ՀԱՆՃԱՐԻ ԽԱՉԸ Կամ` Աստծո տվածը պիտի վերադարձնել / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Իսկ ես, տե՜ր աստված,
Կրակն եմ ընկել
Իմ խելքի ձեռքից:
Պ. Սևակ

Ռոբերտ Ֆիշերը շախմատի աշխարհի չեմպիոն էր: Ռոբերտ Ֆիշերը հանճար էր: Աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը գիտեր, որ ինքը հանճար է ու իրեն հանճարի չափի չեկող վարքում էր պահում. քմահաճ էր, կասկածամիտ, անկառավարելի, փոխարենը` ճանաչում էր իրեն ու իր Աստծուն: Գիտեր մարդու հակասական բնույթը, հողի բարեբեր փխրունությունը գիտեր, քարի կարծրությունը, պարկեշտության փառահեղությունը, ստորության անսահմանությունը գիտեր, բայց այդ ամենի մեջ ու ամենից լավ` շախմատի վեհությանն էր հասու: Իր ողջ կյանքը շախմատի վեհության փառաբանում էր, ավելի ստույգ` նրա համար շախմատը մարդկային կյանքն էր` խաղաքարերի վարքով չափագծված. այն, ինչ չէր գտնում կյանքում, որոնում էր շախմատում, այն, ինչ կորցնում էր կյանքում, գտնում էր շախմատում: Ինչքան շատ էր կյանքում կորցնում, այնքան շատ էր շախմատում գտնում: Ինչքան շատ էր կյանքն ունայնանում, այնքան շատ էր շախմատն իմաստավորվում: Հետո, ինչ-որ պահից սկսած, կյանքն ու շախմատը խառնվեցին իրար: Ու կյանքը դարձավ խաղ` շախմատի տախտակի առաջ, իսկ խաղը ազատություն է, ոգու ճախրանք, շահի մոլուցքից փախած խենթություն, ինքդ քեզ փորձելու զվարճանք… Խաղ էր ու զվարճանք, և այլևս անհասկանալի էր` որտեղ էր սկսվում կյանքը ու որտեղ ավարտվում շախմատը: Դա իրականի և երևակայականի բացառիկ խառնուրդ էր, որ կյանքը դարձնում էր հրաշքի արտացոլքով շրջանակված յուրօրինակ հեքիաթ: Հեքիաթ, որ աշխարհն էր լսում ու… հավատում էր:
Ֆիշերը հաղթում էր բոլորին: Մերկ փաստը դարձել էր գունագեղ համոզմունք, ու այդ համոզմունքը հուշում էր` ում ուզի և ինչ հաշվով ուզի` կհաղթի: Իր ժամանակի շախմատի ամենավառ անհատականություններին` Լարսենին ու Տայմանովին հաղթեց նույն` 6:0 հաշվով: Եվ այստեղ գերտերության` խորհրդային երկրի շախմատային միտքը դողաց` ախր ո՞վ դառավ էս անհայրենիք պիժոնը… Բայց Ֆիշերն անդրդվելի ու անհաղորդ էր այդ ամենի հանդեպ, դեմքի վրա մի մկան անգամ չթրթռաց, գոտին ձգեց նախախնամության ծիսակարգով և ձեռնոց նետեց գերտերության շախմատային դպրոցի ողջ ընտրանուն:
Ֆիշեր-Սպասսկի մրցամարտը մեծ ու պատասխանատու քննություն էր: Սպորտային պայքարից բացի` դա նաև աշխարհի կամքի վրա իր հզոր թաթը պնդացրած խորհրդային երկրի գաղափարական պայքարն էր, օտար հեղինակություն և օտար գաղափարախոսություն չհանդուրժող Քաղբյուրոյի պայքարը: Ու խտացավ գերտերության շախմատային միտքը, լարվածության ջղաձիգ հրահանգներով շիկացավ, «բուրժուական» հանճարին ուռկանելու թաքուն և տարաբնույթ ծրագրեր մշակեց, բայց հանճարը ձիու վրա էր ու մտրակը ձեռքին: Ե՛վ ձիու սլացքին էր հասու, և՛ մտրակի զորությանը: Միտքը լարեց` աղոթքը շուրթին:
