ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՌԵՐԵՍՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ / Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Մեր օրերում գրվում են գրքեր, որոնք տաղանդավոր են թե՛ գեղարվեստի, թե՛ հասարակական կարևորության առումով, բայց մնում են ստվերում: Պատճառը իհարկե հայտնի է՝ մեր զանգվածային չընթերցելը: Ի՞նչ է ստացվում. գրողն անում է իր աշխատանքը, իսկ ընթերցողը՝ ոչ: Չնայած այսպիսի տխրեցնող հանգամանքին, այնուամենայնիվ հայկական իրականության մեջ ծնվում են պրոֆեսիոնալ մակարդակի գրքեր, որոնք կարևոր են և անհրաժեշտ, հատկապես մեր պատմության խնդիրներն արտացոլելու տեսակետից: Վերջին շրջանի կարդացածս գրքերի մեջ առանձնանում է Ֆելիքս Շաքարյանի «Օտարը» պատմավեպը, և ես անկեղծորեն ցանկացա մի քանի խոսք ասել այդ գրքի կարևորության և առանձնահատկության վերաբերյալ: Այս ստեղծագործությունը վաստակաշատ գրողի տարիների փորձառության պտուղն է, այն բերիական դարաշրջանի գեղարվեստական մարմնացումը, որը, որքան գիտեմ, վիպական ընդգրկմամբ առաջին անդրադարձն է մեզանում: Այս գրքով ի ցույց է դրվում ոչ հեռավոր անցյալի մի դառը իրողություն՝ հայկական Լոռու նկատմամբ վրացական այն ժամանակվա ղեկավարության, մասնավորապես Բերիայի ախորժակը, որը արյունոտ ահաբեկումների գնով ձգտում էր հափշտակել այդ հողը՝ իր հարուստ պղնձահանքերով հանդերձ: Պղնձի արդյունահանությամբ շատ ոգևորված էր Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը, որի նահատակության մեջ մեծ չափով դեր է կատարել նաև այս հանգամանքը: Սա գրող Ֆ. Շաքարյանի վարկածն է, որը բնավ հեռու չէ ճշմարտությունից:
Վեպում հիանալիորեն է կերպավորված Սարսափը, երեսունականների Սարսափը: Մարդիկ առօրյայում ասում-խոսում են, կատակում են, սիրում են, գինի են խմում, սակայն նրանց կողքին սարսափն է՝ Բերիայի տեսքով: Եվ այդ նողկալի ներկայությունը նրանց մղում է գերմարդկային զգուշավորության՝ նրանց վերածելով անհոգի, երբեմն ողբերգական մեխանիզմների: Եվ նրանք սկսում են թույլ տալ արարքներ, որոնցից առավել մեղմ հանգամանքներում հաստատապես զերծ կմնային: «Օտարը» վեպում տեսնում ես երևույթ և աներևույթ ողջ հոսանքները, որոնք վտակ-վտակ հավաքվելով, սաստկանալով երկրով մեկ, ստեղծում են 37-ի ահեղ դիմագիծը:
«Օտարը» վեպի սյուժետային ընթացքը ինչ-որ չափով արկածային երանգավորում ունի: Երևում է հեղինակի երևակայության թռիչքը, որի շնորհիվ իրականության սուր ու ճշգրիտ իմացությունից կերտվում են զանազան կերպարներ՝ շատ բնորոշ մինչհեղափոխական և հետհեղափոխական շրջանի խառնակ Թիֆլիսին, որի ինտերնացիոնալ կաթսայում քլթքլթում էր Բերիայի, Կոբայի, Աթարբեկովի և այլոց՝ գլխարկի պես տեր ու իշխանություն փոխած անձանց նողկալի առօրյան: Դեպքերի արկածային շարակցումը սրում է հետաքրքրությունը ընթերցողի մեջ, որը շունչը պահած հետևում է ընթացքին: Պատումին առանձնակի երանգ են հաղորդում գործող անձանց մականունները. Փաշո Որսաշուն, Բուլկի Գոգո, Շոլկ Համո, Գենոսե Վիլլի, Փինաչի կոշկակար Ղազի, Կրիվոյ Չորտ, Միկիտան Փանոս, Ձիագող Իշխան, Փիսո Վրույր, Կխտար Վարոս: Սրանցով առավել տեսանելի է դառնում միջավայրի կոմիկականությունը, նաև ողբերգականությունը, որովհետև գրեթե անգրագետ, սակայն լրտեսությամբ ու դավաճանությամբ բերիական իրականության մեջ դիրք գրաված անձինք դառնում են ժամանակի պտուտակներ, նույնիսկ ղեկեր ու ղեկակալներ: Սրանց առօրյան լցված է գինարբուքով, սեռական սանձարձակությամբ, լրտեսությամբ, զանազան տմարդի գործարքներով և այլն: Անհայտ անուններից բացի վեպում հիշատակվում են պատմական անձինք՝ Էնվեր, Յագոդա, Ջեմալ, Խան-Խոյսկի, որոնց հետ Բերիան ներկայացվում է իբրև հոգեկից եղբայր… Սրանք, ճիշտ է, հանդես չեն գալիս որպես կերպարներ, սակայն սրանց հիշատակությամբ անգամ թանձրանում են հրեշավոր սարսափի գույները, որոնց մեջ ընկղմված էին զանգվածները: Ֆ. Շաքարյանին, պիտի ասել, հաջողվել է մեր աչքի առաջ բացել այն սահմռկեցուցիչ իրականությունը, որը ձևավորվել էր հետցարական Անդրկովկասում և ապա շարունակությունը սովետական տարիներին՝ քիչ այլ կատարմամբ: Թեպետ մենք դա գիտենք առանց նույնիսկ գրքեր կարդալու, մեր ավագ սերնդի դառնություններից ու հեծեծանքներից գիտենք, բայց ահա գրականության այս փաստը մեր իմացածին տալիս է վավերականություն, կերպավորված բնույթ: Մենք, շնորհիվ գրականության, ավելի լավ ենք տեսնում անցյալը, որից չենք կարող և իրավունք չունենք դիմադարձ լինելու:
