Հայ-լիտվական գրական կապեր

Մայիսի 22-ին «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում ՀԳՄ Մեծ դահլիճում հյուրընկալվել էին Լիտվայի գրողների միության նախագահ, թարգմանիչ Անթանաս Ա. Յոնինասը, բանաստեղծ Լյուտաուրաս Դյագեսիսը և թարգմանիչ, հրապարակախոս Գիտիս Նորվիլասը: Լիտվացի բանաստեղծներն իրենց բանաստեղծությունները հնչեցրին լիտվերեն, որոնց հայերեն թարգմանությունները ներկայացրին բանաստեղծներ Գագիկ Դավթյանը, Վառլեն Ալեքսանյանը, Էդվարդ Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը նաև ներկայացրեց հայ-լիտվական գրական կապերի պատմությունը և անդրադարձավ գրահրատարակչական աշխատանքներին` փաստելով, որ լիտվական գրականությունը վաղուց ի վեր թարգմանաբար ներկայացվել է Հայաստանում, հայ ընթերցողին քաջածանոթ են լիտվացի և՛ դասական, և՛ ժամանակակից հեղինակները: Լիտվացի գրողները 3 օր մնացին Հայաստանում, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին:
Մայիսի 27-ին ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հրավիրվեց Լիտվա` մասնակցելու «Պոեզիայի գարուն» փառատոնին:
Վիլնյուսում, Լիտվայի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Էդ. Միլիտոնյանի հետ: ՀԳՄ նախագահը ներկաներին ներկայացրեց ժամանակակից հայ գրականության խնդիրները, միաժամանակ տեղեկացնելով, թե ինչ քայլեր են արվում հայ-լիտվական գրական կապերի զարգացման ուղղությամբ: Մարիտե Կոնտրիմայտեն, որի դերը զգալի է երկու երկրների գրական կապերի ամրապնդման գործում, նույնպես ներկա էր հանդիպմանը և ներկայացրեց հայ գրողների ստեղծագործությունները լիտվերեն:
Հայ-լիտվական գրական կապերում իրենց ավանդն ունեն Դավիթ Հովհաննեսը, որը թարգմանել է Յուստինաս Մարցինկյավիչուսի ստեղծագործությունները, և Ֆելիքս Բախչինյանը, ով հիմնականում թարգմանել է Էդուարդաս Մեժելայտիսի և այլոց ստեղծագործությունները:
Էդ. Միլիտոնյանը մասնակցեց նաև «Պոեզիայի իշխանություն» ֆորումին` «Գրականությունը և ժամանակը» թեմայով: Զեկուցման մեջ անդրադարձավ ցեղասպանության 100-րդ տարելիցին, ցեղասպանությանը զոհ գնացած գրողների ճակատագրին ու ստեղծագործություններին, նաև ժամանակակից հայ գրականության խնդիրներին: Իր զեկույցում Էդ. Միլիտոնյանը միաժամանակ փաստեց, որ Լիտվան 2005 թ.-ին շատ երկրների պես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հանդիպումները շարունակվեցին Կաունասում, ԲՈՒՀ-երում, քաղաքային զբոսայգիներում: ՀԳՄ նախագահը հանդիպեց նաև հայ համայնքի ներկայացուցիչների, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն Այվազյանի, ինչպես նաև Լիտվայում բնակվող արձակագիր Վահագն Գրիգորյանի հետ: Վերջինիս ու Մարիտե Կոնտրիմայտեի ջանքերով, թերևս, առավել գործուն կդառնան հայ-լիտվական գրական-մշակութային կապերը, որոնց աշխուժացումը, Միլիտոնյանի հավաստմամբ, անհրաժեշտություն է թե՛ հայերի, թե՛ լիտվացիների համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.