ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

06.02.2015
Մի ինչ-որ հիմար գրել էր, թե թուրքերը հրաժարվում են կրակել մեզ վրա… Ինչպիսի ոչխարություն: Եղբորս տղան սահմանամերձ (կպած) Բաղանիս գյուղից գրեց, որ երեխաների հետ հավաքվել են նկուղում, և թուրքերն այնքան ուժեղ են կրակում, որ նույնիսկ չեն կարողանում դուրս գալ, որպեսզի գան մեր տուն, չնայած այստեղ էլ այդքան ապահով չէ… Իսկ երևանաբնակ մի կին ինձ քոմենթ է հղում և, իր արևին, փորձում է դասեր տալ բանակի ու զինվորականության մասին: Էդպիսիներին ասել ու էլի եմ ասում. «Եկեք իմ կողքին՝ սահմանում ապրենք, անքուն գիշերներին և՛ դասեր կտաք, և՛… Իսկ իմ հարազատ Բաղանիսում կրակոցները շարունակվում են: Դարձյալ ամբողջ գիշեր չեմ քնելու, ստիպված նաև ինչ-որ ապուշ մեկնաբանություններ եմ կարդալու և նայելու եմ հայկական հեռուստաալիքների անհամ ու այս աշխարհից բեխաբար հաղորդումները… Թաթուլը (եղբորս տղան) գրեց, որ գյուղի վրա կրակը մի քիչ մեղմացել է, բայց դիրքերում ուժգին փոխհրաձգություն է ընթանում… Չէ՛, մեկ է, չեմ քնելու, գնում եմ Բաղանիս, յոթ րոպեի ճանապարհ է, շուտով գիշերվա մեկը կլինի, գնում եմ. այնտեղ իմ հայրական տունն է, այնտեղ իմ հարազատներն են, այնտեղ ծնողներիս, եղբայրներիս, բարեկամներիս շիրիմներն են, պիտի գնամ, այնտեղ ավելի հանգիստ… Չեմ քնի: Բարի լույս, գնացի…

20.03.2015
Տրամադրության նշույլ անգամ չկար համակարգչին մոտենալու… Գիշերը սիրտս կտոր-կտոր էր լինում. նորից զոհեր, նորից ցավ: Շարունակ հորդորում են, թե մեծամասշտաբ պատերազմ չի լինելու, սակայն արդեն իսկ մեծաքանակ զոհեր ենք ունենում… Սպորտում մի այսպիսի բանաձև կա՝ ՉՊԱՐՏՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՐՁԱԿՎԵԼՆ Է: Ճիշտ չի՞ լինի արդյոք, որ մեր բանակը կիրառի այս բանաձևը… Չգիտեմ, չգիտեմ: ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱՆՈՒՄ Է, ԹՈՂ ԼՈՒՅՍ ԻՋՆԻ ԴԵՌԵՎՍ ԱՆԹԱՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀՈԳՈՒՆ ՄԵՐ ԶՈՀԵՐԻ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՄԽԻԹԱՐԱՆՔ ՆՐԱՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ: ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԵՆՔ ԲՈԼՈՐՍ… Արևը գալիս, մոտենում է կամաց-կամաց, դուրս գամ, ասեմ.
