ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆԿյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց դրամատուրգ, գրաքննադատ Ռուբեն Սանոյանը:
Ռուբեն Սանոյանը ծնվել է 1933 թ. հունվարի 27-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1958 թ. ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի փլիլիսոփայության ֆակուլտետը: 1958-1964 թթ. աշխատել է ՀՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1964- 1970 թթ.՝ ՀՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորում: 1970 թ.-ից արևմտյան թատրոնի պատմություն է դասախոսել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Գրողների միության անդամ է 1970 թ.: Բազմաթիվ պիեսների հեղինակ է, որոնք, ինչպես և թատրոնի պատմությանը, թատերագիտության խնդիրներին վերաբերող նրա հոդվածները իրենց գեղարվեստական և գիտական մակարդակով արժանացել են հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականին: Նրա «Հայրիկները, մայրիկները, բալիկները» (1965 թ.), «Բարդիները լուռ» (պիեսների ժողովածու, 1986 թ.), «Ընթրիք նեղ շրջանակում» (1985 թ.), «Մեծ բիթլիսցու առեղծվածը»` ռուսերեն (1998 թ. և 2004-ին` հայերեն), «Դրամատուրգ, ռեժիսոր, քննադատ» (ռուսերեն հոդվածների ժողովածու, 1987 թ.) և այլ դրամաներն ու հրապարակումները նշանակալի ներդրում են հայ թատերարվեստի բնագավառում: Ռ. Սանոյանի «Ախ, մայրիկ, մայրիկ» (1964 թ.) և «Վայրենին» պիեսներն արժանացել են ՀԳՄ և Մշակույթի նախարարության մրցանակի:
Ազնիվ, իր առաքելությանը նվիրված արվեստագետի, մարդու և ընկերոջ հիշատակը դեռ երկար կապրի նրան ճանաչողների և գնահատողների սրտերում:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՄԻՇՏ ՆԵՐԿԱ ՄԵՐ  ՇԱՐՔԵՐՈՒՄ

Դժվար է հաշտվել այն մտքին, որ Ռուբեն Սանոյանն արդեն մեզ հետ չէ: Նա միշտ կյանքով լի էր, մշտապես ջանում էր լինել իրադարձությունների կենտրոնում: Վերջին ամիսներին, հասկանալով, որ ուժերը սպառվում են, ասում էր. «Իմ վերջին ցանկությունն է տեսնել, թե աշխարհն ինչպես է նշելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը»:
Նա ամբողջ կյանքում կապված էր թատրոնին, դասախոսում էր Գեղարվեստաթատերական ինստիտուտում, ինքն էլ պիեսներ էր գրում, որոնցից «Կապտադեղնավուն մենությունը» մի քանի տարի առաջ տպագրվել է նաև «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում: Բայց նրա գլխավոր նախասիրությունը Վիլյամ Սարոյանն էր: Նա մի ամբողջ մենագրություն նվիրեց մեծ բիթլիսցու կյանքին ու ստեղծագործությանը, հիանալի գիտեր նրա բոլոր ստեղծագործությունները և կարող էր ժամերով խոսել այդ մասին:
Ռուբեն Սանոյանը միաժամանակ կյանքի նկատմամբ ակտիվ դիրքորոշում ուներ: Նրան խորապես հուզում էր այն միտքը, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում կառուցել հզոր, բարգավաճ, առաջավոր, ծաղկուն, ժողովրդավար այն երկիրը, որը մոլորակի բոլոր հայերի հպարտությունը կլիներ ու կձգեր նրանց դեպի իրեն:
Նա լավ ընկեր էր, մշակույթի նվիրյալ և միշտ ներկա կմնա մեր շարքերում:

Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.