Հենց սկզբից սպորտային պայքարը փոխվեց հոգեբանականի. Ֆիշերը չներկայացավ մրցամարտի առաջին պարտիային և հենց այդ պահից էլ սկսվեց հոգեբանական պահմտոցին: Ու Ֆիշերը դարձյալ փայլեց: Ֆիշերի թիմը թեպետ սակավամարդ էր, բայց փոխարենը Աստված էր նրա թիկունքին, և այդ խաղը նա տանուլ չէր տալու: Եվ չտվեց` փայլուն հաղթանակ տարավ: Եվ դա մուկ ու կատվի խաղ էր: Երկնքի հարաբերությունն էր երկրի հետ: Երկնքի գերակայությունն էր երկրի հանդեպ: Դիպվածի քմահաճույքով հրահրված ուժեղի ու թույլի վեճ էր, որ ինքնին անիմաստ էր ու անհեթեթ: Բայց թույլերը հիշաչարության մեջ ուժեղ են ու ներել չգիտեն. անհրաժեշտության դեպքում` նրանք ոհմակավորվում են: Մեկ առյուծը երեք բորենու հաղթում է, բայց չորս բորենին գետնում են առյուծին: Իսկ մարդն իր բնազդի մեջ կենդանուց դեռ չի հեռացել, և ուժեղի գերակայությունը թույլի ոխակալ երևակայության քունջում թույնի դարանակալ զորությամբ ամեն պահի եռում է: Իսկ թույնի մեջ ներում չի լինում: Մնում է սթափությունը, ուժեղի փրկարար սթափությունը: Բայց հանճարները սթափության տիրույթից դուրս են: Նրանց համար հրահանգը երկնքից է իջնում ու թույլերին անհասու է: Ֆիշերը հաղթում ու աստիճանաբար կտրվում էր հող ու ջրի պարտադրած իրողությունից, և ասես համբարձման կախարդանքով փետրավորված` երկինք էր բարձրանում: Դա ոգու ճախրանք էր, ազատատենչության անսանձ մղում, որի սքանչելափառ վեհության ընկալումը քչերին է տրված: Եվ քչերը գիտեն դրա գաղտնիքն ու տիեզերածավալ խորհուրդը:
Երկնային ազատության ճանապարհին Ֆիշերն ինչ-որ մի պահ ինքն իր համար ասես դարձավ Աստծո անվերծանելի գաղտնիք: Հասկացավ, որ անգամ իր համար չափազանց բարդ է իրեն մինչև վերջ ճանաչելը: Եվ անելանելիությունը բռնեց կոկորդը: Ժամանակ կոչվածը ցնցվեց ընկնավորության նոպայով, և իրականի ու երևակայականի սահմանները անճանաչելիորեն հարթվեցին. Մարդիկ դիմակավորվեցին ու մտան շախմատի խաղաքարերի մեջ, խաղաքարերը շնչավորվեցին ու շարժվեցին մարդկային վարքի տարուբեր ընթացքով, և ընչաքաղցությունը խրախճանք սարքեց ողջ խաղատախտակի վրա. զինվորները անգիտակից հրճվանքով աջ ու ձախ գրոհեցին, հաղթանակի դողով բռնված փղերը սլացան խաղատախտակի անկյունագծերով, ձիերը վրնջացին մարտական խենթությամբ, նավակները ծանր հրետանու պես նշանառության տակ առան հակառակորդի զորքին, թագուհիները խարդավանքի սարդոստայն հյուսեցին ողջ խաղատախտակի վրա, իսկ արքաները… Նրանք արտաքուստ թեպետ խաղաղ էին, բայց գիտեին, որ վերջնական թիրախը իրենք էին լինելու…
