«Երկրի հիշողությունը» / Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

Գեղագետի հիացմունքով ու ճաշակով օժտված խորագետ ընթերցողը միշտ փնտրտուքներ ունի՝ գտնել արդիական օրերի անլռելի հոգսը վերհանող ու բալասանող գիրք, ուր ներկայացվում են միայն ազգաշահ խնդիրներ. սա ազգի մատից փուշ հանել է նշանակում: Ահավասիկ, որպես սեղանի բարձրարժեք գիրք՝ տպվեց բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի «Երկրի հիշողությունը» (4-րդ հատորը), ուր ամբողջացած են վերջին տարիների մամուլում նրա տպագրված հրապարակագրային հոդվածները, հարցազրույցները, «Սֆինքսը նայում է Արարատին» մենագրությունը, և չափածո անտիպ ստեղծագործությունները: Գրողի նոր ձեռնարկն անխոնջ աշխատանք է, ուր արտացոլված են զուտ ազգային թեմաների բազմազան հիմնահարցեր:
Ռուզան Ասատրյանի գրքում գիտնական գրողի պրպտուն վերլուծություններ, պատմաբանական բացահայտումներ կան, հարցադրումներ, ուսումնասիրություններ, որոնք գալիս են նախաստեղծ հայ էթնոսի ծագումնաբանական իրողություններից, ժողովրդի պատմական հազարամյակների ճանապարհից մինչև…օտար վիճարկումների խեղաթյուր տեղեկատվությունները, մինչև, ինչպես կասեր ինքը՝ «հայերն աշխարհով մեկ…»:
Հեղինակն անդրադառնալով Հայոց գրերի գիտական նախապատմությանը, վկայակոչելով Մեսրոպ Մաշտոցի տառերի վերաստեղծիչ գյուտին, նշում է, որ մինչմաշտոցյան գրերի ստեղծումը, լուսավորիչը հայոց գրերը տեսել է իր երազում՝ ժայռերի վրա. պահպանված Գեղարքունիքի ժայռապատկերներում: Եվ, որ, նախաքրիստոնեական շրջանում հայերս գիր ենք ունեցել, այդ մասին վկայել են մեր օրերի օտար, նաև անտիկ ժամանակների հեղինակները:
«Երկրի հիշողությունը» գրքում գրողի մտատանջող տագնապներն այնքա՜ն բազմազան են, հետևությունները զուսպ, լավատեսությամբ առլեցուն: Բանաստեղծուհին, այո՛, անդրադառնում է մեր ազգի ճակատագրական բոլոր թեմաներին՝ ցեղասպանություն, հայերի հանդեպ Լենինի սխալ քաղաքականություն, ստալինյան բռնատիրական ժամանակաշրջան, երկրաշարժ, շրջափակում, արցախյան պատերազմ… Հեղինակը սրտի կսկիծով է խոսում ազգային մշակույթի ու լեզվի ինտեգրման, երկրի հայաթափման, արտագաղթի, և նոր սփյուռքի ձևավորման մտահոգող խնդիրների մասին. «…Հայաստանն առանց հայերի. ովքեր են ծրագրի նոր հեղինակները: Ես չեմ խոսում «բղդեների» ու «ցեցերի» մասին, ինչպես Պռոշյանն է գրում, չեմ ուզում խոսել «Մսրա մելիքների» կողմից «քառսուն գազ հորերում» թաքցրած ճշմարտության՝ թշվառ թոշակների ու այդ ֆոնդը թալանողների մասին, չեմ ուզում խոսել վերջին օրերին աղմուկ հանած օվշորների մասին. կարծում եմ՝ դա նվաստացուցիչ է 21-րդ դարի հայ գրողի համար, դա ներքին բարոյականության սանդղակ է՝ ազգի ջոջերի խղճի չափանիշ, սակայն ոչ միջոց՝ երկիրը լքելու և երկրի կարոտախտով օտար հողին հանգուցվելու պայման՝ նաև մեզ համար…»,- գրում է հեղինակը:
Ռուզան Ասատրյանն իր «Դարի աղետը՝ անտարբերություն» հոդվածում ունի այն մտահոգությունը, որը նաև հայրենիքում յուրաքանչյուր ապրողիս հոգսն է. «…Ազնվությունից ենք խոսում, սակայն շրջապատված ենք երեսպաշտներով, հայրենիքից ենք խոսում՝ հայրենադավերով, անհատները դառնում են գործազուրկ ու անօգ, կարճ ժամանակ անց՝ կապում ճամպրուկները: Մի՞թե մեր ներսի թշնամին մեր բանականությունից զորեղ է: Ինչո՞ւ չենք վստահում մեր դարավոր ժառանգության ներուժին:
Տեսեք, թե քանի կուսակցություն ենք ստեղծել, քամահրանքով այս մասին պետք է խոսել: Այդ ի՞նչ ենք բաժանում իրար մեջ, որ շարունակաբար չի սպառվում: Ի՞նչ ունենք կիսելու, մի՞թե այս մի բուռ հայրենիքի հզորացումն ու պաշտպանվածությունը չէ բոլորիս նպատակը…»:
Ազգի մասին մշտակա հեղինակի խոհագրությունը մտորելու տեղիք պիտի հանդիսանա նաև մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյա այրերի համար, ովքեր պիտի մտածեն՝ հայը պարտվելու, անուժ երևալու իրավունք չունի, հայը օտարի, թշնամու դեմ նվաճվողի թույլի «կերպավորմամբ» ազգային զգաստությունը կորցրած կեցվածքով չպիտի երևա, քանզի մենք որպես քաղաքակիրթ ազգ՝ մեղավոր ուրացողի հայացքով չպիտի նայենք բիբլիական Արարատին: Գրքում որոշ քննադատելի երևույթների վրա է նաև Ռուզան Ասատրյանի մտքի շեշտադրումը, արթնության կոչ, որ այդպես չի կարելի շարունակել այն, ինչը առկա է մերօրյա իրականության մեջ, ինչը հայի համար հակամարդկային վերաբերմունք է, ինչը հակաազգային է:
«Արտագաղթ» բանաստեղծության մեջ հայրենապաշտ բանաստեղծուհին խորագույնս հասկանալով երկրից գնացողի կորստի ցավը, ափսոսանքով ասում է. «Հայրենիքն ուրիշ սեր է, հողը չի դավաճանում, պաշտոնյան հայրենիք չէ, զուր ես երկիրդ ուրանում…»:
Ռուզան Ասատրյանը պոեզիայի իր աշխարհին զուգընթաց՝ պատմագիտական ուսումնասիրությունների երդվյալ մեկնիչ է, տեսաբան. և, կարծեք շումեր Գիլգամեշի նման իրականության մեջ որոնում է մի «անմահության ծաղիկ», որ իմաստնությամբ փրկի մարդու հույսն ու հավատը, Հայրենիքի կորուստները: ՀՀ պետականության երեք ժամանակների՝ երեկվա, այսօրվա, վաղվա մեջ՝ հեղինակը փորձում է փնտրել ու գտնել ոսկեհատիկներ, որոնց մեջ լուսափայլո՜ւմ է Հայոց բանակի հաղթանակած նվաճումները, 20-րդ դարավերջի հայոց պետականության վերազարթնումը, որոնց հանդեպ հեղինակի վերաբերմունքը հատուկ ընդգծում ունի և՛ պոեզիայում, և՛ արձակում: Բանաստեղծուհին, սակայն, իր հոգեխորքում տագնապ ունի, արդյո՞ք անկումների «օվկիանում» հաճախ խեղդահեղձ չեն լինում այն իղձերը, լավատեսությունը, որոնք ծնվել են 1988-ին՝ Ազատության հրապարակում: «Երկրի հիշողությունը» գրքում Ռուզան Ասատրյանը, թերևս խռովքների ծով դաշտի մեջ աղաղակներ ունի՝ լեզվի արտագա՜ղթ է, հայրենի եզերքից անվերադարձ մեկնման, տխուր իրողությունների ահազանգող փաստեր, հայի հպարտությունը գետնահար անող ավերումներ: Էլ ինչպե՞ս բանաստեղծուհին այսպիսի մորմոքուն տողեր չգրի.
Նախնյաց մեր փառքի Հայրենիք,
Արթնացիր հավերժական քնից:
Մի լեռ է մռնչում անդադար՝
Զավակները հեռանում են տնից….