Վեպում գործվող զանազան անմարդկային արարքների առանցքը իհարկե Բերիայի գերագույն ջանքն էր՝ Լոռու պղնձահանքերը Վրաստանին միացնելը: Այդ նպատակով նա հանքեր է գործուղում իր սիրուհիներից մեկին՝ որպես ուսուցչուհի, որը պիտի աշխատի ստորագրահավաք կազմակերպել տեղի բնակչության մեջ՝ այդ միացումը, իբրև թե ժողովրդի կամքով իրականացնելու համար… Բայց դա տեղի չի ունենում ինչ-որ անհայտ պատճառներով, համենայնդեպս վեպը չի մատնանշում դրանք: Վեպի վերջնամասը լցված է առատ գործողություններով, որոնք, ճիշտ է, սյուժեի ճյուղերն են, սակայն դրանց կուտակումը ստեղծում է վեպն արագ ավարտին մոտեցնելու տպավորություն: Մինչդեռ կարելի էր ավելի հանդարտ շնչառությամբ դրանք տանել դեպի հանգուցալուծում: Ճիշտ է, վեպն ավարտվում է 37 թվի տեսլապատկերով, այնուամենայնիվ նշեմ, որ ինչ-որ չբավարարվածության զգացում մնում է ընթերցողի մեջ, նա ուզում է շարունակություն: Ուզում է ավելին տեսնել ու իմանալ պղնձահանքերի մասին, բերիական նոր խարդավանքների և հերոսների, հատկապես ուսուցչուհի ուղարկված Գայանեի ճակատագրի մասին:
«Օտարը» վեպի շնչառությունն այնպիսին է, որ իսկապես ենթադրում է հետագա դեպքերի զարգացում՝ պատերազմական թիկունք, հետպատերազմական ծանր կացություն և, վերջապես, 1947-49 թթ. տեղահանություններ ու աքսոր: Հեղինակը այս դեպքերի վերաբերյալ, վստահ եմ, կունենա կենդանի հիշողություն, և նա կարող է լավագույնս ամբողջացնել ստալինյան դարաշրջանի պատմությունը հայրենի եզերքի օրինակով: Սա իմ բարի ցանկությունը և հորդորն է հարգելի հեղինակին:
Հեղինակն իր վեպն անվանել է պատմական, չնայած դեպքերը վերաբերում են մոտակա անցյալին: Բնորոշումը ճիշտ է, որովհետև անցյալ դարի 20-30-ական թվականները շրջադարձային եղան սովետական ժողովուրդների կյանքում: Եվ հիմա, երբ անդառնալիորեն կտրված ենք այդ ժամանակներից, ապրում ենք բոլորովին այլ իրողություններով ու ձգտումներով, հիշյալ ժամանակաշրջանը այսօրվա սերնդի աչքում մնում է որպես անցած ճանապարհի մի փշոտ հատված, որպես հեռվից նայող պատմություն: Գրականության անդրադարձը պատմությանը միշտ ցանկալի ու շահեկան է՝ պատմության դեմքն ավելի լավ տեսնելու և շնչառությունը զգալու, ինչպես նաև վաղեմի հարցականների պատասխաններն այսօր ստանալու համար:
«Օտարը» վեպը տալիս է պատմական ժամանակաշրջանի պատկերը, գեղարվեստորեն ցուցանում իրողությունների ընթացքը երկրի վրա և մարդկանց սրտերում:
«Օտարը» պատմավեպը լավագույն վկայությունն է 75-ամյա գրողի վարպետության: Անհամեմատ հեշտ է գրել ծանոթ միջավայրի մասին, բայց երբ գրողը ձեռնարկում է օտար միջավայրի, օտարազգի անձանց կյանքի ու վարքի քննում, պահանջվում է առանձնահատուկ հմտություն, համարձակություն և փորձ: Սույն վեպը լիարժեքորեն կարելի է համարել Ֆելիքս Շաքարյանի նշանակալի հաջողությունը:
Մի քանի խոսք լեզվի մասին: Իհարկե, վերևի ողջ ասածը զուր կլիներ, եթե «Օտարը» վեպը շարադրված չլիներ խաղացկուն հայերենով: Հեղինակը պատմում է մի լեզվով, որով գծվում է թիֆլիսյան միջավայրը, առանձնանում-նյութականացվում են կերպարները: Նա չի շռայլում բարբառային կամ ժարգոնային ատաղձ, ընդհակառակը, դրանց չափազանց ժուժկալ օգտագործմամբ ստանում է հոյակապ արդյունք: Սա, կարծում եմ, վեպի ամենամեծ հաջողություններից է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.