատ լավ խոսքվեց հայկական էպոսի մասին, գիտաժողովի առաջին զեկուցման պատիվը հայ մասնակցին էր վերապահված: Նրանք ձգտում են համագործակցել հայ էպոսագետների հետ: Կարծում եմ, մեր հերթական էպոսագիտական գիտաժողովին նրանք ակտիվ մասնակցություն կունենան: Նրանց գրական և գիտական արմատները շատ խոր չեն, բայց փոխարենը ընկալումների մեջ կա թարմություն և նվիրվածություն ազգային մշակույթին, որը թույլ է տալիս նրանց պայքարել ժամանակակից աշխարհում այդ մշակույթի տեղը հաստատելու համար:
Ինձ շատ հաճելի էր զգալ հայերի հանդեպ յակուտների բարեկամական վերաբերմունքը (իսկ հայերը Յակուտսկում շատ են): Հայերը այստեղ հայտնի են իբրև լավ շինարարներ, վերջերս էլ կառուցել են հայկական եկեղեցի, որը գտնվում է օդակայանից Յակուտսկ տանող ճանապարհին և իր վրա է բևեռում ուղևորների ուշադրությունը: Լավ կլիներ այս վարպետները Հայաստանում կառուցեին, բայց եթե ճակատագիրը (կամ մեր պետության ծայրահեղ անհոգ վերաբերմունքը իր քաղաքացու հանդեպ) նրանց նետել է այդքան հեռու, ուրեմն գոհ լինենք, որ այդ հեռավոր երկրում նրանք իրենց ժողովրդի անունը բարձր են պահում:

One thought on “ԿԵՆԴԱՆԻ ԷՊՈՍԻ ԵՐԿՐՈՒՄ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.