– Ամենազոր ախպեր, բարեգութ եղիր, ջերմացրու և բարի աչքով նայիր ազգիս բազմաչարչար:
21.03.2015
Այսօր Պոեզիայի միջազգային օրն է: Չգիտեմ թե մեր տոնացույցերով ու սգացույցերով լի երկրում քանիսը գիտեն այս մասին, բայց պոետները հաստատ ու հաստատ գիտեն: Այսօր կեսօրին միջոցառում է լինելու Գրողների միության մեծ դահլիճում: Ավագ ու նոր սերնդի բանաստեղծները կարդալու են իրենց գործերը: Միության նախագահ պարոն Միլիտոնյանը, անշուշտ, շնորհավորանքի խոսք կասի: Սրտանց միանում եմ նրան և իմ գրչեղբայրներին մաղթում ստեղծագործական նորանոր պոռթկումներ, անդավաճան մուսա և պինդ-պինդ առողջություն: Կներեն բոլորը, որ մասնակից չեմ, ես հեռու եմ ապրում. երկրիս սահմանն ամուր, ամուր գրկած… Գիտեմ, սիրելի գրչեղբայրներս պիտի հարգեն հիշատակը դեռևս անթաղ մեր զինվորների և ապաքինում ու առողջություն պիտի մաղթեն վիրավորներին… ձեր շարքում եմ, ուսով հպված ձեր ուսերին… ՀՈՐԻԶՈՆԸ ՇԱՌԱԳՈՒՆԵՑ ԱՐԴԵՆ. ԼՈՒՍԱՆՈՒՄ Է, ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ, ԹՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԼԻՆԵՆ ՆԱԵՎ ԼՈՒՅՍԸ, ԵՐԳՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ: ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ԲՈԼՈՐԻՍ ԵՎ ՕՐ ԱՆՉԱՐ: ԱՄԵՆ…
17.04.2015
ՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ Է
ԻՄ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԿԻԼՈՄԵՏՐ Է… Եթե կրակոցներ են լինում, ապա լսվում է ինչպես կողքի սենյակից, որ ժամին էլ լինի. զանգահարում եմ զորամաս կամ ուղեկալները՝ իմանալու հո զոհեր չկա՞ն, թուրք անասուններն ակտիվացել են ապրիլյան այս օրերին. միայն թե զոհեր չունենանք. սիրտս կտոր-կտոր է լինում, երբ իմանում եմ մեր հերթական կորստի մասին, ախր ազգի համար ամենաթանկն են էդ տղաները… Նրանք պիտի ամուսնանան ու ապահովեն մեր գոյատևումը, ոչ միայն իրենք են ցավալիորեն հեռանում, այլև ազգն է զրկվում բավարար շարունակականությունից: Շաբաթ օրը հուշարձանի բացում է սահմանապահ ՈՍԿԵՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ: Հրավիրված եմ և անպայման գնալու եմ… Այսպիսի միջոցառումները պետք են, խիստ անհրաժեշտ, սահմանամերձ շեները պիտի ապրեն, շնչեն, թխեն իրենց հացը, ճոճեն օրորոցները… Զինվորը, սահմանապահը պիտի իմանա, որ իր թիկունքում կյանք կա, որ ինքը իր ազգակիցների կյանքն է փրկում: Դատարկ գյուղը հարված է զինվորի թիկունքին…
Դուրս գամ, տեսնեմ ու լսեմ՝ հանգիստ ու խաղա՞ղ են արդյոք անուշ տղերքս, զինվոր տղերքս…

30.04.2015
ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ
Այսօր ապրիլն է վերջանում: Ապրիլը վերջանում է, բայց կորուստները, ցավը, վիրավորանքը, պահանջն ու պատասխանի սպասելը չեն վերջանում… Դեռևս քանի՞ օր, շաբաթ, ամիս, տարի՞, թե՞ դար ենք սպասելու, որ «չգիտեմ, թե ով, չգիտեմ թե ինչպես» մեր խլված Էրգիրը մատուցարանի վրա բերի ու վերադարձնի մեզ: Բայց այդպես լինո՞ւմ է:
Բայց իսկապե՞ս որևէ մեկը հավատում է, թե արյունարբու գազանը 100 տարում այնքան է քաղաքակրթվել ու մարդացել, որ հասկանա, թե ինչ է արել… գլուխ կտրելը դահիճի համար ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, սպանելը, մորթելը, թալանելն ու ավերելն էլ թուրքերի համար է մասնագիտություն, նույնիսկ գենետիկական առանձնահատկություն… Երբ լսում, կարդում կամ իմանում եմ, որ մի հայ ինչ-որ զազրանք է կատարել, անմիջապես մտածում եմ, որ եթե գենետիկական անալիզներով ետ գնանք, ապա կպարզվի, որ նա թուրքի կողմից բռնաբարվածի սերունդ է… Մեղա, տեր Աստված, բայց մտածում եմ, և ինչո՞ւ չի կարող այդպես լինել: Ես վատատես մարդ չեմ, բայց նաև լավ եմ ճանաչում այդ շներին… չէ՛, շները մեղք են նրանց հետ համեմատվելու համար: Օրերն ինչ տաքացել են, գլուխս ցավում է տիկին Կոմպուհու մոտ նստելուց, գրեթե ամբողջ գիշեր Բոնի սևուկիս հետ շրջում եմ մոտիկ անտառում… Տեսնել է պետք, թե ինչպես է լալիս ու վնգստում, երբ դիտավորյալ ընկնում եմ գետնին ու անօգնական ձևանում, լիզում է ձեռքերս, քաշքշում շորերս… Դե, մի՞թե այսպիսի հավատարիմ արարածին կարելի է վիրավորել՝ ճիվաղների հետ համեմատելով…
…Բազմաթիվ մարդիկ էին ժամանել մերձակա ու այլ բնակավայրերից:
Ամենն իսկապես հուզական էր ու տպավորիչ: Ինձ համար սրտաշարժ էր հատկապես այն, որ 100-ամյակին նվիրված հուշասյունը կերտել էր ոսկեվանցի զոհված ազատամարտիկ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ որդին՝ ԱՐԹՈՒՐԸ, ով նաև գյուղի գեղարվեստի դպրոցի ղեկավարն է… Տպավորիչ է, չէ՞՝ գեղարվեստի դպրոց սահմանամերձ գյուղում… իսկ ԱԽՄԱԽ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ ՄԵԶ… ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՎՐՁԻՆ ԲՌՆՈՂ, ՀԱՏԻՉ ԶԱՐԿՈՂ, ԵՐԵխԱ ՆԿԱՐՈՂ, ԻՐ ՊԱՊԻՆ ՆԿԱՐՈՂ, ԱՐԵՎ ՆԿԱՐՈՂ ԱԶԳԻՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ ԿԼԻՆԻ՞: Չէ՛, չի լինի, երբեք չի լինի, ու ողորմած պապս այս պարագայում կասեր. «Ես ձեր հայվան մերը… մենք եղել ենք, կանք ու լինելու ենք»:
…Ժամը վեցն է, պետք է դուրս ելնեմ. ԱՐԵՎ ախպերս եկել ու ձեռքով է անում, կանչում է… գնամ տեսնեմ՝ ինչ է ասում, գնամ տեսնեմ՝ այսօ՞ր ինչպես է նայելու մեր պուճուր, սրտի չափ պուճուր աշխարհին…
Դուք ինչո՞ւ դուրս չեք ելնում, ելեք ու տեսեք, թե ինչքան սիրուն է էս աշխարհը, ելեք ու տեսեք, որ կյանքն իսկապես հրաշալի է, ու ոչինչ, իսկապես ոչինչ, որ «ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ, ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է»:
Ապրենք, որ շտկենք էդ սխալը…

15.05.2015
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ, ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆ ԿՐԱԿՈՒՄ Է ՄԵՐ ԿԱՐՈՏՆԵՐԻ ՎՐԱ