Հանճարը տեսավ այս այլափոխության ողջ սատանայությունն ու ահաբեկվածի նման աչքը գցեց Աստծո տան դարպասներին, և խելագարության բաց նյարդը թրթռաց նրա մեջ: Մոռացումի ինչ-որ խորշակ անակնկալ պտտվեց, իր շրջապտույտի մեջ առավ նրան, ու նա հայտնվեց մեկ ոտքի վրա կանգնած արագիլի կարգավիճակում: Դա անկումի սկիզբն էր, տապալող թափի վերահաս շորշոփը, որովհետև մեկ ոտքի վրա հավասարակշռություն չի լինում: Ֆիշերն զգաց ավարտի մահաշունչը, ունայնության քամահրանքն զգաց և հավասարակշռություն որոնեց: Ու մոլորվեց. որտե՞ղ էր որոնելու այդ հավասարակշռությունը` յոթ սարերի հետևու՞մ, հոգեհարազատ մեկի փրկարար մտերմության լուսապսակի տա՞կ, թե՞ իր մտքի ու հոգու խաչմերուկում: Եվ որոնման տառապանքում հասկացավ, որ մարդու համար ամենաողբերգականը հավասարակշռությունը կորցնելն է, ամենադժվարը` այն գտնելը: Եվ մտքերի մազգզուզ թնջուկը իր մեջ առավ հանճարին: Այլևս անիմաստ էր անհաղթի լուսապսակի տակ փառք որոնելը, այլևս չկար իրեն մրցակից որևէ մեկը, և մենության սարսուռը պատեց սիրտը: Ինչ-որ մի պահի անամպ երկնքից որոտաձայն լսեց, բայց դա որոտաձայն չէր` հավերժի կանչն էր, և հանճարը հասկացավ, որ եկել է Աստծո տվածը վերադարձնելու ժամանակը. նա թողեց գործնական շախմատը: Թույլերի հետ հարաբերվելու այդ հորինովի ծեսը նրան մանկական խաղ թվաց. Աստծո տվածը վերադարձրեց և աշխարհի չեմպիոնի տիտղոսը կամովին ու առանց պայքարի հանձնեց երկրային հաշիվների մոլուցքով հմայվածներին: Եվ սկսեց որոնել իր հավասարակշռությունը:
Ֆիշերից առաջ մեկ ուրիշ հանճար` Էյնշտեյնը, տիեզերական հաշվարկներում խճճված դարձյալ մտել էր երկնային տիրույթ, տեսել էր Աստծո շողքն ու փշաքաղվել: Բայց նա գտել էր իր հավասարակշռությունը, ու այդ հավասարակշռությունը նրա համար Դոստոևսկին էր: Հանճարեղ ֆիզիկոսը մի առիթով խոստովանել է. «Դոստոևսկին ինձ ավելին է տալիս, քան որևէ գիտնական-մտածող, ավելին, քան Գաուսը»: «Մաթեմատիկոսների արքա» Գաուսն անգամ նրա համար հավասարակշռություն չէր, և ահա որոնել ու գտել էր իր նման մի խենթի` Դոստոևսկուն: Գուցե դա նաև նրանից էր, որ ինքն ու Գաուսը նույն կավից էին թրծված, նույն խմորից էին հունցված, իսկ Դոստոևսկին աշխարհին այլ պատուհանից էր նայում: Ամեն դեպքում` նա գտավ իր հավասարակշռությունը, իսկ Ֆիշերը չգտավ: Կշեռքի երկրորդ նժարը չգտնվեց Ֆիշերի համար, ու նա մնաց մեկ ոտքի վրա: Չորս պատի մեջ փակվեց ու մենության շնչից խենթացավ, երկրից-երկիր անցավ ու որոնումի տքնանքում ջլատվեց, կյանքն այլևս նրա համար կյանք չէր ու տառապանքի շարան էր: Հուսահատության մեջ նայեց շախմատի տախտակին, նայեց Աստծո անսահմանությանը և վերջնականապես մոլորվեց: Աստված տեսավ նրա մոլորությունն ու խղճաց նրան, զգաց նրա անզորության ողջ ողբերգությունը, հասկացավ, որ նա այլևս անելիք չունի երկրի վրա ու… երկինք տարավ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.