Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՐԱՖՖՈՒ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Րաֆֆու վրա բազում հարձակումներ են կատարվել՝ և՛ բանադրական, և՛ ավազակային, և՛ դավաճանական, բայց ամենահուժկու հարձակումները, թերևս, եղել են կրոնական հողի վրա: Թեև ավելի շիտակ և ավելի նվիրված քրիստոնյա, քան Րաֆֆին է, գոնե մեր նոր գրականության մեջ դժվար է գտնել: Անհավատության համար բանադրողները ոչ մի այլ հաղթաթուղթ չունեին, բացի հայ լուսավորչական եկեղեցու սպասավորների անաչառ, անխնա մերկացումներից, որ նա կատարեց իր երկերում: Րաֆֆու, ինչպես և ամեն մի քրիստոնյայի, հոգևորականի համար, մահացու մեղքերն են արծաթասիրությունը, տգիտությունը և որկրամոլությունը, քանի որ եկեղեցու ծառայի ագահությունը կարող է ծնել ազգադավություն (հիշենք թեկուզ քահանային «Խենթից»), տգիտությունը սնում է խավարը (տեր Թոդիկի դպրոցը), իսկ որկրամոլությունը ծուլության, ագահության օրինակ է ծառայում: «Կրոնափոխությունները և աղանդներն հայտնվում են ավելի վանքերի պարիսպների մոտ, որովհետև ոչ մի բան այնպես չէ թերահավատացնում և մոլորության մեջ ձգում ռամկին, որպես յուր վարդապետի չար օրինակը» («Ուղեգրություններ»):
Րաֆֆին քրիստոնյա է այս բառի ամենամաքուր իմաստով: Նրան անհավատության մեջ մեղադրողները կա՛մ մոռանում էին, կա՛մ չգիտեին, թե Սամվելը ինչո՞ւ սպանեց նախ «դավաճան հորը», այնուհետև՝ «ուրացող մորը»: Նրա ջերմեռանդությունը սկզբնավորվել է հենց իր ընտանիքից և Փայաջուկի դպրոցում վանեցի թերուս վարժապետի դպրոցում սովորելու տարիներից: Միայն Հակոբի նման հրաշամանուկը կարող էր այդ տանջարանից քաղել աստվածաշնչյան ճշմարտությունների իր իմացությունը և տարիների հետ վերարժևորել այն՝ ըստ իր հանճարի: Հիշենք Ֆարհատի տվայտանքները, երբ վարժապետը, հույսը կտրելով հարուստ, բայց բթամիտ աշակերտներից, փոքրիկին ստիպում է ամբողջ «Դանիելը» անգիր անել: Ֆարհատը, որ, անտարակույս, նույն Հակոբ-Րաֆֆին է, մեկ գիշերվա ընթացքում հասցրեց սովորել Դանիելի գրքի երեք չորրորդը (հիշենք՝ Դանիելի գիրքը 12 գլխից է, և երեխան գրաբարով էր այն սովորում): Սրան հաջորդեց այն, որ վարժապետը նրան փակեց ախոռատանը և խոստացավ եկեղեցուց վերադառնալուն պես նրա «հոգին առնել»: Տղան 40 օր ծոմ ու պաս պահելուց, «Դանիելը» անգիր անելուց հետո չպիտի կարողանար Զատկի տոնի օրը մոր տված կարմիր ձուն ցույց տալ եկեղեցում: «Եկեղեցու ամեն մի ծեսը, ամեն մի արարողությունը, ամեն մի պաշտամունքը ինձ համար սրբազան նշանակություն ուներ»:
Շատ են Րաֆֆու գործերում դավաճան, տգետ քահանաների կերպարները, բայց դրանց կողքին որքա՜ն բարձր ու փառաբանված է ճշմարիտ քրիստոնյա հոգևորականը՝ սկսյալ Սահակ Պարթևից և վերջացրած Խրիմյան Հայրիկով, Ներսես սրբազանով («Դավիթ Բեկ»), ովքեր ժողովրդի հետ մարտնչում էին ազատագրական կռիվներում …Խրիմյան Հայրիկի մասին գրում է. «…յուր կյանքում շատ անգամ մեծ գումարներ ձեռք ձգեց, բայց նա մնաց միշտ աղքատ… իսկ բնավորությամբ, եթե կարելի է այդպես կոչել՝ կոմունիստ էր»: (Դարձյալ առաջինը Րաֆֆին էր, որ «կոմունիստ» բառը գործածեց մեր գրավոր խոսքում, իհարկե՝ դրական իմաստով): Րաֆֆին էր, որ առաջին անգամ խոսեց քրիստոնեական երեք հիմնական ուղղությունների՝ լուսավորչական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների միջև հանդուրժողականության մասին: «Մեր կարծիքով այդ խիստ բաժանումը մեր, կաթոլիկ և բողոքական եղբայրների ազգային ամբողջականությունից, լոկ դավանաբանական պատճառներով, պետք է համարել ժամանակավոր երևույթ, որ առաջ է եկել անկրթությունից, և որն ինքնըստինքյան կանհետանար, երբ ազգայնության գաղափարն իր բոլոր կենսագործող զորությամբ կմարմնանա նրանց մեջ»: «…պետք է թողնել մրցությունը գնա իր ճանապարհով, դրանով ավելի կշահեն լուսավորչականները, քան թե հալածելով իրանց եղբայրներին»: Այստեղ էլ մարգարեացավ Րաֆֆին: Որքան մեծ էր հայ և այլազգի միսիոներների կատարած գործը Հայոց Եղեռնի ժամանակ, ու ինչպես դրսևորեց իրեն կաթոլիկ եկեղեցին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Րաֆֆու խոսքերից 133 տարի անց:
«Այժմ մեզ հայ է պետք, և մեր իդեալը պետք է լինի հայությունը: Կրոնական համոզմունքները պետք է խոնարհվեն այդ գաղափարի առջև («Հայերը Քաբուլի մեջ»):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.