Գրքում հեղինակը հպարտությամբ, նաև ափսոսումով վկայակոչում է ազգային արժեքների հարստությունը, որ ազգը հազարամյակների հայրենիք ունենալով ՝ 21-րդ դարում ունի նաև ցուցադրելու բազմազան մշակութային արժեքներ, որոնց շերտերի վրա, ցավոք, դեռևս հակահայի թողած վայրագ հետքեր կան: Օրինակ, ինչպես մատնանշում է հեղինակը իր «Երկրի հիշողությունը» գրքում, մեր ազգային նմուշներ հանդիսացող գորգերը, դուդուկը, ուտեստեղենը թալանվում, նույնացվում են այլազգիների՝ ադրբեջանցու, թուրքի ու թաթարի ազգամշակույթի ցուցակում: Այս և այլևայլ ցավոտ հարցեր են բարձրացվում «Երկրի հիշողության» մեջ, ուր խոսվում է հայ գենետիկ կապի մասին. «այն կորչում է՝ հարուցելով անգամ օտարալեզու գիտնականների զարմանքը»: Գրքում այս բոլորը մեկնված թեմաներ են, որոնց խորքում կան հիմնավոր փաստարկումներ, իհարկե, երբեմն նաև առկա են բանահյուսական պատումների, զրույցների ուսումնասիրություն… Հետաքրքիր է այն թեմատիկան, որն ըստ հեղինակի կամ այլ գիտնական ուսումնասիրողների, նախաջրհեղեղյան և հետջրհեղեղյան շրջանում շումերական ծագումնաբանությունը կապվում է հայերի գաղափարագրերի, նախաստեղծիչ Աստծո և լեռ Հայրենիքի, հայկական բարձրավանդակի պաշտամունքի, հայերենը որպես նախալեզու ընդունելու, Հայաստանը որպես մարդաստեղծ կենտրոն համարվելու հանգամանքի հետ:
Ռուզան Ասատրյանի «Երկրի հիշողությունը» հայրենապաշտ հեղինակի հիշողությունն է՝ Ավարայրից մինչև Արցախյան գոյամարտի հաղթանակի ճանապարհը: Սթափ մտահոգություններով է լի հեղինակի այսօրյա «աղաղակը». «Սահմանում, հայրենի հող պաշտպանող մարտիկի անմեղ արյունը դեռ չսրբված, Դեր Զորն է փոշիանում, Քեսաբն է ոտքի տակ փշրվում ոչխարագող ազգի կողմից, կամ պատմական Ջավախքի տնտեսական ծանր վիճակը, հայաթափության ճակատագրական խնդիրը»: Եվ, որ՜ը թվես. պետական պաշտոնյայի, չինովնիկի հոգեուրաց անտարբերությունը, սիրիահայերի անմխիթար վիճակը, աղանդավորների, թրաֆիքինգի մագնատների խմբերը, դարերի ամոթխածությունը արդեն ոտնատակ արած հայ պարմանուհիները… Նա, որպես սրտացավ գրող, անհանգստացած է մեր ավանդական, նահապետական ավանդույթների կորուստներով, արտագաղթի տեղաշարժով: Սակայն, բարեբախտորեն, լավատես գրողը, դարմանող խոսք ունի, հավատ՝ ուժեղների հանդեպ, ովքեր խիզախող բազուկ ունեն և հայեցի ոգեղենին մեկնվող հույս՝ գալիքի հանդեպ……
Պատրաստված ու մարտունակ, անձից առավել վեր դասող հոգի ունեցող սրտացավ գրողը միայն անվախորեն կմատնանշեր այն, ինչի մասին ոմանք հանուն իրենց գրպանի, դիրքի ու պաշտոնի, կարող են լռել ու չբարձրաձայնել: Մինչդեռ Ռուզան Ասատրյանը գաղափարի բարձրաբերձ շեփորակոչնակ է անում. «Միևնույն է, հայոց նոր կյանքը, որտեղ էլ լինի, արթնանալու է որպես նոր դարաշեմի սկիզբ: Դա մեր ճակատագրի դրոշմն է: Հայրենիքը հավերժական արժեք է, անկախությունը՝ նրան պահող ոգին: Զգուշորեն և իմաստնաբար պահպանենք Հայրենիք ժառանգությունը՝ վեր մնալով ամեն տիպի նեղ, անձնական, անցողիկ շահերից…»:
Գրող-հրապարակախոսը կոչ է անում աշխարհով մեկ սփռված հայությանը. «Հայոց միասնական անկոտրում կամք՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ամուր հիմքի վրա՝ ազգային սթափության ինքնագիտակցումով. ահա սա է երկրի աղը, մեզանից յուրաքանչյուրի բանալին»: Ի վերջո, հայրենի ամեն մի թիզ հողի համար դողացող գրողն ու հայրենապաշտ մտածողը դարձյալ իմաստուն պատգամ ունի. «Զինվել ողջամտությամբ, միախմբվել ազգային, պետական գաղափարախոսության շուրջ և ըմբոշխնել ողջամտության անհրաժեշտ ներկայությունը»:
Հանուն ցեղի, ազգի, հանուն նորի՝
Մեր հավատի երթը Մհերի
դուռ տանեմ…
Շա՜տ դժվարին է գտնել խրթին երևույթների, բարդ ժամանակների բացահայտման բանալին, որը միայն ու միայն Հայրենիքին բոլորանվեր ծառայող մարդը կգտնի այն գաղափարների մեջ, որոնցում երբեք չեն հանգչում անմահների՝ Նժդեհի, Անդրանիկի, Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Խրիմյան Հայրիկի, Շիրազի, Սևակի, Կապուտիկյանի, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, հայոց մյուս մեծերի լուսավոր իղձերը…
Ռուզան Ասատրյանը, աներկբա, ծառայող մշակն ու տերն է իր նորանկախացած երկրի, հայոց մեծերի գործի հավատարիմ շառավիղը, մի «Արծվամայր», ով Սուրբ լեռան առաջ դեռ նոր ճախրանքներ կունենա՝ հանուն հայրենի մշակույթի ու գրականության հարստացման, հանուն հնամյա ողջ ազգի գաղափարայնության զորացման…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.