…ՉԵՄ ՈՒԶՈՒՄ կրկնել հանրահայտ խոսքերը. «Խնամիր քո բանակին, եթե չես ուզում այլոց զինվորներին կերակրել»: Արդեն իսկ կրկնեցի, ավելացնեմ նաև, որ պետք է զուսպ ու չափավոր լինենք մեր բանակի նկատմամբ, նրա ղեկավարների նկատմամբ արտահայտություններում: ԱՐԴԵՆ ՔԱՆԻ ՕՐ Է՝ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ:
…ԵՂԲՈՐՍ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԳԱԼ ԻՐ ԿԱՐՈՏԻ ԵՐԿԻՐԸ, ՔԱՆԻ ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ՈՒ ԹՇՆԱՄԻՆ ԿՐԱԿՈՒՄ Է… ՄԵՆՔ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ, ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՎՐԱ… ԴԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է…
…ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ, ՊԵՏՔ ՉԷ, ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆ ԿՐԱԿՈՒՄ Է ՄԵՐ ԿԱՐՈՏՆԵՐԻ ՎՐԱ…
Խոսքով ընկա, ու ԱՐԵՎՍ ԷԼ ԵԿԱՎ… գիտե՞ք ինչպիսի հրաշալի, անկրկնելի զգացողություն է, երբ նույնիսկ ամբողջ գիշեր անձրևի տհաճ շթշթոցն ես լսում, բայց ո՛չ երբեք կրակահերթեր, երբ անցնում է անքուն գիշերդ, ու երջանկաբար տեսնում ես, որ սահմանից ոչ ոքի չբերեցին տնիցդ մոտիկ գտնվող հիվանդանոց… երբ առավոտյան՝ ԱՐԵՎԱԳԱԼԻՆ նայում ես շառագունած, պեծպեծին տվող հորիզոնին, տեսնում ես, որ խաղաղ է հայրենիքիդ, հող հայրենուդ, հարազատ եզերքիդ և քո ու բոլոր օջախների սիրուն արշալույսը, և ասում ես բոլորին.
– ԲԱՐԻ ԼՈՒՅՍ… ԲԱՐԻ ԼՈՒՅՍ… ԲԱԱԱԱԱՐԻ ԼՈՒՈՒՈՒՅՍ…

17.05.2015
ՄԿՈՆ ԱՓՍՈՍ Է
…«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓՈՍՏԱՐԿՂԸ» դիտեցի, ավելի ճիշտ Սպենդիարյանի չքնաղ Էնզելին էի ունկնդրում… Ազերիները պարում են այս հոյակապ երաժշտության ներքո, նախապես հայտարարելով՝ «Ազարբայջան խալխ մուզիգասի»: Գիքորը կասեր. «Ով սուտ ա ասում, թող գետինը մտնի»: Բայց ո՞ր մի ստի, ո՞ր մի կեղծիքի ու այլափոխության համար գետինը մտնեն… ըստ նրանց՝ հայերս ո՛չ եղել ենք ու ո՛չ էլ կանք, և ուրարտացիների հետնորդներն էլ իրենք են, որ կան: Միայն սա չէ… անամոթաբար իրենցն են համարում խաչքարերը, վիշապագորգը, օձակարպետը… իրենցն են համարում հայկական նկարչության բազմաթիվ խորհրդանախշեր ու հավաքապատկերներ: Վերջ չկա, բայց ո՞վ է հերքելու, ո՞վ է ժխտելու և հակառակն ապացուցելու… Միջազգային մակարդակով է ներկայացվում այս ամենը. պետական ու ֆինանսական հզոր հովանավորչությամբ: Ի՞նչ եք կարծում՝ մեծն Նիզամուն, Սայաթ-Նովային, Ռուդաքուն, Հոմերոսին, Մակեդոնացուն «իրենը համարող» ազերի- սովետական թաթարը ինչպիսի վայնասուն պիտի բարձրացներ, եթե որևէ մեկը հանդգներ աճուրդի հանել «համաշխարհային արժեք» մի մոլլայի կամ աշիգի չադիրը, իսկ մենք բերաններս ջուր առած սպասում էինք, թե ով պիտի գնի ու կազինոյի վերածի մեծն ՍԱՐՈՅԱՆԻ տունը: Եղա՞վ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.